(Դ. Դեմիրճյանի «Հովնան մեծատուն» և «Ավելորդը» ստեղծագործությունների համեմատական քննություն)
Դ․ Դեմիրճյանից հրատարակված բազմահատոր ստեղծագործություններից ընթերցողին քաջածանոթ «Ավելորդը» պատմվածքը (1916թ.) և դեռևս անտիպ, շատերին անհայտ «Հովնան մեծատուն» դրաման (1918-1919թթ.) շոշափում են հայության ճակատագրի աղետալի իրադարձություններից մեկի՝ Մեծ եղեռնի հետևանքով մարդու հոգեկերտվածքի խեղմանը վերաբերող և անօգնական դարձած մարդու ցավին ու բարոյական կորուստներին առնչվող հարցեր։
«Ավելորդի» մասին շատ է գրվել ու խոսվել, իսկ «Հովնան մեծատունին» անդրադարձել են քչերը՝ Հրայր Մուրադյանը՝ «Դերենիկ Դեմիրճյան» (1961թ.)[1], Արծվի Հունանյանը՝ «Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան» (1988թ.)[2], Հրանտ Թամրազյանը՝ «Դերենիկ Դեմիրճյան», ՀՍՍՀ ԳԱ-ն՝ «Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունը» (1976թ.)[3] աշխատություններում: Գրականագետ Կարինե Ռաֆայելյանի կողմից դրամայի բնագիրը վերծանվելուց և հրատարակության նախապատրաստվելուց հետո՝ 2020թ., լույս է տեսել նրա «Դերենիկ Դեմիրճյանի «Հովնան մեծատուն» նորատիպ դրաման» հոդվածը[4]:
Ուսումնասիրության առարկա երկու ստեղծագործությունների թեմատիկ աղերսներն ակնհայտ են. հայ ժողովրդի մի ստվար հատվածի դեմ բնաջնջման հրեշավոր ծրագրի իրագործումը ողբերգական հետևանքներ է ունենում մարդկային ճակատագրերի վրա: Ուշարժան է, որ Դեմիրճյանը ֆիզիկական բնաջնջման իրագործման համապատկերում հատկապես հոգևոր ու բարոյական արժեքների ոչնչացումը, այլ կերպ՝ մարդկայինի ոչնչացումն է նաև դիտարկում իբրև մեծագույն աղետ։ Մարդու նկատմամբ իրականացվող ոճրագործության պատճառով փլուզվում են արյունակցական, բարեկամական կապերը, կորչում է հոգևոր գեղեցիկը, վերանում են առաքինությունը, խիղճը, արժանապատվությունը, սերը։ Զուգահեռ հյուսվում են աղետին դիմակայելու ելքեր փնտրող, մերձավորների համար ինքնազոհաբերման պատրաստ հերոսուհիների կերպարներ։
Որպեսզի ամբողջությամբ երևա հայ կնոջ՝ իբրև տեսակի, բնավորության այս առանցքային գիծը, հարկ է դիտարկել երկու ստեղծագործությունների գլխավոր հերոսների կենսակերպը, սկզբունքներն ու վարքը սովորական և արտակարգ իրավիճակների համապատկերում։
Դեմիրճյանը մերժելի կերպարներին սկզբից պատկերում է հասարակական դիրքի տպավորիչ բարձունքում, որպեսզի հետո առավել ընդգծվեն նրանց կործանարար անկումն ու ողբերգությունը։
«Ավելորդի» Հաճի աղան կյանքից անհրաժեշտը ստանալու միջոցներն ու ձևը յուրացրել է փորձով։ Նա, որ «քրդանոցներում ու թուրքանոցներում» զելվել, առևտուր էր արել և շատ անգամ էր ավազակների ձեռքից աղվեսի պես պոչը պրծացրել, լավ գիտեր, որ պետք է ժամանակին որսալ խուսափելու անկրկնելի վայրկյանը։ 1877-ի ռուս-թուրքական պատերազմն էլ նրա համար անցել էր «իբրև իրեն չվերաբերող փոթորիկ․․․ ինչպես այնուհետև ձմեռ, գարուն նրա տանը տոն էր ու հարսանիք, նրա կյանքը առուտուր էր, ապրանք ու հարստություն»[5]։
Հաճու գործողությունները, նրա տան նիստուկացը ասես մշակված ծիսակարգ են հիշեցնում ։ «Հիսուն տարի, կանոնավոր ժամացույցի պես խաղաղ չքչքացել է նրա խաղաղ տունը»[6],- գրում է Դեմիրճյանը։ Խստորեն պահվող սովորություններից արարողակարգի վերածված պահելաձևի շնորհիվ երբեք չեն շեղվել անգամ Հաճու քայլերը․ բացառություն է եղել անդրանիկ որդուն թաղելու օրը, երբ անուշադիր է եղել, և ցեխոտվել են անդրավարտիքի փողքերը։
