Գրքի երևանյան չորրորդ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում Եղիշե Չարենցի թոռան՝ Գոհար Չարենցի հետ։ Նրա հետ զրուցեց գրականագետ Հայկ Համբարձումյանը։ Մտերմիկ զրույցը հնարավորություն ընձեռեց «թերթելու» բանաստեղծի հետ կապված ընտանեկան հուշերը։
Ներկայացնում ենք պատառիկներ հանդիպումից։
Առաջին ծանոթությունը Չարենցի հետ
Առաջին ծանոթությունս Չարենցի հետ եղավ 7 տարեկանում։ Պետք է դպրոց հաճախեի՝ Չարենցի անվան դպրոցը․ առաջին դասարան։ Գնացել էինք մայրիկիս հետ։ Դրսում շատ մարդ էր հավաքվել, ծնողները երեխաների հետ միասին սպասում էին ներս մտնելուն։ Դպրոցի պահակը ոչ ոքի թույլ չէր տալիս ներս մտնել, բայց մայրս, քանի որ շտապում էր, շատ արագ ձեռքիցս բռնեց և ուղղակի ներս տարավ։ Պահակը հետևից բղավեց՝ այնպես ես առաջ քշում, կարծես հորդ դպրոցը լինի։
Շատերն էին ճանաչում մորս, ծիծաղեցին և բացատրեցին, որ սա իսկապես իր հոր դպրոցն է։ Եվ ես այդ զգացողությունն ունեցա, որ Չարենցը՝ պապիկս, այնքան մեծ մարդ է, որ իր անունով դպրոց կա, և այս երեխաները բոլորն այնտեղ են հաճախում, և արձանը կա դպրոցի առջև․․․ Զգացողությունը, որ այդ օրն ունեցա, մինչև հիմա հիշում եմ։ Իհարկե, հետո մեծանալով, կարդալով, իսկապես հասկացա՝ ով է Չարենցը։
Մեզ տանում էին ուղղակի հյուրերին ցույց տալու
Ես և քույրս սովորում էինք Չարենցի անվան դպրոցում։ Երբ հյուրեր էին լինում, մեզ ուղղակի տանում էին նրանց մոտ։ Հյուրերը հարցեր էին տալիս, արտասանում էինք ու շատ-շատ սիրում էինք այդ օրերը, որովհետև շատ դասերի այլևս չէինք մասնակցում։
Մեծ պատասխանատվություն
Ես հպարտ էի, որ Չարենցի թոռն եմ, բայց դա նաեւ պատասխանատվություն էր: Նրա ճակատագիրը կարծես մեզ փոխանցվեց․․․
Ամուսնուս հետ ծանոթացել ենք համալսարանում։ Նա Եթովպիայից էր եկել։ Պապիկս մի օր ասաց՝ քարտեզը բերեք, տեսնեմ Եթովպիան որտեղ է։ Տատիկս էլ թե՝ այնտեղ կարծեմ մարդ են ուտում։ Միայն մայրս ասաց, որ ծանոթ է նրան, ազնիվ, վստահելի երիտասարդ է։ 1979-ին ամուսնացանք, պետք է գնայինք Եթովպիա՝ որպես ուսուցիչներ։ Նա գնաց, ասացին՝ ես կմեկնեմ մեկ ամիս հետո, երբ թղթերը պատրաստ լինեն, բայց մեկնեցի համարյա երկու տարի անց։ Ինձ ասացին, որ ամենավերևից պետք է սկսել, այսինքն՝ ՊԱԿ-ի (Պետական Անվտանգության Կոմիտե) պետից։ Առաջին հարցը, որ պետն ինձ տվեց՝ դու չգիտե՞ս ում թոռն ես։ Պատասխանեցի, որ երկու պապիկ ունեմ։ Ասաց, իհարկե գիտես՝ ում մասին եմ խոսում, մենք ճիշտ չենք գտնում, որ Չարենցի սերունդը մեծանա դրսում։ Ասացի, բայց ես ամուսնացել եմ և գուցե նորից վերադառնամ, ասաց՝ մեկ է, հարմար չենք գտնում, այստեղ մնա, նորից կամուսնանաս․․․ դա այն դեպքում, երբ արդեն ծնվել էր մեր առաջնեկը։ Բավականին շատ դռներ թակեցինք, մինչև որ դրսից ճնշում եղավ, ու նրանք ստիպված երկու տարի հետո ինձ թողեցին։ Երեք տարի ապրեցինք Եթովպիայում, հետո մեկնեցինք Հոլանդիա, 24 տարի Եվրոպայում ապրելուց հետո վերադարձանք հայրենիք, ու արդեն 10 տարի է, որ ես տանն եմ։
Որովհետեւ դրանք երկար ճանապարհ են անցել
