ՕրԸնթաց Հրատապ

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ամփոփում է տարին

26.12.2019

Պետական աջակցություն-մրցույթներ

Ավարտվեցին 2019 թվականին ֆինանսավորվող կինոնկարների նախագծերի մրցույթները: Երկու մրցույթների արդյունքում Հայաստանի ազգային կինոկենտրոն է ներկայացվել 118 նախագիծ, որից դիտարկվել է 107-ը, պետական ֆինանսավորման ընտրվել՝ 46-ը։

Ընդհանուր առմամբ, պետական ֆինանսավորում ստացած նախագծերի ցանկում, այս տարի, ավելացել են դեբյուտային նախագծերը․ կարճամետրաժ դեբյուտային նախագծերի համար կանոնակարգով նախատեսված տոկոսաչափը՝ 50%-ի փոխարեն փաստացի կազմել է 63,31%։

Լիամետրաժների պարագայում կանոնակարգով նախատեսված 30%-ի փոխարեն կազմել է 34,07%։

 1. Կարճամետրաժ նախագծեր 18, որոնցից՝ խաղարկային- 9, անիմացիոն — 9

2. Լիամետրաժ նախագծեր 28, որոնցից՝ զարգացման փուլ 11, արտադրական փուլ 9, հետարտադրական փուլ 3, տարածման փուլ 5։

2019 թվականի երկու մրցույթների արդյունքում պետական ֆինանսավորում է հատկացվել 9 անիմացիոն նախագծի, որից դեբյուտ՝ 4, որը կազմում է 44, 44 % :

Համահայկական կինոֆորում

ԿԳՄՍ նախարարությունը դեկտեմբերի 13-15-ը  կինոարտադրողների համահայկական ֆորում էր նախաձեռնել, որի կազմակերպել էր  Հայաստանի ազգային կինոկենտրոնը, և մեր երկիր հրավիրել սփյուռքահայ կինոգործիչների, որոնք մեծ մասամբ պրոդյուսերական աշխատանքով են զբաղված։ Ֆորումի նպատակն է համախմբել կինոյի համահայկական ներուժը, ի մի բերել այն խնդիրները, որոնք արդեն տևական ժամանակ  հայաստանյան կինոարտադրությունն ունի և փորձել համատեղ ուժերով դրանք լուծելու ճանապարհները գտնել։ Եռօրյա կինոհավաքները ուրվագծեցին մի շարք մոտեցումներ՝ կինոն միջազգային հարթակներում պատշաճ ներկայացնելու և զարգացնելու համար։

Ժառանգություն-վերականգնում

2018 թվականի օգոստոսին  հայ կինոյի ժառանգության օգտագործման իրավունքները՝ ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ, անցան Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ Եվ հենց այդ պահից էլ սկսվեց ֆիլմերի վերկանգնման և թվայնացման կարևոր գործընթացը։

Լեհական FIXAFILM  ընկերության կողմից  առաջինը վերականգնվեց և թվայնացվեց  Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) վավերագրական կինոնկարը։ Ֆիլմը թվայանցումից հետո ստացավ նոր կյանք ու շնչառություն։ Այն անմիջապես ցուցադրության հրավերներ ստացավ աշխարհի հայտնի կինոփառատոներից, կինոինստիտուներից, թանգարաններից, գրադարններից։ Ցուցադրություների մեկնարկը տրվեց այս տարեսկզբին՝ 2019-ին, Ռոտերդամի միջազգային փառատոնից, որտեղ «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը ներառվեց Սերգեյ փարաջանովի 95-ամյակին նվիրված «Կինոյի տաճար»  համալիր ծրագրում։ «Հակոբ Հովնաթանյանը» փառատոնի առանցքային ծրագրի մի հատվածն էր միայն։ Ռոտերդամի սբ․Արմենիուս եկեղեցում կայացավ «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերի վերականգնված և թվայնացված հատվածների ինստալացիա ցուցադրությունը (Վարպետի ֆիլմերի «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան» (վերականգնված տարբերակը) ֆիլմերի ցուցադրությունները, գիտաժողով և այլ միջոցառումներ)։

Ներկայացնում ենք արդեն տեղի ունեցած և 2020 թվականին նախատեսված ցուցադրությունների ցանկը (ցուցադրվածԹելուրիդի միջազգային կինոփառատոն, ԱՄՆ, 2018,  ICA կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոն, Լոնդոն, 2018,  BOZAR արվեստի կենտրոն, Բրյուսել, 2018, Ռոտերդամի միջազգային կինոփառատոն, Նիդերլանդներ, 2019,  Pera թանգարան, Ստամբուլ, 2019,  Ազգային պատկերասրահ, Լոնդոն, 2019,  Close Up կենտրոն , Լոնդոն, 2019,  Մոսկվայի Տարկովսկու անվան կինոփառատոն, 2019, Նյու Յորքի Լինկոլնի մշակութային կենտրոն, Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի շրջանակում, 2019, Պորտուգալիայի միջազգային փառատոն Curtas Vila do Conde, 2019, Սլավոնական, արևելաեվրոպական և եվրասիական հետազոտությունների ասոցիացիայի ամենամյա գիտաժողով, Սան Ֆրացիսկո, ԱՄՆ, 2019