Թվում է՝ անխախտ են Հաճու ունեցվածքը, դիրքն ու հնարավորությունները։ Այդ համոզումն ունեն նաև շրջապատի մարդիկ։ Բայց երբ տարածվում է «թուրքը գալիս է» չարագույժ լուրը, ստեղծված պատկերացումները պղպջակի պես պայթում են։ Հարևանի կինը, որն ապրում էր Հաճի աղայի տան գործի դիմաց ստացած փշրանքով, սարսափում է, երբ «Դուք կերթաք, մենք ի՞նչ պիտի էնենք» հարցին տրվում է՝ «Եսի՞մ, իմ ձեռքս ի՜նչ կա» չոր ու դաժան պատասխանը։ Դառն աղքատության մեջ ապրող կնոջը թվում էր՝ եթե աշխարհը «քանդվի էլ, Հաճի աղան երևի բան կգիտենա դրա դեմ անելու։ Չանի էլ ու գնա՝ մի բան կանի իր նման անճարներին»[7]։
Ծիսական արարողակարգ հիշեցնող հաստատուն սովորություններով, ավանդապահությամբ, նահապետական բարոյականությամբ է կերտվել նաև Հովնան մեծատունի կերպարը՝ համանուն դրամայում։ Որդու՝ Խորենի հարսանիքն է։ Հատուկ պատվի ու մեծարման է արժանանում տան մեծը՝ կուրացած մարեն՝ Հովնանի զառամյալ մայրը։ Նա օրհնում է նորապսակներին, որդուն, օջախի լիքը սեղանը։ Հարսն ու փեսան չոքում են մարեի դիմաց, ձեռքը համբուրում։ Հովնանը մոտենում է մարեին, բռնում թևից, տանում նստեցնում ու բարև բռնած կանգնում առջևը։ Պահի վեհությունը, միստիկ խորհրդավորությունն էլ ավելի են տարածուն, ազդեցիկ ու տպավորիչ դառնում, երբ Հովնանը ոգեկոչում, հիշում ու հիշեցնում է իր անցյալներին՝ պապուկներին, մամուկներին, հին նախնիներին։
«ՀՈՎՆԱՆ. …. Ձեր շուքերը հիմի նստած են այս հարկի տակ։ Առաքել պապուկ, Բաղդասար պապուկ … մամուկ Հերքո …
ՄԱՐԵ․(մի տեսակ միստիկ ոգևորությամբ կցելով ) Ղունկիանոս ապուպապ, Մերկեր ապուպապ, Ղևոնդ, Մագթա՜ղ …
ՀՈՎՆԱՆ․ Հին ապուպապեր, ձեր շուքը իմ օջախի վրա։(Նազեին ) Նազե՛, արի մարեի աջն առ։ (Հերիքին ) Հերի՛ք, Հայկին բեր։ (Հերիքը հյուրերի միջից առաջ է բերում փոքրիկ Հայկին)։ Հա՛յկ, տղա՛ս, արի մամումամիդ ձեռքը համբուրիր։ (Նազեն և Հայկը համբուրում են մարեի ձեռքը) ։ Մարե՛, աջդ տուր։ (Մարեն մեկնում է աջը Հովնանին։ Սա չոքում է, համբուրում, ապա վեր կենում) ։ Նազե՛, գնա գործիդ։ Հա՛յկ, արի մարեի գիրկը[8]»:
Հյուրերը տպավորված են, հիացած։ «Օրհնվի՜ սովորութքդ, Հովնա՛ն, որ ամեն բանի բարակները գիտես։ Երևում է, թե ծերին հարգելը ինչ անուշ խորհուրդ է»,-նկատում է հյուրերից Զարդարը։ Իսկ փոքրիկ Հայկը, որն ընտանեկան ավանդույթների շարունակողն է լինելու, տեսնում է այս ամենը, ակամա մասնակից դառնում, ընդօրինակում։
Մեծատունը լավ գիտի՝ ինչն է գնահատվում, տպավորություն գործում։ Քայլերն անում է մտածված, հավուր պատշաճի։ Կարևորելով սեփական վարքագծի արտաքին ձևը՝ ընդլայնված հիշատակության է արժանացնում ննջեցյալներին։ Ցույց տալով մարեին՝ ասում է, թե նրա կույր աչքերի միջից իրեն են մտիկ տալիս իր նախնիները, նրա չորս բոլորը նրանց շուքերն են նստած, և գիշերները ինքը նրանց փսփսոցը լսում է։ Հյուրերի ակնածանքն ու հիացմունքը հասնում են գագաթնակետին։ Շրջապատի մարդկանց դուր գալու, նրանց աչքում իր վարկն է՛լ ավելի բարձրացնելու համար Հովնանը նաև բարեգործություն է անում՝ բաժին հանելով հիվանդներին, ճամփորդներին, աղքատներին։ Ավելին, կարգադրում է դրսում բոլոր հավաքվածներին ներս կանչել, որ միասին ուրախանան։ Հյուրերը ետ-ետ են քաշվում ու տեղ բացում նրանց համար դռան մոտ։ Զգալի մասը Հովնանի վարքագիծը համարում է անկեղծ, մինչդեռ աչքաբաց հրավիրվածները հասկանում են, որ ավանդապահության ու նահապետականության շղարշի ետևում գործում է հաշվենկատ մարդը։
Ճշմարիտ քրիստոնյային վայել կարգով Հովնանը չի մոռանում նաև Աստծուն․ «Էհ, առաջ քան խնջույք՝ հիշենք Աստված»։ Երեցն աղոթք է մրմնջում ու շեշտելով տանտիրոջ աստվածահաճո վարքը՝ ասում է. «Արդար Հովնանի աչքը ամենքին տեսավ, Աստված հաճեցավ։ Կենդանությո՜ւն, հրամա՛ն է ձեզ, քե՛ֆ արեք»։ Մեծատունի և Աստծո անունն այլևս նույն հարթության վրա են։