Շատերն ասում են, որ Չարենցը Արփենիկին ավելի շատ է սիրել։ Բայց ես համաձայն չեմ, դրանք տարբեր սերեր էին։ Նա Իզաբելլային որպես երիտասարդ աղջկա էր վերաբերվում․ Արփենիկն իր համար հասուն կին էր։
Իզաբելլան հայերեն լավ չգիտեր և ռուսերեն բառեր էր օգտագործում։ Չարենցը բարկանում էր, ասում էր՝ հայերեն խոսիր։ Իզաբելլան ասում էր, թե հայերեն բառերը շատ երկար են, Չարենցը՝ որովհետև դրանք երկար ճանապարհ են անցել։
Ես իմ անուշ Հայաստանի
Մայրս և մորաքույրս (Անահիտ և Արփենիկ Չարենցները), մինչև 1955 թվականը՝ Չարենցի արդարացումը, չգիտեին ով է իրենց հայրը կամ ինչ է գրել: Նրա անունն անգամ արգելված էր։ Բայց մայրս հիշում է, որ դպրոցական հասակում ուսուցչուհին նրան իր տուն էր տանում և սովորեցնում «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։ Երբ հարցնում էին՝ ինչո՞ւ ես տանում ձեր տուն, ասում էր՝ որ դաս սովորեցնեմ, ասում էին՝ բայց նա շատ լավ է սովորում ․․․․ Հետո ուսուցչուհին բոլոր նրանց, ում վստահում էր, հավաքում է իր դասասենյակում, ապահովության համար ֆիզկուլտուրայի ուսուցչին կանգնեցնում դռան առջև և խնդրում մորս արտասանել «Ես իմ անուշ Հայաստանին»։ Ասում է՝ այն ժամանակ զարմանում էի, թե ինչո՞ւ, երբ արտասանում էի, բոլորը լաց էին լինում։ Տարիներ հետո հասկանում է․․․ Երբ Չարենցը արդարացվում է, տատիկը տալիս է նրան իր պահած «Գիրք ճանապարհին» (կազմը պոկված էր) ու ասում՝ սա հայրդ է գրել․․․
Սրանք սուրբ քարեր են
Չարենցը որպես ամուսին և հայր՝ նույնպես բացառիկ էր։ Շատ էր ուզում երեխաներ ունենալ։ Արփենիկին ասում էր Բոժիկ՝ փոքրիկ աստվածուհի, իսկ Անահիտին՝ Ադոկ, Ադոնիս աստծո անունով։ Այսինքն, երեխաները նրա համար, ասես, աստվածներ լինեին, ոչ ոք չէր կարող ծուռ նայել նրանց։
Հիշեցի, որ երբ Օպերայի շենքն էր ստեղծվում, Արփիկին տանում էր հետը, քարերը ցույց տալիս և ասում՝ Արփիկ ջան, համբուրիր, տեղը դիր․ սրանք սուրբ քարեր են։ Աստղիկը բնավորությամբ շատ նման էր հորը, հախուռն, կարծես փոթորիկ էր, մայրս՝ Անահիտը, արտաքինով էր նման, նույնիսկ, երբ ծնվել է Անահիտը, Չարենցը բարկացել է, ասել՝ մի մատ լակոտը ինչ է, որ այսքան նման պետք է լինի ինձ։ Ափսոս, որ շատ կարճ վայելեցին․ 2 և 5 տարեկան էին, երբ զրկվեցին և՛ հորից, և՛ մորից։
Չարենցի ներկայությունը
Երբ ես վերադարձա Հոլանդիայից, առաջինը գնացի Չարենցի տուն-թանգարան, որովհետև կարծես թե դա է իմ տունը։
Հենց առաջին օրվանից այնտեղ աշխատեցի։ Իսկապես, ես զգում էի ինձ՝ ինչպես իմ տանը, և հետաքրքիր է, որ ոչ միայն ես, բոլորը՝ աշխատողները, հյուրերը, կարծես զգում են Չարենցի շունչը, ներկայությունը։ Մի անգամ մի տղա մտավ թանգարան, ասաց՝ ոտքս խերով լինի ձեր տանը։
Մենք, մեր տնօրենի հետ միասին, շատ լավ ենք զգում մեզ այնտեղ։ Աշխատում ենք․ էքսկուրսիաներ են լինում, թանգարանային աշխատանք, բայց նաև հետազոտական կենտրոն է դա, որտեղ կան ձեռագրեր, և մենք զբաղվում ենք այդ ձեռագրերով։ Չարենցն ամեն օր հետազոտության կարիք ունի։ Ամեն օր կարող ես նոր բան հայտնաբերել։
****
2022 թվականին լրանում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը։
Արմինե Սարգսյան
No Comments