ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Առաջնորդների տիպաբանությունը՝ ըստ Վահագն Գրիգորյանի

13.09.2022

«Առաջնորդը չպետք է իր ժողովրդի ժառանգությունից վերցնի՝ նրան բռնադատելով, այլ իր կալվածքներից ու իր ժառանգությունից պետք է ավանդ թողնի իր որդիներին, որպեսզի իր ժողովուրդը չցրվի՝ յուրաքանչյուրն իր բնակավայրից»:

Աստվածաշունչ, Եզեկիելի մարգարեությունը, 46-18

Անկախության շրջանը հայ գրականության համար բացեց նոր թեմաների, նոր ասելիքի, նոր որոնումների դաշտ, որի դրսևորումները բազմաբովանդակ եղան տարբեր գրողների ստեղծագործություններում: Այս շրջանի գրողների մեջ իր ստեղծագործական բեղմնավոր հունձքով առանձնանում է Վահագն Գրիգորյանը, որի ուսումնասիրության թեման պտտվում է հայի ու Հայաստանի բախտորոշ խնդիրների շուրջ: Գրիգորյանն իր հայացքից բաց չի թողնում ոչ միայն իր ազգի և հայրենիքի խութաշատ ներկան, այլև պրպտում-զննում է հեռավոր անցյալն ու կանխագուշակում ապագան: Նրա գրականությունը զերծ չէ  պատմականորեն մեզ պարտադրված ողբերգություններից սնվող հոռետեսությունից, ներկայի աններելի սխալների առաջ բերած ցասումից, բայց և սա գրականություն է, որը եթե ոչ իրապատումային, ապա երևակայական շերտերում հուսադրումի անխախտ հավատն է հնչեցնում: «Գրողը հետամուտ է մեր ազգային գիտակցության էությունը հստակ տեսնելու, մեր ազգային հոգեբանության կերպափոխություններն ու ձևափոխումները հասկանալու նպատակին: Ահա, ամենից առաջ այս առումով է, որ Վահագն Գրիգորյանի ստեղծագործությունները գեղարվեստական բարձր արժեք են ներկայացնում»[1],- գրում է Երվանդ Տեր-Խաչատրյանը:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ հայ ժողովուրդը տենդագին կերպով զբաղված է իսկական, ուժեղ առաջնորդի փնտրտուքով: Եվ որքան էլ որ վերջին տարիներին առավել ընթերցված ու պահանջված են Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» և «Պողոս-Պետրոս» վեպերը, այնուամենայնիվ այսօր խիստ արդիական հնչողություն ունի նրա մեկ այլ երկ՝ «Առաջնորդի կյանքն ու մահը» վեպը:

«Առաջնորդի կյանքն ու մահը» երգիծական վեպ է: Գրվել է 2001 թվականին, լույս  տեսել 2006-ին: Ամբողջ վեպը կառուցված է զավեշտի հենքով, սակայն սա չի նշանակում, որ չպետք է լուրջ վերաբերվել այս վեպի ասելիքին, ավելին՝ պետք է վերաբերվել իրատեսական տագնապով: Այս վեպում Վահագն Գրիգորյանը չափազանց ուղղագիծ է կառուցում իր պատումաշարը՝ ի տարբերություն «Ժամանակի գետը», «Պողոս-Պետրոս» վեպերի: Ողջ սյուժեն առաջ են մղում երկու կերպար՝ Վասիլի Իվանիչը և նրա վարորդը՝ Պետյան: Վերջինիս հուշերի շարահար շղթան էլ հենց կառուցում է վեպը՝ համեմված նրա դատողություններով և եզրահանգումներով: Վեպը հյուսվում է երկխոսությունների և հիշողության երկարուձիգ թելի հիմքով: Վասիլի Իվանիչ, Պետյա անուններն ընտրված են ոչ պատահաբար. այս անուններով զույգը հայտնի է ռուս քաղաքական կենսագրության մեջ: Նրանցից մեկը հեղափոխական զորավար է եղել, մյուսը՝ վերջինիս համհարզը: Եվ որքան էլ որ խորհրդային գաղափարախոսությունը նրանց վերագրել է հերոսական դրվագներով պանծացված կենսագրություն, այդուամենայնիվ, ժողովրդական զրույցներում սրանք առավել հայտնի են իբրև զավեշտալի պատմությունների պարզամիտ հերոսներ:   

Վեպի կենտրոնական առանցքը «Ընթացք» կուսակցության առաջնորդ Վասիլի Իվանիչն է՝ իր քաղաքական հայացքների անբռնազբոս ու տարօրինակ շողարձակումներով, որոնք թեև միանգամայն անհարիր են առողջ բանականությանը, սակայն «հիմնավորվում են» պատմողի՝ Պետյայի համարժեքորեն անհեթեթ մեկնաբանություններով: 

Վեպի հերոսներն ասես մրցակցում են միմյանց հետ՝ ջանալով մեմեկու գերազանցել իրենց արտառոց որակներով: Սրանք կամ նախկին խորհրդային պաշտոնյաներն են, կուսակցականներն ու կուսակցապետերը՝ իրենց ժամանակավրեպ գոյությամբ, կամ վերջիններիս տգետ նվիրյալները, ինչպես Պետյան, որ ընդամենը կուսակցապետի վարորդ է՝ պատահականության ու կույր հավատարմության բերումով:

Այս մարդկանց ուղղորդողը պարզ հաշվարկն է՝ անձնական շահը. «…. ինչպես հավերժական բարեկամներ չկան, այնպես էլ հավերժական թշնամիներ: Կան հավերժական շահեր՝ ահա միակ մնայուն բանն այս աշխարհում»[2]: Այս նշանաբանով է ապրում Վասիլի Իվանիչը: Իսկ շահը ամեն վայրկյան գործողությունների նոր բանաձևեր արտածելու հրամայականն է հնչեցնում: Ահա մեկը դրանցից, որը Պետյան, իր հիշողությունների թելին հետամուտ, վերապատմում է «առաջնորդի» մտքի գոհարների ծիրում՝ մեջբերելով Վասիլի Իվանիչի ծրագրային դատողությունները. «Սառը ցնցուղի քաղաքականություն» ծածկանունով քանդելու ծրագիրը փուլ առ փուլ պիտի իրականացվեր: Առաջին փուլը կոչվում էր «տևական ցնցումներ», երկրորդը՝ «քաոս», երրորդը՝ «կործանում», չորրորդն էլ, պարզ է, «փյունիկ» պիտի կոչվեր»[3]:

Հասկանալի է, որ վիպական պատումը չի հասնում մինչև «փյունիկ» կոչված ժամանակաշրջանը, սակայն դրան նախորդող մնացած բոլոր շրջափուլերը ընթերցողը «վայելում է» լիուլի:

Հանուն ժողովրդի նույն այդ ժողովրդին պատուհասելու մոլագարությունը դժվար է ձևակերպել ավելի դիպուկ նկարագրությամբ, քան դա կարողանում է անել Վահագն Գրիգորյանը: Ոչ մի խտրականություն՝ հանուն նպատակի ընտրված միջոցների մեջ. սա վեպի բոլոր հերոսների անշեղ ուղենիշն է: Այդ թեմայով զառանցողների մեջ ամենից շլացնողը Վասիլի Իվանիչի մտքի փայլատակումներն են, զորօրինակ. «…. մեր խոսքն էլ, նպատակն էլ ծայրաստիճան ազնիվ են: Մենք, ի տարբերություն մյուս կուսակցությունների, ժողովրդին խաբում ու օգտագործում ենք հանուն ժողովրդի: Հասկանո՞ւմ ես, որպեսզի ժողովրդի համար լավ լինի, մենք պետք է գանք իշխանության գլուխ, իսկ որպեսզի մենք գանք իշխանության գլուխ, ժողովուրդը իր ձայնը մե՛զ պիտի տա, իսկ որպեսզի մեզ տա, մե՛նք պետք է խաբենք ու օգտագործենք ժողովրդին»[4]:

Ահավասի՛կ հանուն իշխանության, հանուն նախագահական աթոռի ամեն քայլի պատրաստ հերոսի կենսափիլիսոփայությունը:

Եվ այս կենսափիլիսոփայության մարմնեղացման ճանապարհին հարկավոր է պատրաստվել երկար ու հանգամանալից՝ մշակելով ճշգրիտ մարտավարություն: Ահա գործի են դրվում Պետյայի աճպարարությունները: Վարորդը երկակի խաղեր է սկսում իր տիրոջ համար անցանկալի անձանց հետ, որի արդյունքում այդ անցանկալիները վերածվում են թշնամիների, ոչնչացնում միմյանց, և ասպարեզը դատարկվում է՝ լիովին հանձնվելով Վասիլի Իվանիչին:

Հետո գալիս է նոր քայլի ժամանակը, համաժողովրդական հավաքի ծրագիր է հղանում տաղանդավոր կուսակցապետը՝ անհեթեթ կարգախոսով՝ «Աշխատողի և գործազուրկի համերաշխության օր»: Իսկ փողոց դուրս եկողները կամ անտուն, քաղցած թափառաշրջիկներն են լինում, կամ հոգեբուժարանից դուրս պրծած մտագարները. սա է Վասիլի Իվանիչի ընգրազանգվածը, ինչպես նաև մի քանի գրոշով վարձված «համակիրները», որոնք ամենուր և ամեն ժամ նույն դերակատարության մեջ են՝ առավել թույլ կամ հնչեղ ինքնադրսևորումներով:

Բայց ամեն բան այս անմեղ ձեռնարկումների սահմաններում չի պարփակված: Կան ապագայի առավել փայլուն ծրագրեր, որոնց իրականացման ճանապարհին սարսափելի չեն ոչ մի խութ ու խոչընդոտ: Եթե պետք է, կարելի է և օտարին հանձնել հայրենիքը, եթե պատք է, կարելի է ըստ նպատակահարմարության քծնել արևմուտքից կամ Ռուսաստանից ժամանած բարերարներին (ըստ որում՝ տրամաբանորեն լիովին հակադիր համոզումների ու վարքի դրսևորումներով), եթե պետք է, կարելի է լինել հայաստանյան եկեղեցու միասնականության ջատագով, եթե պետք է, նույն համոզչությամբ կարելի է սրբագործության նման բանաձևել նույն այդ եկեղեցու պառակտումը, եթե պետք է, կարելի է աստվածացնել ռուս ազգն ու նրա պետական-քաղաքական գործիչներին, եթե պետք է, քամահրանքով այպանել նրանց անձն ու գործը՝ գերապատվությունը տալով հայազգի Հայկ Բժշկյանին, եթե պետք է, կարելի է կործանել երկիրը, քանդել հոյակերտ շինությունները… Բայց ո՛չ. հանկարծ մեծ մտածողը հետ է կանգնում այս վերջին գաղափարից: Ինչո՞ւ: Երկաթե տրամաբանությունը կառուցում է դրա հիմնավորումը. շենքերը չի կարելի քանդել, որովհետև երկար ժամանակ է պահանջվել դրանք կառուցելու համար, իսկ մա՞րդը, ի՞նչ մի մեծ արժեք է նա, չէ՞ որ մարդ արարելու համար մի քանի րոպեն էլ բավական է: Եվ ուրեմն, շենք-շինությունների մեծարժեքության հանճարեղ դատողություններին ի հակակշիռ՝ ծնվում է մեկ այլ հանճարեղ միտք՝ եթե պետք է, կարելի է ռմբահարել ժողովրդին, իհարկե՝ ի բարօրություն նույն այդ ժողովրդի: Այս վեպի հերոսները միայն իրենց կենցաղով են տեղորոշված 21-րդ դարի մատույցներում, իսկ մնացյալ հարցերում գրեթե նախամարդու բնազդների, ստրկատիրական հասարակարգին հատուկ բարքերի պարզ վերարտադրողներ են, քաղաքական պայքարի մարտավարության մեջ՝ առավել ևս: «Ես հավատ չեմ ընծայում այս թավշյա հորջորջված հեղափոխություններին, որոնք, կներես, մի քիչ նման են ձեռնաշարժության, իսկ թե մի բան էլ ծնում են՝ այսպիսի հաշմանդամների, ինչպիսին մեր թշվառ երկիրն է: Իզուր են մեզ աջից ու ձախից հավատացնում, թե արյունահեղ հեղափոխությունների դարն անցել է: Եթե անգամ անցել է, մենք ետ կբերենք այն»[5],- բարբաջում է նախագահացուն:   

Թավշյա հեղափոխություններին ձեռնոց նետելու հիմնավորումը ևս ունի այս մարդը, նրա մտասևեռումները կասկածի տեղ չեն թողնում. «…. սրանց բռնած ճանապարհը ժողովրդին վերջնականապես կբարոյազրկի, կդարձնի ձրիակեր՝ տեղում հանգիստ նստած մի օր այս պիտի ստանա, մի օր այն և, Աստված մի արասցե, մի օր իսկապես լավ ապրի: Ո՞ւմ է պետք, ասա ինձ, ամեն ինչ ունեցող, լավ ապրող ժողովուրդը: Կամ մենք պետք կգա՞նք հաստաքամակ ժողովրդին, ինչքան էլ իր նվիրական իղձերի միակ արտահայտիչը լինենք»[6]:

Թե որն է այս արկածախնդրի և նրա նմանների պատկերացմամբ ժողովրդի նվիրական իղձը, հեղինակն այդպես էլ չի պարզաբանում: Փոխարենը ողջ վիպական պատումը կառուցում է գլխավոր հերոսի նվիրական իղձը երևան հանելու և դրա իրագործմանն ուղղված սևեռուն ընթացքը լուսաբանելու վրա: Իսկ ընթացքն այդ, ինչպես և համանուն կուսակցության ժամանակագրությունը աճպարարությունների անվերջանալի շղթա է, որում կարևորագույն գործոնը փողն է: Փողը Վասիլի Իվանիչի համար իր ազգափրկիչ վեհ առաքելության՝ նախագահական ընտրարշավում հաղթելու մտասևեռումի շարժիչ ուժն է. «…. նախագահները, գիտես, սովորական մահկանացուներից տարբերվում են նրանով, որ երբեք չեն իրականացնում իրենց խոստումները, առնվազն ընտրարշավի ժամանակ տված: Այո, փողի տեսակետից, մեր ընտրարշավը, կարելի է ասել, սկսել ենք: Հաղթական ընտրարշավը, Պետյա, որովհետև ծուռ նստենք, շիտակ խոսենք՝ հաղթելու համար փողից բացի մեզ ի՞նչ է պակասում: Ոչինչ»:[7]

Վահագն Գրիգորյանը, թերևս, կարեկցում է մեզ՝ վեպի ընթերցողներիս, որովհետև իր հերոսին չի հասցնում մինչև նախագահական գահը: Բազում ծամածռություններից ու դարակազմիկ գործարքներից հետո այս ազգափրկիչը որոշում է հագուրդ տալ իր առնական բնազդներին՝ ոչ առանց Պետյայի գործուն մասնակցության: Եվ ի՞նչ վախճան է հորինում իր հերոսի համար վիպասանը. նա պարզապես անառակության մահճում սպանում է այս խեղկատակին՝ թույլ չտալով նրան անգամ որպես արու կայանալ իր զուգակցի աչքում: Առաջնորդի մահվան այս կերպը պատահականորեն չի ընտրված: Նրա տղամարդկային անկարողության փաստը և մահվան խայտառակ հանգամանքները այլաբանորեն հանգուցալուծում են քաղաքական առաջնորդի վախճանը: Սա ակնհայտ հուշում է, թե այսպիսի առաջնորդ ունենալու պարագայում որևէ ժողովուրդ չի կարող այլ հեռանկարի հույս ունենալ, քան Վասիլի Իվանիչի նման իր խայտառակությունն ու անկարողությունը վավերացնող մահը: Բայց և դժվար է ասել, թե հեղինակը լավատես է, քանզի ինչպես քաջնազարների, շվարցյան վիշապների դեպքում, Վահագն Գրիգորյանի վեպում էլ «սուրբ տեղը դատարկ չի մնում», և Իվան Վասիլիչի ցանած փուչ սերմերը, այնուամենայնիվ, ծլարձակում են: Նրա ավանդած դասերն ու գործը շարունակվում է ավելի խայտառակ կերպով. Պետյան հիմնադրում է իր սեփական՝ «Ղեկ» կուսակցությունը և դառնում թարմ ու պահանջված դեմք հասարակության կյանքում: 

Եթե վեպի հերոսներին, քաղաքական հոսանքներին և միավորներին տրված ոչ պատմական, բայց խիստ թափանցիկ անունները կարող են ինչ-ինչ հիմքեր տալ՝ մտածելու, թե սա ամենևին էլ հայկական իրականության և հայաստանյան մղձավանջի գեղարվեստական արտապատկերը չէ, ապա Երևանի կարևորագույն շինություններին (Հանրապետության հրապարակ, Գիտությունների ակադեմիայի շենք և այլն), Հայաստանի այս ու այն մարզերին (Քյավառ (Գավառ), Կոտայք, Վարդենիս և այլն) առնչվող հիշատակումների փաստագրական ճշգրտությունը ցրում է ամեն մի կասկած: Եվ ոչ պատահականորեն Սաֆարով ազգանունը կրող «հայրենանվեր» ռուսահայը նույնպես գրողի իրատեսության ցցուն արտահայտիչն է, քանզի մենք այս կերպարի տիրույթում կարող ենք զետեղել մեզ այնքա՜ն ծանոթ որոշակի անձանց:

Սաֆարով կոչեցյալ ռուսահայի անունը միակը չէ, որ հենց ինքնին տեսակ է բնորոշում: Սա վերաբերում է գրեթե բոլոր հերոսներին: Հատուկ անունները հաճախ չեն սահմանափակվում սոսկ անձնանվան շրջանակներում, այլ դառնում են փոխաբերություն, պիտակ, իրենցով իսկ բազում շերտեր բացում տվյալ կերպարի բնութագրում: Փարախյան, Երիտքարտ, Գիտնական, Քաղկոմ, Քյավառեցի, Վետերան, Օրիորդ, Տիկնանց տիկին, Լաչառանց գումարտակ, Աֆղանստանցի, Խմբագիր, Հարվածային խումբ, Սևադեմ փռչոտ, Սթափ քաղաքացի, Համերաշխության զինվոր, Տեր և Տիկին Բարերարներ, Որբևայրի, Սազանդար, Բողոքավոր: Կարելի է և շարունակել այս կերպարների թվարկումը, բայց արժի՞: Չէ՞ որ սրանք բոլորը մի խմորից են հունցված, և նրանց բոլորի վրա հնարավոր է տարածել հանճարեղ առաջնորդի բարոյախոսությունը. «Մտածող մարդիկ քչացել են: «Ես մտածում եմ, ուրեմն, ես ապրում եմ» սրբազան խոսքը, որի առաջ մարդիկ ժամանակին երկյուղածորեն գլուխ էին խոնարհում, մեզ է հասել հիմնովին այլանդակված: «Ես ապրում եմ, ուրեմն, էլ ինչու մտածեմ»՝ ահա մեր տխուր ժամանակների նշանաբանը, ահա մեր՝ վերջին մտածողներիս, հատուկենտ վերջին մոհիկաններիս գլխին, չնայած մեր հպարտ արհամարհանքին ու գոռ խիզախությանը, մշտապես դավադրաբար կախված կեռ սուրը»[8]: Ինչպես նկատում ենք, այս մարդիկ պարզապես կանխադատապարտված են անպատժելիության, քանզի անմեղսունակության պարագայում բացառված է որևէ դատ ու դատաստան: Սակայն մնում է պատասխանել հարցերի հարցին. իսկ ի՞նչ անի սրանց հոգածությանը հանձնված ժողովուրդը. չէ՞ որ Վահագն Գրիգորյանի ցավը հենց այս ժողովրդի ճակատագիրն է, որ այդպես էլ չի որոշակիանում այս զավեշտալի-ողբերգական դիպվածաշարում: Եվ սա գրողի գրեթե բոլոր ստեղծագործություններին հատուկ հանգուցալուծում է. ավարտ՝ չվերջակետվող պատմությամբ:

Թերևս, Վ. Գրիգորյանի «Առաջնորդի կյանքն ու մահը» վեպից ստորև հրապարակվող երկու ծավալուն հատվածները մեր ընթերցողին հնարավորություն կընձեռեն փոքրիշատե հաղորդակից դառնալ հեղինակի բարձրացրած խնդիրներին և անել սեփական եզրահանգումները վեպում նկարագրված իրադարձությունների առնչությամբ: Առաջին հատվածը ներկայացնում է, թե ինչպես են քանդում երկիրը, լլկում ժողովրդին վայ-կուսակցություններն ու կուսակցապետերը, իսկ երկրորդը երևան է հանում «առաջադեմ» Արևմուտքին մերձենալու «հմայքները»՝ տրագիկոմիկական շեշտադրությամբ:

Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարները՝ հեղինակի


[1] Ե. Տեր-Խաչատրյան, Վահագն Գրիգորյանի նոր վեպը. Ազգ օրաթերթ-Մշակույթ#11, 20.03.2020, hղում՝  https://www.azg.am/AM/culture/2020032001:

[2] Վ. Գրիգորյան, Առաջնորդի կյանքն ու մահը, Երևան, «Նաիրի», 2006, Էջ 52 (վեպի հետագա քաղվածքները՝ այստեղից):

[3] Նույն տեղում, էջ 67:

[4] Նույն տեղում, էջ 25:

[5] Նույն տեղում, էջ 102:

[6] Նույն տեղում, էջ 124:

[7] Նույն տեղում, էջ 347-348:

[8] Նույն տեղում, էջ 275-276:

Առաջնորդի կյանքն ու մահը

(հատվածներ)

Երկու խոսքով դժվար է բացատրել այդ զարմանահրաշ ծրագրի էությունը, իսկ եթե այնուամենայնիվ փորձեմ, ամենադիպուկը թերևս էլի քանդելն է: Ուրեմն, քանդելն էր ընկած այդ ծրագրի հիմքում: Տակից գլուխ պիտի քանդեինք մեր երկրի բոլոր քաղաքական, հասարակական, տնտեսական ու մշակութային կառույցները, որ քարը քարի վրա չմնար: Հիմա կասեք ինչու: Չգիտեմ դուք ոնց, բայց ես միանգամից նրան հասկացա: Մեր տպարանում, օրինակ, Նոյի թվից մնացած մի մեքենա կար, ասում էին շատ լավն է, բայց ինչ անում-չէին անում, չէինք կարողանում աշխատացնել: Մինչև որ մի օր մի վարպետ բերեցին, ասաց, եթե համաձայն եք լրիվ քանդեմ, խոստանում եմ աշխատեցնել: Տեսքից մի քիչ խելառ էր, բայց մեքենան էլ միևնույնն է չէր աշխատում, էնպես որ ասացինք, ախպեր, քանդի, եթե մտքովդ անցել է: Էս մարդը էնպես քանդեց, որ ոտքներս ուր դնում էինք՝ մեր թե մյուս արտադրամասերում, թե բակում, էդ մասերից մեկնումեկին անպայման դեմ էինք առնում: Քանդեց պրծավ, հետո սկսեց հավաքել: Մի մասն էստեղից գտավ, մի մասն էնտեղից, որն էլ չգտավ  նմանը ուրիշ տեղերից բերեց: Եվ

ուզում եք հավատացեք, ուզում եք չէ, մեքենան սկսեց աշխատել, ու ամենաորակով գործերը, քանի դեռ տպարանը աշխատում էր, դրա վրա էինք տպում: Բայց դե երկիրը տպագրական մեքենա չէր, որ Վասիլի Իվանիչը ձեռի հետ քանդեր, համ էլ, պատկերացրեք, կողքից ինչքան խանգարող կար, այնպես որ «Սառը ցնցուղի քաղաքականություն» ծածկանունով քանդելու ծրագիրը փուլ առ փուլ պիտի իրականացվեր: Առաջին փուլը կոչվում էր «տևական ցնցումներ», երկրորդը՝ «քաոս», երրորդը՝«կործանում», չորրորդն էլ, պարզ է, «փյունիկ» պիտի կոչվեր: Բնական է, Վասիլի Իվանիչը առայժմ միայն «տևական ցնցումներ» փուլն էր մանրամասն մշակել, մյուսները կարող էին այս կամ այն փոփոխությունները կրել, կախված առաջինի ընթացքից, ինչը, սակայն, ովքեր մեծ քաղաքականությամբ զբաղվել են, կհասկանան, ամենևին էլ չէր նշանակում, թե մենք չգիտենք՝ ուր ենք գնում ու ինչի, որովհետև  ընդհանուր ռազմավարական ծրագիրը հստակ էր:

Ամենաժամանակատարը, անունից էլ է երևում, «տևական ցնցումներն» էր, դրան Վասիլի Իվանիչը հատկացրել էր արդեն սկսված աշնան վերջը, ողջ ձմեռն ու գարնան սկիզբը,  «քաոսը», եթե աստված մեզ հետ լիներ, պետք է իրականացվեր մայիսի առաջին շաբաթվա ընթացքում, որի ավարտն էլ փաստորեն «կործանումն» էր, որից էլ պիտի հառներ  «փյունիկը»: «Տևական ցնցումները», որը նաև ամենաաշխատատարն էր, փաստորեն միայն Վասիլի Իվանիչն ու մի քանի ամենահավատարիմ զինակիցները պետք է հետևողականորեն իրականացնեին, «քաոսի» դերակատարը, իհարկե, ինքն էլ այդ չգիտակցելով, ժողովուրդն էր, ներառյալ բանակը, «կործանման» ժամանակ հայտնի չէր՝ ում գլուխը կթռչի, ումը կմնա, բայց Վասիլի Իվանիչը դառնում էր ժամանակավոր կառավարության նախագահ, իսկ «փյունիկ» փուլում  ռազմական ու տնտեսական օգնություն ստանում Շուն ու Գելից, հասկանալի է, որպես փոխհատուցում՝ երկիրը դարձնելով նրանց մի գավառը: Ես, ճիշտն ասած  երբեմն, հատկապես, երբ շատ թունդ էր փնովում մեր նախագահին, մեջս կասկածել էի, որ Վասիլի Իվանիչը նրա աթոռին նստելու հավակնություն ունի, բայց այս դարակազմիկ ծրագրից, որի արդյունքում մեր երկիրը իսպառ ջնջվում էր աշխարհի քարտեզից, հասկացա, որ Վասիլի Իվանիչից ավելի անանձնապաշտ, միայն երկրի ու ժողովրդի հոգսերով ապրող մարդ չկա: Ուրիշ բան, որ Վասիլի Իվանիչը «երկիրն» ու   «ժողովուրդը» մեզնից շատ ավելի լայն իմաստով էր հասկանում: «Սառը ցնցուղի քաղաքականություն» անունով քանդելու ծրագրի«տևական ցնցումներ» փուլը ըստ էության միշտ էր գործողության մեջ եղել, բայց լրիվ թափ առավ մեր խոսակցությունից մոտ երկու շաբաթ հետո: Այն բանից հետո, երբ Վասիլի Իվանիչը կուսակցության հերթական պլենումում գլխովին ջախջախեց իր փոքրաթիվ հակառակորդներին, մեկ-երկու հատկապես քթիմազերին այսպես ասած պատվավոր հանգստի ուղարկեց, նրանց փոխարեն բյուրո բերելով ավելի հավատարիմ  զինակիցների: Թիկունքն այսպես ապահովելով՝ Վասիլի Իվանիչը մամլո ասուլիս հրավիրեց, որտեղ, որպեսզի խիղճը հանգիստ լինի, կամ ինչպես ասուլիսի ժամանակ նկատեց իրեն այնքան բնորոշ հումորով՝ որպեսզի չասեն, թե Դավիթը գողեգող եկավ գնաց, բացեիբաց հայտարարեց՝ քանի որ հանրապետության նախագահը ականջ չկախեց երեք հանրահավաքներում ժողովրդի սերուցքի ընդունած որոշումներին, ուղիղ մեկ շաբաթ ժամանակ է տալիս Շուն ու Գելի միության կազմում ընդգրկվելու համար, հակառակ դեպքում, այդ մեկ շաբաթը լրանալուց հետո կուսակցությունը, որպես ժողովրդական լայն զանգվածների  իղձերի  միակ արտահայտիչ, նույն այդ զանգվածների կամքով ու թելադրանքով անցնում է վճռական գործողությունների: Թղթակիցները շատ ճիգ ու ջանք թափեցին իմանալու համար, թե ինչպիսին են լինելու այդ գործողությունները, նույնիսկ  վարկածներ էին առաջ քաշում, բայց Վասիլի Իվանիչը միայն խորամանկ ժպտում էր բեղի տակ ու ասում՝ համբերեք, շուտով ամեն ինչ կիմանաք:

Եվ իմացան: Բայց չիմացան, որ արդեն գիտեն: Հաջորդ մամլո ասուլիների ժամանակ, որոնք պարբերաբար կրկնվում էին առնվազն ամիսը երկու անգամ (որովհետև նույնպես «տևական ցնցումների» մասն էին), թղթակիցները միամիտ¬միամիտ հարցնում էին՝ բա ո՞ւր մնացին ձեր վճռական գործողություները, որոնց ի պատասխան՝ Վասիլի Իվանիչը դարձյալ միայն խորամանկ ժպտում էր բեղի տակ՝ ավելի մոլորեցնելով խեղճերին: Վասիլի Իվանիչի մարտավարության ողջ հանճարեղությունն էլ հենց դրանում էր՝ երկիրն ու ժողովուրդը՝ մեծից փոքր, բանակով, կառավարությունով, խորհրդարանով, նախագահով հանդերձ, երկրաշարժի շեմին ցնցվում էին ամեն օր ու ամեն ժամ, և ոչ ոք այդ չէր նկատում: Այսինքն, ցնցվում էր, բայց չգիտեր ում շնորհիվ և ուր է դա իրեն տանելու: Իսկ տանելու էր, պարզ է, կործանման և մեր շնորհիվ:

Մեր խնդիրն էր, ուրեմն, ոչ մի օր չթողնենք որևէ մեկը գլուխը հանգիստ դնի բարձին, իսկ եթե պատահաբար դրել է, նույն պահին էլ դիվահար վեր թռչի: Դրա համար Վասիլի Իվանիչն ու մեր խմբակցության մյուս անդամները  Ազգային ժողովի ամբիոնն էին օգտագործում, կենտրոնական կոմիտեի մյուս անդամները ամենատարբեր ժողովներն ու հանդիպումները, տեղերում ակտիվացել էին շրջանային կազմակերպությունների ղեկավարները, շարքային կուսակցականներն էլ  իրենց աշխատանքային կոլեկտիվներում, բակ ու փողոցում, հարևանների շրջանում էին անդուլ տքնում: Հիմա արդեն իրար վրա քսի էինք տալիս ոչ թե մեր զինակիցներին (զտվելուց հետո բյուրոն էլ, կենտրոնական կոմիտեն էլ միասնական բռունցք էին դարձել), այլ հասարակական կազմակերպություններին, տեղական ու կենտրոնական իշխանություններին, բանակին ու ներքին ուժերին, խորհրդարանին ու կառավարությանը, այս երկուսին՝ նախագահի դեմ, նախագահին՝ սրանց, ժողովրդին՝ բոլորի: Եվ այդ ամենը հույժ գաղտնիության պայմաններում, որովհետև ոչ ոք չպետք է հայտնաբերեր կեղծ լուրերի աղբյուրը:

Հիմա կասեք՝ ինչո՞ւ կեղծ, մի՞թե անիրավություն, մութ գործարքներ, թալան ու ավեր չկա մեր երկրում: Իհարկե, կա, բայց դրանց ճիշտ տեղը, եթե նույնիսկ իմանայինք,  մեզ ամենևին էլ ձեռնտու չէր մատնացույց անել, որովհետև հեչ պետք չէր, որ ասենք հանրային ունեցվածքը թալանողը բռնվի, ժողովրդին կեղեքողը  պատժվի: Դրանով ախր ժողովրդին կթվար, թե իշխանություններից բարոյական աջակցություն է ստանում, հոգեպես կբավարարվեր  և, ինչպես Վասիլի Իվանիչն էր ասում, կդադարեր հեղափոխական զանգված լինելուց: Ուրեմն, մեզ պետք էր, որ մեր տարածած հրեշավոր լուրերը հերքվեն, որովհետև ինչքան համառորեն  ու ինչքան բարձր մակարդակներից էին հերքվում, կասկածներն այնքան խորանում էին, և  բավարարություն չստացած ժողովուրդն ու նյարդայնացած իշխանությունները օրնիբուն դիվադադար էին լինում:

Շատ կարևոր էր նաև իշխանությունների առաջ այնպիսի խնդիրներ դնել, որ նրանք ցանկության դեպքում էլ չկարողանային լուծել: Դրանցից մեկը հենց սկզբից նախագահին ուղղված պահանջն էր եղել: Բոլորի համար էլ պարզ էր, որ նախագահը մենակ, գրչի մի հարվածով չի կարող լուծել Շուն ու Գելին բաժին դառնալու հարցը, և առաջին հերթին, իհարկե, Վասիլի Իվանիչին, բայց եռօրյա նիստ չէր անցնում, մամլո ասուլիս տեղի չէր ունենում, որ նա այդ հարցը նորից չբարձրացներ, ըստ որում, ամեն անգամ մատը ավելի ու ավելի սպառնալից թափ տալով: Եվ գոհ էին մնում նույնիսկ նրանք, ովքեր Շուն ու Գելի անունն անգամ չէին ուզում լսել, որովհետև նախագահի հետ իրենց հաշիվներն ունեին և ամենևին էլ դեմ չէին, որ նրա ոտքը մի անգամ էլ տրորվի: Նախագահի ոտքը, ուրեմն, տրորվում էր, ժողովրդի ինքնագիտակցությունն էլ բարձրանում:

Կամ ինչպե՞ս կառավարության քիթը տրորեինք, եթե ի շահ ժողովրդի բարձրացրած մեր հարցը նա կարողանար լուծել: Չէ, չպիտի լուծեր, և մենք ամենաանհնարին տեղերից էինք բռնում: Օրինակ, եթե պահանջեինք, որ կենսաթոշակները  բարձրացնեն տասը տոկոսով, հանկարծ ու բարձրացնեին, մենք էլ միանգամից մի քանի հարյուր տոկոս էինք ասում: Ի միջի այլոց, այս մեկը լավ եմ հիշում, որովհետև իմ գաղափարն էր: Կառավարությունն այդ օրը Ազգային Ժողով պիտի գար, այսպես ասած խորհրդարանական հարց ու պատասխանի համար, և գնալուց առաջ Վասիլի Իվանիչը այնպես, ի միջի այլոց ասում է.

— Պետյա, մի լավ գաղափար հուշիր:

Ես էլ հուշեցի:

— Իսկ ինչպե՞ս հիմնավորեմ:

— Արդեն հիմնավորված է,- ասում եմ:- Մեր կուսակցության խնդրանքով,- ասում եմ,- անկախ մասնագետները հաշվել են, որ կենսաթոշակի նվազագույն սահմանը կարելի է բարձրացնել այսքան ու այսքան հարյուր տոկոսով:

Ծիծաղեց:

— Ովքե՞ր են այդ անկախ մասնագետները:

— Ե՛ս,- ասում եմ:- Եթե որևէ կուսակցության անդամ չեմ, ուրեմն, անկախ եմ:

— Իսկ քանի՞ հարյուր տոկոսով:

— Ինչքան շատ, այնքան լավ:

— Իսկ ինչի՞ հաշվին:

— Պետության գրպանից կատարվող ավելորդ ծախսերը կրճատելու հաշվին:

— Հոյակապ է,- ասում է,- Պետյա:

Վասիլի Իվանիչս գծուծություն չարեց, միանգամից մի ութ հարյուր տոկոսի հասնող թիվ ասաց, ավելացնելով, որ ինքը դեռ քիչ է ասում, կարելի էր մինչև իսկ հազար տոկոս պահանջել, իսկ երբ վարչապետը, խոսք առնելով, խնդրեց նշել այդ ավելորդ ծախսերը, Վասիլի Իվանիչս միամիտ չէր, ասաց, որ կառավարությունում դա իրենից լավ գիտեն, իսկ շուտով մենք էլ կիմանանք, մեզնից հետո էլ ողջ սովալլուկ ժողովուրդը,  որովհետև մեր անկախ մասնագետների խումբը հենց հիմա դրանով է զբաղված և ահավոր փաստեր են հայտնաբերվում ու վերլուծություններ կատարվում, որոնք շուտով կհրապարակվեն:

Մյուս օրը, պարզ է, բոլոր խաչմերուկներում, քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներում կենսաթոշակառուները միայն այդ մասին էին խոսում, և յուրաքանչյուրը, պարզ է, համեմատելով գրպանի չնչին դրամները Վասիլի Իվանչի նշած աստղաբաշխական թվերի հետ, անիծում էր արյունախում վարչապետին ու աղոթում Վասիլի Իվանիչի արևշատության համար: Ինչ վերաբերում է անկախ մասնագետների հայտնաբերած ահավոր փաստերին ու վերլուծություններին, մենք դրանք, բնական է չհրապարակեցինք ոչ թե այն պատճառով, որ իրականում չունեինք, այլ որ ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ այս անգամ դրա կարիքը չեղավ: Մի ամսվա չափ այս թեման խաղարկելուց հետո, մենք ուրիշ գլուխկոտրուկ գցեցինք կառավարության առաջ, և հերթական անգամ կառավարությունն ու ժողովուրդը սկսեցին իրար ուտել չեղած ոսկորի համար, որի հետևանքով կառավարության վարկանիշը մի աստիճանով էլ ընկավ, ժողովրդի համբերության բաժակը մի կաթիլով էլ լցվեց: Ինչպես չլցվեր, եթե ես՝ այդ գաղափարի այսպես ասած կնքահայրս էի կատաղությունից ինձ ուտում, երբ հերթական թղթակցի հերթական հարցին կառավարության հերթական անդամը այս կամ այն թերթում, ռադիոյով կամ հեռուստատեսությամբ չքմեղանալով պատասխանում էր, որ իրենք չարաշահումներ թույլ չեն տվել, իրենց չնչին աշխատավարձով են ապրում և ոչ մի հանարավորություն չեն տեսնում կենսաթոշակներն առայժմ թեկուզ հինգ տոկոսով բարձրացնելու համար: Ես էլ կենսաթոշակառու ծնողներ ունեի, թղթակիցն էլ ուներ, ամեն հեռուստադիտող ու ռադիոլսող էլ ուներ, և մենք հաստատ գիտեինք, որ նա ստում է, կարող է բարձրացնել, բայց չի բարձրացնում, որ մի քիչ էլ գռփի, մի արտասահմանյան գործուղում էլ գնա, քարտուղարուհուն, այսինքն՝ սիրուհուն մի նվեր էլ առնի, տակը մի նոր մեքենա դնի, ուրիշի անունով մի նոր ու ավելի եկամտաբեր գործ սկսի: Իսկ թե ինչպես էր ճաքում  կենսաթոշակառուների սիրտը, ավելի լավ է չասեմ, ես հո տեսնում էի խեղճ հորս ու մորս վիճակը:

Նման գործերում, մենք գիտեինք, ամենից կարևորը անորոշությունն է: Այսինքն, միևնույն ժամանակ թե միանգամայն որոշակի հասցե ու հանցակազմ ես նշում, թե որոշակի ոչինչ չես ասում: Պատկերավոր ասած, ոսկորը գցում ես, ինքդ մի կողմ մնում: Թող գզվռտվեն: Արդյունքը միևնույնն է հայտնի է՝ նորից տուժելու է ընչազուրկ ժողովուրդը, որովհետև, ինչպես Վասիլի Իվանիչն էր ասում, դեռ չի հասունացել վճռական պայքարի համար: Մենք, իհարկե, կողքից ցավով էինք դիտում ժողովրդի հերթական հուսախաբությունը, բայց ուրիշ ելք չկար, հենց այդ դաժան փորձությունները նրան պիտի հասունացնեին, և, ցավը կուլ տալով, նորից ու նորից էինք սառը ջուր լցնում նրա գլխին:

— — —

— Շնորհավորում եմ,- ասաց Վասիլի Իվանիչը,- դու, սիրելիս, այս պահից մեր բարի կամքի դեսպանն ես: Համոզված եմ, որ մեր խնդիրները կներկայացնես ամենաբարձր մակարդակով և լավ լուրերով կվերադառնաս:

Քաղկոմ քարտուղարին շնորհավորեցին բոլորը: Խեղճը այնքան էր հուզվել, որ առաջին անգամ նման չէր իրեն՝ փոխանակ սովորականի նման անմիջապես քաղաքային կազմակերպության առաջին հարկում գտնվող իր խուցը քաշվի, նստել էր Վասիլի Իվանիչի առաջ և պիոներական խանդավառությամբ գլխով էր անում ու խոստումներ տալիս: Վասիլի Իվանիչի տրամադրությունն էլ էր բարձր:

— Տես, հա՜,- ասում էր,- հանկարծ չգայթակղվես քաղաքական ապաստանով ու ընդմիշտ Եվրոպաներում մնաս: Կնեղանանք, հա՜:

— Կատա՞կ ես անում, Վասիլի Իվանիչ,- լուրջ-լուրջ պատասխանում էր Քաղկոմ քարտուղարը:

— Ինչ իմանամ, դրանց երկրներում հազար ու մի գայթակղություններ կան,- ասում էր Վասիլի Իվանիչն ու աչքով անում ինձ:

— Ես կարդարացնեմ կուսակցության վստահությունը,-  երդում ուտելու նման ասում էր Քաղկոմ քարտուղարը:

Վասիլի Իվանիչը համարում էր, որ մի կրակոցով երկու նապաստակ է խփել՝ ընդառաջում է Արևմուտքին, միևնույն ժամանակ էլ մեկընդմիշտ ազատվում Քաղկոմ քարտուղարից: Ճիշտն ասած, ես էլ էի կարծում, որ այլևս չենք տեսնելու նրան, և  մեղքս գալիս էր: Մտածում էի՝ ով էլ լինի, ինչացու էլ լինի, էլի մերն է, ինչո՞ւ գնա հոլանդացու փորած փոսն ընկնի: Մտածում էի՝ դեռ ժամանակ կա, գուցե հաջողվի, որևէ կերպ խափանել այդ ճամփորդությունը: Բայց խափանեց ինքը՝ հոլանդացին:

Քաղկոմ քարտուղարը այնքան էր շտապում իր ճակատագրին ընդառաջ, որ եկել էր անձնագիրը գրպանում: Փոքրիկ, բայց բազում երախտագիտական արտահայտություններով լցոնված տեքստ կազմեցին, վերջում ավելացնելով Քաղկոմ քարտուղարի անձնագրային տվյալներն ու հասցեն, որպեսզի հոլանդացին կարողանա հրավեր ձևակերպել, Օրիորդը արագ այն թարգմանեց, սակայն, երբ նստեց համակարգիչի առաջ, որպեսզի  ուղարկի, փոստը բացելով, տեսավ, որ հոլանդացուց նամակ կա: Բնական է, որոշեցին նախ իմանալ՝ ինչ է գրում հոլանդացին: Բյուրոն դեռ չէր հասցրել ցրվել, և բոլորը սկսեցին սպասել Օրիորդի թարգմանությանը:

Ուրեմն, ընդունարանում երկուսով էինք, և Օրիորդը, կաս-կարմիր կտրած, ինձ ասում է.

— Պետյա, կամ ես անգլերենն եմ մոռացել, կամ այս մարդը խելագարվել է:

— Ավելի հավանական է,- ասում եմ,- երկրորդը: Մի գիշերում լեզու չեն մոռանում, իսկ անպատասխան սիրուց չորս-հինգ գիշերում  կարելի է խելագարվել:

— Որտեղի՞ց գիտես,- ասում է ապշած:

Մի խոսքով Օրիորդս քաջություն չունեցավ իր թարգմանությունը ներս տանելու, և ինչպես շատ ուրիշ դեպքերում մեր գրասենյակում, այս բեռն էլ մնաց՝ ես քաշեմ: Թարգմանածը ձեռքից առա, տարա ներս:

Վասիլի Իվանիչը կարդաց, սիրտը բռնեց: Մինչ ես գրպանիցս վալիդոլ կհանեի ու կտայի, որ դնի լեզվի տակ, Գիտնականը ձեռքը պարզեց, նրա առջևից վերցրեց թուղթը, կարդաց ու մնաց բերանը բաց: Երիտկազմ Քարտուղարը նախ ձիու պես կարճ խրխնջաց, ապա միանգամից լրջացավ ու ասես ոչինչ չէր պատահել, թուղթը փոխանցեց կողքինին: Խմբագիրը ավելի անմիջական արձագանքեց՝ լեզուն ծթթացրեց… Վետերանը կարդաց, ամոթից գլուխը կախեց ու այլևս չբարձրացրեց: Ընկեր Փարախյանը, որ բոլորին ասում էր՝ բարձր կարդա, ես էլ լսեմ, վերջապես նրա ձեռքից խլեց թուղթը, ակնոցը աչքին դրեց, հատիկ-հատիկ կարդաց, հետո ետ դարձավ,  մի անգամ էլ կարդաց, իսկ երբ ուզում էր երրորդ անգամ սկզբից սկսել, բայց այդ անելուց առաջ թաշկինակն էր հանել, որ մաքրի ակնոցը, թուղթը նրա ծնկի վրայից թռցրեց Քյավառեցին: Եվ արագ աչքի անցկացնելով՝ բացականչեց.

— Արա՞, էս մարդը գյոթ ա էղե…

Հարմարյա միաժամանակ էլ որոտաց չար կանխազգացումից մինչ այդ քար կտրած Քաղկոմ քարտուղարը.

— Կտա՞ք վերջապես ես էլ կարդամ…

— Առ, ցավդ տանեմ,- ծանր հիվանդի հետ գործ ունեցողի հոգատարությամբ զիջեց Քյավառեցին:

Եվ Քաղկողմ քարտուղարը վերջապես իմացավ, թե ինչ ճակատագիր է իր համար նախատեսված Արևմուտքում:

Այս պահից էլ սկսվեց մեր միաձույլ բյուրոյի տրոհումը:

Մերոնց հնգօրյա լռությունից գլուխը կորցրած հոլանդացին բոլոր պայմանականությունները մի կողմ էր դրել և այնքան անկեղծ ու կրքոտ նամակ գրել իր սրտի հատորին (համենայն դեպս Օրիորդը «հատոր»էր թարգմանել), որ ոչ մի կերպ հնարավոր չէր աչք փակել ու նրա տողերում ծածկագրի քաղաքական աստառ տեսնել:

Մարդը ամենաանկեղծ ու հուզիչ արտահայտություններով գրում էր, որ երբեք այսքան անմոռաց չի սիրել,  խոստովանում էր, որ արդեն բաժանվել է իր նախկին «ընկերուհուց» և  երդվում էր, որ իր մտադրությունը միանգամայն լուրջ է, այսինքն, պաշտոնական ամուսնության առաջարկ էր անում: Վասիլի Իվանիչը այնուամենայնիվ փորձեց նամակը բանակցային քաղաքական գործընթացի հունի մեջ դնել՝ նախկին «ընկերուհին» մեկնաբանելով որպես Արևմուտքի հրաժարում իրենց նախկին ռազմավարական խնդիրներից, իսկ պաշտոնական ամուսնությունը՝  մեզ հետ հավերժական դաշինքի առհավահչյա, բայց Քաղկոմ քարտուղարը նորից որոտաց.

— Բավակա՛ն է, Վասիլի Իվանիչ, քե՞զ ես էշի տեղ դրել, թե՞ ինձ:

Այդ օրը Քաղկոմ քարտուղարը այդքանով բավարարվեց և դուռը շրխկացնելով գնաց, բայց հաջորդ օրն իսկ անցավ հարձակման: Սկզբում նա Վասիլի Իվանիչին մեղադրում էր  միայն մտածված կերպով իրեն հարվածի տակ դնելու համար: Դու, ասում էր, արդեն գիտեիր ինչն ինչոց է, դրա համար էլ գիշերը միտքդ փոխեցիր, հանել տվեցիր Գիտնականի թեկնածությունը և սկսեցիր իմը պաշտպանել: Գիտնականին էլ կպավ՝ անպայման դու էլ գիտեիր, որ այդքան սիրուն  հանեցիր թեկնածությունդ: Եվ Գիտնականն էլ իր հերթին նեղացավ Վասիլի Իվանիչից: Բայց նույնիսկ սա ընդամենը սկիզբն էր:

Այդ բյուրոյի նիստերին կամ պարզապես փակ խոսակցություններին ես արդեն հնարավորություն չունեի ներկա լինելու. Քաղկոմ քարտուղարը խստորեն հետևում էր, որ իր խայտառակությունը սրա-նրա ականջը չընկնի, Վասիլի Իվանիչն էլ հակված չէր, որ որևէ մեկը տեսնի, թե իր երեկվա հնազանդ գառները ինչպես են այսօր ելել իրեն ուտում: Այնպես որ, եթե որևէ բան իմանում էի, էլի միայն իրենից, եթե աշխատանքային ծանր օրից հետո բերանը բացելու սիրտ ունենում էր:

— Պետյա,- գանգատվում էր Վասիլի Իվանիչը,- տեսա՞ր ինչպես խեղաթյուրեցին ու ապականեցին մեր հրաշալի ծրագիրը:

— Ո՞վ,- ասում էի,- հոլանդացի՞ն:

— Խե՜ղճ հոլանդացի,- հառաչում էր,- Քաղկոմ քարտուղա՛րդ, ահա թե ով:

— Բայց ես,- ասում էի,- հակառակն եմ լսել:

— Սխալ ես լսել,- ասում էր,- հոլանդացին այսօր էլ նամակ էր գրել: Մարդիկ փորձում են որևէ բան անել մեզ համար, դեռ հույսները չեն կտրել, իսկ մեր հիմարների խելքից մենք չենք պատասխանում:

Այո, հոլանդացին մի երկու շաբաթ էլ շարունակեց իր սիրային նամակներով ռմբակոծել մեզ, մինչև որ Քաղկոմ քարտուղարի և բյուրոյի մեծամասնության պահանջով Օրիորդը փոխեց մեր էլեկտրոնային փոստի հասցեն: Եվ այդպիսով, կարելի է ասել, կտրվեց մեր ու Արևմուտքի վերջին կապը: Այդ կապակցությամբ Վասիլի Իվանիչն ասաց.

— Ահա այսպես, Պետյա, թաղվեց երկիրն ու ժողովրդին փրկելու մի հրաշալի ծրագիր ևս: Եվ ցավն այն է, որ այս ծրագիրը, ի տարբերություն նախորդների, խափանեց  ոչ թե թշնամու նենգությունը, այլ զինակիցներիս կարճամտությունը:

Ես էլ ասացի.

— Քո մասին, Վասիլի Իվանիչ, ապագա կենսագիրներդ կգրեն՝ նրա մեծությունը նրա ողբերգությունն էր՝ շատ էր առաջ անցել իր ժամանակից:

Համաձայնեց:

— Այո, և դա, պատկերացրու, ճիշտ կլինի, Պետյա:

No Comments

Leave a Reply