ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում իրականացրել է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը:
Փառատոնն իր շուրջն էր համախմբել վեց տասնյակից ավելի վարպետների՝ ՀՀ մարզերից, Ռուսաստանից և Բելառուսից։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը ողջունելով փառատոնի շուրջ հավաքվածներին՝ ժողովրդական ստեղծագործության վարպետներին, ԱՊՀ երկրներից ժամանած մասնակիցներին, քաղաքի հյուրերին, զբոսաշրջիկներին՝ ընդգծել է այդ հարթակի կարևորությունը, նշելով, որ ավանդական արհեստների փառատոնը համագործակցության, նոր գաղափարների ստեղծման, մշակութային ժառանգության պահպանության և փոխանակման հարթակ է:
ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ փառատոնը լինելու է շարունակական՝ ամեն տարի իրականացնելով Հայաստանի տարբեր համայնքներում, այդ կերպ նպաստելով ոչ միայն համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, այլև խթանելով Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացմանը:
Տեսանյութը՝ Անի Անտոնյանի
No Comments