bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatik
ԳրաԴաշտ Շուշանիկ Թամրազյան

Շուշանիկ Թամրազյան/ Երթը

27.02.2021

 

         Երբ մուշտակը հագել, դուրս էր եկել քայլելու, ծառերի ճյուղերին ավարտվող հետկեսօրի թեթև, սադափե լույսն էր թրթռում՝ անհավասար, ճյուղավորվող երակներով: Ու անսպասելի էր կիսատ, պատռվող երկնագույնը ավելի բարձր՝ վերևում. գարնան հոտ էր գալիս: Մրգավաճառին վճարելիս ակամա ժպտացել էր: Ձուկ վաճառողի քրոջից հարցրել էր, թե ինչպես էին: Դարձյալ ինքնաբերաբար: Վերցրել էր գնումներն ու շարունակել էր քայլել: Հընթացս նայել էր թոշնած, անշնորհք ծաղկեփնջերին: Գարնանը մնում էր մի շաբաթ… իրականում ավելի քիչ, հինգ օր: Բայց տարերայնորեն ձգվող անորոշության մեջ այդ ժամանակը թվում էր անվերջանալի: Ամեն անգամ մտածելիս հայացքը դարձնում էր վերև՝ ծառերի կատարներին, ասես օդում ճոպանուղիներ փնտրելիս: Արդեն երկրորդ շաբաթն էր՝ միշտ մի թռչուն էր երգում ցերեկային իր զբոսանքների ժամանակ: Երգում էր ծանոթ՝ ծակող ու անավարտ հնչյուններով: 

        Երբ եկեղեցին շրջանցելով՝ շարունակել էր քայլել մայթով, արևի սկավառակը, կախված փոս ընկած խաղադաշտի վերևում, կանգնել էր ուղիղ իր դիմաց: Նայում էր իրեն՝ մեծ ու ծիրանագույն: Սկսել էր քայլել այնպես, որ հայացքը չկորցնի: 

                                                                    ***

        Չգիտեր՝ որ պահից էին արևները դարձել այդքան թանկ: Արևները, ծառերը, լուսինները: Դարձել հանկարծ թանկ ու մարդկային անդիմության մեջ տարրալուծվող այդ օրերում, խոսքերի, աղմուկների, շարժումների շատրվանող հորձանքում, որից չէր պահում ոչինչ, չէր փրկում ոչինչ: 

         Ասում էին՝ նրանք չեն վերադառնա երբեք: Ասում էին՝ պատանդ են վերցրել հրեղեն հավքերի մի բացատ: Ու հիմա հեռվում նրանց կենդանի թևաբախումներն էին, կենդանի հնչյունները: Քրտնում էր երկինքը, լարերը կտրվում էին, չէին դիմանում: Ու նա ամեն օր ինքնաբերաբար հայացքը դարձնում էր կրակի մեջ պարպվող արահետին: Երկիրն էր, որ ամեն օր հեռանում էր ինքն իրենից: Լքում էր անկյանք ձևերն ու մարմինները: Ամեն օր մի քիչ ավելի էր ընկղմվում հազարան անուրջների, հազարան հայացքների ու սպասումների օվկիանոսում: Արևն ընդունում էր նրանց բոլորին: Կենդանի բառերի, մարմինների, դեմքերի փշրանքները հավաքում էր զեղված իր գրկում, ծածկում էր նրանց շեկ իր վարագույրներով: Նրանք պաշտպանված էին: Ու չէր լռում շշունջը լուսադեմին, ցերեկը, անսովոր երկարած գիշերներին: 

        Ու արևը հրկիզում էր բարձր կատարներն իր ամենապայծառ, ամենատխուր ժպիտով: Դողում էին հնչյունները սարյակի փոքրիկ կոկորդում: Արցունքների գաղտնիքը խորթ էր կարմրափորիկներին, ու երկար, զարմացած՝ նրանք նայում էին ծառերի արտասվող կատարներին, նայում էին սարյակին: Ու թվում էր՝ կխոսեին, մի պահ կզարթնեին քուն մտած հնչյունները: Բայց շուտով մարում էր ամեն ինչ: Քաղաքը նման էր անճրագ անցորդի: 

      Պղտոր էկրաններին ամեն օր հայտնվում էին նոր գրություններ: Գեղեցկության սրահներում գեղեցկանում էին կանայք: Սրճարաններում կնքվում էին գործնական պայմանագրեր: Խոսքերի մուրն ամեն օր օդ էր կրակում իր մունետիկներին: Մարմին էր առնում, թանձրանում էր տարօրինակ մի համընթացություն, կասկածելիորեն համաչափ մի մրցավազք չորս կողմից տեղացող պաշտոնական հայտարարությունների միջև: Խլուրդները հաշտության դրոշակներ էին ծածանում, կուրության ծեսեր գաղջ հարկերում, կուրության ծեսեր ու խրախճանքներ, բանում էին հաշվիչները: 

        Սարյակի կոկորդը չափից դուրս փոքրիկ էր անծանոթ այդ հնչյունների համար, սիրտը՝ տաք էր ու արթուն, թվում էր՝ դուրս կթռչի: Մինչ քնի մութ մակույկներն անշտապ մոտենում էին ափեզրին ու տանում էին մարդկանց դեպի քուն:

                                                                     ***

      Ներսում սառն էր ու մութ, խոնավ: Քայլերը խորտակվում էին կապարե խավարում: Ածուխից էլ թանձր ու մութ: Ծանր: Քարե ուղղանկյուն շինություն էր: Դռան փոխարեն՝ մութ, կանոնավոր այդ բացվածքը կենտրոնում, որից օդը ներս չէր թափանցում: Ասես մութը վայրկենապես կլանում էր ամեն ինչ: 

        Պարբերաբար դուրս էր գալիս: Բուռը լցնում էր թաց, սևացած կեղևով ընկույզներով: Վերադառնում էր խորք: Ներսում ոչինչ հնարավոր չէր տարբերել, բայց վարժ, ինքնըստինքյան մի շարժումով բռի մեջ հավաքած ընկույզը խցկում էր պատերի ճաքերի մեջ, որ գտնում էր առանց շոշափելու, անճիգ: Ասես իր ներսից էր այդ խավարը ու վերադառնում էր ներս, իր ներսում էր բնակվում: Ու նույնիսկ անգիր անելու կարիք չկար: Ու ավերջ, անվերջ նույն վարժ շարժումը: «Երևի խավարը բացարձակ պիտի լինի, անանցանելի»,-ասել էր մտքում: 

          Ներսում կյանքեր էին: Ավելի ճիշտ՝ ամենաթանկը, որ մնում էր կյանքից: Մամլած ածխի փոշու պես սեղմ, խտացած: Ու դրա համար էր շնչելն այդքան դժվար: Ու էլի, էլի անծանոթը ձեռքը տանում էր ընկույզներին: Փակում էր խոռոչները:

          Ներսում սառն էր ու մութ: 

                                                                      ***

         Տափակ կտուրին այն աղջիկն էր, որը երբեք չէր խոսում: Ու դեմքն էլ լուռ էր, ոչինչ չէր արտահայտում: Ոտքը պարբերաբար երկարում էր առաջ, ցնցում էր՝ թեթև ու անշնորհք, մի քանի ակնթարթ պարեցնում էր օդում՝ առանց շարժման որևէ տրամաբանության, առանց հուզմունքի, առանց նազանքի: Գուցե ընդամենը պատահականություն էր, գուցե անվարժ, չստացվող մի շարժում, որ կրկնում էր համառորեն: Կրկնում էր պարբերաբար: Զվարճանո՞ւմ էր, փնտրո՞ւմ էր, ձախողո՞ւմ. դժվար էր հասկանալ, դժվար էր որևէ բան կարդալ անխռով, բացարձակապես անկիրք այդ դեմքին: Ոտքը երկարում էր առաջ, մի քանի վայրկյան ճոճում դատարկության մեջ, նորից հետ քաշում: 

           -Թողեք նրան հանգիստ,-ասել էր անծանոթ մի ձայն իմիջիայլոց: 

           Ու ինքը վստահ չէր՝ դա ընկույզ հավաքո՞ղն էր, թե ուրիշ մի կերպարանք, որովհետև ընկույզ հավաքողը թիկունքով էր միշտ ու լուռ: Իսկ ձայնը բարձր էր, վերացական, հնչում էր մի տեսակ ինքնըստինքյան: 

          -Թողեք նրան մենակ: Գիտի՝ ինչ է անում: 

           Ու հետևում փակվում էին դռները: Աղջիկը, իսկապես, մնում էր մենակ: Տաճարի դռան արանքից աղջիկն իսկապես թվում էր շատ հանդարտ: Ու այդ երեք ավելի տարեց կերպարանքները հեռանում էին: Գուցե հետո սկսում էր քայլել՝ նույնքան անվարժ ու կիսատ, գուցե կենդանանում էր դեմքը, ու նա սկսում էր ինչ-որ բան պատմել գոյություն չունեցող թռչուններին: Բայց դա արդեն պետք էր հորինել: Որովհետև իրականում դա արդեն հնարավոր չէր տեսնել այդ հեռավորությունից: Ներքևում քարեր էին: Սև խճաքարեր՝ սուր-սուր ելուստներով: Այնտեղ՝ ներսում, շարունակվում էր խավարը՝ կապարի պես ծանր, բացարձակապես անշարժ: Հիմա բոլոր խոռոչները փակված էին թաց ընկույզով: 

                                                                                    ***

       Արթնացումները դարձել են դժվար ու ձգձգված: Միշտ մի քանի բառ է սառչում, մնում փեղկերի անկյուններում: Հացի փշրանքների նման: Ի վերջո, կարելի է ընդունել, թաքուն հրճվել ճնճղուկների հետ ունեցած թանկ այդ ընդհանրությամբ: Առավոտյան իննից սենյակը ողողվում է մեղմ, հավասար լույսով: Ու դա էլ մեծ շքեղություն է: Դրսում խայտում է սկսվող օրը: Բառերը մնում են նախորդ երեկոյից, լցված են լուսադեմի սառը կապույտով: Հիմա շատ հեռու են հնչյունների քամոտ ցատկերը, կարճ միացումները տարածությունից տարածություն, հնչյունների ազատ, ճողփացող ճոճանակները ցայտող հեռուներում: Խաղաղ, խնդուն այդ լույսի մեջ օրը սկսվում է մեխած վերջույթներով: Ու տարօրինակ է՝ սուրճի բաժակը ձեռքին՝ նստել պատշգամբում ու հետևել այդ երկու շարժումներին՝ բացարձակապես հակադիր. լույսի անարգել սահանքը՝ անխռով, թեթև ու օտարված, ու առօրյան՝ քարկապված իր շարժումներով, որտեղ ամեն ինչ արգելք է ու քարացում: Երբեմն նստում է երթուղային, իջնում հրապարակ: Նայում է գլուխների ծովին: Ինքն էլ նրանց մեջ է, նրանց հետ: Բայց, միևնույն է, արևն ավելի մոտիկ է ու մարդկային: Ու նա փնտրում է արևի ժպիտը՝ այնքան մեծ ու տխուր: Արևը ժպտում է, մերժում է կեղծ պատվարներն ու պատվիրակներին: 

                                                                                 ***

       Ապակիների հետևում օրը խոնավ էր ու ցուրտ: Դա երևում էր տան պատուհաններից: Անձրև չէր գալիս, բայց կաթիլները խտացած սպասում էին օդում, սպասում էին միգամած իրենց տրտունջքով, որ հարմար պահին հոսեն ներքև: Ու երբ հայրիկս ասել էր, որ մի քիչ սպասենք, մայրս անհանգիստ նայել էր նրա գունատված դեմքին: Ջերմություն ուներ: Ի վերջո որոշվել էր փոքրիկ Մարիին թողնել մայրիկիս մոտ, ես ու Անուշիկը վերցրել էինք սև անձրևանոցը, ու հայրիկս տաքսի էր կանչել: 

       Երբ մեքենան արգելակել էր Համալիրի դիմաց, դատարկված դեմքերով ծաղկավաճառներն աշխուժացել էին: Գրկել էի սառը ցողունները, վճարել, ու դանդաղ քայլել էինք առաջ: Վերընթաց զբոսուղու ողջ երկայնքով՝ ծառերի առջև, ոստիկանները շղթա էին կազմել: Ծանր էր նայել նրանց դեմքերին, ծանր էր ու դժվար նույնիսկ անանուն, հոծ այդ ամբոխի միջից: Ամեն անգամ, երբ հայացքս պատահաբար հանդիպում էր պողպատե կերպարանքներից մեկին, հիշում էի հայրիկիս կենտրոնացած ներկայությունը մի քանի քայլ այնկողմ, նրա կապույտ հայացքը խոնավ օդում: Ու պողպատե աքցանը մնում էր ներքևում: 

       Վերելքը դժվար էր ու դանդաղ: Բարձր, նիհար լապտերներից ու սյուներից բարձրախոսներ էին կախել, ու երաժշտության հնչյունները շարժվում էին մեզ համընթաց, չէին թռչում, լողում էին մեր գլխավերևում, պարբերաբար վարանում էին, կորչում, հետո դարձյալ հայտնվում լուռ բարձրացող այդ ամբոխի վերևում: Սիրում էի վարանող այդ նավարկությունը՝ դժվար, արգելակվող իր շնչառությամբ: 

       Կաթիլները սկսվել էին ամենաանհարմար պահին, երբ զառիթափը դառնում էր շեշտակի: Անուշիկը բացել էր անձրևանոցն ու պարզել հայրիկիս: Ես անհանգիստ նայել էի նրա գունատ դեմքին: Առաջ էինք շարժվում տևական կանգառներով, ինձ համար չափից դուրս դանդաղ քայլերով: Ու թրջվող սառը ցողունները ձեռքիս մեջ դառնում էին ավելի թանկ: Հիշել էի, որ դպրոցական տարիքից մենակ կամ մայրիկիս հետ էի միշտ բարձրանում այդ բարձունքը: Հայրս գալիս էր առանձին՝ աշխատակիցների կամ ընկերների հետ: Բայց այս անգամ կիրակի էր, ու այսպես էր ստացվել: «Բացառիկ մի կիրակի»,-մտածել էի, ու այդ մտքից անկառավարելի ալիքը հորդել էր դուրս, բախվել էր ամբարտակներին: Սկսել էի վերևում փնտրել մոխրագույն կաթիլները, կառչել նրանց մարգարտե սպասումից, որ անշտապ տարրալուծվում էր օդում, ու խնդրել, խնդրել, խնդրել: Գուցե իջել էր հայրիկիս ջերմությունը: Ի վերջո փխրուն, վտանգված ապահովության մի զգացում՝ միաժամանակ մեծ ու անծայրածիր, ծածկել էր ամեն ինչ: 

        Լողալով պողպատե շարասյան ու անվճար կակաչների արկղերի միջով՝ մոխրագույն թափորն անվերջորեն ձգվում էր վերև՝ դեպի ծիծեռնակների կարոտը՝ այնտեղ՝ վերևում: Ու ձգվում էր ցուրտ, խոնավ այդ օրը, որն ի վերջո չէր թռչելու, լուռ վերադառնալու էր նավակայան, ու կաթիլների մարգարտե սպասումը նույնպես ի վերջո լռելու էր համակերպված մի կիսաժպիտով: Նայել էի առաջ: Անծայրածիր երթը նման էր երկնքում լողացող կղզու՝ փխրուն, մոխրագույն ու թանկ: 

       Իջել էինք հակառակ ուղղությամբ, ավելի արագ քայլերով: Ցուրտը դառնում էր որոշակի: Ապրիլի երկնքում սկսել էին խտանալ հեռու ծիծեռնակները, մութն իր կապույտ, խավար ողկույզներն էր կախել ճյուղերից՝ բարձր ու հեռու: Խուճապ էր Ծիծեռնակաբերդից կենտրոն տանող ավտոբուսների մոտ: Հայրիկիս հետ հատել էինք մայթը: Հանկարծ մթության մեջ անվերծանելի գույնով մի մեքենա կանգնել էր ուղիղ մեր դիմաց.

        -Նստե՜ք, նստե՜ք:

        Հայրիկիս ընկերներից մեկի վարորդն էր: Անուշիկի հետ մրսած նետվել էին մեքենայի մեջ: Թաց անձրևանոցը սեղմել էի ծնկներիս: Շուտով հայրիկս ու ղեկին նստած անծանոթը սկսել էին աշխույժ կատակել, զրուցել: «Պապայի հետ Ծիծեռնակաբերդից գնում ենք տուն: Ջերմությունը չի բարձրացել»,-արձանագրել էի մտքում, վերջին մասը՝ հորինել: Ու նորից միաժամանակ մեծ ու փխրուն մի ապահովություն էի զգացել, որ շատ դժվար էր ստացվում ապրիլի թափանցիկ, անկայուն այդ երկնքում՝ բարձր, ցնցվող իր առագաստներով: Մեքենան արագացրել էր ընթացքը: Ապակիներին մշուշ էր, ու անհնար էր ծիծեռնակների թևերը կարդալ: Այնտեղ՝ անորսալի մի վերևում, լողացող, լուռ թափորը մոտենում էր իր հանգրվանին: 

          Հիմա փետրվար է: Արծաթե երթը մնացել է տարիների խորքում: Քայլում եմ՝ արևի հայացքը դեմքիս: Նա բոլորին թաքցրել է իր գրկում: 

26. 02. 2021
ք. Երևան 

No Comments

Leave a Reply