Հարսանեկան ուրախության կիզակետում գինովցած Հովնանը, ականջ չդնելով կնոջ՝ Նազեի զգուշավոր լինելու հորդորին, մի պարկ ոսկեդրամ է փռել տալիս հատակին ու վրան պարեցնում նորահարս Նունուֆարին՝ ինքն իրեն համեմատելով Դավիթ մարգարեի հետ։ Ու մինչ նա իրեն ուրախությանն ու վայելքին էր հանձնել, անսպասելի ներս է մտնում թուրք պաշտոնյա Հասան բեյը՝ տեղեկացնելու, թե ամբողջ ժողովրդի տեղահանություն պիտի լինի։ Հովնանը չի հավատում, որ բոլորի հետ նաև ինքն է տարհանվելու։
Դեմիրճյանը արտակարգ վիճակ է ստեղծում և՛ «Ավելորդը» պատմվածքում, և՛ «Հովնան մեծատուն» դրամայում ՝ երկու դեպքում էլ հերոսներին դնելով ծայրահեղ բարդ, դժվարին կացության մեջ։ Օրհասի ժամին՝ բախտորոշ իրավիճակում, երևակվում են գլխավոր հերոսների ներսում քողարկված նողկալին ու այլանդակը։ Երբ վտանգվում է «ամենապետքականը, ամենաթանկը»՝ սեփական կյանքը, բացահայտվում է ներսի հրեշը։
Հաճի աղան վճռական է իր սահմանած փիլիսոփայությունը օրվա հրամակայան ճանաչելու հարցում․ թշնամին մոտենում է, հարկ է «ազատել ամենակարևորը՝ իսկ եթե այդ չեղավ՝ կարևորագույնը՝ «իր տունը, իսկ եթե չեղավ՝ իր անձը»։ Կարևորագույնի շարքում չէ Հաճու քույրը՝ Սրբունը: Ամուսնու մահից հետո նա մրսել, տիֆով հիվանդացել, անդամալույծ էր դարձել․ «Հաճի աղան իր անվան չուտեցրեց, որ իր հիվանդ քրոջը ուրիշները պահեն և իր վրա խոսեն․ հիվանդին բերեց իր տունը և անկյուն տվեց»[9]։ Ի բնե աշխատասեր, առաքինի ու պատվախնդիր կինը, թեկուզ դժվարությամբ, տան կար ու կարկատանը անելով՝ փորձում է վարձահատույց լինել։ Սակայն երբ կյանքը սովորական ընթացքից շեղվում է, և մարդը պետքականի ու անպետքի տարանջատման, սեփական ընտանիքի անդամների փրկության միջև ընտրություն կատարելու առաջ է կանգնում, անմիջապես զրոյանում են սեփական անձի շուրջ արհեստական շուք ու փայլ ստեղծելուն իբրև միջոց ծառայած բայց և օգնության խիստ կարիք ունեցող մարդկանց (լինի քույր, մայր, երեխա, թոռ) դերը, նշանակությունը, գոյության կամ գոյատևման խնդիրը։ Այն պահին, երբ Հաճին մտովի իրերն է տեղավորում ֆուրգոնի մեջ, այլևս չի էլ նկատում քրոջը. «Նայեց անդամալույծին, բայց չտեսավ նրան»[10]:
Մարդ արարածին, առավել ևս ընտանիքի անդամին ավելորդ ճանաչելու գիտակցումը շարունակություն է ստանում «Հովնան մեծատուն» դրամայում։ Ուշադրության, մեծարման, փառք ու պատվի պատվանդանին բարձրացված մարեն կտրուկ դուրս է մղվում որդու ծրագրերից, և ընդգծվում է նրա՝ հասարակական դիրք, հեղինակություն ստեղծելու հաշվարկներում մորն ընդամենը իբրև սովորական դեկոր օգտագործելու փաստը։
Սակայն Հովնանի կերպարը միագիծ չի զարգանում։ Կյանքի խաղաղ պայմաններում օրինավորի ու պարկեշտի նկարագիրը վտանգի առաջին փուլում դեռ անխախտ է․ նա անհանգստանում է ընտանիքի և մերձավորների համար։ Սակայն երբ Վալի փաշայի ընդունարանում գիտակցում է աղետը կանխելու իր անզորությունը, օրինավոր ճանապարհով վտանգից խույս տալու անհնարինությունը, բարոյական նկարագիրն ու գործելաոճը արագորեն փոխարինվում են ծայրահեղ անհատապաշտական բնազդով։
Հասան բեյը, իբրև միակ փրկագին, Հովնանին օգնելու դիմաց պահանջում է Նունուֆարին։ Հովնանը, իբրև անսպասելի ճառագած հույսից, կառչում է դրանից։ Բայց զգում է՝ մի ուրիշ անհարմարություն էլ կա։ Մեքենայորեն «Նարեկը» ձեռքը վերցնելով՝ մի տեսակ նեղվում է այդ մասին անձամբ հարսին ասելուց. «Վախենում եմ խիղճս ծախեմ… Ախր ուզում եմ, որ ե՛ս չտամ աղջկան»։
Նույնատիպ տհաճություն է զգում նաև Հաճի աղան՝ «բութ հանգստությամբ իր մեջ նկատելով, որ ամբողջ օրը չէր մտածել անդամալույծի մասին»[11]։ Երբ սենյակից խուլ հեծկլտոցի ձայներ են լսվում, ու պարզվում է՝ «Սրբունը գուլա», Հաճին զարմանում է, թե «Ան ինչի՞ է ձեռք ու ոտք էղեր, ո՞ւր պիտի գա», ու ապա մտքում զայրանում է, որ «անդամալույծը ինքն իր բերնով չի հայտնում, թե համաձայն է մնալու և ուրիշներին է թողնում այդ բանը անելու անախորժությունը»[12]։
Ընտանեկան կյանքի լուսանցքում հայտնված հերոսուհիները արտաքուստ հանգիստ են ընդունում իրենց բաժին հասած վիճակը։ «Դուք գնացեք, ինձի մի՛ք աշե, ես կմնամ, իմ ջանս ազիզ չէ»[13],- խաղաղ համակերպությամբ ասում է Սրբունը։ Նունուֆարն էլ կարծում է, որ Աստված նրա համար է իրեն ստեղծել, որ աշխարհքին զոհ դառնա․ «Ո՛չ, քույրիկ, ես զոհ եմ։ Մենակ էն ասա, որ ես զոհվեմ՝ դուք ազատվեք»։
Հաճի աղայի հաշմված քրոջը՝ Սրբունին, բախտի քմահաճույքին թողնելու որոշումը անսպասելի և անընդունելի է թվում ընտանիքի անդամներին։ Սակայն Հաճուն կուրորեն ենթարկվելու սովորույթի ուժով, ի վերջո, բոլորը՝ թե՛ տղաներն ու հարսները, թե՛ Հաճի մարը, հնազանդվում են ընտանիքի գլխավորի որոշմանը:
Մարդկայինի դիրքերից որոշակի նահանջ է արձանագրվում «Հովնան մեծատուն» դրամայի մի քանի կերպարներում ևս: Չորրորդ արարում տարագրվածների խղճուկ բեկորների մեջ հյուծված, կիսամերկ, թշվառ, տառապանքից ու քաղցից գրեթե վայրենացած, իրար ձեռքից մի պատառ հաց խլելու կենդանական բնազդով Եղոն, Զարդարը, Ջնդոն, Սահակը արդեն չար ու կոպիտ են, միմյանց հանդեպ անտարբեր, դաժան: Ծայրահեղ հուսահատ ու անելանելի վիճակում նրանք էլ են նկատելի փոխվել դեպի վատը:
Դ․ Դեմիրճյանը հետևողականորեն զարգացնում է այն տեսակետը, որ անբարբառելի տանջանքները կարող են մարդուն մարդկայինից զրկել, հոգեկան ու բարոյական ընչազրկման հասցնել։ Արծվի Հունանյանի դիտարկմամբ՝ Դեմիրճյանը խորաթափանցությամբ հետամտում է իրեն հուզող մարդագիտական խնդրի գեղարվեստական լուսաբանությանը: Դեմիրճյանի կարծիքով էական են նաև անձի բնույթը, նրա անհատական հատկանիշները։ Դրանց բացասական շերտերը ծանրագույն իրավիճակում դառնում են գերակա և ցայտուն ընդգծում են մարդու հոգեխեղումը։ Ապրելու մեծ ցանկության ու մահվան մերձավորության ցավից նա հասնում է հոգեգարության։ Մինչդեռ մանկահասակ երեխաներին հեղինակը բնութագրում է իբրև ի բնե մաքուր ու անբիծ, սրտացավ էակների։ Ե՛վ Հաճի աղայի թոռները, և՛ Հովնանի թոռ Հայկը գթառատ են, կարեկից, ուշադիր։ Տնից հեռանալուց առաջ, երբ Հաճի մարը չգիտի Սրբունի արտասվելու պատճառը, ութնամյա Կարոն նրբանկատորեն բացատրում է. «Թուրքերեն կվախնա»։ Իսկ Հայկը ընտանիքին փախցնելու խոստում տված Ֆայիկ բեյի գրկում ճչում ու կանչում է բոլորից մոռացված ու անտեսված մեծ մարեին։ Հայկը մեծ մարե է կանչում նաև, երբ պապը՝ ամեն ինչ ուրացած Հովնանը, թուրք խուժանի ձեռքն է տալիս Նազեի հետևում թաքնվող, վախից կուչ եկած թոռանը։
Դեմիրճյանական խորաթափանց դիտարկմամբ՝ մարդը բարոյապես մաքուր է աշխարհ գալիս։ Հետո հնարավոր է մարդու բնույթը փոխվի զանազան ազդակների հետևանքով (Հովնան, Հաճի աղա) կամ էլ կարող է բացարձակապես չփոխվել, ինչպես Սրբունի, Նունուֆարի, Հերիքի, Նազեի դեպքում։ Հովնանի համար ամենապետքականը՝ իր կյանքը փրկելն էր առաջնահերթություն․ «Մնացածը՝ խիղճ է, հավատ է, պատիվ է, ի՞նչ հորս ցավն է, դատարկ բան է…»։ Կա սարսափելի գործելաոճի ինքնարդարացում․ «Այս ոճիրը չպետք է գործվի և անպատիժ մնա», «Պիտի կյանքս ազատեմ ու երթամ, դատ պիտի պահանջեմ», «Ես մեռնել չեմ ուզում, դատ ունիմ, հասկացե՛ք»։ Երբ վեհաշունչ այս խոսքերին Նազեն հակադարձում է, թե արդարություն չկա, որ պահանջես, Հովնանը պատասխանում է․ «Ես մեռնել չեմ ուզում, այ քեզ արդարություն»։ Ամեն գնով սեփական գլուխն ազատելու բուռն ձգտումը անընդունելի է և՛ ընտանիքի անդամների, և՛ մերձավորների համար։ Նազեն մեկը մյուսից նողկալի ու քստմնելի արարքների համար անխնա խայթում է ամուսնուն («Մեռի՛ր, մի ազիզը չէիր, հարազատներիդ գլուխը կերար», «Կյանքդ որդունք պիտի դառնա՝ միսդ ուտի», «Թո՛ղ պոռնիկ լացդ, գնա մեռիր…»): Բայց Հովնանը վստահ է, որ ինքը ճիշտ է․ կարևորը ցանկացած գնով իր գոյատևումն է։ Նրա համոզմամբ՝ արժանապատվությունը կորցրած ապրելը նախընտրելի է ոչխարի պես մորթվելուց։ Թատերագրի դիտարկմամբ՝ ստորացուցիչ նվաստացումների են ենթարկվում բոլոր տարհանվածները։ Բայց դա տեղի է ունենում նրանց կամքից անկախ, բռնությամբ։ Մինչդեռ Հովնանը անընդհատ ինքն է իրեն դիմազրկում: Նրան խորթ է այլասիրությունը։ Այս առումով Հովնանին փոքր-ինչ նման է որդին՝ Խորենը, որն աղետալի պահին անհանգիստ է միայն իր ու կնոջ՝ Նունուֆարի համար. փրկվի ինքը, իր գեղեցիկ կինը, դա է կարևորը։ Մնացածի համար չի էլ անհանգստանում։ Խորենը չի ընկալում և չի ընդունում Նունուֆարի՝ ինքնակամ զոհաբերվելու պատրաստակամությունը՝ հանուն իրեն ու ընտանիքի մյուս անդամների՝ այդ քայլը որակելով իբրև անառակություն: Հայրը դեմ է, որ հարսը որդու հետ փախչի, ինքը մնա «կրակի բերանում»։ Արդեն հասկացել է, որ նորահարսը պատրաստ է գնալ բեյի հետ՝ ընտանիքի մնացած անդամների փրկության դիմաց։ Բայց Խորենը ուզում է փրկվել և փրկել միայն այն, ինչն իրենն է ։
«ԽՈՐԵՆ․ Ամեն մարդ իր կյանքի մասին է մտածում։
ՀՈՎՆԱՆ․ Ամեն մարդ իր կյանքի մասի՜ն է մտածում․․․(Դառը զզվանքով ) Հը՛, հը՛, հը՛․․․ տեսա՞ր ինչ աղբ է մարդը․․․»:
Որդու դիրքորոշումն ու տեսակետը ասես արդարացնում են Հովնանի եսապաշտ գործողությունները։ Մի կողմից դա մխիթարում, թևթևացնում է վերջինիս, մյուս կողմից էլ նա շարունակում է դժգոհել, որ աշխարհն է այդպիսին․ «Աղբ է մարդը»։
Ի տարբերություն բարոյազուրկ ու մորթապաշտ հոր՝ Խորենը ըմբոստանում է Նունուֆարի հետևից եկած թուրք ոստիկանների դեմ: Նա հպարտ է, պատվախնդիր, չի լսում մոր, քրոջ ու կնոջ զգուշանալու հորդորը և արժանապատվորեն է ընդունում մահը: Հովնանի անչափելի, Խորենի ավելի մեղմ եսասիրությունից տարբերվում է ընտանիքի կանանց վարքագիծը։ Հանուն ընտանիքի բոլոր անդամների հնարավոր փրկության՝ ինքնազոհաբերման է պատրաստ նոր-նոր հարսնացած Նունուֆարը․ «Չէ՛, քույրի՛կ,- ասում է Հերիքին,- էդքան մարդը, որ պիտի մեռնեն, ես արժանի՞ եմ կյանքս ազատեմ․․․ Ես պիտի մեռնեմ, որ դուք ազատվեք»։
Նույն գիտակցմամբ է իրավիճակը գնահատում Հովնանի դուստրը՝ Հերիքը, որն իրեն սիրահարված Ֆայիկ բեյին խնդրում է իր փոխարեն փրկել նորապսակ եղբորն ու հարսին․ «Ջհաննամը մենք, նրանց ազատեցեք»։
Նազեն ոչ մի կերպ չի ընդունում Հովնանի կայացրած որոշումը․ զոհաբերել հարսին՝ սեփական կաշին փրկելու համար։ Նա ընդդիմանում է ամուսնուն, ստեղծված իրավիճակից ելքեր է փնտրում։ Նախ առաջարկում է հարսին հետ՝ հոր տուն ուղարկել՝ նրա կյանքը փրկելով մեղքի տակ չընկնելու համար։ Հետո միանում է Հերիքին՝ Ֆայիկ բեյից խնդրելով փրկել որդուն և հարսին․ «Մի էդ զույգը մուրազազուրկ չմնան, մենք ջհաննամը, մենք կորած ենք»։
Ակնհայտ է երեք կանանց՝ ինքնազոհաբերման ճանապարհով մյուսների կյանքը փրկելու վճռական պատրաստակամությունը։ Ավելին, երբ Նունուֆարը տեսնում է սկեսրոջ ու Հերիքի վեհանձն քայլը՝ հանուն իր և ամուսնու փրկության, չի համակերպվում և չի ընդունում այդ որոշումը․ «Ախր, հայրիկը, մայրիկը, Հերիքը… ինչպե՞ս անեմ… չեմ կարող»։
«Ավելորդը» պատմվածքում Սրբունի դիրքորոշումն էլ նույնն է. միանգամայն հանգիստ է իրեն սպասվող ճակատագրի համար, իսկ ընտանիքի մյուս անդամների, հատկապես եղբոր համար տառապում է։ «Հաճ աղաս շատ է վախցե, վախենամ ճամփեն ցավի գա… Ես անդամալույծ եմ, ասօր կամ, էգվան չկամ…», «Իմ ջանս ազիզ չէ»[14]։ Անձնազոհության նմանօրինակ դրսևորումը կարելի է բնորոշել իբրև անանձնական սիրո յուրահատուկ կերպ։ Հրաժեշտի պահն ամբողջությամբ համոզիչ է դարձնում Սրբունի անձնազոհության անկեղծությունը.
«Անդամալույծը դողդոջուն ձեռքերով բռնեց Հաճի աղայի ձեռքը, տարավ շրթունքներին և համբուրեց։ Մի արցունքի կաթիլ նրա աչքերից գլորվեց, ընկավ Հաճի աղայի ձեռքին։ Անդամալույծը ծոցից թաշկինակը հանեց և սրբեց եղբոր ձեռքը և ապա՝ մի զույգ «դֆտիկ» ձեռնոց հանելով մինդարի տակից՝ տվեց Հաճի աղային։
-Ձեռքե՛րդ անցու՝ ճամփան չմսիս։
Հետո փղձկալով՝ վրա բերեց․
-Քոռանա՛ լուսս․․․ տղոցը համար չկրցա գործե»[15]:
Ե՛վ Հաճի աղան, և՛ Հովնանը ընդունակ չեն տեսնելու, զգալու և գնահատելու մերձավորի արտասովոր, ինքնամոռաց նվիրումը, անօրինակ հոգատարությունը։ Հաճին դժվարությամբ ու տհաճությամբ է հրաժեշտ տալիս Սրբունին։ Հովնանը փախչելու պահին ու դրանից հետո այլևս երբեք չի էլ հիշում մարեի գոյությունը:
Հովնանը ուրիշների ինքնազոհաբերվելը հանուն իրեն բնական ու օրինաչափ է համարում, քանի որ դրանով ապացուցվում է, որ միայն իր կյանքն է պետքական, ինքն է աշխարհին լուր տալու կատարվող անարդարության մասին ու հատուցում պահանջելու։ Հովնանի կերպարն իբրև միագիծ եսասիրական բնութագրելը, սակայն, ճիշտ չի լինի։ Կազմակերպված տարհանման ու իրականացվող անգութ հաշվեհարդարի պատճառով փակուղում հայտնվելով՝ Հովնանը մերժում է նաև Աստծուն․․․ «Թե սա է արդարությունը, Աստված չեմ ճանաչում»։
Դեմիրճյանի հերոսը տառապում է բռնության դեմ անզորությունից, չի հաշտվում իրականության հետ, բայց դրանից այդպես էլ դիմադրելու, պայքարելու ոգի չի ծնվում։ Հակառակը, նրա անձնապաշտ կրքերն ու ցածր բնազդները ջրի երես են հանում բոլորին զոհաբերելով սեփական մորթը փրկելու բուռն մոլուցքը։ Մեկը մյուսին հաջորդող իրավիճակային ինքնափրկիչ ծրագրերը նրան ավելի ու ավելի խորն են գցում։ Նա գիտակցում է իր անկումը, բայց միևնույն է, շարունակում է անամոթ ինքնարդարացումը․ «Ինչպե՞ս մեռնիմ։ Ապա ինչո՞ւ ընկա, թե չպիտի արդարանամ։ Շնե՛ր, ձեզ համար աղտոտվեցի, չմաքրված ինչպե՞ս մեռնիմ»։
Իսկ թուրք խուժանը վայելում է «անսանձ ու անվերջ» խրախճանքը՝ քեֆ, խմիչք, աղջիկներ․․․
Հետաքրքիր է Դեմիրճյանի մի դիտարկումը․նրա տեսանկյունից՝ եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես ու բարոյապես խորտակվում են ինչպես ոչնչացվողը (Հովնան, Հաճի աղա), այնպես էլ ոչնչացնողը (Հասան բեյ): Անսահմանափակ լիազորություններն ու իրավունքը ասես պարադոքսալ իրավիճակ են ձևավորում, երբ հափրացած մարդն այլևս չգիտի՝ էլ ինչ ու ինչպես կարելի է վայելել․ «Խմե՜մ, խմե՜մ ու չհագենամ։ Բերե՛ք․․․»,- պահանջում է բեյը։
«ՀՅՈՒՐԵՐ․ Ի՞նչ բերենք, բե՛յ։
ՀԱՍԱՆ ԲԵՅ․ Բերե՛ք, «Չգիտեմ ինչ» բերե՛ք։ Չգիտեմ ՝ ինչ եմ ուզում։ Բերե՛ք, աշխա՛րհք բերեք, գցեմ ոտքերիս տակ։
Բ ՀՅՈՒՐ․ Սրա մեջ փորձանք կա։ Մեղք ու անեծք կա սրա մեջ, Աստվա՛ծ վկա։
ՀԱՍԱՆ ԲԵՅ․ Մեղք ու անեծքը նրանց, ովքեր իմ սանձը բաց թողին։ Իմ քեֆն է հիմա․․․ Քշում եմ ձիերս․․․ Փախե՜ք (Հյուրերի ակնածանքը նկատելով): Հա՛, վախենո՞ւմ եք։ Ծիծաղում է։ Հա՛, հա՛, հա՛, Աստված պարել կտամ։ Ապա՜։ Աստված մարդուն եղանք չտա, որ գետինը բռնի, որ տվեց՝ վա՜յ դիմացիններին (Վերցնում է գինու շիշը և պարպում)։ Պիտի խմեմ, խմեմ այս խենթ քեֆի գինին։
ՀՅՈՒՐԵՐ․ Կվնասվես, բե՛յ։
ՀԱՍԱՆ ԲԵՅ․ (Խեղդված, խռպոտ և դառն) Անեծք՝ ով ինձ իրավունք տվեց։ Պիտի խեղդվեմ այս կրքի ծովի մեջ։ Մի ճա՛ր արեք, ազատեցե՛ք… Քաղցր է անսահման քեֆը… Քաշո՜ւմ է, քաշո՜ւմ է, քաշո՜ւմ։ Դու էլ գնում ես ու խեղդվում։ Քանի խմում ես սիրո կրակը, սիրտդ ավելի՜, ավելի է կատաղում։ Մեկ գեղուհին կրակ է, շատ գեղուհիները՝ հրդեհ»։
Այս պատկերը էլ ավելի է պարզեցնում Դեմիրճյանի մարդագիտական ընկալումները: Իբրև դեպքերի ժամանակակից ու ականատես՝ հայ ժողովրդի համար ցավագին այս թեման նա քննում է նոր տեսանկյունից՝ նեղ ազգային շահերից դուրս՝ համամարդկային հարթության վրա: Ցեղասպանությունը՝ իբրև երևույթ, հակամարդկային է բոլոր առումներով, և իբրև ծանրագույն հանցանք՝ պետք է դատապարտվի համաշխարհային հանրույթի կողմից: Մարդկության մի ստվար զանգվածի ոչնչացումը ծրագրող, կազմակերպող ու իրականացնող կողմը նույնպես կործանվում է, քանի որ կորցնում է մարդկային բնութագիրը, գլորվում է ապամարդկայնության խորխորատը, վերածվում է այլանդակ հրեշի:
Նունուֆարն արդեն Հասան բեյի անհագ կրքերի զոհ էր դարձել: Այս կերպարը թատերագիրը հետագա գործողությունների ընթացքում չի զարգացնում. մանկամարդ նորահարսի մասին թուրք ոստիկանների մի խոսակցությունից միայն պարզ է դառնում, որ Նունուֆարը ինքնասպան է եղել՝ չպատվազրկվելու համար։
Հովնանի հաջորդ «թեթև» ծրագրով հերթը Հերիքին է հասնում։ Հոգեգարության մի փուլում (չորրորդ արար) վերջնականապես ոչնչանում են բոլոր արժեքները։ Հովնանը իր կյանքը փրկելու վերջին ճիգով դստերն է «աճուրդի հանում» և հանձնում խելահեղ խրախճանքի ոճրագործ մասնակիցներին։
Դեմիրճյանի ստեղծագրծությունն առաջինը բազմակողմանի ու հանգամանորեն ուսումնասիրած Հրայր Մուրադյանի բնութագրմամբ՝ «Հովնան մեծատուն» դրաման համակված է «մռայլ հոռետեսությամբ»: «Դեմիրճյանն անկարող է եղել,- գրում է նա,- բարձրացրած թեմայի մեջ գտնել վեհն ու հերոսականը: Պատկերվող դեպքերի ահավորությունը ընկճել է հեղինակին, զրկել լուսավորն ու մարդկայինը տեսնելու կարողությունից»[16]: «Չկան կործանման դատապարտված ժողովրդի առողջ տարրերը,- շարունակում է վերլուծաբանը,- չկան նրա հոգևոր, բարոյական կյանքի հայտարարները, չկա մեծ ու հերոսական պատմության …. տեր ժողովուրդը»[17]: Դեմիրճյանի ստեղծագործությանը խորագիտակ Հր. Թամրազյանի կարծիքով թատերագիրը ճիշտ է նկատում հանուն սեփական անձի փրկության ամեն ինչ կործանելու, ամեն ինչի պատրաստ լինելու մարդկային այս արատը: Բայց նա սա համարում է նյութի ու հարցի խիստ միակողմանի ընտրություն, քանի որ քաղաքական ողբերգության առջև կանգնած ժողովուրդը «աներևակայելի ճիգերով ձգտում է պահել իր բարոյական ուժը, անձնազոհ մաքառում է հողի, տան, զավակի, հարազատի ապրելու համար: ….Այնինչ ծանր օրերին Դեմիրճյանը մշակում էր մի ծանր թեմա, մոռանալով էականը, քաղաքական և պատմական ճշմարտացիությունը»[18]:
Կ. Ռաֆայելյանի նորօրյա դիտարկմամբ. «Իմաստուն հեղինակը», որ սովորաբար կերպարներ ու պատումներ է հյուսում նախատիպերի և իրական դեպքերի հենքով, կարևոր քայլ է կատարում՝ արնախում թուրքից զատ ազգ, խիղճ ու արժանապատվություն ուրացած հային քննադատելով»[19]: Հասարակության մեջ «պատվելի» ճանաչված, բայց իրականում նողկալի, ծայրահեղ մորթապաշտ, սրբություն չունեցող ներքին թշնամին նույնպես անխնա դատապարտելի ու մերժելի է: Դեմիրճյանը հոգեբանի նուրբ զգացողությամբ հենվում է իր գաղափարախոսության առանցք դարձած, մարդկային բարձր արժեքներ կրող կերպարների վրա: Վեհը ապրեցնողը, մարդկայինը ու հերոսականը երևակվում են առաջին հայացքից թույլ, պաշտպանության կարիք ունեցող, բայց իրականում շատ ավելի ուժեղ մարդկային որակներով օժտված կերպարների միջոցով: Նրանք ապրում են զավակին, մերձավորին օգնելու համար:
Թատերագիրը Հովնանի այլանդակ մարդամերժությանն ու անասնական գոյափիլիսոփայությանը հակադրում է դստեր առողջ մարդասիրությունն ու գոյափիլիսոփայությունը: Հերիքին՝ իբրև հայ կնոջ, բնորոշ չէ խեղճանալը: Նա պատվախնդիր է, վճռական, իրեն երկրորդական չի համարում և կարծիք ունի։ Նա այլևս անկարող է համակերպվել շարունակական նվաստացումներին, իրեն պատվազրկելու փորձերին: Անօգնական, թշվառ ու ողորմելի վիճակում հայտնված աղջիկը ձեռքից բաց չի թողնում վրեժի հարմար վայրկյանն ու սպանում է հրեշավոր սպանդը իրականացնող բեյին։ Նա, որ ի սկզբանե անփորձ, խոնարհ ու հեզ աղջիկ է, ցավից ու տառապանքից ավելի ուժեղացած, դառնում է հազարավորների արդար վրեժն իրագործողը: Թվում է՝ թատերագրի կողմից մշակվող խնդիրն այսպիսով հանգուցալուծվում է, բայց թատերգության տպավորիչ ավարտը դեռ հաջորդելու է սրան։ Բարոյալքված ու մարդկային արժեհամակարգից զրկված հանրույթի կորսված հեղինակությունը վերականգնում է մոռացված մի ընչազուրկ՝ Աբրոն։ Նա հպարտորեն ներկայանում է իբրև