Արմինե Սարգսյան Թատրոն ՄարզաԴիտակ

Կիրառվելու են թատերարվեստի հանդեպ հետաքրքրության բարձրացման նոր մոդելներ

17.12.2021

Թատրոնի գործունեությունն ու դերը հետպատերազմյան շրջանում, ապագայի ծրագրերն ու մշակութային դաշտի կառուցմանը միտված քայլերը։ Այս թեմաների շուրջ է Ardi.am-ի զրույցը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի հետ։

— Տիկին Սահակյան, կա՞ հետաքրքրություն թատերական ներկայացումների նկատմամբ։ Հետպատերազմյան ծանր շրջանում ի՞նչ եք արձանագրել։

— Թատերասեր հանրությունը միշտ էլ թատրոն եկել է, հիմա էլ գալիս է, պարզապես պահանջները փոխվել են, և մեծ հաշվով՝ հանդիսատեսն այլևս այն չէ, ինչպիսին կար մինչ համավարակն ու 44-օրյա պատերազմը․․․ Կենսապայմանների, պարտադրված որոշ իրողությունների համատեքստում՝ թատրոն երևույթի նկատմամբ մոտեցումներն, անշուշտ, փոփոխություններ են կրել: Այս ժամանակը հաղթահարե՛լ է պետք, և թատրոնը նույնպես պետք է կարողանա օգտակար լինել, կայացնել իր թերապևտիկ առաքելությունը՝ մարդկային հոգու մեջ փորձելով բացել կատարսիսի ճանապարհները գոնե․․․ 

— Ի՞նչը փոխվեց պատերազմից հետո։

— Պատերազմից հետո՞․․․ Իսկ պատերազմն ավարտվե՞լ է: Հիմա այն փոխակերպվել է մարդկանց հոգիներում շարունակվող պատերազմի ․․․ երբ Ձմեռ պապին նամակ գրող մի մատ երեխան Շուշիի իր տնից իր զենքերն ու զինվորական շորերն է ուզում, երբ 21-րդ դարում իրենց եզերքից գաղթած մարդիկ ափի մեջ վերջին հույսն են ուզում տաքացնել, երբ զոհերի ու գերիների հարազատներն ամեն օր մղձավանջի մեջ են, երբ մեր շուրջը բազմաթիվ խեղված ու հաշմված ճակատագրեր կան։

Չարաբաստիկ 2020-ից հետո փոխվել է ամեն ինչ, թեպետ մեզնից շատերը կարծես թե սկսել են հարմարվել իրավիճակին։

Տոնական եռուզեռն էլ հեռու չէ կամ գուցե արդեն սկսվե՞լ է․․․

Բեմական արվեստի առաքելությունն այս ամենը շատ զգույշ, շատ նուրբ պատկերելու և առողջացնելու մեջ է նաև․․․ գուցե անալոգներով, գուցե հակադրաեզրերով, բայց չպատկերել այն, ինչ մեր կյանքն է, պարզապես հնարավոր չէ։

— Ո՞ր ներկայացումներն են պահանջված դարձել։

— Յուրաքանչյուր ներկայացում ունի իր հանդիսատեսը, մենք առաջարկում ենք, հանդիսատեսը որոշում է ինչ ընտրել։ Փորձում ենք հանրության համար ունենալ բազմազան առաջարկներ։

— Նոր ներկայացումներն ի՞նչ թիվ են կազմում։

— Տարեկան կտրվածքով ունենում ենք 4-8 նոր ներկայացում։ 2019-ին նոր ներկայացումները 8-ն էին՝ նախատեսվածից կրկնակի ավելի, այս տարի ունենք չորս նոր ներկայացում։

Մեր թատրոնի համար վաղուց ավանդույթ է տարին սկսել և փակել ամանորյա ներկայացումներով։ Թատրոնի ստեղծագործական կազմը պատրաստվում է այս տարի կրտսեր հանդիսատեսին ներկայացնել «Ալա-բալա-նիցա» տոնածառային ուրախ երաժշտական ներկայացումը։ Պիեսի հեղինակը Սամվել Խալաթյանն է։ Ներկայացման ռեժիսորը ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Մխիթարյանն է, զբաղված են հիմնականում թատրոնի երիտասարդ դերասանները։ Այս ներկայացումը յուրօրինակ հանդիպումների վայր է․ այստեղ թումանյանական աշխարհից մեր ժամանակներ տեղափոխված կերպարներ են, ովքեր ստեղծել են հանրության, այսպես կոչված, մանրակերտը․ նրանք իրենց հետ բեմ են բերել իրենց պարզ ու ազնիվ ժամանակները, որ, թեև բազմաթիվ խնդիրներով են աչքի ընկնում, բայց միևնույն ժամանակ երանելի են։ Ներկայացման մեջ դրվագ առ դրվագ կենդանանում է թումանյանական պարզ ու բարի հեքիաթը, բոլոր կերպարները պատրաստվում են դիմավորել Ամանորը, իսկ առանցքում «Քեֆ անողի քեֆը չի պակասի» հեքիաթի տրամադրություններն են։

Որքան էլ զարմանալի է, ամանորյա այս հեքիաթի Քաջ Նազարը լրիվ ուրիշ Քաջ Նազար է, շատ հմտորեն կարողանում է բոլոր գժտվածներին հաշտեցնելու լուծումներ գտնել։

Ամանորի այս հեքիաթում էլ չարը պատժվում, է, իսկ թե ինչպես, մեր թատերասեր հանդիսատեսը հնարավորություն կունենա բեմում տեսնելու դեկտեմբերի 20-ից։

Ներկայացումը կառուցված է պարային պլաստիկայի, երաժշտական ուրույն անցումների և թատերային այլ էֆեկտների հենքով։ Մասսայական տեսարանները՝ պարային լուծումներով, արտահայտում են հանրության բնավորությունը, էությունը։

Իսկ ընդհանրապես, 2021-ը հագեցած տարի էր թատրոնի համար։  Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման պրեմիերան տեղի ունեցավ մարտի 26-27-ին (ռեժիսոր՝ Սարգիս Մանուկյան)։ Ներկայացումը սկսել էինք դեռևս անցյալ տարի, սակայն համավարակով, ապա և պատերազմով պայմանավորված՝ առաջնախաղը տեղի ունեցավ 2021-ին։

Օգոստոսին «Անուշ» (ըստ Հովհաննես Թումանյանի) ներկայացումով հրավիրվել ենք մասնակցելու «Ֆրեսկո» փառատոնին՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ներկայացումը խաղալով բացօթյա։

Սեպտեմբերին Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» ներկայացումով տրվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը: Դեռևս տարեսկզբին թատրոնի գեղարվեստական խորհրդում պիեսի քննարկման ժամանակ գեղխորհրդի բոլոր անդամները միաձայն հավանություն տվեցին գեղարվեստական այս գործի բեմադրությանը, որովհետև սա գեղարվեստական պայմանականությունների միջոցով առերեսվում է թե՛ Բագրատունյաց ժամանակաշրջանի Հայաստանին, թե՛ ներկային և թե՛ վաղվա օրվան:

Ներկայացումը ֆինանսավորվել է ԿԳՄՍ նախարարության կողմից՝ թատրոնի հոբելյանին ընդառաջ։ Ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն է։ Ի դեպ, այս ներկայացումը և՛ թեմատիկայով, և՛ ասելիքով նվիրված է նաև ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանին, ինչպես նաև խոնարհումի խոսք է արցախյան 44-օրյա պատերազմում ընկածներին ու հաշմվածներին և միաբանվելու կոչ է՝ ուղղված աշխարհի բոլոր հայերին։ 

Այս տարի «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը նույնպես նվիրված էր մեր թատրոնի հոբելյանին, և  մեկնարկը տրվեց սեպտեմբերի 25-ին՝ Ալավերդիում՝ մեր «Անուշ» ներկայացումով։

Նոր թատերաշրջանում բեմ բարձրացավ նաև Նունե Խեչումյանի բեմադրած «Հիշիր վաղվա օրդ» պիեսը (Վինա Դելմար)։ Այս ներկայացումը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի երկարամյա դերասանուհի Ռոզա (Արուսյակ) Մխիթարյանի 90-ամյա հոբելյանին։ Սա բացառիկ երևույթ է, որովհետև 90 տարեկանում հայ թատրոնի պատմության մեջ որևէ դերասանուհի նոր դեր չի ստացել։

Տարվա ընթացքում հյուրախաղերով հանդես ենք եկել Երևանում, Էջմիածնում, Արմավիրում։

— Ծրագրեր նոր տարվա համար․․․

— Կլինեն ստեղծագործական տարբեր ձեռագրեր, ռեժիսորական տարբեր մոտեցումներ ու լուծումներ, որոնք կնպաստեն թե՛ ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցմանը, թե՛ թատերարվեստի հասանելիության և մատչելիության ապահովմանը։ Կկիրառվեն թատերարվեստի հանդեպ հետաքրքրության բարձրացման նոր մոդելներ, ինչպես նաև կկարևորվի կրթական բաղադրիչի առկայությունը։

Հավելենք նաև, որ 2022-ին նախատեսվում է անցկացնել Հովհաննես Աբելյանի անվան 4-րդ միջազգային թատերական փառատոնը, որն այս անգամ նվիրված կլինի Սունդուկյան թատրոնի 100-ամյա հոբելյանին։

Առայժմ այսքանը։

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply