bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatik
ԳրաԴաշտ Սուրեն Սարումյան

Սուրեն Սարումյան, Պարոն Ն.-ի առեղծվածային սպանությունը

21.12.2019

 

                         Պարոն Ն.-ի առեղծվածային սպանությունը

Դիակի հայտնաբերումը

                   Պարոն Ն.-ի առեղծվածային և հետագայում մեծ աղմուկ բարձրացրած սպանության մասին առաջին հաղորդագրությունը դիակի` անճանաչելիորեն կերպարանափոխված, զարհուրելի դիակի հայտնաբերումից  գրեթե անմիջապես հետո հրապարակվեց  հետաքննող լրագրողների միության «Hantcanshan.com» էլեկտրոնային կայքէջում: Միության ղեկավարը՝ կարծես փայլուն  մետաղից  ձուլված ճաղատով ամրակազմ, կապուտաչյա տղամարդը, հանցագործության մասին տեղեկացել էր հեռախոսով, իր ոստիկանական իրազեկիչներից մեկից: Խոսափողը ցած դնելուց հետո մտածել էր, որ անչափ օգտավետ սպային քաղաքի որևէ առաջնակարգ ռեստորանում ժամանակ առ ժամանակ ճաշով խրախուսելն ամենևին էլ շռայլ վարձատրություն չէ` ոստիկանության օպերատիվ ամփոփագրին առաջինը ծանոթանալու արտոնության դիմաց:

                  Ահապաղ  դեպքի վայր էր ուղարկել հանրահայտ սկանդալային լուսանկարիչ Շ.-ին` վստահ, որ այդ պաշտոնաթող ոստիկանը հերթական անգամ ևս կարողանալու է լեզու գտնել իր նախկին գործընկերների հետ: Թղթի վրա խզբզել էր հաղորդագրության նախնական տարբերակն ու  անձամբ իջեցրել թողարկման բաժին:

             «Այսօր առավոտյան  «Ռուսական պտտախաղ» գարեջրատան զուգարանում հայտնաբերվել է  հայտնի դերասան Ն.-ի դիակը: Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մեր վստահելի աղբյուրը, դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն բազմաթիվ ենթամաշկային արնազեղումների և մի շարք այլ հանցանշանների առկայությունը մասնագետներին հիմք է տալիս կարծելու, որ ոստիկանությունը գործ ունի ինչ-որ թույնի օգնությամբ իրականացված  սառնասիրտ սպանության հետ:  Դեպքի վայրում աշխատում է ֆոտոթղթակից Շ.-ն: Բոլոր մանրամասները՝ առաջիկայում» :

               Հաղորդագրության տեղադրումից հետո միության ղեկավարը գոհունակությամբ արձանագրել էր կայքէջ կատարված այցելությունների թվի շեշտակի աճ: Փոշոտ պատուհանից դուրս անընդհատ խոժոռվող աշնանային օրը հրաշալի տարածաժամանակային  ձևավորում  էր համարել՝ հերթական հանելուկային սպանությունը հետաքրքրասեր հանրությանը վարպետորեն պատմելու համար: Ծառերի սաղարթների վրա բարձրաձայն կռանչալով պտտվող խոշոր ագռավների երամը ինչ-որ անորսալի հուսահատության տրամադրություն էր տարածել աշնանային ցուրտ, գունատված օդում: Մտածել էր մի հսկայածավալ, ողջ տիեզերքն ընդգրկող գոթական վեպի մասին, որի բոլոր սյուժետային գծերն ավարտվում են գլխավոր հերոսների անխուսափելի մահով: Մխիթարել էր իրեն. այսօր ինքը  վեպի մի երկրորդական ճյուղավորման երկրորդական հերոսներից մեկն էր լինելու, գլխավոր դերն արդեն կատարել էր տարաբախտ Ն.-ն:

                 Գլխավոր հաշվապահի այցը ցրել էր տխուր մտքերը: Հաշվետվության՝ ընթացիկ շահույթն արտացոլող  մոգական թվերը ստիպել էին մոռանալ իր բոլոր հերոսների սպանող զարհուրելի վեպի մասին: Մեկական գավաթ թունդ վիսկին դրսում մռայլվող աշնանային օրվան հակադրել էր ջերմացած հոգիներում ցորենի ոսկեգույն փայլով փթթել սկսած ամառը: Խոսել էին ծախսերը նվազեցնելու անհրաժեշտության և հարկերի՝ ուժից վեր, սիզիփոսյան բեռի մասին:

                Այդ ընթացքում լուսանկարիչ Շ.-ն՝ բոլորին զզվեցրած, ծամոնի պես կպչուն, եռանդուն ու անխնամ, ժպտերես ու ցինիկ Շ-ն, գրեջրատան մոտակայքում պտտվելով, արագորեն պարզել էր, որ Ն.-ն ճակատագրական  հաստատություն էր այցելել ոչ միայնակ, այլ մի բարձրահասակ, լավ հագնված, գեղեցկատես երիտասարդ կնոջ ուղեկցությամբ:

               Դեպքի վայրից կնոջ անհետանալը ոստիկանության հետաքննչական խմբի ղեկավարի մոտ հիմնավոր կասկածներ էր առաջացրել նրա հնարավոր մեղավորության վերաբերյալ: Կնոջը հայտնաբերելու նպատակով ձեռնարկվել էին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

               Կնոջ որոնումներին զուգահեռ՝ փոխվել էր նաև անընդհատ թարմացվող հաղորդագրության լեզուն: Բազմաթիվ համակարգիչների միացված էկրաններին անհամբերությամբ առկայծող տեքստում հայտնվել էին գործին Շ.-ի մասնակցությունը մատնող հատկանշական բառերը:

               «Անուղղելի ճիվաղ» , «ստահակ» , «ծախու կին» , «լիրբ», «գեղեցկատես տականք» բնորոշումներին  իր ֆեյսբուքյան էջում կատարված քննադատական գրառմամբ արձագանքել էր հայտնի օգտատերերից մեկը՝ ասորական դիմաքանդակի գանգուր մազերով ու  փառահեղ մորուքով երիտասարդը: Սոցիալական ցանցում կատաղի վեճեր էին բորբոքվել անմեղության կանխավարկածի, նախքան դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը ցանկացած մեկին մեղավոր հռչակելու անթույլատրելիության և քրեական պատմությունների սահմռկեցուցիչ մանրամասնություններն ագահորեն կլլող անճաշակ հասարակության մասին:

           Օրվա ընթացքում ոստիկանությունը կարևոր հաջողություն էր արձանագրել. վերծանելով գարեջրատան անվտանգության տեսախցիկների ձայնագրությունը՝ կարողացել էին պարզել խորհրդավոր կնոջ ինքնությունը: Նրա բնակության հասցեով օպերատիվ խմբի հապճեպ մեկնումն  աղմկոտ ձերբակալությամբ չէր ավարտվել: Դռան թակոցին բնակարանն արձագանքել էր բոլոր լքված տներին բնորոշ անսպասելի լռությամբ: Աստիճանավանդակում համբերությամբ սպասել էին դատարանից խուզարկության  թույլտվությունը ստանալուն, հետո ոստիկանական մոտակա բաժնից բերված ինքնաշեն բաբանով ջարդել համառորեն տեղի չտվող դուռը:

             Կոկիկ ու մաքուր բնակարանով մեկ սփռված ներքնաշորերը, զգեստապահարանների բաց դռներն ու ննջասենյակում  հայտնված ճտքակոշիկները փորձառու խուզարկուներին պատմել էին սովորական մի պատմություն՝ ամենից անհրաժեշտ իրերը ճանկած ու տունը հապշտապ լքած հերթական կասկածյալի մասին:

               Անհայտ ուղղությամբ մեկնած երիտասարդ կինը, սակայն, ծանրակշիռ նվեր էր թողել օպերատիվ խմբին. նա, ըստ երևույթին անհրաժեշտ շորերը որոնելիս,  դարակներից մեկում  մեքենայաբար դրել ու հետո  մոռացել  էր իր «Samsung Galaxy Note 8» գերժամանակակից հեռախոսը: Այնտեղ հայտնաբերված գաղտնագրերը, սոցիալական ցանցերի անպաշտպան հաշիվները, կնոջ բոլոր կապերն ընդգրկող հեռախոսագիրքն ու ժամանակ առ ժամանակ վարվող օրագիրը հնարավորություն էին տվել վերստեղծել այն իրականությունը, որտեղ ապրել ու ինքն իրեն սպանություն կատարել էր պարտադրել կասկածյալը:

Կնոջ օրագիրը

         25 օգոստոսի

           Դրամատիկական թատրոնի մասին վավերագրական ֆիլմ նկարահանել պատրաստվող Ռ. Բ.-ն առաջարկում է դառնալ իր օգնականը: Ուռա: Հանրահռչակ ռեժիսորի օգնական, նոր հետաքրիր ծանոթություններ ու հանդիպումներ, ստեղծագործական գործուղումներ: Կյանքը հիասքանչ է:

            27 օգոստոսի

           Թատրոնի գեղարվեստական ղեկավարը  (Մեր Ռ. Բ.-ի մտերիմ ընկերն է) առաջարկում է հանդիպել իրենց առաջատար դերասաններից մեկի՝ հակասական և տաղանդավոր Ն.-ի հետ: Հընթացս հասցրեց բողոքել նրա բարդ բնավորությունից ու անկառավարելի պահվածքից, որի շնորհիվ թատրոնը պարբերաբար ներքաշված է լինում տհաճ պատմությունների մեջ: (Կարծում եմ՝ Ռ. Բ.-ն իմ մասին ինչ-որ բան է ասել գեղարվեստական ղեկավարին, այլապես նրա անկեղծությունն անհասկանալի է): Բայց մշտական ծեծկռտուքները երկրպագուհիների խանդոտ ամուսինների հետ,  դիմահարդարման սենյակից թատրոնի միջանցքով մեկ օրումեջ տարածվող կանեփի բույրը, հաճախակի գինարբուքների ընթացքում կոտրատված թատերական գույքը բավարար հիմք չեն Ն.-ին թատրոնից վռնդելու համար, որովհետև նա տաղանդավոր է, և նրան սիրում է հանդիսատեսը: Երեկոյան ներկա կլինեմ նրա մասնակցությամբ ներկայացմանը:

       28 oգոստոսի

       Առաջին իսկ հանդիպման ժամանակ հասկացա, որ ատում եմ Ն.-ին: Տանել չեմ կարողանում նրա ինքնագոհ կենսուրախությունը: Անգամ նրա բեմական խաղի մեջ ինչ-որ վատ սքողված արհամարհանք եմ զգում հանդիսատեսի նկատմամբ: Ասում են, որ Ն.-ն հարբեցող է ու կնամոլ, ծայրաստիճան շահամոլ ու անազնիվ: Կարծում եմ, որ իրականում սա ևս նրա արհամարհանքն է բոլորիս հանդեպ: Նողկալի է:

      3 սեպտեմբերի

      Այնուամենայնիվ, սրիկայից ինչ-որ անհասկանալի հմայք է բխում: Անկեղծ ասած՝ չափից դուրս հմայիչ է: Ն.-ի կերպարում ինչ-որ անըմբռնելի ողբերգականություն կա (միգուցե վարպետորեն խաղո՞ւմ է), մահվան հետ ամեն օր առնչվող մարդու տարաշխարհիկություն: Նրա ցանցում հայտնված կանանց հենց այդ անդենակա՞նն է հրապուրում: Իրավիճակը կառավարելու նրա բնածին կարողությո՞ւնը: Զինաթափ անող համարձակությո՞ւնը: Չգիտեմ:

        Ակնհայտորեն սկսել է իմ նկատմամբ ուշադրության նշաններ ցույց տալ: Չեմ ժխտում՝ հաճելի է: Սակայն կնամոլ ու հարբեցող Ն.-ին այս անգամ խորին հիասթափություն է սպասվում:

       4 սեպտեմբերի

       Զանգահարել է գիշերվա կեսին: Մահու չափ հարբած էր: Կցկտուր բառերով սեր խոստովանեց, ինձ սիրելու անհագ ցանկություն: Ասաց, որ ինքը նախընտրում է «հարուստ» անցյալ ունեցող կանանց և հուսով է՝ ես այդպիսին եմ (հա-հա, մեկն ասի՝ ի՞նչ գործ ունես. իմ «հարստությունը» միմիայն իմն է): Ինձ հետ ամուսնանալու դեպքում խոստացավ ոչնչով չսահմանափակվող, բացարձակ ազատություն: Անգամ՝ սիրեկաններ ունենալու ազատություն: Անկեղծ ասած՝ գեղեցիկ էր համոզում, բայց Ն.-ի ճարտար բառերի հետևում հմտորեն լարված ինչ-որ ծուղակ եմ զգում: Հրաժեշտ տալուց առաջ հրավիրեց լճափի բացօթյա սրճարանում մրգօղի  ըմպելու: Ասաց, որ այդ երեկոյի՝ ինձ պես գեղեցկուհու հետ անցկացված երեկոյի համար  փոխելու է իր բոլոր պլանները: Այնքան համոզիչ և համառ էր, որ ստիպված համաձայնեցի:

       5 սեպտեմբերի

       Կատաղած եմ: Բ.տ.-ն զանգահարեց քիչ առաջ ու ասաց, որ անհետաձգելի գործեր են բացվել, ու ստիպված ենք հետաձգել մեր հանդիպումը: Վարսավիրանոց գնալուց և դիմահարդարվելուց հետո, նոր, սիրուն, թանկարժեք շորիկ գնելուց հետո: Ն.-ն բ.տ. է, և վերջ: Մեր մեջ ամեն ինչ վերջացած է:

        16 սեպտեմբերի

        Այսօր հաշտվեցինք: Հաշտությունն անխուսափելի էր, որովհետև ֆիլմի վրա աշխատելը հաճախակի հանդիպումներ է պարտադրում:

       Մյուս կողմից՝ օրեցօր համոզվում եմ, որ Ն.-ն իրոք տաղանդավոր է, նա ապրում է՝  հանուն արվեստի այրելով իրեն, իսկ իրեն ամեն օր այրող մարդը, բնականաբար,  երբեմն կարող է ակամա այրվածքներ հասցնել նաև իրեն մոտ գտնվողներին:

      Հաշտությունը նշելու ենք լճափի բացօթյա սրճարանում:

        Ժամը 23.30

        Համբուրվեցինք լճափի բարդիների տակ: Ն.-ի համբույրը սառը աստղերի ու այրող մրգօղու համ ուներ: Նրա հայացքը խելահեղ էր, կրքոտ ու…. սարսափելի տխուր….

        20 սեպտեմբերի

        Այսօր գիշերեցի Ն.-ի թափթփված, բոհեմական, փոքրիկ, բայց ճաշակով կահավորված բնակարանում:

        1  հոկտեմբերի

       Հանդիպում ենք ամեն օր: Գիշերներն անմոռանալի են, սակայն ողջ ցերեկը քնատ եմ լինում:

        25 հոկտեմբերի

        Գնում եմ բժշկի: Վերջին շրջանում ինձ այդքան էլ լավ չեմ զգում: Մշտական սրտխառնուքն ու գլխապտույտը չեն թողնում ո՛չ աշխատել, ո՛չ հանգստանալ: Կարծում եմ՝ անքնությունից է:

        26  հոկտեմբերի

        Ես հղի եմ, գրողը տանի, հղի՜ :  Սպանելո՜ւ եմ Ն.-ին:

Հանրության հնարավոր հիասթափությունը

          Ոստիկանության իր իրազեկիչի հետ վերջին անգամ խոսելուց հետո հետաքննող լրագրողների ընկերության ղեկավարը, սրտնեղությունը չթաքցնելով, մի կողմ էր նետել հեռախոսը: Անվերջ մռայլվող աշնանային մի օր կատարված սպանության մասին վարպետորեն պատմելու համար անհրաժեշտ էր նախ աշնանային մանր անձրևի պես  գրեթե աննկատ, հետո, յուրաքանչյուր նոր հանցանշանի, նոր գործող անձի երևան գալու հետ ավելի անլուծելի, ավելի խրթին թվացող առեղծվածի առկայությունը: Ն.-ի գրպանում հայտնաբերված, բարդ գաղտնագրով պատված թղթի կտորը,  չգիտես թե որտեղից ճարված արյունով զուգարանի սառը հատակին գրված տառը՝ մարդասպանի անվան առաջին տառը,  չհրկիզվող պահարաններից մեկում  ծրարի վրա «բացել միայն իմ մահից հետո» չարագուշակ հրահանգը կրող մի նամակ գտնելը սպանության պատմությունը հանրության համար սերիալի հերթական մասի չափ սպասված ու հետաքրքիր կդարձնեին: Հրաշալի կլիներ, եթե իր գաղտնի ուղերձը փոխանցելու համար հանցագործն օգտագործեր  Ն.-ի անշնչացած մարմինը: Արյունով նկարված շրջանի մեջ դրված, հաստ, կարմիր մոմերի թրթռուն կրակներով շրջապատված, ձեռքերն ու ոտքերը լայնորեն տարածած, կապտած շուրթերով բերանի մեջ մոմի հալուկ, սև այծի կոշտ մազեր ու սև գլխիկով գնդասեղ ունեցող դիակը կակնարկեր սև մոգության, սատանայապաշտների սոսկալի աղանդի կամ գործին հենց իր՝ Երկրի Իշխանի, ամենայն խաբկանքի Հոր,  Ոսոխի մասնակցության մասին:

      Կնոջ օրագիրը գլխիվայր էր շրջում ամբողջ պատմությունը:  Անցանկալի հղիության, դեռ չծնված երեխայից՝ պատասխանատվության և անընդհատ աճող վճարներումներ կատարելու տասնյակ տարիներից նախօրոք հրաժարված հերթական հոր ու դողացող ձեռքերով թունավոր փոշու փաթեթը գարեջրի գավաթի վրա բացող հերթական վրիժառու կնոջ պատմությունը վաղուց ծանոթ էր, ծեծված, տաղտկալի:

