Շաբաթներ շարունակ հետս ինչ-որ կասկածելի բան էր կատարվում, ինքնազգացողությունս վատացել էր այնքան, որ ստիպված էի ամենահուսալի բժշկիս՝ Աստծուն (որ ասում եմ Աստված՝ Գրիգոր Նարեկացուն էլ հետը հասկացեք) մի քիչ հանգիստ թողնել ու ապավինել հռչակավոր մի բժշկի: Նա որոշ զննումներից հետո եզրակացրել էր, որ ներսումս օտար գոյացություն է հայտնվել, որը պետք է հեռացնել: Իսկ մինչ այդ հարկավոր է փոքրիկ վիրահատական գործողություն կատարել՝ պարզելու համար գոյացության տեսակն ու դրանից բխող հնարավոր հետևանքները:
Երկար կամուկացերից հետո որոշեցի ընդունել բժշկի առաջարկն ու վերջ դնել
օր օրի ահագնացող իմ տագնապներին: Իհարկե, Աստված էլի անգործ չէր մնացել: Րոպեն մեկ մրմնջում էի. «Տե՛ր Աստված, եթե իմ հիվանդությունը մահկանացու բժիշկները պիտի բուժեն, Դո՛ւ եղիր նրանց միտքն ու ձեռքն ուղղորդողը, առանց Քո կամքի՝ թող ոչինչ չկատարվի ինձ հետ: Հանդիպեցրո՛ւ ինձ աստվածատուր բժշկի»:
Էս խոսքերը մտքումս անդադար կրկնելով՝ պայմանավորված օրը՝ պայմանավորված ժամին, գնացի հիվանդանոց, մտա Ընդունարան: Ինչպես միշտ, սրահը մարդաշատ էր, դեսուդեն վազվզող սպիտակխալաթավորների, կուչ եկած հիվանդների, մտահոգ հիվանդատերերի պակաս չկար: Սկսվեց օրինաչափ հարցուփորձը՝ անուն-ազգանուն, տարիք, հիվանդության պատմություն, նախնական հետազոտություններ, վիրահատության համար նախատեսված վճարումներ… Էստեղ միանգամից երկինքն իմ գլխավերևում մթնեց, կուտակվեցին սև-սև ամպեր: Ես պետպատվերի շրջանակներում վիրահատվելու արտոնագիր ունեցող հիվանդ եմ, իսկ էդպիսի հիվանդները բժիշկների ու հիվանդանոցների դասակարգային թշնամիներն են: Եռուզեռն իմ շուրջ միանգամից դադարեց, բոլորն ինձնից փախան, ինչպես բորոտից: Առանց բացատրության՝ իմ անկետան լրացնող աղջիկը հայացքով մոտ կանչեց հաջորդ հիվանդին և սկսեց սրտացավ ուշադրությամբ գրանցել նրա տվյալները: Սրահի անկյունում, իրենց հիվանդի շուրջ խմբված, հերթի էին սպասում ինչ-որ մարդիկ: Երիտասարդ մի բժիշկ մոտեցավ գրանցում կատարող աղջկան ու ականջին շշնջաց.
— Էն մարդկանց ինչո՞ւ ես սպասեցնում: Կարգին ժողովուրդ են, վճարունակ: Արագ գրանցիր, ուղարկիր հիվանդասենյակ:
— էս մոտինս էլ ա վճարունակ, վերջացնեմ, կզբաղվեմ նրանցով:
Ես հասկացա, որ կարգին մարդ լինելու չափանիշն այստեղ վճարունակությունն է: Ամեն դեպքում, պետպատվերով վիրահատության եկած մարդը որևէ շանս չունի կարգինների շարքը դասվելու: «Դե՛, եթե անկարգ եմ, ուրեմն ինձ կպահեմ անկարգի նման»,- որոշեցի ու թույլ առողջությանս ոչ հարիր մարտական տոնով բացատրություն պահանջեցի գրանցումս ընդհատած աղջկանից:
Երևի նրա համար անսպասելի էր ինձ նման արհամարհելի մեկի հավակնոտ տոնը: Այն է, ուզում էր հակադարձել իր տիրական դիրքից, երբ ես կտրուկ վեր կացա և հայտարարեցի, որ պատրաստվում եմ բողոքել հիվանդանոցի գլխավոր բժշկին:
Իհարկե, այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե այս մանրապճեղները գործում են առանց գլխավոր բժշկի գիտության, բայց նաև պարզից էլ պարզ է, որ նման կնճռոտ թեմաների քննարկումը չպիտի հասնի գլխավորի ատյան: Ուստի, աղջիկը խելոքացած, բայց և այնպես քամահրանքի հետքերը դեմքին՝ վերսկսեց լրացնել իմ թերթիկը:
Ի վերջո, ինձ ուղեկցեցին հիվանդասենյակ ու ասացին, որ շուտով կտանեն վիրահատարան: Այդ շուտովը, մեղմ ասած, ձգվեց անասելի երկար: Վիրահատարանում հավուր-պատշաճի ինչ-որ հարցեր տվեցին: Կարծում եմ՝ անգամ չլսելով իմ պատասխանները՝ ինձ պառկեցրին վիրահատական սեղանին:
Վիրահատության ընթացքում ես, ասես մղձավանջից արթնանալով, ճչացի սուր ցավից. հավանաբար, պետպատվերի շրջանակներում վիրահատվողին անզգայացնում են կիսով չափ՝ խնայողաբար: Ճիչս բավականաչափ տպավրիչ էր. վիրհատարանում գտնվողները ակնհայտորեն շփոթված էին: Չգիտեմ, թե ինչ էր եղել հետո, բայց երկրորդ անգամ անկենդանությունից հառնեցի արդեն հիվանդասենյակում՝ մահճակալին պառկած:
Երբ ուշքի եկա այնքան, որ կարող էի ոտքի կանգնել, հավաքեցի իրերս ու դուրս եկա միջանցք՝ տեսնելու ինձ վիրահատած բժշկին: Պետք էր ներսիս գոյացությունից վերցված նմուշը հասցնել քաղաքի մյուս ծայրում գտնվող լաբորատորիա՝ կենսաբանական հետազոտության: Վիրաբույժն արդեն տուն էր գնացել: Ինձ հուշեցին, որ փորձանմուշը պետք է վերցնել հերթապահ բժշկից, որն էլ նախանձելի հանգստությամբ բացատրեց, որ արդեն փակ է լաբորատորիան, որ փորձանմուշը ես կարող եմ պահել տանը՝ սառնարանում, և առավոտյան միայն տանել հետազոտության:
— Ինչպե՞ս, 40 աստիճան շոգի պայմաններում ես այս բիոզանգվածը պիտի հասցնեմ իմ տուն, պահեմ սառնարանում, առավոտյան դարձյալ հանեմ սառնարանից, տանեմ լաբորատորիա… Այդքանից հետո ի՞նչ կմնա էս նմուշից, որքա՞ն հավաստի կլինեն հետազոտության արդյունքները:
— Դե՜, հիմա ի՞նչ անենք: Ձեր վիրահատությունն ուշ ավարտվեց, Դուք էլ ուշ արթնացաք նարկոզից:
— Հավանաբար, ուզում էիք ասել՝ իմ վիրահատությունն ուշ սկսվեց, ես էլ ուշ արթնացա անզգայացնողի հավելյալ չափաբաժնի պատճառով, որը, կարծում եմ, անհրաժեշտ է եղել ներարկել վիրահատության ընթացքում անժամանակ արթնանալուցս հետո,- մարտական ոգիս վերագտած՝ հակադարձեցի հերթապահին:
— Ես ոչինչ չգիտեմ: Ասում եմ այն, ինչ Դուք պիտի անեք: Ձեր վիրահատության ժամն ու անեսթեզիայի հարցերը ես չեմ որոշել:
Պատվիրված տաքսին արդեն տեղում էր, հավաքեցի իրերս ու մոտեցա վերելակին:
— Անո՛ւշ,- լսվեց միջանցքի հեռավոր ծայրից:
Մտա վերելակ, ուզում էի սեղմել կոճակը, երբ հևիհև վերելակին հասավ ու դռները պահեց մի վրդովված բուժքույր:
— Անուշը դու չե՞ս:
— Անունս Անուշ է, հետո՞:
— Հետո էն, որ կանչում եմ, բանի տեղ չես դնում:
— Ի՞նձ ես կանչում:
— Բա էլ ո՞ւմ, եթե Անուշը դու ես:
— Չգիտեի, որ աշխարհում, ինձնից բացի, ուրիշ Անուշ չկա: Մանավանդ որ, ես վաղուց էստեղ չպիտի լինեի:
— Լա՛վ, էդ ինձ չի հետաքրքրում, հիմա արի հետևիցս:
— Ո՞ւր գամ, տաքսին ինձ է սպասում:
— Հետո՞ ինչ: Վիրահատվել ես, առանց արյան անալիզի ո՞ւր ես գնում:
— Այսի՞նքն: Արյան անալիզն ինչի՞ս է պետք, երբ արդեն վիրահատվել-պրծել եմ:
— Վիրահատությունից առաջ զբաղված էի, չհասցրի, հիմա պիտի վերցնեմ: Անկետայի մեջ էդ տողը բաց ա մնացել:
— Լուրջ ես ասո՞ւմ:
— Բա հո կատակ չե՞մ անում:
— Ուրեմն լսիր, ոնց ուզում ես՝ էդ բաց տողը փակիր: Ցտեսությո՛ւն,- ասացի ու սեղմեցի վերելակի կոճակը:
Վայրէջքի ընթացքում ականջս ծակում էր բուժքրոջ հիստերիկ ծղրտոցը:
Վերելակից դուրս եկա, փորձանմուշը նետեցի մոտակա աղբամանն ու նստեցի տաքսի:
Վերջին ժամերին ապրածիցս հետո կասկած չունեի, որ դեպի էն աշխարհ ուղեգիրն առաջին հերթին բաժին է ընկնում պետպատվերով սպասարկվող հիվանդներին: Ուստի, նրանք ոչ այնքան պիտի հոգան վիրահատարաններում ու բուժլաբորատորիաներում, որքան Դրախտում հայտնվելու հեռանկարի մասին:
— Գնում ենք եկեղեցի,- ասացի վարորդին:
Հասա եկեղեցի, մոմ գնեցի, մոտեցա մոմավառության սեղանին, մոմերս վառեցի, սկսեցի աղոթքս:
Քիչ անց եկեղեցի մտան մի քանի հոգի և սկսեցին բարձր-բարձր խոսել, քննարկել ինչ-որ կենցաղային հարցեր: Հասկացա, որ եկել էին մատաղ անելու: Սպասում էին, որ քահանան գա, օրհնի մատաղի աղը: Քահանան եկավ ու սկսեց տաք-տաք զրուցել մատաղավորների հետ: Ինչ են մատաղ անում, ում համար, ինչ նպատակով… Ոչ եկեղեցական այս եռուզեռը վերջնականապես հունից հանեց ինձ: Մտքերս խառնվեցին, մոռացա աղոթքիս բառերը:
«Տե՛ր Աստված, մի՞թե Քո տանն էլ են վճարունակներն արտոնյալ: Էստեղ է՞լ է գործում պետպատվերի կարգը: Մեղք չե՞ս համարի, եթե աղոթքս իմ տան պատերի ներսում շարունակեմ: Էնտեղ ոչ ոք չի խանգարի»,- խոսեցի անբառ ու դուրս եկա եկեղեցուց:
Տանը՝ Տիրամոր և Մանկան հրաշագործ սրբապատկերի առաջ, «Նարեկը» ափերիս մեջ, երկար աղոթեցի աշխարհի ու իմ առողջության համար, խնդրեցի, որ Աստված չլքի ինձ, շարունակի մնալ իմ հոգու ու մարմնի բժիշկը: Իսկ եթե մարմինս այնքան է ախտահարված, որ այլևս հնարավոր չէ փրկել, ապա թող բարեգութ լինի իմ հանդեպ, չստորադասի ինձ վճարունակներից ու արժանացնի արդար դատաստանի Երկնային դարպասների առջև: Չէ՞ որ ասված է. «Ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի ծակով անցնի, քան հարուստը մտնի Բարձրյալի թագավորությունը»:
Անցել են տարիներ, շարունակում եմ ապրել Աստծու կամքով: Հենց Նրա կամքով էլ, վստահ եմ, հանդիպեցի իսկական բժիշկների, որոնք փարատեցին բոլոր տագնապներս: Նրանցից մեկը նույնիսկ անսպասելի խոստովանություն արեց.
— Չգիտեմ՝ ինչ կմտածեն իմ մասին կոլեգաներս, բայց պիտի ասեմ, որ ամեն անգամ, երբ վիրահատությունից հետո հիվանդն արթանանում է նարկոզից, վերադառնում իրականություն, իմ շուրջ ինչ-որ միստիկ մթնոլորտ եմ զգում, այդ վերադարձը նաև մեզանից դուրս ուժեր են կառավարում:
Պատկերացնում եմ, թե դեմքին ինչ քամահրանք կգծագրի էն հռչակավոր տխրահռչակը՝ լսելով այս խոսքերը: Չէ՞ որ նա ունի մեկ աստվածություն՝ փողը: Էդ աստվածությանն էլ հավատարմորեն երկրպագում է մինչ օրս ու շարունակում իր վիրաբուժական տրիումֆը՝ օր օրի աճող աստղաբաշխական գնացուցակով: Այդպես է արատավորվում պատիվը իսկական բժիշկների, որոնց միտքն ու ձեռքը իսկապե՛ս կառավարում է Աստված, որոնք ինձ նման գիտեն, որ առանց Նրա՝ չի կատարվում ոչինչ այս խեղճ ու մեղավոր աշխարհում:
Հ.Գ.
Չվտարվել Դրախտից
Այն, ինչ պատմեցի այսքան երկար, վաղո՜ւց կորցրել է կարևորությունը: Դա բուն ասելիքիս նախերգանքն էր, թերևս: Էսպիսի խոսք կա՝ հիվանդատերը հիվանդից անճար է: Հա՛, համաձայն եմ, էդ անճարի դերում եղել եմ երկար: Իսկ ի՞նչ ասես էն դեպքում, երբ հա՛մ հիվանդն ես դու, հա՛մ հիվանդատերը, երբ ես-դ հալվել-տարրալուծվել է քեզնից դուրս, բայց և քո ներսում եղած գոյի մեջ ու տնքում է ծանր, մղկտացնող ցավից: Չես հասկանում՝ դո՞ւ ես ցավի ակունքը, թե՞ ցավը՝ քո: Ցավը, որ գենետիկ հիշողության տարածությունը լքել, նյութականացել-դեմ է առել կոկորդիդ ու հռհռում է լկտիաբար:
Երկիրս հիվանդ է, ազգս արյունաքամ է լինում, ու ես դանդաղ մահանում եմ էդ ցավից: Էդ ցավը դաժան անուն ունի՝ հայրենազրկում: Ու այն բուժելու պատվեր չի իջեցված որևէ, այդ թվում՝ հայկական ճանաչված ու չճանաչված պետություններից: Ուրեմն, ի՞նչ բառերով դիմեմ Աստծուն՝ Նրան, Ով չզլացավ փրկել ինձ՝ չնչին-աննշանիս: Ինչպե՞ս համոզեմ, որ մենք, թեև ապականված, ինքնամաքրման փափագ ունենք: Ինչպե՞ս բացատրեմ, որ եթե ինձ նմանի փրկությունը հաճո է եղել Իրեն, որքա՜ն ավելի հաճո պիտի լինի Իր ստեղծած Երկիր-դրախտավայրի փրկությունը:
Եթե նվաստս արժանացավ Նրա բարեգթությանը, ուրեմն կա մի բաց խողովակ, որով ձայնս հասնում է Երկինք: Ուստի չեմ դադարում աղոթել ու հավատալ, որ աղոթքս կհասնի Նրա ունկերին: Գիտեմ՝ աղոթելիս պետք է միայն հավատալ ու ապավինել Աստծուն: Ոչինչ ավելին: Գիտեմ, որ մեծ հանդգնություն է քննել Աստծու գործերն ու հուշել-հիշեցնել Նրան աշխարհի գլխով անցածը: Մանավանդ որ՝ «Եւ ոչ զերեսս բաւական իցեմ համբառնալ ի վեր առ քեզ, Աստուած»*: Բայց չեմ կարող լռեցնել բանականության ձայնն ու չասել Նրան.
-Երբ նախամարդուն վտարեցիր Դրախտից, Դրախը մաքրվեց մեղքից ու մնաց կատարյալ: Հիմա, եթե մենք վտարվենք մեր Դրախտից, Դրախտը կլցվի դիվապաշտներով, Դրախտն այլևս չի փրկվի ապականությունից: Փրկի՛ր մեր Դրախտը, Տե՛ր: «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն… Զի Քո է (երկիրս՝ բզկտված, ազգս՝ հոշոտված, հույսս՝ բարակած, հավատս՝ թրծված…) արքայութիւն եւ զորութիւն եւ փառք յավիտեանս. Ամեն»:
_____
*«Ոչ իսկ հայացքս կարող եմ առ Քեզ վեր հառել, Աստվա՛ծ»։ (Եզր քահանայի խոսքը՝ ըստ Գրիգոր Նարեկացու Մատյանի։ Սկզբնաղբյուրը՝ Աստվածաշունչ, Եզրասի երկրորդ գիրքը, 9-15):
No Comments