Նյութի սկզբնաղբյուրը՝ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիր
Մայրաքաղաքի Ազատության և Ադոնցի փողոցների հատման կետում ինչ-որ ժամանակ հյուսվում էր Երևանի ավտոմոբիլային գործարանի՝ «ԵրԱԶ»-ի (հապավումը՝ ռուսերենից. Ереванский автомобильный завод) կենսագրությունը, և նրա ուրախ եռուզեռի մեջ մարմին էր առնում երևանյան երազներից ամենաիրականը: Ժամանակները փոխվեցին, մարեց գործարանների աղմուկը, բայց երևանցիների երազը չընդհատվեց. երբեմնի արտադրական հսկային փոխարինեց հին ու բարի անվանումով երևանյան նոր թաղամասը՝ «Երազը»:
«Երազ» թաղամասն ակտիվ կառուցապատման փուլում է
Թաղամասի կառուցապատող «Միկշին» ընկերության հիմնադիր-նախագահ Տիգրան Հարությունյանի խոսքերով՝ այդ անվանումը համակցված տրամաբանություն ունի. զուգորդվում է նախ այս տարածքում երկար տարիներ գործող «Երազ» գործարանի անվան հետ՝ մարդիկ տասնամյակներով սովոր են եղել այդ անվանը, հետո էլ՝ իր տունն ունենալու հայի գենետիկ երազանքի:
«Միկշին» ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2007-ին՝ սկզբում որպես «Միկմետա» ՓԲԸ-ի պատվերով շինարարություն իրականացնող կազմակերպություն, ապա՝ հողի սեփականատեր և կառուցապատող: Երկու հապավումների առաջին մասն էլ Տիգրան Հարությունյանի հոր՝ գործարար Միխայիլ Հարությունյանի անվան սկզբնատառերն են (անգլերեն Mikhail ձևից):
«Երազի» մեկնարկը տրվել է 2008-ին՝ երկու մասնաշենքից բաղկացած 18-հարկանի «երկվորյակով»: Այդ ժամանակվանից մինչ օրս թաղամասում կառուցապատվել և շահագործման է հանձնվել շուրջ հազար բնակարան՝ տեղակայված հինգ մասնաշենքերում։ Եվս յոթ մասնաշենքի շինարարություն ընթացքի մեջ է. երկուսը՝ շուրջ 600 բնակարանով, կավարտեն այս տարի, մնացածը՝ 650-2000 բնակարանով, շահագործման կհանձնվի 2024-2025 թվականներին։
Կառուցապատումը սկսվել է Ադոնց-Տիգրանյան խաչմերուկից, ավարտվելու է Ադոնց-Ազատություն խաչմերուկում։ Կառուցապատման ենթակա ընդհանուր տարածքը 250 հազար քմ է (25 հա): Թաղամասը վերջնական տեսքով կներկայանա 2025-ի տարեվերջին՝ երազցիներին ապահովելով 3300-3700 բնակարանով։
Երևանյան նոր թաղամասի տեղանքի ընտրությունը պատահական չէ
Վայրը, որտեղ այսօր կառուցապատում է իրականացվում, գրավել է իր աշխարհագրական դիրքով և ենթակառուցվածքների առկայությամբ։ «Երազը» գտնվում է Ազատության պողոտայի հարակից տարածքում, որը բավականին մոտ է քաղաքի կենտրոնին (կարելի է հասնել 8-10 րոպեում)։ Իսկ պողոտայի լայնությունը և տրանսպորտային ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս բավականին մեծ ու խիտ կառուցապատում իրականացնելու։
Քանի որ Ադոնցը զուգահեռ է Կոմիտասի փողոցին ու ծառայում է նաև որպես դրան փոխարինող, ցերեկը մեքենաների շարժն այստեղ ակտիվանում է։ Երեկոյան այն դատարկվում է, համապատասխանաբար մեքենաների շարժը երկրորդային փողոցներից տեղափոխվում է Կոմիտաս։ Երեկոյան ժամերին այստեղ աղմուկի շեմը շատ ցածր է, մեքենաների շարժը՝ քիչ։ Ներքին բակերի և նախատեսվող երրորդային փողոցների կառուցապատումը բնակելի թաղամասին հետաքրքիր, «ննջարանային թաղամասի» էֆեկտ է տալու։
Ներքին բակերն ունեն լանդշաֆթային հետաքրքիր լուծումներ, զերծ են մեքենաների անցուդարձից։ Վերջիններս կարող են բակ մուտք գործել միայն արտակարգ դեպքերում։ «Այսինքն, մեքենա մուտք գործելու համար բակերը հարմարեցված են, բայց երթևեկելի չեն, ինչը հնարավորություն է տալիս երեխաների համար ժամանցային հարմարություններ ստեղծել, և փորձը ցույց է տալիս, որ դա բնակիչների կողմից շատ է գնահատվում»,- ասում է մեր զրուցակիցը։
Մայրաքաղաքում ձևավորվող միկրոթաղամասերն իրենց շուրջն են հավաքում մեծաքանակ ենթակառուցվածքային միավորներ: Գործարարը մատնանշում է «Երազի», «Ծարավ աղբյուրի» օրինակը։ Հիմա «Վերածնունդ» թաղամասն է կառուցապատվում։ Եզրահանգում է. «Կարելի է ասել, որ դրանք տվյալ թաղամասի կենտրոնն են ձևավորում, քանի որ կան բոլոր պայմանները»։
Մանկապարտեզ, կրտսեր դպրոց, խանութներ, սրճարաններ, արագ սննդի կետ, քիմմաքրման ծառայություն ․․․ Թաղամասում առկա բոլոր այս հարմարությունները մեծ պահանջարկ ունեն։ Եթե անգամ որոշ միավորներ չկան, նախատեսում են անպայման ունենալ։
Ենթակառուցվածքները ձևավորվում են շուկայի պահանջով: Տիգրան Հարությունյանի ձևակերպմամբ, շուկան ինքնին թելադրում է՝ ինչ գործունեություն կարելի է իրականացնել։ «Միկշինը» ենթակառուցվածքային բիզնեսի կազմակերպմամբ չի զբաղվում, համագործակացում է ընկերությունների հետ, որոնք դիմում են թաղամասում այս կամ այն ծառայությունն իրականացնելու առաջարկով։
Տարվում է ճկուն քաղաքականություն. օրինակ, քանի որ ուզում են թաղամասում մանկապարտեզ լինի, մատչելի գին են սահմանել նման գործունեություն իրականացնելու համար։ Նույնը՝ դպրոցի պարագայում է։ Լինում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնք իրենք չեն ողջունում և հավանություն չեն տալիս իրենց տարածքներում իրականացնելու, ինչպես օրինակ՝ գիշերային ակումբը, որը կարող է խաթարել բնակիչների անդորրը։
Կառուցապատման թաղամասային մոդելն ու չխախտվող ժամանակացույցը
Ինչո՞վ են պայմանավորված «Երազի» բարի համբավն ու հեղինակությունը. հարցին գործարարը դժվարանում է ստույգ պատասխանել, բայց մատնանշում է մի քանի հանգամանք, որոնք մեծ դերակատարում են ունեցել. «Առաջինը՝մենք երբեք շինարարության տևողության հրապարակած ժամկետը չենք խախտել։ Կարծում եմ՝ դա վստահության առաջին գրավականն է, որ ձեռք ենք բերել կառուցապատման առաջին շենքից սկսած։ Երկրորդ կարևորագույն հանգամանքը ընկերության ներդրած մատչելի ֆինանսավորման մեխանզիմներն են։ Երրորդը՝ մենք առաջինն ենք, որ կառուցապատման թաղամասային մոդելը կիրառեցինք, ինչը, կարծում եմ, նույնպես իր դերակատարումն ունեցել է»։
Նոր թաղամասեր, նորակառույց բնակարաններ։ Ինչպե՞ս են գնորդները կատարում ընտրությունը։ Տիգրան Հարությունյանի խոսքով՝ անշարժ գույքի շուկայում գնորդների համար ամենակարևորը բնակարանի լուսավորությունն է (քանի ժամ է արև լինում բնակարանում)։ Հաջորդ ցուցանիշը՝ պատուհաններից երևացող տեսարանն է («Երազը» շահեկան դիրքում է այս առումով): Բացի այդ, կառուցապատողից բնակարան ձեռք բերելու պարագայում գնորդը հնարավորություն է ստանում օգտվելու եկամտահարկի արտոնությունից։ «Հստակ տեսնում ենք՝ 2014-ից շրջանառության մեջ դրված «Եկամտային հարկի մասին» օրենքն ինչ ազդեցություն ունի կառուցապատման և շինարարության ոլորտի վրա։ Դա այսօրվա շուկայի շարժիչ ուժն է»,- ընդգծում է գործարարը։
Կարևոր ցուցանիշ է շենքերի բնակեցվածության տոկոսը։ Թաղամասի սեփականատերը փաստում է՝ բնակարանները զբաղեցված են 95 տոկոսով, այսինքն՝ ընդամեը 5-6 տոկոս բնակարաններն են, որ ձեռք են բերել ու չեն բնակեցվում։ Ընդ որում՝ դրանք վաճառվում են կառուցապատման փուլում, մինչ ավարտը գրեթե ազատ բնակարան չեն ունենում։
Պետակա՞ն, թե՞ մասնավոր
Պետպատվերով կառուցված շենքերի նկատմամբ վստահությունը մեծ չէ։ Մեր զրուցակիցը պարզաբանում է, թե ինչով է դա պայմանավորված. «Մասնավորի պարագայում գնորդներն առաջնորդվում են համբավով՝ քանի տարվա կազմակերպություն է, ինչ փորձ է ունեցել։ Եթե հին կազմակերպություն է, անպայման նայում են բնակարանների երկրորդային արժեքին, այսինքն՝ նախորդ կառուցած շենքերում բնակարաների արժեքը ինչպես է փոխվել՝ բարձրացե՞լ է, իջե՞լ, ինչպիսի՞ տեսք ունի մի քանի տարի առաջ կառուցված շենքը»։
Ինչ վերաբերում է պետական պատվերին, Տիգրան Հարությունյանը կարծում է, որ պետությունն ամենալավ ապրանք վաճառողը չէ. «Մասնավոր ընկերությունները շատ ավելի ճկուն են, արագ են արձագանքում շուկայի պահանջներին, փոփոխություններին և ըստ այդմ՝ ավելի լավ պայմաններ են առաջարկում գնորդներին, քան կարող են դա անել պետական կազմակերպությունները։ Անվստահությունը պայմանավորված է պետական նախորդ ծրագրերի բացասական համբավով, այսինքն՝ կառուցված շենքերը որակապես զիջել են մասնավորին կամ մի քիչ այն չեն ստացվել, ինչպես որ գնորդներն ակնկալել են»։
Բոլոր դեպքերում, գործարարը կարծում է, որ ավելի ճիշտ է կառուցապատումով զբաղվի մասնավոր կազմակերպությունը՝ վերը թվարկված պատճառներից ելնելով։
«Միկշինը» պետական ծրագրին մասնակցելու հետաքրքիր փորձ է ունեցել
«Մատչելի բնակարան պետական ծառայողին» ծրագրի շրջանակում «Միկիշինը» բնակարանով է ապահովել պետական ոլորտի աշխատակիցներին։ Ընկերության հիմնադիր-նախագահը մանրամասնում է. «Այսինքն՝ մեր վաճառքի արտադրանքը շինարարություն չէր, այլ բնակարանը`ավարտուն տեսքով։ Ծրագիրն հաջողությամբ իրականացավ, քանի որ պետական կառույցների հետ կնքեցինք պայմանագիր, ըստ որի՝ բնակարանների մի մասը վաճառում էինք մենք, մյուս մասը՝ գնում էին պետական ծրագրով։ Արդյունքում՝ շենքը կառուցեցինք այնպես, ինչպես կկառուցեինք մեր գնորդներին վաճառելու համար, և պետությունը մեզ հնարավորություն տվեց այդ ճկունությունը դրսևորել շինարարության ընդհանուր մոդելի մեջ»։
Հարկայնությունն՝ ըստ պահանջի
«Երազ» թաղամասը, բացառությամբ երկու շենքի (18 հարկ), իրականացված է 8, 9, 10 հարկայնությամբ։ Շենքերը կառուցված են քառակուսաձև բակի շուրջ՝ անկյուններում վրահարկ- «գմբեթների» տեսքով։ Հարկայնությունն ընտրել են նույն պատճառներով. ականջալուր են եղել գնորդների ցանկությանը, հասկացել, որ բարձրահարկ կառուցապատումը հայաստանյան իրականությունում այնքան էլ չի ողջունվում։ Մարդիկ նախընտրում են համեմատաբար ցածր կամ քարից շարվածքով շենքեր։ Բարձրահարկ պանելային շենքերն անշարժ գույքի շուկայում ամենացածր պահանջարկն ունեն:
Ապաստարան և այլընտրանքային ելք
Թաղամասի ամենամեծ առավելություններից մեկը ստորգետնյա ավտոկայանատեղին է, ինչը ներքին բակերի գոյացման հնարավորություն է տալիս։ «Երազի» շենքներն իրենց մակերեսից մեծ ստորգետնյա ավտոկայանատեղիներ ունեն, որոնց թիվը համապատասխանում է բնակարանների քանակին (ամեն բնակարանին՝ մեկ ավտոմեքենա հաշվարկով)։ Ավտոկայանատեղիները ստորգետնյա հանգույցներով իրար են միանում և արտակարգ իրավիճակների ժամանակ կարող են ծառայել որպես ապաստարան։
18- հարկանի շենքերի շքամուտքերը 13-14-րդ հարկերում միանում են կամրջակով, ինչը ինքնատիպություն է հաղորդում կառույցին, նաև տարհանման նշանակություն ունի։ «Թեև մեր պատշգամբները համապատասխանում են հրակայուն պատշգամբների հակարդեհային անվտանգության նորմերին, բայց կամրջակը հավելյալ առավելություն՝այլընտրանքային ելք է հրդեհի ժամանակ»,- ասում է մեր զրուցակիցը։
Համադրելով ավանդականն ու ժամանակակիցը
«Միկշինի» հիմնական կապալառուն «Էս թի սերվիս» ընկերությունն է, որն արտոնագրեր ունի շինարարության տարբեր ճյուղերի համար՝ քաղաքաշինական, հիդրոէներգետիկական և այլն։ «Մեզ մոտ աշխատում են մեծ մասամբ խորհրդային դպրոցն անցած ավագ սերնդի փորձառու շինարարներ։ Փոխարենը բավականին երիտասարդ է ճարտարապետների և կոնստրուկտորների թիմը» , — ասում է Տիգրան Հարությունյանը, նշում նաև, որ ժամանակը կանգ չի առնում, շինարարական գիտությունը զարգանում է, փորձում են ժամանակակից տեխնոլոգիաները համադրել ավանդական շինարարությանը։ Շենքերը միաձույլ են, սակայն արտաքին պատերին օգտագործում են եռաչափ պանելների տեխնոլոգիան, որը ջերմամեկուսացման բարձր գործակից ունի։ Ավանդական քարի շարվածքից մի փոքր ավելի թանկ է, բայց գնային տարբերությունը փոխհատուցվում է արագությամբ և որակով։
«Մեր նորմատիվային ակտերի հենքը հիմնականում նախկին խորհրդայինն է,- ասում է Տ․ Հարությունյանը,- բայց կան նաև միջազգային չափորոշիչներ, որոնք ընդհանուր են բոլորի համար։ Օրինակ, բնակարանի մակերեսի չափորոշիչների մասին եթե խոսենք, ընդունված է ասել, որ ա՛յս մակերեսի մեջ ա՛յս քանակի սենյակներն են ճիշտ կամ ջերմամեկուսացման ա՛յս նորմերի կիրառումը։ Նվազագույն նորմները բոլորն են պահպանում, բայց այսօրվա իրականությունը մի փոքր առաջ է շարժվել և ենթադրում է ավելին»։
Ձգձգվող գործընթաց
Խնդիրներն առաջանում են հիմնականում նախգծերի հաստատման փուլում. պետական կառույցները, մանավանդ՝ քաղաքապետարանը, սահմանված ժամկետները չեն պահպանում։ Գործարարը մանրամասնում է. «Խնդիր ունեք նաև նախապես հողը ձեռք բերելիս՝ հասկանալու, թե այդ հողի վրա ինչ կառուցապատում կարելի է իրականացնել։ Քաղաքը պետք է ունենա հաստատված գոտիավորում, որպեսզի կառուցապատողներն իմանան՝ տարածքը, որն ուզում են ձեռք բերել, կարո՞ղ են նախատեսել այս կամ այն ծավալի շինարարության համար»։
Ընկերության ղեկավարն ասում է, որ ունեն ավելի հեռու նայող ծրագրեր, մասնավորապես՝ մի ամբողջ քաղաքի կառուցման տեսլական։ «Եվ, ամենևին պարտադիր չէ՝ նոր նախագիծը մեկնարկել «Երազի» ավարտից հետո։ Շատ բան կախված է կառավարությունից. եթե ճիշտ քաղաքականություն տարվի, մենք պատրաստ ենք սկսել»,- ասում է կառուցապատող ընկերության հիմնադիր-նախագահը և փակագծեր բացում՝ լինելու է լեռնադահուկային գոտի՝ իր փոքրիկ համայնքով։
Գործարարների ընտանիքը
«Մեր ընտանիքում հայրս, եղբայրներս՝ բոլորը գործարարությամբ են զբաղվում,- ասում է Տ. Հարությունյանը։- Բժշկի իմ մասնագիտությունը չի խանգարել միանալ նրանց, մանավանդ որ ավարտել եմ «Բժշկական գործի կազմակերպում և կառավարում» բաժինը, ինչը կազմակերպման և կառավարման առումով ձեռնարկատիրության մեջ, թերևս, օգնում է։ Հանդես գալով որպես գործարար և ներդրող՝ երբեք չեմ խուսափել ցանկացած նոր ոլորտ ուսումնասիրելուց։ Ու թեև մեր ընկերությունում հիմնական շինարարական ուղղությունը կազմակերպում են մասնագետները, բայց ոլորտում ինձ համարում եմ բավականին տեղեկացված, մասնագիտական շատ մանրամասնությունների տիրապետում եմ»։
Ասում է, որ երկրի իրավիճակի հետ կապված տրամադրությունները փորձում են փարատել աշխատանքով․ավելի շատ կենտրոնանալ հնարավորությունների վրա, ոչ թե մտավախությունների․ «Ինձ ավելի շատ անհանգստացնում է երիտասարդ սերնդի դեպի դուրս սևեռած հայացքը, քան տնտեսական անկումը կամ ակտիվության նվազումը։ Թեև մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Փորձում ենք մեր օրինակով ցույց տալ, որ դա ճիշտ ուղղություն չէ. եթե սա է մեր երկիրը, այստեղ պետք է ստեղծենք, արարենք, ոչ թե դուրս գանք Հայաստանից՝ ասելով, թե ՌԴ-ում կամ ԱՄՆ-ու ավելի լավ է»։
2016 թվականին «Միկշիննե արժանացել է «Պատվավոր շինարարի» կոչման։ Բայց պարտավորեցնողը ոչ միայն դա է, այլև իրենց արտադրանքը շահագործողների գնահատականը, որը միշտ բարձր է:
Շինհրապարակում
Այստեղ մեզ դիմավորում է աշխույժ եռուզեռը. հողափոր տեխնիկայի, վերամբարձ կռունկների, ինքնաթափ բեռնատարների հռնդյունին միախառնվում են շինարարների փոխկանչն ու կայծկլտացող էլեկտրազոդիչների զրնգոցը:
Մեզ տեսնելով՝ շինարարները մի պահ կտրվում են գործից ու փորձում պարզել՝ ինչ ենք փնտրում իրենց աշխարհում։ Մոտենում ենք նրանցից մեկին: Գարիկը երկու տարի է, ինչ «Միկշինում» է աշխատում։ Ասում է, որ նոր բաներ է սովորում, աշխատաոճն այստեղ տարբերվող է։ Տեխնիկան, շինանյութը, սարքավորումները նոր են։ Այսքան ամուր հիմք չի տեսել ոչ մի տեղ․միլիմետրի ճշտությամբ է արվում ամեն բան։ Գարիկի հայրը նույնպես շինարար է եղել։ Մանկուց սովոր է շինարարական աղմուկին, փոշուն ու եռուզեռին: Ինչպես չսիրել այդ գործը, երբ աչքերիդ առաջ նոր քաղաք է հառնում, նորաստեղծ ընտանիքներ են այնտեղ սկսում իրենց կյանքը։ Հարցին՝ կապրե՞ր այս թաղամասում, պատասխանում է՝ մեծ հաճույքով։
Կապալառու ընկերության շինարության գծով փոխտնօրեն Խաչատուր Ղուկասյանի հետ զրուցում ենք կիրառվող տեխնոլոգիաների, շինանյութերի, երկրաշարժակայունության չափանիշների ու տեխնիկական բազայի մասին։ Խաչատուր Ղուկասյանը մասնագիտությամբ ինժեներ-շինարար է։ Շինոլորտում իր աշխատանքը սկսել է բուհն ավարտելուց հետո։ Ասում է՝ բազային գիտելիքը տարիների հետ լրացվում է փորձով, ի հայտ են գալիս նոր տեխնոլոգիաներ, նոր նյութեր։ Քայլում են ժամանակի հետ։
«Միկշինը», ինչպես հատուկ է շինարարական մեծ կազմակերպություններին, ունի տեխնիկական ու արտադրական հարուստ բազա։ Խիճ, քար, ավազ մատակարարող հանք, բետոնահանգույցներ, ավտոտրանսպորտային պարկ, մեքենամեխանիզմների անհրաժեշտ լրակազմ։ Եռաչափ պատերը, ծածկի սալերը պատրաստի են ձեռք բերում՝ «Միկմետալ» ընկերությունն է տրամադրում: «Երազի» շենքերի արտաքին պատերի նախշազարդ քարերը ընկերության սեփական արտադրանքն են։ Ճարտարապետի գծագրած նախշերը ծրագրավորողները հատուկ սարքով փորագրում են քարերին, վարպետները հավաքում են։
Որոշ նյութեր «Միկշինը» ձեռք է բերում այլ ընկերություններից՝ պեմզաբլոկ, ցեմենտ, գաջ, ներկեր, գիպսոնիտ, խողովակներ և այլն։
«Երազի» շենքերը հայտնի են բարձր որակով։ Խաչատուր Ղուկասյանը պարզաբանում է՝ կառուցապատում են նոր կոնստրուկացիաներով ու տեխնոլոգիաներով։ Շինհրապարակում կարելի է տեսնել՝ ինչպես են մեխանիկական դետալներով՝ կցորդիչներով սյուները շատ արագ իրար միացնում, էլեկտորազոդողը ամբողջ օրը դրանով չի զբաղվում։
Շինհրապարակում ավելի հեշտ է պատկերացնել այն, ինչ լսել էինք Տիգրան Հարությունյանից: Շենքերի արտաքին պատերի եռաչափ տեխնոլոգիաներով կառուցում՝ այսինքն. պենոպլաստ, որը շատ արագ ներսից և դրսից հավաքվում է մետաղական ցանցերով։ Քար չեն շարում, պատերը մոնտաժելուց հետո տորկրետ եղանակով ուժեղացնում են, նոր միայն հարթեցման, երեսպատման կամ վերանորոգման աշխատանքներ անում։ «Պետք է 40 սանտիմետրանոց քար շարես, որ ջերմակայություն ապահովես, մենք 15-20 սանտիմետրով ենք նույն արդյունքն ունենում։ Շենքն էլ բավականին թեթևություն է ստանում: Շուրջ 10 տարի է՝ կիրառում ենք դա մեր կառուցած շենքերում, որը և՛ նոր տեխնոլոգիա է, և՛մակերես, և՛ արագություն»,- ասում է Խաչատուր Ղուկասյանը և հավելում՝ կառուցապատման որակը տարեցտարի կատարելագործում են, նորույթներ կիրառում։ Նախագծողը նորույթն առաջարկում է պատվիրատուին , որը եթե համաձայնում է, շինարարն ըստ այդմ աշխատում է։ Իսկ համաձայնում են, եթե առաջարկը խնայողություն (ժամանակի, նյութի առումով) և որակ է ենթադրում։
Ինժեներ-շինարարը փաստում է՝ «Երազում» իրականացվող որակյալ աշխատանքը պայմանավորված է լավ մասնագետների առկայությամբ ու պատասխանատվության զգացումով։ «Երբ դուք եկաք, ես զրուցում էի մեր աշղեկի հետ, որն առաջին կառուցվող շենքից մինչ այսօր աշխատում է մեր ընկերությունում, փորձված է, անգիր գիտի իր շենքերը։ Աշխատախումբ ունեք, որ մեզ հետ շուրջ տասը տարի աշխատում է։ Նրանք իրենք են իրենց աշխատանքը մշակում, արագություն զարգացնում։ Նոր աշխատախմբերը սովորում են նրանցից։ Ամեն մեկն անում է այն, ինչ հանձնարարվում է իրեն, ու եթե տասը տարի նույն տեխնոլոգիաներով աշխատում է, անորակ աշխատանք չի կարող անել։ Աչքերը փակ՝ իր գործն անում է»։
Մեր քաղաքում կառուցվող շինություններին կողքից նայելով՝ ինժեներ-շինարարը կարողանում է անսխալ որոշել դրանց արագությունը, նյութերի առկայությունը, աշխատանքի ոճը, որակը։ Նրա համոզմամբ՝ «որպեսզի ապահովես որակ ու արագություն, միևնույն ժամանակ՝ եկամուտ ունենաս, առաջին հերթին պետք է ներդրում անես՝ նոր տեխնոլոգիաներ, նոր սարքավորումներ ձեռք բերես, լավ մասնագետներ ունենաս, բանվորներին ապահովես անհրաժեշտ ամեն ինչով՝ գործիքներ, արտահագուստ, ի վերջո, պետք է պայմաններ ստեղծես, որ մարդը հաց ուտելու, լվացվելու տեղ ունենա, ոչ թե գա՝ ժամը լրացնի ու փախչի»։
Հաշվարկը՝ ինը բալի դիմակայունություն
Մեզ հետաքրքրեց՝ ինչպես են նոր սերնդի շենքերը դիմակայում ընդերքի ցնցումներին։ «Սեյսմակայունության հարցում բոլոր շենքերի դեպքում նույն ստանդարտներն են գործում։ Շենքի ամենաթույլ տեղը վերելակն է ու աստիճանավանդակը (խոսքը խորհրդային շենքերի մասին է)։ Սեյսմավտանգությունը Երևանի տարածքում 7-ի փոխարեն այժմ գնահատվում է 9 բալ։ «Միկշինի» նախագծերն ըստ այդմ էլ կառուցվում են։ Ավելին՝ հաշվի են առնում, որ վերելակն ու աստիճանավանդակը նույնպես ունենան ինը բալի դիմակայունություն»,- պարզաբանում է Խաչատուր Ղուկասյանը և հավելում, որ հիմա ձեռք է բերել Կառավարության հաստատած՝ շինարարական ոլորտի վերջին նորմատիվ փաստաթղթերը։ Պետք է թերթեն, ուսումնասիրեն, նորությունները փոխանցեն աշխղեկներին, ինժեներներին։ «Նախագծողը չի կարող հենց այնպես նախագծել՝ առանց նորմերը հաշվի առնելու։ Եթե գրագետ է ու նախագծի տակ դնում է իր ստորագրությունը, ուրեմն պատասխանատու է դրա համար։ Ես պատասխանատու եմ, որ ըստ գծագրի կառուցեմ։ Եթե վրիպակ, բացթողում եմ նկատում, տեղեկացնում եմ այդ մասին։ Նախագծողն ինքը հետևում է, որ ըստ նախագծի աշխատենք։ Տեխնիկական հսկիչն ամբողջ օրը շինհրապարակում է, մինչև դրական եզրակացություն չտա, չենք կարող մի քայլից մյուսն անցնել, կաղապար կապելուց սկսած՝ բոլոր փուլերը վերահսկում է»։
Մեր քաղաքացիները սովորություն ունեն բնակարանի պատերը վերաձևելու։ Հաճախ այդ կամայականությունները վնաս են հասցնում շենքի ամրությանը։ Պարզվում է՝ նորակառույցների պարագայում նման վտանգներ չկան։ Շինարար-ինժեներն ասում է, որ միաձույլ-կարկասային շենքը դիմակայում է ինը բալին։ Եթե միջնապատը հանեն, շենքն ավելի կթեթևանա։ Անգամ դրսի պատին ձեռք տալու դեպքում ոչինչ չի լինի, սակայն կրող պատեր ունեցող շենքերի դեպքում անթույլատրելի են կամայական վերափոխումները։
Քաղաքը կամաց-կամաց կնորանա
«Երազի» հանդիպակաց մայթին շարունակում են իրենց կյանքով ապրել խորհրդային տարիներին կառուցված շենքեր։ «Քաղաքում հին, վթարային շենքերը նորերով փոխարինելու համար պետության աջակցութունն է պետք, մասնավորի ներդրումը։ Դրա ժամանակն էլ հավանաբար կգա։ Եթե հագուստը մաշվում է, նորը պետք է գնել, ինչքան էլ նորը ունենաս, էլի պետք է փոխարինող ձեռք բերել»,- ասում է Խաչատուր Ղուկասյանը և հույս հայտնում, որ քաղաքը կամաց-կամաց կնորանա։ Նրա ձևակերպմամբ՝ եթե քաղաքում շինարարություն է իրականացվում, ուրեմն քաղաքը շնչում է, ապրում, զարգանում, հակառակ դեպքում՝ գնում ենք դեպի ճահիճ։ Բնակարանային շինարարությունն այսօր թափ է առել, պահանջարկ էլ կա՝ ասում է ինժեներ-շինարարը՝փաստելով, որ շինարարությունը երկրի հզորության, անվտանգության, բարեկեցության երաշխիքն է։
Միջավայրը բնակիչներն են ձևավարում
Մեր շրջայցը տեղափոխվում է բնակեցված հատված, ուր «Երազը» ներկայանում է իր ողջ հմայքով։ Արդեն կառուցված շենքեր, խաղահրապարակներ, կանաչ տարածք, նստարաններ, զրուցարաններ և երազային անդորր։ Մի բան ակնհայտ է՝ ժամանցն ու հանգիստը կազմակերպելու համար կարիք չկա հեռու գնալու։
Հանդիպում ենք մանկասալյակով մայրիկների, տատիկների, որոնք հյուր են եկել իրենց զավակներին, թոռնիկներին։ Ըստ ամենայնի, այստեղ շատ են երիտասարդ ընտանիքները։ Բնակիչներից մեկն ասաց, որ հարմարավետ է իրենց թաղամասը՝ բակերը, բնակարանները։ Հատկապես բարձր մակարդակով է իրականացվում կոմունալ սպասարկումը , աղբահանությունը։ Կարևորում է նաև առևտրի կետերի և սպասակման ծառայությունների առկայությունը՝ մոտակայքում գրեթե ամեն բան կա։ Մարիամ անունով ուսանողուհին էլ նկատում է, որ հագուստի խանութների և հասարակական տրանսպորտի կարիք կա. միայն 10 համարի երթուղին է Ադոնցով անցնում, իսկ բնակչությունն ավելացել է։ Մեր օրերում զբաղվածությունն ու վիրտուալ անցուդարձը կարծես մարդկանց հեռացնում են իրարից։ Մարիամը վստահեցնում է, որ թաղամասի բնակիչները եթե անգամ շատ մտերիմ չեն, ճանաչում են միմյանց, բարևում, բակերի զրուցարաններում էլ հաճախ հավաքվում, զրուցում, շփվում։
«Երազ» նորակառույց թաղամասի բնակիչները տարբեր բնակավայրերից են, տարբեր մասնագիտության տեր, գալիս են այստեղ, ապրում ու միջավայրն իրենք են ձևավորում։ «Երազում» բակերը, մուտքերը մաքուր են, բարետես։ Կարող ենք ենթադրել, որ ծխախոտի մնացուկը նետողին եթե մաքուր միջավայրն էլ չդաստիարակի, թաղամասի օրինապահ բնակիչների պահանջն իր գործը կանի։
Երեխաները հեծանիվը թողնում են մուտքի նախասրահում, կան համապատասխան ծառայություններ՝ հսկողություն, անվտանգություն։
Գտնված երազ
Մեր հարցերին առավել պատրաստակամությամբ ու սիրով պատասխանում են թաղամասի երեխաները։ Իննամյա Էդգարը «Երազ» թաղամասում բնակվում է շուրջ երեք տարի։ Շա՜տ է հավանում խաղահրապարակը, ֆուտբոլի և թենիսի դաշտերը։ Կուզեր՝ լինեին նաև սղարաններ, կարուսելներ։ Ավտոմեքենաներ չկան՝ այ դա շա՜տ լավ է՝ ասում է փոքրիկ բնակիչը։ Հարցնում եմ՝ գիտի՞ ինչ է նշանակում իր թաղամասի անունը։ Ասում է ՝ տարբեր իմաստներ ունի, իր համար դա այն երազն է, որում ուզում էր ապրել։ Մինչ Էդգարի հետ պարզում ենք՝ ինչ է երազը, մեր շուրջը խմբվում են բակի մյուս երեխաները։
Տարիներ հետո նրանք հիշելու են՝ որտեղ է անցել իրենց մանկությունը, ինչ գույնի էին սենյակի պատերը, ինչ խաղեր են խաղացել իրենց բակում և որքան էր երազի նման իրենց մանկության թաղամասը…
«Մեր բակում նախկինում ֆուտբոլի դաշտ չկար, այս ծառերը չկային, ամեն օր մի բան են ավելացնում: Այնտեղ ատամանբուժարան են կառուցում»,- աշխույժ վրա է բերում տասնամյա Մերին, ով չորս տարի է, ինչ ապրում է «Երազում» ու հասցրել է նկատել՝ ինչպես է բարեկարգվում, կառուցվում իրենց բակը։ Ասում է՝ իրենք հետևում են, որ ոչ մի բան չվնասվի, աղբ չփաթվի, հարևան թաղամասից մի երեխա էր գալիս, խոտերն այրում էր, զգուշացրինք, արգելեցինք։ Խաղում են «Դրոշ փախցնողի», «Ագռավ», պահմտոցի, տղաները՝ ֆուտբոլ։ Հարցնում եմ՝ ի՞նչ խաղ է «Դրոշ փախցնողին»։ Պարզվում է՝ թեման հակամարտությունն է։ Թիմերի են բաժանվում, փորձում փախցնել հակառակորդ թիմի դրոշը։ Եթե թիմակիցը գերի է ընկնում, չի շարժվում այնքան, մինչև ընկերներն ազատում են…
Խաղահրապարակը փոքրերի համար է՝ ասում է Մարի անունով աղջիկը, չորսամյա եղբայրն է խաղում, ինքը հեծանիվ է քշում: Իրեն կհետաքրքրեր, եթե օրինակ, մոտակայքում գեղեցիկ թևնոցներ պատրաստելու դասընթացներ անցկացվեին։ Սիրում է իրենց բնակարանն ու իր վարդագույն պատերով սենյակը։ Երբ մեծանա, իր շատ մեծ տունն է կառուցելու՝ այսպիսի մեծ բակով ու այգիով:
Ուղղախոս, համարձակ, լուսավոր, պահանջկոտ ու բարի։ Այսպիսին է մանուկների աշխարհը։ Տարիներ հետո նրանք հիշելու են՝որտեղ է անցել իրենց մանկությունը, ինչ գույնի էին սենյակի պատերը, ինչ խաղեր են խաղացել իրենց բակում և որքան էր երազի նման իրենց մանկության թաղամասը։
Ուրիշ իրականություն
«Երազ» բնակելի թաղամասով անցնելիս՝ զուգահեռ իրականության ես հանդիպում․ մի մայթին համեմատաբար հին Երևանն է, մյուսին՝ նոր կառուցվողը։ Ոչ միայն։ 2020-ի արհավիրքից հետո մենք դժվարանում ենք առաջ քայլել։ Կառուցողական մտքերն ու ծրագրերը բախվում են անորոշ, քաոսային ներկային։ Սակայն կառուցապատվող թաղամասը, մարդկանց աշխույժ ելումուտը, շինհրապարակի աղմուկն ասես ուրիշ իրականություն են տեղափոխում։ Ժամանակի ձևերից այստեղ գերիշխում է ապագան՝ վաղվա օրը։
Արմինե Սարգսյան
No Comments