(Թատերգություն երկու գործողությամբ` ըստ Էդիթ Պիաֆի մասին հուշագրությունների)
Սկիզը՝ այստեղ
(«Էսպերանա» հյուրանոցի սրճարանը: Հայտնվում է ազնիվ թափառաշրջիկների մի խումբ: Հաճախորդները նողկանքով մռայլվում են):
Սրճարանատեր — Ո՞վ ձեզ ներս թողեց, պարոնա՛յք: Ես չեմ ուզում ձեր պատճառով տհաճություններ ունենալ: Գարսո՛ն … (Մատուցողն արագ մոտենում է): Սա ի՞նչ բան է: Մեզ մոտ կդադարեն հաճախորդներ գալ: Նայեք դրանց դեմքերին և ինքներդ կհասկանաք:
Կամիլ — Իսկ ձեզ ի՞նչն է խանգարում բարի սրճարանատեր լինել:
Ժակ — Ինչպե՞ս եք Դուք խոսում արտիստների հետ:
Սրճարանատեր — Պա՜հ, արտիստնե՜ր:
Ժակ — …Մենք արտիստներ ենք, մսյո:
Էդիթ — Մի անհանգստացեք, մենք շուտով կգնանք… Ահա մի թուղթ, որը ձեզ կապահովագրի հնարավոր տհաճություններից… Կարդացեք… արտիստներ… երեք արտիստ… մեկ… երկու… երեք…
Սրճարանատեր — Շնորհակալություն, եթե ես չկարողանայի հաշվել միչև երեքը, իմ հաստատությունը վաղուց արդեն չքված կլիներ… Լավ, լավ, համենայն դեպս, աշխատեք, որքան հնարավոր է, արագ կուլ տալ ձեր ճաշը: Գարսո՛ն, մատուցիր դրանց:
(Ժանինը և Ալբերը հայացքներ են փոխանակում):
Ժակ — Դու ցնդել ես, մե՛մ: Ինչո՞ւ մեզ քարշ տվեցիր այստեղ:
Էդիթ — Ես գիտեմ` ինչ եմ անում:
Ժան — Բայց իսկապես ո՞նց դուրս պրծնենք այս պատմությունից:
Էդիթ — Ճաշից հետո կլինեն լավ տրամադրություն, լավ աշխատանք և լավ երեկո: Չէ՞ որ մենք դեռ ծերուկներ չենք:
Ժանին — Սյդ ի՞նչ ես ասում:
Էդիթ — Ոչինչ:
Ժակ — Ժանի՛ն, գնա տոնավաճառ և ակորդիոնիստին փնտրիր. նա երևի արդեն հավաքել է փողերը:
(Հայտնված մատուցողը սեղանին է դնում ուտելիք և մի շիշ):
Էդիթ — Մսյո՛, այստե՛ղ եկեք: (Սրճարանատերն անվճռական մոտենում է խմբին, նրա հետևից, թողնելով դրամարկղը, մոտենում է նաև տիրուհին): Խմեք մեզ հետ՝ ի նշան հաշտության (Տիրոջը և տիրուհուն բաժակներ է տալիս): Ձեր առողջության կենացը, մսյո՛: (Բոլորը խմում են): Դուք, իհարկե, հասկանում եք, որ մենք մի սև գրոշ էլ չունենք, որպեսզի ձեզ վճարենք հիանալի ճաշի համար:
Սրճարանատեր — Ինչպե՞ս թե:
Էդիթ — Բայց ոչինչ, մսյո՛, մենք արտիստներ ենք, իսկ մեր աշխատանքի համար միշտ էլ առատ վարձատրում են: Ձեր հաշիվը վճարված կլինի այսօր իսկ՝ օրվա երկրորդ կեսին: Մենք հանդես ենք գալու զորանոցում:
Սրճարանատեր — … Ի՞նչ արած… Գնդապետն իմ հին բարեկամն է: Ծայրահեղ դեպքում նա կվճարի…
Տիրուհի — Այսի՞նքն… այդ ի՞նչ ես ասում, հիմա՛ր: Ծայրահեղ դեպքո՜ւմ: Դու մի նայիր, թե ովքեր են քո առաջ: Ախր, ոչ մի զինվոր մի սու էլ չի տա էս թափառաշրջիկներին: Առաջին իսկ համարից հետո սրանց գլուխները կխցկեն հասարակական արտաքնոցը, իսկ հետույքները կօգտագործեն՝ ըստ նշանակության: Դու հապա բարձրացրու սրանց փեշերը, ախր սրանք հիմա էլ առանց վարտիքի են: Պոռնիկնե՛ր:
Ժակ — Մադա՛մ, ես Ձեզ խնդրում եմ…
Տիրուհի — Վստահ եղիր, համերգից սրանց կտանեն շտապ օգնության կամ ոստիկանության կառքով:
Էդիթ — Ձեր կենացը, մսյո՛… Ժա՛կ, հարցրու այս դամային, որտե՞ղ է նա վերջացրել համալսարանը` Սորբոնո՞ւմ, գուցե Փարիզի որովայնախորշի վաճառասեղանի հետևո՞ւմ:
(Հյուրերը ծիծաղում են):
Ժան — Մնաք բարով: Կսպասենք ձեզ զորանոցի համերգին:
Էդիթ — Այդ ժամանակ ես տասնվեց տարեկան չկայի, երբ ինձ երևակայում էի, այո՛, այո՛, մի՛ զարմացեք, շրջիկ թատերախմբի ղեկավար, որի ցուցապաստառներին ոչ այնքան գրագետ, անվստահ ձեռքով գրված կլիներ…
Ժակ — (Գոռում է): Զիզի:
Ժանին — Զոզետտ:
Ժան — (Գոռում է): …և Զուզու:
Կամիլ — Մեկ բաժանմունք՝ այլևայլ բաների:
Էդիթ — Երգում է միսս Էդիթը: Ինչո՞ւ միսս: Պարզապես ինձ թվում էր, որ այդպես ավելի լավ է հնչում:
Փողոցային պարահանդես
Պարահանդես է երբ փողոցում իմ,
Ոչ ոք չի տեսել այդքան խնդություն
ամբոխ այդպիսի,
Պարահանդես է երբ փողոցում իմ,
Փոքրիկ բիստրոներում, մաշված լաստերին,
Սիրահարներն են զույգերով պարում,
Պտտվում` արբած ժպիտ շուրթերին,
Պարահանդես է այսօր երեկո
Իմ հին փողոցում,
Մի քիչ հուզված են բոլորն անխտիր…
Գուցե դա հենց քո ժամադրությու՞նն է`
Սպասված վաղուց,
Պարահանդես է փողոցում իմ հին,
Պարահանդես է փողոցում իմ հին…
Հինգ կիսաքաղց թափառաշրջիկ՝ մի կողմից, և պատահական անգործ ավարաների փոքրաթիվ մի խումբ` մյուս. ահա այն ամենը, ինչ մենք ունեինք այն ժամանակ: Օրվա ընթացքում՝ բուլվար, ֆուրգոն կամ գնացք, գիշերը` խղճուկ սենյակ կամ ամայի մի տեղ, ուր, թաքնվելով ոստիկանությունից, կարելի էր պառկել գունդուկծիկ եղած և երազել համեղ կերակուրների, տաք անկողնու, հեռավոր երկրների, գեղեցիկ քաղաքների մասին, հիացած հանդիսատեսի ճիչերի և պայթող ծիծաղի մասին, որոնք ցրում են լռությունը, ինչպես կրակների ցոլքը` Սենժանի տոնի ժամանակ: Եվ ահա հենց այդ ժամանակ էլ՝ իմ այդ անուրախ օրերին, ես հանդիպեցի կյանքիս առաջին տղամարդուն՝ կապուտաչյա տղային` մանկական ժպիտով: Նրան կանչում էին փոքրիկ Լուի:
(Էդիտին մոտենում է փոքրիկ Լուին, որին կերպավորում է Ժանը):
Լուի — Ողջո՛ւյն, պստլի՛կ:
Էդիթ — Ողջո՛ւյն, փոքրի՛կ:
Լուի — Ճանաչեցի՞ր:
Էդիթ — Ճանաչեցի. երբ մենք ելույթ էինք ունենում հորս հետ, այդ դու նետեցիր հինգ սուանոց կոպեկը` մեջտեղում անցքով:
Լուի — Այո, ես էի: Ո՞ւր ես գնում:
Էդիթ — Գնում եմ տուն:
Լուի — Իսկ որտե՞ղ է քո տունը:
Էդիթ — Որտեղ պատահի:
Լուի — Դե, այդ դեպքում գնանք ինձ մոտ: Միասին կապրենք:
Էդիթ — Ինչ-որ շատ հեշտ է քեզ համար ամեն բան:
Լուի — Իսկ ինչո՞ւ բարդացնել: Ես խանութներում եմ ծառայում: Գնումներ եմ առաքում հասցներով:
Էդիթ — Իսկ ի՞նչ եմ անելու ես:
Լուի — Երգելու ես և զբաղվելու ես տնային գործերով: Գնանք:
Էդիթ — Ո՞ւր:
Լուի — Սենյակ կվարձենք Բելվիլում: Իսկ եփել կարելի է և պահածոների տուփերի մեջ:
Էդիթ — (Ծիծաղում է): Ո՜ւխ, ինչ լավ է:
Լուի — Իսկ երեկոները կգնանք կինո. «Ալկազար»-ում չապլինյան ֆիլմեր կդիտենք:
Էդիթ — Չապլինյան ֆիլմեր … ախր ես դրանք ուղղակի պաշտում եմ: Դե ուրեմն գնանք, շուտ գնանք: (Հնչում է չապլինյան երաժշտություն): Անհոգ, ժպտերես փոքրիկն ինձ դուր եկավ առաջին իսկ հայացքից, և ես գնացի նրա ետևից՝ ոչնչի մասին չմտածելով: (Էդիթը և Լուին պարում են): Իսկ շուտով… Ծնվեց իմ փոքրիկ Մարսելը… Մենք տեղավորվեցինք «Լյավենիր» հյուրանոցում՝ Բելվիլ փողոցի վրա. թիվ՝ 105:
Լուի — Ճաք տված պատերով սենյակում:
Էդիթ — Պատուհանի լայնքով, որը նայում էր դեպի բակ, պարանի վրա կախված էին տակաշորեր և մեր հագուստները:
Լուի — Իսկ մահճակալի տակ թափված էին ճամպրուկներ, հնոտիք և կեղտոտ սպիտակեղեն: Մենք մեկ սու անգամ չունեինք:
(Էդիթը և Լուին օրորում են երեխային, հետո պարում: Հայտնվում է տանտիրուհին):
Տանտիրուհի — Եթե վաղը դուք չվճարեք ողջ գումարը` մինչև վերջին սուն, որն ինձ պարտք եք երկու ամսվա համար և չհեռանաք այստեղից, իմացեք, որ դա ազատության մեջ ձեր անցկացրած վերջին օրն է լինելու:
(Գնում է):
Էդիթ — Բայց մենք փող չունեինք: Լուիի վաստակածը բավականացնում էր միայն, որ քաղցից չմեռնեինք: Եվ որպեսզի չվճարենք բնակարանի համար, մենք փախանք` պահակի տնակի կողքով չորեքթաթ անցնելով: (Հնչում է «Պադամ, պադամ» երգը): Բայց այդպես երկար չէր կարող շարունակվել: Եվ ահա մի օր իմ աղջիկը հիվանդացավ: Ես վազեցի փողոց, որպեսզի մի քիչ փող հայթայթեմ: Ողջ օրը թափառեցի թաղից թաղ` երգելով իմ քառյակները` ընկերուհուս ակորդեոնի նվագակցությամբ: Հանկարծ հայտնվեց Լուին:
Լուի — Էդիթ, Մարսելը հիվանդանոցում է… նա մեռնում է…
Էդիթ — Դու գժվե՞լ ես:
Լուի — Եթե ուզում ես հասցնել նրան տեսնել… վազենք:
Էդիթ — Մենք սլացանք հիվանդանոց, բայց մեզ ներս չթողեցին: Մենինգիտ,- կարճ ասաց բժիշկը: Ութ օր ես գնում էի այնտեղ` հրաշք հուսալով: Իններորդ օրվա նախօրեին` ուշ գիշերին, ինչ-որ նախազգացումից մղված, ոտքով գնացի հիվանդանոց: Իսկ իմ փոքրիկ Մարսելն արդեն մեռած էր:
Լուի — Ամեն ինչ վերջացած է, Էդիթ:
Էդիթ — Այո, ամեն ինչ վերջացած է:
Լուի — Գնանք տուն:
Էդիթ — Ոչ, Լուի: Գնա մենակ: Գիտե՞ս, ինձ թվում է, որ միայն նա էր մեզ կապում: Մնաս բարով, Լուի, մի՛ բարկացիր: Ես չէի կարողանում ո՛չ խոսել, ո՛չ լաց լինել, լրիվ ոչնչացած էի: Քայլում էի քաղաքով, որն ինձ օտար էր թվում, պաղ, անծանոթ: Քայլում էի` ինքս էլ չիմանալով, թե ուր: (Գիշերային Փարիզով թափառում է մռայլ Էդիթը): Մինչ այդ երեկո ես կարծում էի, թե Ֆրանսիայում իսկական տղամարդիկ դեռ չեն անհետացել:
Սերդան — Խոսեց վանական մուկը: Որքա՞ն արժե քո սերը, մե՛մ:
Անծանոթ քաղաք
Անծանոթ քաղաքում
Ոչինչ հաճելի չէ ինձ,
Ես քայլում եմ փողոցներով,
Որոնք շատ հեռուն են տանում ինձ.
