Սեպտեմբերի 27-29-ը ՀՀ նկարիչների միությունում տեղի կունենա «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն` նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այն արտացոլում է ճակատում անցկացրած ամեն մի օրը, մարտնչողների առօրյան, կենցաղը, ապրեցնելու ակնթարթները, կռվի խաղաղ կողմը:
Ֆոտոպատմության հեղինակն է 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն, ով հենց իր պաշտպանական դիրքերից ամեն օր մեկ ակնթարթ անմահացնելով ստեղծել է «1080 ԺԱՄ»-ը։ Եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ կցուցադրվի «1080 ԺԱՄ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։ Ֆիլմը նաև ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ: Ֆիլմը չի պարունակում դաժան, ոչ մարդասիրական կադրեր՝ պահպանելով ֆիլմին ներկայացվող պահանջները: Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո:
Նախագծի աջակիցներն են «Ֆորմիկա Արտ» կազմակերպությունը, «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ը, «ՀՌՀ Ուսանողական խորհրդ»-ը և «Oprint»-ը:Նախագիծը կազմակերպում է «Ալամեզոն» ընկերությունը «Նկարիչների Միության» հետ համատեղ:
Մեկնարկը՝ սեպտեմբերի 27, ժամը 19:00-ին է։ Ավարտը՝ սեպտեմբերի 29, ժամը 16:00-ին։ Հանդիպման վայրը՝ Նկարիչների Միություն՝ առաջին հարկի ցուցասրահ (ք․Երևան,Աբովյան 16)։ Մուտքն ազատ է։
Նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին։
No Comments