Նախատեսված — Վաշինգտոնի ազգային պատկերասրահ, 2020, Հոնգ Կոնգի միջազգային կինոփառատոն, 2020, Կոպենհագենի Cinemateket կինոթատրոն, 2020։

Գրեթե միաժամանակ, FIXAFILM  ընկերության հետ սկսվեց «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերի վերականգնման և թվայնացման աշխատանքները։ 103 տուփ ոչնչացումից փրկված (հրահանգ էր եղել այրել մնացած ժապավենները) ժապավենից  սկզբում վերականգնվեց  կադրերի 1/3-ը։ Եվ,հենց այդ վերականգնված կադրերի ինստալացիան  էլ 2019 թ․հունվարին, առաջին անգամ ՝ Ռոտերադամի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, ցուցադրվեց  սբ․Արմենիուս եկեղեցում ։

Այս ինստալացիան ունեցել է երկու ցուցադրություն՝ Ռոտերդամում և Երևանում («Ոսկե ծիրանի» օրերին)։ Նշենք, որ երևանյան ցուցադրությունը գերազանցեց բոլոր սպասելիքները, քանի որ ցուցահանդեսի ավարտից հետո անընդհատ նամակներ էինք ստանում՝ այն կրկնելու խնդրանքով։

Այս պահին աշախատանքներ են տարվում «Նռան գույնը»  ֆիլմի հիմնական մոնտաժից  դուրս մնացած կադրերով և կինոնկարին վերաբերող այլ նյութերով նկարահանել ֆիլմ՝ «Անհայտ Փարաջանովը» , որի երաժշտությունը կրկին հանձն է առել գրել մաեստրո Տիգրան Մանսուրյանը։

2020թ․նախատեսվում է  (կան նախնական պայմանավորվածություններ) «Կինոյի տաճար» ծրագիրը ( Ռոտերդամի նույն ծրագրով), մասնավորապես, «Նռան գույնի» ինստալացիայի ցուցադրությունը։ 2020-ի համար արդեն հստակ պայմանավորվածություն կա «Կինոյի տաճար» ծրագիրը նույն ձևաչափով ներկայացնել Լիոնի Լյումիեր եղբայրներ փառատոնում։ «Կինոյի տաճար» ծրագիրը կներկայացվի նաև Թբիլիսիում, որի ուղղությամբ բանակցությունները դեռ շարունակվում են (2020 թ

2020 թ փետրվարի 29-ից մարտի 5-ը Վաշինգտոնի ազգային պատկերասրահը համագործակցելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության  և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ, նախաձեռնել է կազմակերպել «Հայկական ոդիսական» հայ մշակույթին երաժշտությանը և ֆիլմերին նվիրված փառատոնը, որի շրջանակներում ամերիկացի հանդիսատեսին կներկայացվեն հայկական դասական ֆիլմեր և երաժշտություն։ Փառատոնի կինոծրագրում ընդգրկված են ՍՓարաջանովի «Նռան գույնը» և  «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի վերկանգնված տարբերակները, ինչպես նաև Համո Բեկնազարյանի «Զանգեզուր»   ֆիլմը (թվայանցված միայն)։ https://postclassical.com/performances/pomegranates/՝ այս հղումով կարող եք տեսնել հայ մշակույթին վերաբերող ծրագրերը։

Ներկայումս , Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարությունը աշխատանքներ է տանում վերականգնելու և թվայնացնելու հայկական առաջին  հնչյունային ֆիլմը՝ Համո Բեկնազարյանի «Պեպո»-ն, քանի որ 2020-ը ֆիլմի համար հոբելյանկան տարի է։ Լրանում է կինոնկարի ստեղծման 85 տարին։ Հարկ է նշել նաև, որ 1936 թ․«Մոսկվա»   կինոթատրոնի բացումը ևս տեղի է ունեցել  Բեկնազարյանի «Պեպո» ֆիլմի ցուցադրումով։

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը վերջերս աշխատանքային այցով Լիոնում եղած ժամանակ, հանդիպել է նաև Թուլուզի  ֆիլմադրանի ղեկավարության հետ։  Խոսել են տեղի արխիվում գտնվող  «Պեպո» գեղարվեստական խաղարկային ֆիլմի երկու տարբեր ժապավենների շուրջ, որոնք ուսումնասիրել են իրենց մասնագետները: Ֆրանսիական կողմի խորհրդով և մեր համաձայնությամբ մշակվել է մեկ ամբողջական թվայնացված և վերականգնված ֆիլմ ստեղծելու գաղափարը: Ներկայումս Թուլուզի ֆիլմադարանի հետ քննարկումները դեռ շարունակվում են, և  2020թին ակնկալվում է  այնտեղ թվայնացնել և վերականգնել «Պեպոն»։ Միաժամանակ շարունակվում են ուսումնասիրությունները այլ աղբյուրներում եղած ֆիլմի տարբերակների որոնման ուղղությամբ։

Հեղինակային իրավունքներ

Հայաստանի ազգային կինոկենտրոնն առաջին անգամ ֆիլմերի հեռարձակման համար վճարելու է ֆիլմերի հեղինակներին։ Արդեն մեկ տարի է Հայաստանի ազգային կինոկենտրոնը ձեռք է բերել  հայկական ֆիլմերի ամբողջ ժառանգության (1925-2015 թվականներին ստեղծված 468 ֆիլմ)   օգտագործման իրավունքները (հիմք ընդունելով՝ 08.08.2018թ.-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքված «Գույքային իրավունքների օգտագործման մասին» պայմանագիրը) և անմիջապես էլ սկսել է գործընթացը՝ առաջին անգամ  (համաձայն ՀՀ կառավարության 11.01.2007թ․ ընդունված թիվ 506-Ն Որոշման՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=32112)՝ ցուցադրություններից գոյացած գումարներից վճարել ֆիլմերի հեղինակներին։

Մինչ այս, ֆիլմերը երկար տարիներ տրվել են ցուցադրման տարբեր հեռուստաընկերությունների, և այս ընթացքում առաջին անգամ  հեղինակային իրավունքի (https://www.arlis.am/documentview.aspx?docid=33653) համաձայն՝ ցուցադրություններից վճարներ կհատկացվեն  ֆիլմերի հեղինակներին։

Սկսված գործընթացի արդյունքում Կինոկենտրոնում ամփոփվել են  տարբեր հեռուստատեսություններում ֆիմերի ցուցադրության քանակները,  կազմվել են ֆիլմերի հեղինակների ցանկերը։ Ազգային կինոկենտրոնն արդեն ավարտել է այդ աշխատանքները և հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի, տեղեկացվում է ֆիլմերի ցանկի   հեղինակներին(կամ օրենքով ժառանգ համարվող անձանց) սույն թվականի նոյեմբերի 4-ից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակներով դիմել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ՝ համապատասախան պայմանագիր կնքելու համար:

Ազգային կինոկենտրոնի տարածքը՝ Տերյան 3ա հասցեում

ՀՀ  կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում, մի շարք այլ հատկացումների շարքում, որոշում է կայացվել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 4,243.1 հազ. դրամ՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:

National Cinema Center of Armenia-Հայաստանի ազգային կինոկենտրոն-ի պատասխանատուների, մասնավորապես, տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի երկարատև ու հետևողական աշխատանքի շնորհիվ, նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հատկապես նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Արա Խզմալյանի՝ խնդրին արմատական լուծում տալու գիտակցումի, վճռական ու պատրաստակամ մոտեցման շնորհիվ վերջապես Ազգային կինոկենտրոնը կունենա իր մշտական ու անփոփոխ հասցեն՝ ՏԵՐՅԱՆ 3Ա-ում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը (ՀՀ կառավարության 2006 թ․ հուլիսի 10-ի N1110-Ն որոշումով «Համո Բեկնազրյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն) «Հայֆիլմի» վաճառքից հետո, սկզբում գործել է վարձակալված տարածքում՝ Պուշկինի 38 հասցեում, իսկ վերջին 2 տարիներին՝ շարունակել է գործունեությունը՝ կրկին վարձակալական հիմունքներով, այս անգամ արդեն ՀԱՅՖԻԼՄԻ տարածքում։

Ամենամյա շարունակական ծրագրեր

Ամեն տարի Հայաստանի ազգային կինոկենտրոնը Երևանում և Հայաստանի մարզերում, զորամասերում, մանկատներում, ծերանոցներում և այլ  հաստատություններում իրականացնում է ֆիլմերի ցուցադրություններ։ 2019թ-ին նախատեսված ծրագրային 20 ցուցադրությունից ավելին է եղել։

Այս տարվա փետրվարի 27-ից մարտի 6-ը ընկած ժամանակահատվածում կինոկենտրոնը GAIFF Pro-ի հետ համատեղ կազմակերպեցին Հայկական առաջին ֆիլմ ֆորումը, որի շրջանակներում ցուցադրվեցին 2018 թ․ արատդրության 11 հայկական ֆիլմ: Ցուցադրություններին հետևեցին քննարկումներ ֆիլմերի ռեժիսորների հետ, անցկացվեցին նաև քննարկումներ հայկական կինոարտադրությունում առկա մի շարք խնդիրների մասին, ինչպիսիք են կինոկրթությունը, համատեղ արտադրությունը և այլն:

Ուսանողության շրջանում, հատկապես, մեծ հետաքրքրությամբ անցան ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում։ Մարտի 13-19-ը «Կարճամետրաժ կինոյի տոնը» խորագիրը կրող միջազգային ծրագրով Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանում ցուցադրվեցին ֆրանսիական արտադրության 10 արդի կարճրամետրաժ ֆիլմեր։ Հատուկ ցուցադրությամբ ներկայացվեցին «Երրորդ բեմ՝ Ֆրանսիայի ազզգային օպերա» խորագրի ներքո կազմված ֆիլմերի ընտրանին։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

No Comments

Leave a Reply