Կարինե Ռաֆայելյան Կինո

19-րդ «Ոսկե ծիրան»-ն ավարտվեց

18.07.2022

Հուլիսի 10-17-ը Երևանում անցկացվեց «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնի բացման և փակման արարողությունները կայացան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Այս տարվա փառատոնային տեսահոլովակում շեշտադրված էր հայելու խորհուրդը, որը ի ցույց է դնում մեզ շրջապատող աշխարհի ու հենց մեր էության իրական և հայելային արտացոլանքի խորաշերտերն ու սարսափները: Տեսահոլովակի ամփոփիչ խոսքում ասվում է. «Այս հայելին ընդամենը հայելի է, և ես մեջը դժբախտ մարդ եմ տեսնում»:

19-րդ «Ոսկե ծիրանի» ազդագիրը

Փառատոնային ֆիլմերի բազմազանության մեջ յուրաքանչյուրս կարողացանք առանձնացնել մեզ համար հետագիծ թողնող ֆիլմեր, որոնց ասելիքը և պատկերաշարը առավել մոտ ու հասկանալի եղան մեր հոգուն: Ինձ համար այս տարվա ոսկեծիրանյան բազմաշերտ ֆիլմաշարից կհիշվեն Ուլրիխ Զայդլի «Ռիմինի», Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները», Պաս Էնսինայի «Էամի», Ալեքսեյ Ֆեդորչենկոյի «Վերջին «սիրելի Բուլղարիան», Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «5 երազողները և ձին», Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես», Էսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմերը, որոնք տարբեր թեմաների մասին տարբեր ժանրերում տաղանդավոր աչքով և խորաթափանցությամբ նկարված կինոպատումներ էին:

Իհարկե, իրադարձային օրերի գլխապտույտում չհաջողվեց դիտել Կլեր Դընիի «Կեսօրվա աստղերը», Կոստա-Գավրասի «Z»-ը, Կիրիլ Սերեբրեննիկովի «Չայկավսկու կինը» և ինձ հետաքրքրող այլ ֆիլմեր, բայց հույս ունեմ, որ ամենակարող համացանցը օգնության կգա այս հարցում, և ես անպայման կլրացնեմ բաց թողածը:

Փոխարենը չեմ կարող հիացմունքս և խոնարհումս չարտահայտել համաշխարհային կինոյի լեգենդ Կոստա-Գավրասի անձի և մտքերի հանդեպ, որոնցով նա կիսվեց իր վարպետության դասի ընթացքում:

Կոստա-Գավրասը մակագրություն է թողնում ՀԿՄ Բուխարու սրահի պատին

Ֆրանսիական կինոյի հույն ներկայացուցիչը, ինչպես ինքը խոստովանեց, զուտ հանգամանքների բերումով է դարձել ռեժիսոր և առաջին իսկ ֆիլմից նկարահանել նշանավոր աստղերի: Նա պատմեց, որ կինոդպրոց է գնացել, որպեսզի սովորի գրել և դառնալ կինոսցենարիստ, բայց սկսել է մտածել պատկերներով ու դրաձել ռեժիսոր:

Նույնքան հետաքրքիր էր շփումը Ալեքսեյ Ֆեդորչենկոյի հետ, որը խոստովանեց, որ ֆիլմի լավատեսական ավարտն ինքն է հավելել ֆիլմի հիմքում ընկած գրկան երկին՝ հանդիսատեսի մոտ հույս արթնացնելու համար:

Փառատոնի օրերին բացվեց Լաերտ Վաղարշյանի աստղը՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Կայացավ Կիրիլ Ռազլոգովի «Հարություն Խաչատրյան. Հավերժ վերադարձ» գրքի շնորհանդեսը:

Կիրիլ Ռազլոգովի գրքի շնորհանդեսին

Կինոփառատոնի փակման արարողության ժամանակ, ավանդույթի համաձայն, հանձնվեցին 19-րդ «Ոսկե ծիրանի» մրցանակները:

Տարածաշրջանային համայնապատկերի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերից «Ոսկե ծիրանի» արժանացավ Մոհամադռեզա Ֆարզադի «Ենթագումարներ» ֆիլմը: 

Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակը շնորհվեց Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես»-ին:

Fipresci-ի մրցանակը հանձնվեց Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը» ֆիլմին: Լիամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային համայնապատկեր անվանակարգի Արծաթե ծիրանը ևս հանձնվեց այս ֆիլմին: Իսկ Ոսկե ծիրանը բաժին հասավ Քուրդուին Այուբի «Արև» ֆիլմին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ անվանակարգում «Ոսկե ծիրանի» «Խոստում» մարդասիրական մրցանակը հանձնվեց Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքված տունը» ֆիլմին: Արծաթե ծիրանը բաժին հասավ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմին: Ժյուրիի նախագահ Թերի Ջորջը խոստովանեց, որ այս ֆիլմը եղել է ֆավորիտը, և ժյուրիի անդամները հակված են եղել հենց այս ֆիլմին տալ Ոսկե ծիրան մրացնակը: Սակայն, այնուամենայնիվ, վերջնական որոշման արդյունքում տարվա գլխավոր «Ոսկե ծիրանը» շնորհվեց Լի Ժույծյունի «Հող էիր, հող դարձար» ֆիլմին:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը նշեց, որ այս փառատոնը դարպաս է, ճակատադուռ, պորտալ, որը բացվում է յոթ օր ու հյուրընկալում մարդկանց աշխարհի տարբեր անկյուններից, իսկ փակվելիս իրենք բանալին թողնում են յուրաքանչյուրի մոտ՝ այն մտայնությամբ, որ հաջորդ տարիներին յուրաքանչյուրը կարող է բացել կինոփառատոնի դուռը:

«Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօերն Հարություն Խաչատրյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ այս տարվա 19-րդ կինոփառատոնը ընդամենը 20-րդ հոբելյանականի փորձն էր և վկայությունն այն բանի, որ «Ոսկե ծիրանը» կարողացել է հաղթահարել նախորդ տարիներին իրեն վիճակված մի ծանր ժամանակաշրջան:

Նա բեմ հրավիրեց «Ոսկե ծիրանի» ողջ անձնակազմին, և այս անգամ նրանք բոլորը՝ համահիմանդիրներ Հարություն Խաչատրայնի, Միքայել Ստամբոլցյանի, Սուսաննա Հարությունյանի հետ միասին, հայտարարեցին 19-րդ «Ոսկե ծիրանը» փակված:

Կինոփառտոնի բոլոր միջոցառումների, բոլոր ֆիլմերի ցուցադրությունների ժամանակ գերիշխող թեմա է եղել մեր վերջին ողբերգությունը՝ 44-օրյա պատերազմը: Սակայն այն ուղղակի արկի պես պայթեց կինոփառատոնի փակման արարողության ժամանակ ցուցադրված «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով: Ֆիլմի ռեժիսոր Գարին Հավհաննիսյանը և ֆիլմի հիմք հանդիսացած վավերագրության հեղինակ, ստեփանակերտցի լրագրող Լիկա Զաքարյանը պարզապես ստիպեցին վերադառնալ մեր ապրած 44-օրյա դժոխքն ու կրկին անցնել դրա բոլոր պարունակներով: Ֆիլմի ահասարսուռ պատկերները արցունքներ քամեցին հանդիսատեսի աչքերից, բայց հային բնորոշ կենսունակությամբ ու լավատեսությամբ Լիկա Զաքարյանը մեզ ստիպեց նաև ուրախությունից արտասվել. նա ֆիլմի ավարտին հարսնաշորով էր՝ պատերազմի գեհենից ողջ վերադարձած իր օպերատոր Լևոնի հետ պսակադրության տեսարանում: Իսկ ֆիլմից հետո Լիկան բեմ բարձրացավ և կատարեց Արթուր Գրիգորյանի «Արցախ» երգը՝ բազմապատկելով մեր հույսի ու լավատեսության չափաբաժինը:

Մեզ մնում է սպասել հոբալյանական 20-րդ «Ոսկե ծիրանին»՝ հույով, որ հաջորդիվ այսքան արդիական չեն լինի պատերազմապատումները մեր կյանքում:

Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարները՝ հեղինակի

No Comments

Leave a Reply