ՄշակութաԳիծ Արցախ ԳրաԴաշտ

Դա­վիթ Սա­րա­պյա­ն, «Երեք հարյուր վայրկյան»

28.12.2019

Լույս է տեսել Արցախյան շարժման ազատամարտիկ, գրող Դավիթ Սարապյանի (Դև) (1966-1991) «Երեք հարյուր վայրկյան» ժողովածուն, որտեղ ընդգրկված են համանուն վիպակը, մի շարք պատմվածքներ և համակարգչային խաղի համար գրված «Վարազդատ արքա» սցենարը:
Թարգմանությունը ռուսերենից և առաջաբանը՝ Մերի Կարապետյանի: «Երեք հարյուր վայրկյան» կինոսցենար-վիպակը արժանացել է կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան 1989-ին հաստատել է այն նկարահանման։

Գիրքը կարելի է ձեռք բերել «Բուկինիստ» և «Զանգակ» գրախանութների ցանցից , ինչպես նաև «Դավիթ Սարապյան» նախաձեռնությունից (կապի միջոցներ՝ +37491 11 31 33, davitsarapyan@gmail.com):

Գրքերի վաճառքից գոյացած հասույթը տնօրինում է «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամը: Հասույթն ուղղվելու է Դավիթ Սարապյանի հիշատակին նվիրված ձեռնարկներին, մասնավորապես՝ կիսանդրու ստեղծմանը:

Ardi.am, գրքի թարգմանչի համաձայնությամբ, ներկայացնում է հատված «Երեք հարյուր վայրկյան» վիպակից:

….Ժամապահն անվրդով կոնծում էր միջանցքի վերջում՝ ուղեսյան վրա:

Պահականոցի դուռը բացվեց, ու դուրս եկավ Ստարլեյը: Զինվորը վեր թռավ տեղից, կեցվածքն ուղղեց, բայց սպան ուշադրություն չդարձրեց նրա վրա և անցավ միջանցքով:

— Արթո՛ւր,- ձայն տվեց աղջիկը զեկին:

— Ի՞նչ:

— Ղունղունում ե՞ք,- նրանց խոսակցությունն ընդհատեց հանկարծակի հայտնված Ստարլեյը:

Վերոնիկան զգաստացավ:

— Ղունղունում ենք, պե՛տ,- Արթուրը նայեց սպային ու ավելացրեց:- Գործ կա հետդ…

— Իրո՞ք:- Սերյոժան ձևացրեց, թե խիստ զարմացավ:

— Որ մենք,- զեկը գլխով արեց միջնորմի կողմը,- միասին ճամփա գնանք:

— Միասի՞ն,-  չհասկացավ կամ ձև արեց, թե չհասկացավ Ստարլեյը:

— Ո՞ւմ հետ:

— Նրա՛,- Արթուրը նորից գլխով արեց միջնորմի կողմը:- Կես ժամով…

— Կես ժամով… Հըմ: Կես ժամո՞վ, ասում ես… Դե՛ լավ: Հիսուն ռուբլի տուր ու գնա:

-Մոտս մենակ մի չերվոնեց է…

— Դե-ե, եղբա՛յր,- ձգեց Ստարլեյը:- Ուրեմն չիրիկդ քեզ պահի: Լավ տրորի, փափկացրու, ու փաթաթի վրան,- անպարկեշտ շարժում արեց սպան:- Ու առա՛ջ: Կեցցե՛ սովետական իշխանությունը…

Այս խոսքերի վրա շրջվեց ու հեռացավ:

— Ասում էի, ախր…
-Ասում էի, ասում էի,- աղջկան կապկեց Արթուրը…

Պահականոցին հասնելով՝ սպան խփեց զինվորի փորին, մռլտաց.

-Չտեսնեմ՝ էստեղ շնթռկես:

Ու դուրս եկավ վագոնահարթակ: Ջղային շարժումով տրորեց ծխախոտը, լուցկին չխկացրեց, բայց չկարողացավ կպցնել. ձեռքերը դողում էին: Մի քանի անգամ ծուխը ներս քաշեց, ծխուկը գցեց գետնին, տրորեց, վերադարձավ միջանցք…

…- Լսի՛ր, իսկ էդ ո՞վ է մեջքիդ: Քրիստո՞սը,- հարցրեց Վերոնիկան:

-Չէ… Միքայել հրեշտակապետը: Ինչի՞:

— Հենց էնպես… Ես նրանով քեզ ճանաչեցի:

-Ճանաչեցի՞ր,- զարմացավ Արթուրը:

-Հա… Քեզ մի երկու ամիս առաջ քարշ տալով տանում էին միջանցքով, մենք էլ բաղնիքից էինք գալիս:

— Ինչ-որ չեմ հիշում:

— Մնում է հիշեի՜ր… Դու էն ժամանակ լրի՛վ անջատված էիր…

Մոտեցող քայլերի ձայն լսվեց:

-Է՛յ, զոլավո՛ր:- Արթուրի դիմաց կանգնած էր Ստարլեյը:

Զեկը անհամբեր նայեց նրան:

— Տու՛ր չերվոնեցդ: Էդպես էլ կանենք՝ կթողնեմ նրա մոտ: Հի՛նգ րոպեով…

Վերջին բառերից Արթուրի ուրախությունը սառեց, բայց ոչ երկար: Նա ձեռքը թափ տվեց, գրպանից հանեց տասանոցը: Սպան արդեն բանալիներն էր զնգզնգացնում: Չերվոնեցն առնելով՝ կրկնեց.

— Հի՛նգ րոպեով:

Ու նրան տարավ հարևան «եռյակ»…

Այնտեղ արդեն սպասում էին նրան: Վերոնիկան խցի կիսամթում ճոճվում էր վագոնի հետ: Շրթունքը դողում էր: Աչքերը փայլում էին: Լուսաստվերը խաղում էր ձվաձև գունատ դեմքին. ճաղավանդակի շեղանկյունիկները կտրտում էին դեմքը:

Վանդակը բացվեց: Աղջիկը ճանապարհ տվեց, Արթուրը ներս մտավ: Նա բաճկոնը չէր հագել, և ճաղավանդակը, իր տեղը դառնալով, գորշ ձողերով բծավորեց հրեշտակապետի դեմքը:

Տղա ու աղջիկ: Տղամարդ և Կին: Դեմդիմաց կանգնած, անշարժ, առանց մերձեցման որևէ փորձի:

Վագոնը թեթևակի ցնցվում էր. Արթուրը հենվեց որմնադարակին, որ չընկնի:

Նա կանգնած էր մեջքով դեպի լույսը, կիսամութը ստվերում էր նրա դեմքը, միայն դարակին հենած դաստակն էր լուսավորվում իր տխուր պատկերով:

Վերոնիկայի մուգ նրբերանգներով դեմքը լրիվ փոխվել էր: Դասական գրգռիչ գեղեցկությունը չքացել էր: Դիմագծերը հարթվել, ավելի կանացի էին դարձել: Նրա խոնավ հայացքը տղայի դեմքի վրայով սահեց, փարվեց ջարդված ձեռքին:

Զգույշ, որ չցավեցնի, Վերոնիկան այտուցված ձեռքն առավ ափերի մեջ, հպեց դեմքին, համբույրներով ծածկեց վիրավոր մատները:

Արթուրը սարսռաց, ազատ թևի մեջ առավ աղջկան ու դեմքը թաղեց նրա մազերի մեջ…

            Ստարլեյի դեմքին մի ակնթարթում արտացոլվեցին նրա հոգեվիճակի բոլոր մետամորֆոզները: Տեսարանից ունեցած ակնկալիքը փոխարինվեց խոր հիասթափությամբ, արհամարհանքի աստիճան ահագնացավ ու, ի վերջո, վերածվեց ատելության: Ժամացույցին նայեց, շրջվեց միջանցքում շարված զինվորների կողմն ու գլխով արեց «եռյակի» կողմը:

            Ճաղավանդակը սահուն կողմ քաշվեց: Արթուրը դեռ փաթաթված էր Վերոնիկային, երբ զույգ ձեռքերը ճանկեցին նրա ուսերը ու դուրս քաշեցին միջանցք: Աղջիկը փորձում էր նրան «եռյակի» խորքը ձգել, բայց վերջին պահին մեկը հրեց նրան, ու ճաղավանդակը շխկոցով փակվեց:

            Արթուրը շփոթված շուրջը նայեց: Չորս կողմը զինվորներ էին: Նրանց հետևում կանգնած՝ Ստարլեյը եղունգով թկթկացրեց ժամացույցի ապակուն ու ժպտալով, ասես ոչինչ չէր եղել, ասաց.

— Հինգ րոպեն անցա՛վ:

Արթուրի դեմքի շփոթմունքն ատելության փոխվեց: Նա պոկվեց ուղեկցորդ-հսկիչների ձեռքից, հարձակվեց սպայի վրա, վզից քաշեց ու գցեց գետնին: Ապուշ կտրած զինվորները սթափվեցին ու հասան պետին օգնելու:

Պետը շնչահեղձ էր լինում: Կաս-կարմիր կտրած դեմքն արդեն համարյա կապտում էր: Նա փորձեց ձեռքը ատրճանակին տանել, բայց Արթուրը ծնկով հատակին սեղմեց նրա դաստակը: Զեկի ճակատին երակները ցցվեցին: Ինքն էլ Ստարլեյից պակաս կարմրատակած չէր: Աչքերն ուր որ է՝ դուրս կթռչեին բներից:  Թպրտում էին լարված ջլերը…

Սպային մի կերպ փրկեցին: Հսկիչն առջևից հարձակվեց, ոտքով տակից խփեց Արթուրի ծնոտին: Հարվածն ուժեղ էր, զեկը հետ շպրտվեց՝ Ստարլեյին թողնելով: Սա, հազիվ շնչելով, սողալով մի կողմ քաշվեց: Արթուրն արդեն ուշագնաց էր, բայց հսկիչները մոլեգին մեքենայությամբ շարունակում էին խփել: Հետո, թևերից բռնած, քարշ տվեցին բաց «եռյակի» կողմը, ոտքի վրա կանգնեցրին ու բաց թողին: Անգամ չթողեցին, որ ինքնիրեն ընկներ: Լոնդի սերժանտը կողային ցատկ կատարեց ու սապոգի քթով դեմքին  հասցրած հարվածով նրան խփեց «եռյակի» պատին: Զեկը սահեց գետնին ու գլուխն անբնական ձևով հետ գցած՝ անշարժացավ: Ճաղավանդակը նրան շռնդյունով տրոհեց շեղանկյունների…

Իսկ Վերոնիկան անհավասար պայքարի մեջ էր մտել զինվորների հետ, դիմադրում էր նրանց, ճչում, կծում էր՝ թույլ չտալով, որ իրեն միջանցք հանեն: Բայց զինվորները «եռյակից» դուրս քաշեցին նրան: Աղջիկը հսկիչների ձեռքերի մեջ ջղաձիգ գալարվում էր և երբ թքեց մեկի երեսին, զինվորը նրա մազերը բռնեց, փաթաթեց ձեռքին ու, ինչպես ոչխարին մորթելու են տանում, քարշ տվեց ստոլիպինի երկայնքով:

Իրարանցումից արթնացած ուղևորները սպառնալից ցնցում էին ճաղերը: Զինվորները բոլոր կարելի-անկարելի մեթոդներով  փորձում էին կարգի հրավիրել նրանց, բանալիների խրձով շրխկացնում յուրօրինակ համերաշխության ցույցի խանդավառ նվիրյալների՝ ճաղավանդակներին կեռված մատներին:  

Վերոնիկային քարշ տալով տարան կանանց «կուպե» ու գցեցին ներս: Աղջիկը հետ մղվեց, որ դուրս գա, բայց ճաղավանդակը շրխկոցով փակվեց նրա դեմքին:

— Արթո՛ւր, Արթո՛ւր,- գոռում էր նա ու ցնցում վանդակը: Բանալիների խուրձն իջավ ուղիղ դեմքին: Նա ճչաց, ցավից կուչուձիգ՝ ընկավ կանանցից մեկի գիրկն ու սկսեց ցնցվել սրտակեղեք հեծկլտոցից…

Պահակախումբը, գործն ավարտած համարելով, կորավ պահականոցի խորքում: Մնաց միայն ժամապահը, որ ուղեսյան վևա տեղավորվելով՝ գրպանից հանեց ծխելիքն ու սկսեց երանագին բքել… Նույն կիսապառկած դիրքով հատակին ընկած, հսկիչների գնալուց հետո էլ, Արթուրը օրորվում էր վագոնին համընթաց ՝ այդպես էլ գիտակցության չգալով…

No Comments

Leave a Reply