Անվերջանալի փողոցներով,
Գետափերով, արվարձաններով
և բուլվարներով դատարկ…
Եվ լսում եմ դղրդյունը`
Կամրջով անցնող գնացքի,
Որն ինչ-որ տեղ է սլանում…
Անծանոթ քաղաքում
առավոտյան և երեկոյան,
Ինչպես անտուն մի շուն,
Ես գնում եմ, գալիս.
Անցորդներին եմ հանդիպում՝
Բոլորն ինչ-որ տեղ շտապող,
Եվ որոնք ժամանակ չունեն ձեզ ժպտալու անգամ…
Անծանոթ քաղաքում,
Երբ իջնում է գիշերը,
Ես վախենում եմ դատարկ պատերից,
Լրիվ մերկ ու գորշ պատերից…
Էդիթ — Տասը ֆրանկ:
Սերդան — Դե ինչ, գնանք:
(Մի որոշ ժամանակ քայլում են, ապա Էդիթը կանգ է առնում նստարանի մոտ, անսպասելի ճանկում տուփը և դուրս թափում փողերը):
Էդիթ — Ի՞նչ է մտքովդ անցնում. փողոցայի՞ն եմ, կպառկեմ տասը ֆրանկո՞վ: Ես դրանք երեսիդ կշպրտեի, բայց ախր ինձ պակասում է հենց այդ տասը ֆրանկը, հասկանու՞մ ես, տասը ֆրանկ, որպեսզի թաղեմ իմ աղջկան` Մարսելին:
(Բարձր լալիս է):
Սերդան — Վե՛րջ տուր, լա՛վ… (Փնտրում է գրպաններում): Վերցրու այս փողը… Ահա` էլի… էլի… Այո՛, կյանքը հանաք բան չէ:
Էդիթ — Է՜…
Սերդան — Բարկանո՞ւմ ես:
Էդիթ — Իսկ դո՞ւ:
Սերդան — Երբեմն պետք է բարի լինել, ճստիկ: Ահա և վերջ: Քեզ ոչինչ այլևս չի պահում ինձ մոտ:
Էդիթ — Շնորհակալ եմ, մսյո, շնորհակալ եմ:
Ես վախենում եմ պաղ մահիճով հյուրանոցից,
Եվ դաժան առավոտից,
որն ինձ կարթնացնի,
Որովհետև ուզում եմ քնել.
Քնել ողջ օրը…
Ես տասնութ տարեկան էի: Չգիտեի՝ ուր գնալ: Ասենք, ինձ համար միևնույն էր: Եվ հայտնվեցի Պիգալ հրապարակի «Վիխր» պարասրահում՝ բարերի, կավատների և ծախու կանանց մեջ: (Հնչում է «Սիրեկաններ մեկ օրով» երգը): Իմ պարտականությունների մեջ էին մտնում հատակ լվանալը, բաժակներ սրբելը և երգելը:
Հաղորդավար — Իսկ հիմա` փոքրիկ Էդիթ Գասսիոնը:
Ակորդեոնիստ
Անառակ աղջիկը կանգնած է մենակ
Ինչ-որ տեղ` քառուղում ճանապարհների,
Եթե աղջիկը մռայլ տեսք ունի,
Նա ոչ ոքի պետք չէ,
Եվ տղան նրա մոտ չի վերադառնա,
Եվ ջարդված են երազները բոլոր,
Ու ողջ կյանքն է ջարդված…
………………………..
Նա լսում է «Յավա» պարը,
Նա լսում է «Յավա» պարը:
……………………………..
Եվ ճչալ է ուզում մեղեդու տակ,
Ու պտտվել, պտտվել,
պտտվել, պտտվել…
Լռեցրեք այդ մեղեդին…
Էդիթ — Ես մի թեք հարթությամբ գլորվում էի ինչ-որ տեղ: Աստված գիտի, թե ուր… Եվ պարզ չէ, թե ինչ կպատահեր ինձ հետ, եթե չլիներ պատահականությունը, որը մեկընդմիշտ փոխեց իմ կյանքը: (Հնչում է «Պադամ, պադամ» երգը): Այդ օրը` մռայլ հոկտեմբերյան կեսօր, 1935 թվական, ես աշխատում էի Տրուայոն փողոցի և Մագ-Մագոնա պողոտայի անկյունում: Ինձ նվագակցում էր ընկերուհիս: Գունատ, չսանրված, պատռված թևքերով սվիտերը հագիս՝ ես երգում էի Ժան Լենուարի քառյակները:
Նա ծնվեց ճնճղուկի նման,
Նա ապրեց՝ ճնճղուկ ինչպես,
Նա կմեռնի՝ որպես մի ճնճղուկ…
No Comments