     «Hantcanshan.com» էլեկտրոնային կայքէջում տեղադրված սենսացիոն հաղորդագրությանն անխուսափելիորեն հաջորդելու էր հանրության հնարավոր հիասթափությունը: Հետաքննող լրագրողների ընկերության փորձառու ղեկավարը գիտեր, որ հանրային տրամադրության փոփոխություններն անխուսափելիորեն փոխում են նաև ընդհանուր միջավայրը: Կտրուկ փոփոխությունների դեպքում սովորական էին լինում հրկիզված ավտոմեքենաները, խանութների ջարդված ցուցափեղկերը, շրջված աղբամաններն ու արյունլվիկ արված ներգաղթյալները : Այս դեպքում՝ սովորական էր լինելու կայքէջի այցելուների թվի շեշտակի նվազումը: 

           Ղեկավարը քթի տակ հայհոյել էր: Անուրախ հեռանկարը բացառելու համար անհրաժեշտ էր լինելու նորից դեղին մամուլ խաղալ: Հոգեբանության, կապերի, առեղծվածի փոխարեն՝ որոնել սահմռկելի մանրամասնություներ:

        «Սատանան մանրուքներում է»,- իրեն մխիթարել էր հետաքննող լրագրողների ընկերության ղեկավարը և կայքէջի լրագրողներին հանձնարարել հանդիպել հանցագործության  հնարավոր վկաների,  սպանված Ն.-ի և անհետացած կնոջ հարազատների, հարևանների, գործընկերների՝ իրազեկ մարդկանց հետ:

 Մատուցողուհու պատմածը

             Հա: Հիշում եմ իհարկե: Կեսօրից քիչ առաջ գարեջրատուն այցելած հայտնի դերասան Ն.-ն ու նրան ուղեկցող գեղեցիկ կինը մտահոգ էին: Ավելի ճիշտ՝ մտահոգ ու շփոթված էր սիրելի դերասանը, իսկ  նրան ուղեկցող գեղեցկուհին զայրացած էր ու վիրավորված: Նրա աչքերը, թվում էր, կարող էին տեղում մոխրացնել իրենց երկար նայելու համարձակություն ունեցողին, սակայն ներքևի շրթունքը նկատելիորեն դողում էր: Անմիջապես կռահեցի, որ երիտասարդ կնոջ զայրույթը վախից ու նրա անամոք մենությունից է: Դե, ճիշտն ասած, մեր գարեջրատուն հաճախ են այցելում միայնակ մարդիկ: Անհուսալիորեն միայնակները սովորաբար գալիս են կատակասեր և լպիրշ ընկերներով շրջապատված, բայց իմ աչքը վաղուց վարժվել է ու անմիջապես առանձնացնում է նրանց: Ինձ անգամ ամենից բարձրաձայն  ծիծաղով ու զվարթ կատակներով չես խաբի:

          Կարծեմ տեղավորվեցին ութերորդ սեղանի մոտ: Հա՛, հենց ութերորդի մոտ էին: Ակնթարթորեն մոտեցա: Ն.-ն անհամբերությամբ մի կողմ հրեց սիրալիր ժպտալով նրա առջև դրված ճաշացանկը: Երկուսով պահանջեցին առաջին իսկ մտաբերածը, որը, բնականաբար, չեխական գարեջուրը պետք է լիներ: Չէ, մեր եփած գարեջուրը, իրոք, լավն է: Հետո կինն ասաց, որ իրեն գարեջուր արդեն չի կարելի ու ոչնչացնող հայացք նետեց այդ պահին գլուխն ամոթահար կախած դերասանի վրա: Տաք շոկոլադ խնդրեց:

          Պատվերը սպասարկելուց հետո, 8-10 րոպեն մեկ, ինչպես պահանջում է մեր գարեջրատան կառավարիչը, մոտենում էի նրանց սեղանին: Ճիշտն ասեմ, նաև, ը՜…. ինքնագի՞ր…. հա՛, ինքնագիր էի ուզում խնդրել հայտնի դերասանից, սակայն զգում էի, որ մերժելու է: Ինչ-որ կարևոր հարց էին քննարկում, շատ կարևոր ու շատ տհաճ: Դե, նման բաներն ինձնից չես կարող թաքցնել:

         Հաստատ, Ն.-ն իրեն մեղավոր էր համարում: Դե, ոչ մի անգամ չնայեց իր հետ գարեջրատուն եկած այդքան գեղեցիկ կնոջը: Միայն մեղավոր կամ շեղված տղամարդը կարող է հայացքը չկտրել գարեջրատան կեղտոտ ուղեգորգից, երբ իր առջև այդքան երիտասարդ, այդքան գեղեցիկ ու այդքան ցանկալի կին է նստած:

         Ի՞նչ էր խոսում կինը: Շա՞տ գիտեմ: Ամեն անգամ՝ նախքան իմ մոտենալն իրենց սեղանին, նա լռում էր: Սակայն հեռվից էլ նկատվում էր, որ կնոջ ամեն բառի հետ դերասանն ավելի ու ավելի է կախում գլուխը: Թվում էր՝ կնոջ բառերը քաշ ունեին, սոսկալի ծանրություն: Թվում էր՝ կնոջ բառերը երկաթյա հոծ գնդեր էին, որոնք նա անխղճորեն հագցնում էր սիրված ու տանջապարտ դերասանի պարանոցին:

       Զույգի դուրս գալը չեմ նկատել: Բայց այստեղ-այնտեղ տարածվել պետք չէ. նման դեպքերում մեր գարեջրատան կառավարիչը պարզապես կատաղում է: Լքված սեղանին մոտենալիս անհանգիստ էի, հանգիստ շունչ քաշեցի, երբ աչքովս ընկավ նրանց թողած թղթադրամը: Դե, հաշիվը փակելուց հետո մանրը հանգիստ խղճով գրպանս դրեցի: Մի աշխատավարձի չափ էլ, ճիշտն ասած, ամեն ամիս թեյափողն է գալիս: Այնպես որ, մատուցողուհի աշխատելը բնավ էլ ամենից վատ գործը չէ:

        Ի՞նչ: Դիա՞կ: Ի՞նչ եք խոսում, եթե սիրելի դերասանի դիակը հայտնաբերվեր մեր գարեջրատան զուգարանում, ես անպատճառ կիմանայի: Չի կարելի այդպես կատակել: Չի կարելի ծիծաղել ուրիշի  դժբախտության վրա: Վերևում Աստված կա: Հա՛, լսել եմ, որ Ն.-ն վերջերս մահացել է: Ասում են՝ ինչ-որ վատ հիվանդությունից: Ափսոս: Գեղեցիկ տղամարդ էր:

Քաղաքի արտառոց շշուկները

          Քաղաքում զարմանալի շշուկներ էին պտտվում: Արտառոց, իրարամերժ լուրեր: Ողջ քաղաքը համոզված էր, որ տաղանդավոր ու հակասական, հռչակավոր ու ողբերգական Ն.-ն վաղաժամ հեռացել է կյանքից: Նրա բացակայությունը, նրա ակնթարթորեն, անդառնալիորեն վերանալն առաջին հայացքից բնավ չէր նկատվում: Աշնանային օրը շարունակում էր սովորականի պես մռայլվել: Խոշոր ագռավների երամը, պտտվելով ամայացած պուրակների և հրապարակների վրա, կեր էր փնտրում: Թափառական շների՝ մշտապես սոված ոհմակները լուսադեմի դատարկված փողոցները լցնում էին աղեկեզ ոռնոցով: Մարդիկ գնում էին աշխատանքի ու վերադառնում տուն: Ոստիկանությունը շարունակում էր որոնել անհետացած կնոջը: Օրը մթնում և լուսանում էր ճիշտ ժամանակին: Երբ ողջ քաղաքը քնում էր, թվում էր, թե Ն.-ն երբեք չի ապրել: Նրա մահը կրկին իրական էր դառնում միայն առավոտյան, երբ այդ մասին հիշում էր առաջին մարդը:

        Սիրելի դերասանի մահվան ամենից մանրակրկիտ մշակված, ամենից սարսափելի վարկածը պատմում էին  մեխանիկական մրջյունների պես քաղաքում անընդհատ պտտվող հազարավոր տաքսիների վարորդները: Նրանք, հմտորեն խոսակցության բռնվելով ցանկացած ուղևորի հետ, խորհրդավոր ձայնով հաղորդում էին, որ անտանելի ցավից ու մոտալուտ մահվան սարսափից ծամածռված դեմքով, բազմաթիվ ենթամաշկային արնազեղումներից անճանաչելիորեն այլանդակված դերասանի դիակը հայտնաբերել են «Ռուսական պտտախաղ» գարեջրատան զուգարանում: Խոսում էին պատվիրված սպանության մասին: Պատվիրատուները տարբեր էին: Ցածրացնելով ձայնը՝ տալիս էին իր դաժանությամբ հայտնի,  շատ բարձրաստիճան մի պաշտոնյայի անունը, որի արվեստասեր ու դժբախտ կնոջը գայթակղել էր նրա վանդակի ոսկե ճաղերն իր հմայքով կոտրած դերասանը: Խոսում էին անողոք ամուսնու ձեռքն ընկած գրեթե պոռնկագրական լուսանկարների մասին, որոնք անխուսափելի են դարձրել Ն.-ի մահվան դատավճիռը: Մեկ այլ տարբերակ պատմում էր ֆինանսական մեքենայությունների մեջ ներքաշված դերասանի ու նրա մահը լեռնեցու պատվի հարց համարող չեչենական հանցախմբի մասին:

          Պատմության բոլոր վարկածներում նույնն էին մնում միայն զոհն ու հանցագործը՝ աշխարհի լավագույն վարձու մարդասպանը: Եվրոպական մայրաքաղաքներից մեկից ժամանած հանելուկային, ճակատագրական, սարսափելի կինը, որը հերթական պատվերը կատարելուց առաջ իր զոհին եգիպտական Կլեոպատրայի պես անց էր կացնում սեփական մահիճի խաբուսիկ դրախտով:

          Ամեն հաջորդ ուղևորի համար պատմությունը համեմվում էր նոր մանրամասնություններով: Դիակի բերանից  տարածվող նուշի հոտը, կապտած լեզուն, արյան զեղումից կարմրած սպիտակուցները  վկայում էին, որ ամեն պատվերից հետո իր մարմնին մի նոր դաջվածք ավելացնող կինն այս անգամ նախընտրել է ինչ-որ սարսափելի մահաբեր թույն:

         Քաղաքային լրագրողների ամենագետ համքարությունը համերաշխորեն ծիծաղում էր տաքսու վարորդների վարկածի վրա: Նրանք պնդում էին, որ հիշյալ գարեջրատան մատուցողուհիներից մեկը, ով այդ օրը սպասարկել է դժբախտ Ն.-ին, անասելիորեն զարմացել է, երբ իրեն հարցրել են զուգարանի սառը հատակին հայտնաբերված դիակի մասին ու վճռականորեն հերքել այդ չլսված, հաստատության անբիծ հեղինակությունը ստվերող հերյուրանքը:

          Բժշկական նեղ շրջանակներում շրջանառվում էր քաղաքային հիվանդանոցներից մեկի ամենից սարսափելի աշխատակցին վերագրվող վարկածը: Եղջյուրե ակնոցների կլոր, անթափանց ապակիների հետևում իր շատ բան տեսած աչքերի դատարկությունը թաքցնող դալկադեմ մարդը պատմում էր, որ ճերմակ պատերով հերձարանում իր դանակը՝ բոլորին հավասարեցնող ախտահանված այդ գործիքը, բացել է նման անուն-ազգանուն ունեցող դիակի կուրծքը, որը, սակայն, ոչ մի կերպ չէր կարող լինել սիրված դերասանը, որովհետև քաղցկեղից մահացածը սևամորթ էր, որին տարիներ առաջ որդեգրել էր քաղաքաբնակ մի սրտացավ կին:

           Կենդանության օրոք սիրելի դերասանի փառքին մշտապես նախանձող գործընկերները համոզված էին, որ Ն.-ն բեմադրել է անգամ սեփական մահը: Նա իր թատերական ինքնասպանության օրը փառահեղ խրախճանք էր կազմակերպել: Ամենից մոտ ընկերների ու ամենից անհաշտ հակառակորդների համար բացված սեղանը ծանրաբեռնված էր եղել տարաշխարհիկ խորտիկներով: Գինու, մրգօղու, ռոմի հետ մատուցվել էր նաև պարսկական հաշիշ ու կոլումբիական կոկաին: Ն.-ն լրագրային հոդվածի վերնագիր դառնալուն արժանի մի քանի սրտաճմլիկ կամ պաթոսային նախադասություն էր ասել, հյուրերին բաժանել իր ամենից նրբաճաշակ ու թանկարժեք  զարդարանքները, հետո տիեզերական մենությունը խորհրդանշող մի շքեղ լոգարանում բացել երակները:

            Մեկ օրվա մեջ Ն.-ն մահացել էր բազմաթիվ անգամներ: Նրան սառնասրտորեն սպանել էին՝ մորթել, թունավորել, գնդակահարել կամ հրկիզել իր իսկ բնակարանում: Նրան առևանգել էին, ենթարկել դաժան կտտանքների, հետո շպրտել  ծծմբաթթվով լի ավազանի մեջ: Նա ջարդուխուրդ էր եղել՝ ցած նետվելով հոգեբուժարանի գլխավոր բժիշկի աշխատասենյակի պատուհանից:  Քաղաքի բանուկ խաչմերուկներից  մեկում  նրան վրաերթի էր ենթարկել հանգուցյալ քրեական հեղինակության սանձարձակ որդին: Մի գաղտնի ննջարանում Ն.-ին խեղդամահ էր արել սիրուհու՝ անպատեհ ժամի տուն վերադարձած ամուսինը: Նա հասցրել էր վարակվել բոլոր մահացու հիվանդություններով ու անհամար հոգեվարքերի ժամանակ  ճանաչել էր տառապանքի կարմիր անսահմանությունը:

           Տաքսու վարորդներից շատերը սկսել էին հավատացնել իրենց ուղևորներին, որ իրենք մասնակցել են կյանքից անժամանակ հեռացած դերասանի հուղարկավորությանը: Հուղարկավորության մասնակիցների բավականին ստվար բազմությունը հետագայում բաժանվել էր ավելի փոքր խմբերի: Ամենից  մեծաքանակ մասնակիցներ ունեցող խումբը պնդել էր, թե Ն.-ն թաղվել է փակ դագաղով՝ նրա գեղեցիկ, վեհության կնիք կրող դեմքի հուշն անվերադարձ չփչացնելու համար: Երկրորդ խումբը վստահեցրել էր, որ շքեղ, ճերմակ կերպասով պատված դագաղի մեջ պառկած Ն.-ն ամենևին էլ նման չէր հագուցյալի. նա անխռով էր ու հանգիստ, ինչպես խաղաղ քուն մտած ցանկացած երիտասարդ:  Երրորդ խումբը պատմել էր Ն.-ի հոգեհանգստին և հուղարկավորությանը մասնակցելու նպատակով անընդհատ այցելող մարդկանց  բազմությունից գազազած հարևանների մասին, որոնք ջարդել էին թանկարժեք ծաղկեպսակներն ու վռնդել իրենց՝ ասելով, թե այնպես եք անելու, որ խեղճ երիտասարդն իսկապե՞ս մեռնի…

           Հետո հայտնվել էին Ն.-ին տարբեր երկրներում ու տարբեր վայրերում տեսած մարդիկ: Ոմանք ինչ-որ արևադարձային լողափում նրա հետ մի քանի բառ էին փոխանակել, ուրիշներին նա օգնել էր վերադառնալ հայրենիք, մյուսներին պատմել էր իր արգելված սիրո և, մեքենայի բեռնախցիկում կծկված, իր համար վտանգավոր դարձած երկրից փախչել կարողանալու մասին:

       Քաղաքային հերթական առասպելը ժամանակի ընթացքում դարձել էր մեծ գրականություն: Տարբեր սերնդի հռչակավոր գրողներ պատմել ու վերապատմել էին Ն.-ի առեղծվածային սպանության բոլոր վարկածները: Ժողովրդի խոսակցական լեզվում տարածվել էր «Ն.-ի մահ» արտահայտությունը, որը օգտագործվել էր խճճված, անհասկանալի, տարօրինակ իրավիճակներ նկարագրելու համար:

        Ն.-ի մահից որոշ ժամանակ անց քաղաքի գլխավոր խենթի հռչակը նվաճել էր ամենից մեծ գերեզմանատան խուլուհամր պահակը: Բոլոր ցանկություն ունեցողներին նա՝ Դանթեին ուղեկցող Վիրգիլիոսի ուրվականի պես սգահար, սակայն ոչ այդքան պերճախոս, առաջնորդել էր գերեզմանոցի  ամենից հեռավոր անկյունում ծվարած մի անշուք շիրիմի մոտ՝  հասկացնելով, որ հենց այնտեղ է թաղված հռչակավոր դերասանը: Փարթամ խոտով պատված, իսկ ձմռանը ձյունից երբեք չմաքրվող արահետը վկայել էր, որ հանգուցյալի տիեզերական մենությունը վերջապես ազատվել է հասարակական կյանքի հարկադրած մեղմասություններից, ու վերջապես որևէ մեկը չի անհանգստացնում նրան իր պարտադրված այցելություններով:

        Այսօր էլ քաղաքի ցանկացած գերեզմանատան ցանկացած պահակ ցույց է տալիս տարաբախտ Ն.-ի՝  իր մեռյալ թագավորության ամենից հեռավոր անկյունում ծվարած անշուք շիրիմը: Ուշ գարնանը անձրևներից նստած հողին  դրված խունացած քարակտորը ծածկվում է շիրմի վրա կռացած ծառից ընկնող ճերմակ ծաղկաթերթիկներով, իսկ ամեն  աշուն նրան իր գունագեղ գորգի տակ թաղում է ձմռան մոտենալը սգացող տերևաթափը:

                        

No Comments

Leave a Reply