ՄշակութաԳիծ Երաժշտություն

Վիկտոր Լեգենտով, Էդիթ Պիաֆ-3

27.09.2019

(Թատերգություն երկու գործողությամբ` ըստ Էդիթ Պիաֆի մասին հուշագրությունների)

Սկիզը՝ այստեղ

2-րդ արար

(Հայտնվում են լրագրավաճառները):

Առաջին լրագրավաճառ Սպանություն Գրանդ-Արմե պողոտայում:

Երկրորդ լրագրավաճառ Մարդասպանն անհայտ է:

Երրորդ լրագրավաճառ Կարդացե՛ք, կարդացե՛ք, կարդացե՛ք:

Չորրորդ լրագրավաճառ Մեղավո՞ր է արդյոք մադամ Պիաֆը՝ «Ջերնիս» կաբարեի երգչուհին:

Էդիթ Ինչ-որ ժամանակ ես երազում էի տեսնել իմ անունը թերթերում: Հիմա հնարավորություն ունեի «հիանալու» դրանով: Գրեթե ամեն օր իմ մասին բղավում էին խաչմերուկներում, փողոցներում, շրջվում էին իմ հետևից: Ես դարձա ասեկոսեի թեմա՝ բարեկիրթ փարիզեցիների շուրթերին: Եվ ասես դա քիչ էր՝ իմ մասին հիշեցին Պիգալ հրապարակի իմ հին ընկերները:

(Հայտնվում են երկու հոգի, հետո՝ Ալբերը):

Առաջին Դու ինչ-որ շատ էլ սիրալիր չես:

Ալբեր Մի շտապիր, Դիդու:

Էդիթ Ա,՜ այդ դո՞ւ ես՝ իմ հին ծանոթ հռչակավոր Ալբերը՝ Պիգալ հրապարակից: Ձեզ ի՞նչ է պետք:

Ալբեր Նա մոռացել է, որ հանցավոր աշխարհը ոչ ոքի այդպես հեշտ բաց չի թողնում: Քո հովանավորը մեռել է. առանց նրա՝ դու ոչինչ ես: Հիմա այլ ճանապարհ չունես, բացի նրանից, որը դեպի մեզ է բերում:

Էդիթ Փողո՞ց:

Ալբեր Ի՞նչ կա որ: Հիմա դա շատ հետաքրքիր կլինի: Դու արդեն հանրաճանաչ ես. քեզանով կարելի է լավ աշխատել: Ո՛չ, դա պարտադիր չէ: Առաքինության վրա կարելի է ոտնձգություն չանել:

Երկրորդ Քեզ համար այլ աշխատանք կգտնենք:

Էդիթ Ա՜, այն նո՞ւյնը. լվանալ պարահրապարակները, այո՜, որտեղ տիկնայք են հաճախում` զարդարված թանկարժեք զարդերով: Նրանց մասին տեղեկություննե՞ր հասցնել: Դու դրանք կգրանցես գրքույկումդ և երեկոյան` շաբաթ օրը, հագած քո լավագույն կոստյումը, կգնաս իմ կողմից նշված հաստատություններից մեկը և այնտեղ, գայթակղելով պարերի սիրահարին, ձևանալով օրինավոր մարդ, նրան տուն կուղեկցես:

Ալբեր Հերի՛ք է:

Էդիթ …Եվ Լա Մերսյեի փակուղի մտցնելով՝ կգրկես նրան կրքի պոռթկումներով, կփակես բերանը ձախ ձեռքով, իսկ աջով հարվածներ կտեղաս:

Ալբեր Դու չե՞ս լռելու:

Էդիթ Հետո վրայից կպոկես թանկարժեք զարդերը:

Ալբեր Ուրեմն դու չե՞ս վերադառնա:

Էդիթ Ո՛չ:

Ալբեր Այդ դեպքում ես քեզ կսպանեմ:

Էդիթ Կրակի՛ր, եթե տղամարդ ես:

Ալբեր Ստացի՛ր: (Կրակոց): Թո՛ւհ, սատանա՛:

Էդիթ — Դատարկ բան է: Քերծվածք: Ինձ կանչեցին ոստիկանություն. ինձ հաստատ ինչ-որ բանում կասկածում էին:

Առաջին տեսուչ Դուք իզուր եք լռում: Դա ձեզ միայն կարող է վնասել:

