Ազդագիր

Մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը

03.06.2025

Մեկնարկել է «Հուսո առագաստ 2025» հեղինակային երգի միջազգային փառատոնը: Այն իրականացնում է «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ Բարդերի ակումբի աջակցությամբ։ Փառատոնը կընթանա 3 փուլով։ Նախընտրական փուլում ընդունվում են հայտերը: Այս փուլը կավարտվի հունիսի15-ին։ Այս տարի ևս դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարողները։ Ընտրական փուլի եզրափակիչ համերգին, որն այս տարի տեղի է ունենալու հունիսի 20-ին «Մետրո» թատրոնում, կմասնակցեն  նախնական ընտրությունն անցած հայտատուները: Համերգի ընթացքում ժյուրիի անդամները կընտրեն լավագույններին, որոնք հնարավորություն կստանան մասնակցել փառատոնի սևանյան փուլին։ Ընտրված մասնակիցների կացության և սննդի ծախսերն , ինչպես միշտ,  հոգում են փառատոնի կազմակերպիչները։

Փառատոնի սևանյան փուլը, որն այս տարի տեղի է կունենալու հուլիսի 18-ից 20-ը, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից «WishUp» հանգստյան գոտում, կներառի երկու համերգային օր, որին կմասնակցեն այս տարվա ընտրական փուլի արդյունքում ձևավորված, ինչպես նաև նախորդ տարիների «Լավագույն տասնյակների» ներկայացուցիչները, հեղինակային երգի ժանրի ավագ սերնդի ներկայացուցիչները և 13 երկրներից ժամանած հանրաճանաչ երգահանները։ Այս տարի փառատոնն ընդգրկում է երկրների բավականին լայն շրջանակ՝ Բելառուս, Բելգիա, Գերմանիա, Էստոնիա, Իսրայել, Լատվիա, Լեհաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Սլովակիա, Վրաստան, Ֆինլանդիա, ԱՄՆ։

Փառատոնի գալա համերգը տեղի կունենա հուլիսի 19-ին։ Այն կամփոփվի հավաստագրերի, շնորհակալագրերի ու խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ։

«Հուսո առագաստ» փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից և իրականացվում է տարբեր կազմակերպությունների և ընկերությունների հովանավորությամբ  և աջակցությամբ, այդ թվում  նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության։

Փառատոնի հիմնական նպատակն է հայտնաբերել սկսնակ հեղինակ-կատարողներին ու խթանել նրանց ստեղծագործական գործունությունը,բեմ տրամադրել, ինչպես նաև ստեղծել մշակութային միջավայր՝ ապահովելով շփում տարբեր սերունդների ստեղծագործողների, հեղինակային երգի սիրահարների և երգահանների միջև։