Որ ընթերցողը չմնա ձեռնունայն
Ստեփանավանի կենտրոնական գրադարան առաջին այցելությունս 2012-ին էր: Քիչ թե շատ ծանոթ էի գրադարանի խնդիրներին, ձեռքբերումներին: Այս տարիներին շատ բան փոխվել է: Ամենակարևորը՝ այստեղ էլ չեք տեսնի կապկած գրքերի տրցակներ: Գրադարանի տնօրեն ԷՄԻԼՅԱ ՔԵՂԻՆՅԱՆԸ ուրախությամբ փաստում է՝ ամեն գիրք ունի իր տեղը: Մասնակցել են մշակույթի նախարարության հայտարարած գրադարանների հավատարմագրման մրցույթին, արդյունքում՝ ստացել են հանրային գրադարանի կարգավիճակ, նոր կահույք, հարմարավետ գրադարակներ:

Գրադարանի շենքը հարմարավետ է, ինքնատիպ: Քաղաքի հյուրերին հետաքրքրում է՝ ի՞նչ շենք է սա: Իտալացիներն են կառուցել երկրաշարժի տարիներին: Մութ, ցուրտ, երկարաշարժ, դեգերումներ տեսած գրադարանը, ի վերջո, գտել է իր տեղը այս գողտրիկ անկյունում: Սա այն եզակի գրադարաններից է, որը երկրաշարժից հետո մի թերթ անգամ չի կորցրել: Ներկայումս գր․ֆոնդը կազմում է 94216 կտոր գրականություն:

«Այս տարիներին գրադարանի ձեռքբերումներն այնքան շատ են, որ դժվարանում եմ բոլորը թվարկել: Ասեմ՝ կարևորները: Հանրապետությունում առաջ է քաշվում գրադարանները տեղեկատվական կենտրոնների վերածելու գաղափարը: Մեր գրադարանն այսօր այդպիսին է: Վերջերս «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներն էին այցելել գրադարան, ասացին՝ սա գրադարան չէ, համայնքային տեղեկատվական կենտրոն է»,- պատմում է Էմիլյա Քեղինյանը:
Գրադարանում գործում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, ինչի հիման վրա անցկացվում են նաև ծրագրավորման դասընթացներ՝ մինչև 55 տարեկան մարդկանց համար: Գրադարանում հիմնադրվել է անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա: Գրական մշակութային ծրագրերի պակաս նույնպես չունեն, ընդհուպ՝ այստեղ բոլորովին վերջերս հիմնվել ու գործում է թատերական ստուդիա:

Ինչ վերաբերում է գրքային ֆոնդերին, ընդհանուր առմամբ, գրադարանն ունի լավ գրականություն: Բայց այն տարիներին, հիմա՝ ևս խնդիր է մասնագիտական գրականության պակասը: Տնօրենը նեղսրտում է՝ հայաստանյան բուհերում հեռակա սովորող ուսանողներին չեն կարողանում ապահովել անհրաժեշտ մասնագիտական գրականությամբ: Մեծ է նաև դպրոցական ծրագրով հանձնարարվող գրքերի պահանջարկը: Գրադարանի աշխատակիցները դիմում են բոլոր հնարավոր միջոցներին՝ ընթերցողին ձեռնունայն չթողնելու համար: Օրինակ՝ դպրոցական ծրագրում ներառված փոքրածավալ երկերը (Դեմիրճյանի, Աղայանի պատմվածքները, Թումանյանի ստեղծագործությունները) պատճենում են ու տրամադրում ընթերցողին: Հարկ եղած դեպքում որոշ գործեր գրադարանի աշխատակիցները համացանցից են վերբեռնում և թվայնացված տարբերակով տրամադրում:

Անդրադարձանք նաև թվայնացման խնդրին: Տնօրենն ասաց, որ համապատասխան հաստիք, տեխնիկա չունեն: Բացի այդ, ավելի արդյունավետ են ուզում օգտագործել իրենց հնարավորություները: Իրենց գրադարանում առկա գրքերը կան նաև Ազգային ու Իսահակյանի անվան գրադարաններում: Երբ վերջիններս ավարտեն թվայնացման գործընթացը, կմիանան իրենց բազային:
Գրադարանավարները վարձատրվում են նվազագույն աշխատավարձի չափով: Ընդհանուր առմամբ, Էմիլյա Քեղինյանի խոսքով, վերաբերմունքից գոհ են, երբ ինչ-որ հարցով դիմում են համապատասխան մարմիններին, անձանց, երբեք մերժում չենք ստանում:
Արմինե Սարգսյան