Երկրորդ տեսուչ Սա հարցաքննություն չէ: Սա ընդամենը ցուցմունքների գրանցում է:

Երրորդ տեսուչ Բայց Դուք կարող էիք մասնակից լինել այդ գործում… Այդ գործում… Այդ գործում… Այդ գործում… Միայն ուշ երեկոյան, երբ վերջապես պարզեցին, որ ես իսկապես ոչնչում մեղավոր չեմ, ինձ` կիսակենդան, թողեցին տուն գնալ: Հանդիսատեսի հետաքրքրությունը բավարարելու համար, նաև իմանալով, որ ես հատուկ պայմաններ պահանջել չեմ կարող, շատ կաբարեների տնօրեններ ինձ հաճույքով հրավիրում էին իրենց մոտ: Եվ ես երգում էի: (Հնչում է «Ամբոխ» երգը): Բայց գալիս էին ոչ թե երգչուհուն լսելու, այլ տեսնելու Լեպլեի գործի հետ կապ ունեցող կնոջը:  Եվ ահա մի անգամ՝ ելույթներից մեկի ժամանակ, սուր, խլացուցիչ սուլոց լսվեց:

(Երաժշտությունը դադարում է: Հայտնվում է մի մարդ՝ բարձրահասակ, նիհար, նյարդային, արտահայտիչ դիմագծերով: Դա Ռայմոն Ասսոն է):

Ռայմոն Ինչո՞ւ եք սուլում, պարո՛ն:

Հաճախորդ Այդ ի՞նձ եք ասում:

Ռայմոն Ձե՛զ:

Հաճախորդ Դուք ի՞նչ է, թերթ չե՞ք կարդում:

Ռայմոն Կարդում եմ:

Հաճախորդ Իսկ մի՞թե չգիտեք, որ նա ծանր կասկածանքի տակ է: Նա եղել է ոստիկանությունում քառասունութ ժամ:

Ռայմոն Հետո՞ ինչ:

Տիկին — Ինչպե՞ս թե ինչ. չկա ծուխ` առանց կրակի:

Ռայմոն Եթե Դուք ուզում եք դատել Ձեր հայրենակիցներին, որոնք ազատության մեջ են, ուրեմն դրա համար ինչ-որ հիմքեր ունեք: Ինչպիսի՞ն են դրանք:

Տիկին Դե ոչ, բայց…

Ռայմոն Այսպես… (Դիմելով ուրիշի) Դուք ունե՞ք ինչ-որ հիմքեր: (Հաճախորդը շրջվում է): Ներկաներից որևէ մեկի մոտ ինչ-որ հիմքեր կա՞ն: Ուրեմն այսպես. երկուսից մեկը` կա՛մ երգչուհին, որին դուք լսեցիք, լավն է, կա՛մ` վատը: Եթե նա լավն է, ծափահարեք, եթե ոչ` լռություն պահպանեք: Կաբարեում չեն սուլում: Իսկ արտիստի անձնական կյանքը ոչ ոքի չի վերաբերում: Ներեցեք, մադմուազել, որ ստիպված եղա ընդհատել Ձեր ելույթը: Շարունակեք:

Էդիթ Իսկ ելույթից հետո նա ինձ սպասում էր մուտքի մոտ: (Ռայմոնը մոտենում է Էդիթին և կանգնում քիչ հեռու): Օ՜, մսյո՜, ես այնքան շնորհակալ եմ Ձեզ:

Ռայմոն Դատարկ բան է… Իմ անունը Ռայմոն է, Ռայմոն Ասսո: Ես պոետ եմ: Լեպլեն Ձեզ տվել է իմ հեռախոսահամարը: Ես ասել էի, որ Դուք կարող եք զանգահարել ինձ, բայց Դուք չզանգահարեցիք: Ինչո՞ւ:

Էդիթ — Օ՜, մսյո՜, երբ գտնվում ես այնպիսի վիճակում, ինչպիսին իմն է, այնքան էլ հաճելի չէ…

Ռայմոն Ես այս պահին սպասում էի արդեն մի ողջ տարի՝ այն օրից, երբ առաջին անգամ լսեցի Ձեզ «Ջերնիս» կաբարեում:  Մի գավաթ սուրճ՝ իմ բաղադրատոմսով, և Դուք նորից կհավատաք Ձեր ուժերին:

Էդիթ Օ՜, մսյո՜, եթե միայն այդպես լիներ: Բայց լրագրողների կարծիքով իմ տեղը վաղուց արդեն ճաղերի հետևում է և ոչ թե քաղաքակիրթ փարիզեցիների միջավայրում:

Ռայմոն   Գրողի ծոցը գնան լրագրողները, թող գրողի ծոցը կորչեն քաղաքակիրթ փարիզեցիները: Գրողի ծոցը` կաբարեն: Իսկական երգչուհին իր տաղանդը կարող է արտահայտել միայն մեծ մյուզիք-հոլի բեմում: Եվ մենք կհասնենք դրան, ինչ էլ դա արժենա մեզ համար: Տաքսի՜:

Էդիթ — Օ՜, Սո՛ւրբ Թերեզա: Մի՞թե ես նորից փրկված եմ:

( Էդիտը և Ռայմոնը մտնում են Ռայմոն Ասսոյի սենյակը):

Ռայմոն Ահա իմ տունը:

Անտանիք է և անկրակ իմ տունը,

Եվ առանց քեզ ու առանց ինձ՝ իմ տունը.

Չկա այնտեղ ծառա, և պարոններ չկան,

Եվ գլխիվայր է այնտեղ լրիվ ամեն բան.

Եվ քանդակներ չկան, չկա ո՛չ վախ, ո՛չ պատ,

Չկան զենքեր, վտանգ և գերիներ չկան…

Դու չես գտնի այնտեղ մասունք,

          և ոչ՝ մոմեր վառած…

Ահա ինչու է տունն իմ հրաշալի այդքան.

Եվ համարեք այսու, որ նաև Ձերն է այն…

 Էդիթ Մսյո՜…

Ռայմոն — Եվ խնդրում եմ՝ ինձ մի՛ անվանիր մսյո և դիմիր դու-ով: Ինձ, օրինակ, թվում է, որ մենք արդեն հազար տարվա ծանոթներ ենք: Քեզ դո՞ւր է գալիս այստեղ:

Էդիթ  — Շա՜տ…

Ռայմոն — Դե ուրեմն, նստիր, սպասիր սուրճին և լսիր: (Ռայմոնը վերցնում է սրճեփը և սկսում սուրճ պատրաստել՝ միաժամանակ բանաստեղծություններ արտասանելով):

Վերցրեք որպես հիմք դուք բառը,

Եվ կրակին դրեք դուք բառը այդ.

Իմաստություն վերցրեք դուք մի պտղունց,

Անմեղություն ապա մի մեծ պատառ,

Մի քանի աստղ, պղպեղ մի քիչ,

Թպրտացող սրտի կտոր մի լավ.

Ու եփեցեք վարպետության կրակների վրա

Մեկ և երկու, և շատ ու շատ անգամ:

Հիմա գրեք…

Բայց  նախ` Պոետ ծնվեք

                    ամեն բանից առաջ…

Այս ամբողջ ընթացքում ես հետևում էի քեզ. հենց այն օրից, երբ լսեցի «Ջերնիս» կաբարեում: Դու ինձ ցնցեցիր այն ժամանակ, ու ես նաև հասկացա, թե որքան բան է դեռ քեզ պակասում: Եվ ամենակարևորը` երգացանկ: Քեզ երգեր են պետք, Էդիթ, հասարակ ու անկեղծ, ինչպիսին հենց կյանքն է:  Դրանցից պետք է հացի բույր գա, նաև՝ ծխի հոտ, ինչպիսին Լա Վիլլետ թաղն է, որտեղ երեկոները հարևան բիստրոյից ռադիոյի ձայն է սփռվում: Դու անպայման պետք է սովորես այնպիսիների մոտ, ինչպիսին են Մարի Դյուբան կամ Դամյան:  Ու նաև, և դա ամենակարևորն է, դու պետք է պարտավորություն ստանձնես: Պարտավորություն՝ ինքդ քո առաջ, ինչպես ես: Իմ պարտավորությունները շատ հասարակ են. երբեք չգրել, երբ ոչինչ չունես ասելու, գրել որքան հնարավոր է պարզ: Ու եթե գրել, ապա ասել միայն ճշմարիտ և մարդկային բաներ՝ դրանց մեջ դնելով որքան հնարավոր է ավելի շատ անկեղծություն ու մաքրություն: Եվ ոչնչից մի վախեցիր: Պետք է կոփել կամքը, Էդիթ, լարել մկանները և պայքարել:  Եվ մենք դեռ…, հարգելի՛դ իմ էդիթ Պիաֆ…

(Հայտնվում են երեք տնօրեններ):

Առաջին տնօրեն Դուք ինձ զզվեցրիք, Ասսո՛: Ինձ հանգիստ թողեք:

Երկրորդ տնօրեն Ո՛չ, ո՛չ և ո՛չ. միայն ո՛չ Էդիթ Պիաֆ:

Երրորդ տնօրեն Դուք ի՞նչ է, ուզում եք ինձ կատաղությա՞ն հասցնել:

(Երեքն էլ շրջվում են Ռայմոնից):

Ռայմոն Ես բռունցքներով այգն եմ արթնացրել,

            Տիրակալն եմ գոռ բոլոր լեռների.

Եվ միայնությունն է հեկեկում անզոր՝

Խիստ նախատինքով նայելով ինձ:

Ես, հորիզոնը տակնուվրա արած,

Հեռու անտառում եղյամ կախեցի,

Եվ բաց թողեցի արյունը կապույտ

                                                վիրավոր երկնի…

Դարը երբեմն կարծես բնավ էլ

Անտարբեր չէ հանդեպ պոետի,

Սիրում է անգամ՝ բայց միայն դանդաղ

Խեղդելով նրան ճիրաններում իր…

Մեկ ամսից դու կերգես…

(Տնօրենների և Ասսոյի մնջախաղը):

Էդիթ — Ռայմոն Ասսոն պայքարում էր ինձ համար այնպիսի կրքով, որ մյուզիք-հոլերի տնօրենները չգիտեին, թե ինչպես ազատվեն նրանից:  Եվ ահա, վերջապե՜ս…

Առաջին տնօրեն Դուք ինձ զզվեցրիք, Ասսո՛. ես ստորագրում եմ:

Երկրորդ տնօրեն Ես էլ եմ ստորագրում, բայց միայն՝ որպեսզի այլևս Ձեզ չտեսնեմ իմ աշխատասենյակում: Ահա ձեր պայմանագիրը: Եվ չքվեք գրողի ծոցը՝ Ձեր Էդիթ Պիաֆի հետ միասին:

Էդիթ — Ուռռա՜… Աստված իմ, բայց ի՞նչ եմ ես երգելու:

Ռայմոն Դու թերագնահատում ես քո ընկերներին: Ահա դրանք՝ քո նոր երգերը:

(Ռայմոնը վերցնում է իր գրքերից մեկը): Պատկերացնում եմ, թե դրանք ինչպես կհնչեն քո շուրթերից: Դու դուրս ես գալիս բեմ, և լռած սրահում, առաջին անգամ, ասես թե ինչ-որ հեռու խորքից հնչում է մեղեդին, և ահա… նաև ձայնը. ցածր, կրծքային ձայնը իր թավշյա ելևէջներով հմայում է ձեզ: Նրա տաք ալիքները սահում են, պարուրում, թափանցում հոգու խորքերը: Աչքի համար անտես սոխակի նման դու էլ ես դառնում անտեսանելի: Միայն քո հայացքը, քո գունատ ձեռքերը և մոմագույն ճակատը, որի վրա ուղղված են լույսի շողերը, և ավելի ու ավելի բարձրացող ձայնը:

Դու քեզ գերազանցում ես, դու գերազանցում ես քո երգերը, նրանց մեղեդին ու բառերը: Դու գերազանցում ես մեզ բոլորիս:  Փողոցի ոգին թափանցում է քաղաքի բոլոր անկյունները: Եվ դա արդեն Էդիթ Պիաֆը չի երգում, այլ անձրևն է թափվում, սուլում է քամին, կամ լուսնի լույսն է իր քողը փռում:

Էդիթ Օ՜, Ռայմո՜ն, դու ինչպես ասացի՞ր: Ես ի՞նչ պատասխանեմ քեզ: Դու ինձ ամեն բան ես տվել՝ երգչուհի դառնալու համար, դու ինձ վերափոխել ես: Երեք տարվա համբերատար քնքշություն, որպեսզի ստիպես ինձ հասկանալ, որ կա և այլ աշխարհ: Երեք տարի, որպեսզի ոչնչանա Պիգալ հրապարակի թույնը, երեք տարի այն բանի համար, որպեսզի ինձանից կին և արտիստուհի ստացվի՝ նրա փոխարեն, որի ձայնը գալիս էին լսելու, ինչպես գնում են նայելու տոնավաճառի անհեթեթ կապիկներին: Մնաս բարով, Ռայմո՛ն: Երբե՛ք, լսու՞մ ես, երբե՛ք ես դա չեմ մոռանա: (Էդիտին մոտենում են շրջիկ արտիստներ` ոչ բարձր նվագելով իրենց գործիքների վրա: Լսվում է կոշիկների դոփյուն): Մեզ բաժանեց պատերազմը, բայց դու միշտ ինձ հետ կմնաս, որովհետև  միշտ ինձ հետ են քո երգերը: (Ընկնում է մեկ լայնեզր գլխարկ, հետո` ուրիշը… երրորդը…): Շատերն այն ժամանակ չվերադարձան պատերազմից: Շատերն այդպես էլ չտեսան ազատությունը: Կան երգեր, որոնք կյանքն ինքն է թելադրում ինձ:  Եվ ահա, այդպիսի երգերից մեկի համար թեմա է դարձել իմ պատմությունը, որը կատարվոց 1943-ին, երբ գերմանական օկուպացիոն ղեկավարությունը Փարիզում ինձ առաջարկեց մի քանի համերգ տալ Գերմանիայում, այդ թվում՝ ճամբարներից մեկում, որտեղ ֆրանսիացի գերիներ էին: Իմ առաջին մղումը եղավ անմիջապես հրաժարվելը, երբ հանկարծ… (Հնչում է «Ես գիտեմ՝ ինչպես» երգը): Իմ գլխում ծագեց մի վտանգավոր միտք, և ես համաձայնեցի մեկնել:

Ես գիտեմ՝ ինչպես: Ինչպես կոտրել  երկաթե ցանկապատը

                          ես գիտեմ՝ ինչպես:

Ինչպես փոշիացնել հսկա քարերով

                           հսկա պատը այս.

Ես գիտեմ՝ ինչպես, ես գիտեմ՝ ինչպես,

                  ինչպես դուրս պրծնել այս բանտից՝

Ավելի խորը փորված, քան գերեզմանն է:

Դա Չորրորդ Դ  ճամբարն էր՝ մահվան ճամբարը, որի հետ ճակատագիրն ինձ կապեց այն տարիներին:  Ես երգում էի, իսկ նրանք` գերիները, կանգնած էին իմ առաջ՝ պահակախմբի հսկողությամբ, հյուծված, չսափրված, կտրված տնից, հայրենիքից, ընտանիքից: Նրանք կանգնած էին գլուխները հակած և լսում էին իմ երգերը: Ելույթից հետո թույլտվություն եմ խնդրում` որպես հիշատակ նկարվել գերիների հետ: Կոմենդանտը թույլատրում է, և ես ինձ հետ տանում եմ լուսանկարը:

Փարիզում խնդրում եմ այն մեծացնել, ապա կտրատում եմ 120 առանձին մարդկանց լուսանկարները և գաղտնի կերպով պատվիրում 120 կեղծ փաստաթուղթ: Մնում է միայն դրանք փոխանցել: Եվ ես նորից խնդրում եմ ելույթ ունենալ նույն ճամբարում: Եվ ինքնագրեր բաժանելիս աննկատ բաժանում եմ նաև իմ բերածը: 120 ռազմագերի փախչում են: 120 մարդ ազատության մեջ է: Իսկ մի տարի անց ես գաղտնի նամակ եմ ստանում, որում հայտնում են. «Ամառային օրվա լուսաբացին ռազմագերիների «4-րդ Դ ճամբարը» ենթարկվել է դաժան ռմբակոծության, հիսուն մարդ սպանված է»:

Դա նշանակում էր, որ հիսուն ընտանիք այլևս չեն տեսնի իրենց հարազատներին: «Չե՞ք  կարող դուք  ինչ-որ բան անել նրանց համար, օգնել նրանց»,- հարցնում էին ինձ: Այդ հարցն ինձ ստիպեց մտորել, ես փնտրում էի, փնտրում ինչ-որ ելք: Հանկարծ մի մտքից ոգևորված՝ արագ վերցրի խոսափողն ու զանգահարեցի Սաշա Գիտրիին` հանրահայտ դերասանին և գրողին:

                                      Շարունակելի

Ռուսերեն բնագրից թարգմանեց Նանեն
Լուսանկարի աղբյուրը՝ 24smi.org

No Comments

Leave a Reply