«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին` հռչակավոր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով:
Ի ծնե կույր ճապոնացի դաշնակահարի առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ժամը 19:30-ին:
Կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները:
«The Observer»-ի կողմից «վիրտուոզության մարմնավորում» տիտղոսին արժանացած ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջին՝ Նոբուն, ով ի ծնե կույր է, 2009թ-ին ստացավ Վան Քլայբըրնի միջազգային մրցույթի ոսկե մեդալը, ինչին հետևեց դաշնակահարի հեղինակության տարածումը ողջ աշխարհում` այն յուրահատուկ ուժի և հուզմունքայնություն համար, որ առկա է նրա կատարումներում։
«Նրա կատարումը բժշկելու ուժ ունի, իսկապես աստվածային է»:
Վեն Քլայբըրն
«Նա ոչ միայն մեծագույն երաժիշտ ու աստղ է, այլ նաև վառ ապացույցը նրա, որ մարդկային հնարավորություննենը գրեթե սահմաններ չունեն»:
Վալերի Գերգիև
Նոբուն հանդես է եկել այնպիսի առաջատար նվագախմբերի հետ, ինչպիսիք են Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Ֆիլհարմոնիա նվագախումբը, Բի֊Բի֊Սի֊ի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ճապոնիայի սիմֆոնիկ նվագախումբը, Յոմիուրի Նիպպոն Սիմֆոնիկ նվագախումբը, Տոկիոյի սիմֆոնիկ և Ճապոնիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Սիեթլի և Բալթիմորի սիմֆոնիկ նվագախմբերը, Մյունխենի ֆիլհարմոնիկը, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախումբը և Բազելի սիմֆոնիկ նվագախումբը։ Նա համագործակցել է նաև մի շարք աշխարհահռչակ դիրիժորների հետ, որոնց թվում են Վալերի Գերգիևը, Վլադիմիր Աշքենազին, Վլադիմիր Սպիվակովը, Խուանխո Մենան, Վասիլի Պետրենկոն, այլք։
Մենահամերգներով Նոբուն ելույթ է ունեցել Հյուսիսային Ամերիկայի մի շարք խոշոր քաղաքներում՝ այդ թվում Նյու Յորքի Քարնեգի համերգասրահի Շտերն սրահում։ Բացի այդ, նա կանոնավոր կերպով հանդես է գալիս Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում, որոնց թվին են պատկանում Փարիզի Շանզ Էլիզե համերգասրահը, Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահը, Բեռլինի Ֆիլհարմոնիան և Վիեննայի Մուզիքֆերայնը։
No Comments