Հասան բեյին սպանած Հերիքի հայր և մարտահրավեր է նետում մահվանը Հովնանի փոխարեն։ Ուշարժան է Արծվի Հունանյանի՝ Աբրոյի այս քայլին տված գնահատականը. «Իր վեհանձնությամբ Աբրոն ոչ միայն ցնցում է Հովնանին, այլև միանգամից, անսպասելիորեն ու կտրուկ ձևով հերքում է նրա ողջ արատավոր կենսափիլիսոփայությունը, սնանկ դուրս բերում յուր ստոր արարքներն արդարացնելու համար բացասական հերոսի բերած բոլոր փաստարկները, հաստատ, անվերապահ ցույց տալիս, որ աշխարհում, այնուամենայնիվ, կա մարդկայնություն և այլասիրություն, ու չի կարելի բոլորովին չհավատալ բանական արարածին ու նրա արդարությանը, բարու և գեղեցիկի հաղթանակին։ Իր որքան անսպասելի, նույնքան էլ բացառիկ ու գերազնիվ քայլով ցեղասպանության գեհենը ընկած Աբրոն կարողանում է բացասական հերոսի քստմնելի արարքներով և մռայլ բանդագուշանքով հողին հավասարեցված ու աղբ հռչակված մարդուն նորից բարձրացնել, սրբացնել ու դնել իրեն արժանի բարձրության վրա: Եվ այդ արդար նահատակի ազնիվ արյունով հաստատված ճշմարտության անհերքելիության առջև անզոր՝ Հովնանը չոքում է բանական էակին վեհացրած, աստվածացրած հրաշք անձնավորության դիակի առջև ու արտաբերում պիեսը վերջավորող խորախորհուրդ ու սարսուռ ազդող խոսքերը։ («Ահա այս մարդը դու ես, Աստվա՛ծ։ Քո արդարության առջև ես հող եմ և մոխիր․․․») և կաթվածահար ընկնում իր մեծ համաքաղաքացու անշնչացած մարմնի վրա»[20]։
Գրականագետ Հրանտ Թամրազյանի դիտարկմամբ. «Համաշխարհային գրականությունը շատ է քննարկել շահի ու խղճի, սեփականության ու մարդկայինի ներքին հակադրությունը»[21]։ Խնդրին անդրադարձած հայ հեղինակներից Դերենիկ Դեմիրճյանը ազգային շերտեր է տալիս կերպարներին։ Նա հայ կնոջ տեսակին վերաբերող հաստատակամ կողմնորոշում ունի։ Հայ կինը երբեք, անգամ ֆիզիկական բնաջնջման օրհասական ժամին չի բարոյազրկվում, չի թուլանում, հակառակը, փորձում է ամեն կերպ պայքարել, փրկության ուղիներ գտնել, ինքնազոհաբերվել՝ հանուն ընտանիքի անդամների ու մերձավորների։
Հայ կինը հայ ընտանիքի հիմքն ու սյունն է, և այդ տաճարի վրա կառուցվում է հայկականությունը և հայ լինելը պահելու կարևորագույն խնդիրը:
[1]Հրայր Մուրադյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1961թ.:
[2] Արծվի Հունանյան, Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1988թ.:
[3]Հրանտ Թամրազյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1977թ.:
[4]Հայկազյան հայագիտական հանդես, Բեյրութ, հատոր 40, 2020թ.:
[5]Դերենիկ Դեմիրճյան, Երկերի ժողովածու 14 հատորով, հ. 2, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1977թ., էջ 100:
[6]Նույն տեղում:
[7]Նույն տեղում, էջ 103:
[8] «Հովնան մեծատուն» դրամայի ձեռագիրը պահպանվում է Գրականության և արվեստի թանգարանում, ԴՖ թիվ 500-507: Դրամայից բոլոր մեջբերումները վերծանված անտիպ տեքստից են:
[9]Դերենիկ Դեմիրճյան, Երկերի ժողովածու 14 հատորով, հ. 2, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1977թ., էջ 100-101:
[10] Նույն տեղում, էջ 101:
[11]Նույն տեղում, էջ 104:
[12]Նույն տեղում, էջ 104:
[13]Նույն տեղում, էջ 106:
[14]Նույն տեղում, էջ 106:
[15]Նույն տեղում, էջ 107:
[16]Հրայր Մուրադյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1961թ, էջ 127:
[17]Նույն տեղում, էջ 128:
[18]Հրանտ Թամրազյան, Սովետահայ գրականության պատմություն, Երևան, «Լույս» հրատ., 1984թ., էջ 250:
[19]Հայկազյան հայագիտական հանդես, Բեյրութ, հատոր 40, 2020թ.:
[20] Արծվի Հունանյան, Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան,« Երևան, Սովետական գրող» հրատ., 1988թ., էջ 120-121:
[21]Հրանտ Թամրազյան, Սովետահայ գրականության պատմություն, Երևան, «Լույս» հրատ., 1984թ., էջ 246:
Ազնիվ Չիլինգարյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Լուսանկարը՝ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի ֆոնդից, Դ. Դեմիրճյան, 1910-ականներ, Թիֆլիս
No Comments