Ազդագիր

Lոռի բերդի վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքի հնագիտական պեղումները

02.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մի շարք  հուշարձաններում ընթացող նորոգման և վերականգնման ընթացքին հետևելու նպատակով նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության ներկայացուցիչներն այցելել են  Լոռու մարզ:

Տեղեկացնում են ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

2025 թվականի աշխատանքների շրջանակում Լոռի բերդում շարունակվում են պարիսպների (արտաքին և ներքին շարեր), եկեղեցու և բաղնիքների նորոգումն ու վերականգնումը: Նախարարության մասնագետները տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների և վերականգնող շինարարների հետ քննարկել են ընթացիկ խնդիրները: 

Յաղդան գյուղում ուսումնասիրվել է միջնադարյան կամուրջը, որի վիճակը գնահատվել է վթարային: Առաջիկայում նախարարության պատվերով կմշակվեն կամրջի նորոգման, վերականգնման, տարածքի բարեկարգման և լուսավորության գիտանախագծային փաստաթղթերը: 

Վերջին կանգառը Քոբայրավանքում էր, որի հյուսիսային հուշարձանախմբում շարունակվում են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» արշավախմբի հնագիտական պեղումները (արշավախմբի ղեկավար՝ Մհեր Խեչոյան): Արդեն պեղվել են մուտքը և պարիսպների մի հատվածը, հայտնաբերվել են եկեղեցու ծածկասալեր, արձանագիր տապանաքար, խեցեղեն բեկորներ, պարիսպների տակ արված թաղումներ և այլն: