Անի Անտոնյան ՄարզաԴիտակ

Որոտանի կիրճը հսկող գյուղը

01.12.2022

Մինչև սրունքներս թրջվել — ցեխոտվել եմ։ Սառն անձրևի կաթիլները ծակծկում են դեմքս ու սրբում այդ եղանակին ծիծաղելի թվացող շպարս (հետո էլ ասում են՝ անձրևին հանդարտ քայլելն օգնում է քիչ թրջվել): 

«Կեսն անցել ես, հետդարձ չկա»,- կրկնում եմ մտքումս՝ սրթսրթալով։ Բայց որքան մոտենում եմ անծանոթ ժայռին, այն ավելի անհասանելի է թվում։ Ի վերջո, թանձր մառախուղը ծածկում է ինձ ու ժայռը։ Տեղիցս չեմ շարժվում․ բավական է  մի քայլ, ու սարավանդից կընկնեմ կիրճը։ Կնճռոտ ձեռքը հայրական քնքշությամբ իջնում է ուսիս․ «Թող քեզ նկարեմ։ Աստված գիտի՝ մեկ էլ երբ կգաս մեր գյուղ»։

Ես, ալպիական խոտերի մեջ արմատ գցած մենավոր խնձորենին ու ժայռը լուսանկարվում ենք։ Երկինքը մի պահ պարզվում է՝ թրջված սրունքներիս ու համառությանս դիմաց նվիրելով վերևից աշխարհին նայելու հաճույքը։ Բարձրավանում եմ, ծովի մակերևույթից 1520 մետր վերև, անդունդի եզրին, որտեղից երևում են Որոտանի կիրճը, Տաթևի ճոպանուղին, Հին ու Նոր Հալիձորները, Հին ու Նոր Խոտ, Շինուհայր ու Սվարանց գյուղերը։ 

Մեր առաջին հանդիպմանը տիկին Թամարն ինձ գրկեց քաղաքից վերադարձած իր հարազատ աղջկա պես, մաքուր հայելիներով պահարանից հանեց խնամքով ծալված սպիտակ տաք բլուզն ու գուլպաները։ Այս գյուղում, որտեղ տարվա կեսն անձրևում է, գրեթե բոլոր պատշգամբներում սև ու մոխրագույն ռետինե կոշիկներ են շարված (իսկ բարձրակրունկները, հավանաբար,  փոշոտվում են դարակներում): Այստեղ միշտ ուրախ են եկվորի տեսնել ու պահում են նրա բաժին գուլպան, մինչև գա։ Գյուղում  մի օտար մեքենայի «դռռոց» չկա, մի ավելորդ շարժ չկա։

Հանձն եմ առնում սուրճ դնելու գործը, տանտերերն ու Վահրամ պապը դառն են խմում։ Սուրճն այս տանն այլ ջերմություն ունի։ «Այս պահին Գյումրու ճանապարհին բախումներ են սկսվել երկու կողմերի միջև։ Ոստիկանությունը փորձում է բաժանել․․․»,- հաղորդում է ցուցարարների գլուխներն անբնական կերպով խոշորացնող լայնէկրան հեռուստացույցը։ Վահրամ պապը փոխում է ալիքը․ «Շուրիկի նոր արկածներն» են։ Խաղաղվում է, ուղղում բեղերն ու սկսում գովել  սովետական ֆիլմերը։

«Կոնկրետ ոչ մեկը չգիտի՝ որ թվին է հիմնադրվել գյուղը։ Գյուղի ներքևում եկեղեցի կա՝ Սուրբ Հռիփսիմեն, որի մուտքի հատվածում փորագրված է՝ 1866։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ են ընտանիքներ եկել այստեղ, հիմնականում՝ Շինուհայրից։ 1931 թվականին Զանգեզուրի երկրաշարժից հետո հին գյուղն ավերվել է, զոհեր են եղել։ Հետո նորը կառուցել են սարավանդի վրա»,- պատմում է տանտերը՝  նախկին գյուղապետ Օնիկ Ավագյանը։ 

Երկրաշարժի հետքերը տեսանելի են Քրատակի Սուրբ Մինաս եկեղեցու տարածքում․ շուրջբոլորը մեծ քարեր են, որոնք կարծես «իրենց-իրենց» եկել  ու շարվել են եկեղեցու կողքին՝ «Աստծո ուժով» այն պահելու։

Լեռան ծերպին տուն դրած բարձրավանցու հանդեպ բնությունը շռայլ է գտնվել․ Որոտան գետի ափին՝ գյուղից  մոտ 7 կմ հեռավորության վրա, չոռոգվող այգիներ են, որտեղ  առեղծվածային կերպով ամեն տարի նռան, թզի, խաղողի, հոնի, ընկույզի, զկեռի, մասուրի, սալորի ու վայրի տանձի առատ բերք է լինում։ Ձեռքդ մեկնի՛ր ու վայելի՛ր։ Ժենգյալով հացի համար կանաչեղենն այնքան շատ է լինում, որ տեղն իմացողը մեքենայով է քաղում-տանում։ 

Գետն էլ՝ ձկնառատ․ կարմրախայտ, կողակ, բեղլու ու տառեխ: Հենց բարձրավանցու ձեռքով է պատրաստվում նմանը չունեցող, ավանդական մանրաձկով հարիսան, որը գիշերը կաթսայով թողնում են թոնրի մեջ, իսկ առավոտյան ուտում՝ առանց մի փշի։ 

Վայրի կենդանիները «հսկում են» ձորը։ Ասում են՝ վերջին երկու տարում անկած կենդանիների վրա ուրիշ հետք կա․ կովկասյան ընձառյուծի գործն է։ Պատերազմից հետո տարածքում որսորդությունը դադարել է․․․

28 ընտանիք կա գյուղում, որոնցից վեցը ապրում ու աշխատում են մեծ քաղաքներում, երբեմն էլ հյուր գալիս Բարձրավան (այդ ամայությունը զգալի է հատկապես թաց եղանակին)։ Արցախից երկու ընտանիք են․ զրոյից կենցաղ են ստեղծել, երեխա են մեծացնում։ 

Գյուղը ծերանում է։ Օնիկ Ավագյանի խոսքով՝  արտադրանքն իրացնելու դժվարությունների պատճառով շատ երիտասարդներ են գաղթել։ Կար ժամանակ, որ  գյուղացու բերքը  մինչև վերջին կիլոգրամն ուղարկվում էր պաշտպանության նախարարություն։  Իսկ 2000-ականներին շուկա մտան սննդի ոլորտի խոշոր գործարարները։ «Մոտ 150 հեկտար վարելահող ունենք, ընդամենը 20-ն է մշակվում։ Ժողովուրդը հնձում է խոտն ու վերջ։ Գորիսի ճանապարհին ադրբեջանական ուղեկալի դրվելուց հետո քաղաքացին սկսեց մեզ անվճար հաց տալ։ Սա իմ ուղեղի մեջ չի տեղավորվում։ Էդ գյուղացի՛ն պիտի արտադրի, պետությունն էլ  նրան տեր կանգնի, արտոնություն տա»,- ասում է պարոն Օնիկը։ 

Խնդիրները շատ են՝ պարարտանյութ չկա, սերմացու գտնել հնարավոր չէ։ Այս տարի հավերի համար գարին գնել են կիլոգրամը 200-220 դրամով։ 

Տուրիզմը կարող է գյուղը ոտքի կանգնեցնել։ Տարիներ առաջ Տաթևի ճոպանուղին կառուցող իտալացի մասնագետները եկել էին գյուղ ու հիացել․ «Մինչև պատերազմը մի արտասահմանյան ներդրող ընկերության  համար քայլող տուրիստների երթուղիներ էի գծել՝  Գորիսի Լաստիխութ լեռից մինչև Խուստուփ։ Հին Խոտ, Որոտան ու Տաթև գյուղերով անցնող երեք երթուղի կար, որոնք հատվելու էին մեր գյուղում։ Մենք մեր հերթին վրանների տեղ էինք պատրաստելու, գյուղի վերևի փոքր լճում լինելու էր ձկնորսություն ու նավարկություն։ Պատերազմից հետո ամեն ինչ կանգնեց»։

Գյուղում երբեք մանկապարտեզ չէր եղել․ նախորդ տարի բնակիչներից մեկի տան սենյակը, որպես մանկապարտեզ, մաքրեցին ու կահավորեցին։  Հետո տնային մանկապարտեզը տեղափոխվեց գյուղապետարանի շենք։  Երեխաները հաճախում են ժամը 9-13:00։  Մահճակալներ կան, բայց նրանց քնել չի թույլատրվում, քանի որ խումբը լիարժեք չի համարվում, եթե սաները 10-ից պակաս են։ Մայրերի միակ մտահոգությունն է։ 

Տնակ-դպրոցը շատ հին է՝ 1930 թվականի։ Այն օրվանից, երբ փակվեց Գորիս-Որոտան ճանապարհի մի մասը, սահմանապահների «Ուրալ» մակնիշի մեքենան սկսեց այլընտրանքային ճանապարհով  Գորիսից ուսուցիչներին տեղափոխել Բարձրավան։ Նոր կառուցվող ճանապարհին հաճախ փլուզումներ են լինում, տեղաշարժը սահմանափակվում է։ Պարոն Օնիկն ասում է՝ հեռավոր 2000-ականներին «Զինապարտության մասին» օրենքը թույլ էր տալիս ազատել մասնագետներին ծառայությունից, փոխարենը նրանք դաս էին տալիս բարձրլեռնային դպրոցներում։  Ուսուցիչները մնում էին գյուղում, արտաժամյա պարապմունքներ կազմակերպում,  երեխաները շատ էին կապվում նրանց։ Հենց այդ տարիներին սակավամարդ գյուղից 12 աշակերտ բուհ ընդունվեց։ Այսօր շատ բան է փոխվել․․․

8 աշակերտ են, կոմպլեկտավորված դասարաններում են սովորում։ Մեկը կարդում է, մյուսը՝ գրում, երրորդը՝ գրատախտակին խնդիր լուծում։ Սովորել են իրար չխանգարել։ Այս սեպտեմբերին դպրոց գնաց երեք առաջին դասարանցի, տարեվերջին դպրոցին հրաժեշտ կտա միայն մեկ շրջանավարտ։ 

Գորիս տանող նոր ճանապարհին դեռ ասֆալտ չկա։ Գյուղի բնակչությանը կցել են Կապանի պոլիկլինիկային։ Տարեցներն այս որոշումից դժգոհ են․ Գորիսի պոլիկլինիկայի բժիշկների հետ հարազատացել էին, պատմում էին իրենց «դարդն ու ցավը»։ Կապանից շտապօգնության մեքենան գյուղ հասնում է 50 րոպեում։ Անհետաձգելի դեպքերում օգնության են դիմում տեղի փրկարարներին։


Անպատմելի հանդարտություն է քնել  անձրևից քրտնած, կիսաբաց պատուհանով սենյակում, մաքուր ու նորակար բրդե ներքնակին, երբ մեջքդ տարիներ շարունակ սովորել է գրասենյակային աթոռի չորությանը: 

Մեկնումից առաջ փոքրիկ կանգառ ունեմ՝ գյուղի 5 հարսներից մեկի՝ մանկապարտեզի դաստիարակչուհի Աննա Մարտիրոսյանի տանը։ Տիկին Թամարից մայրաքաղաքում հանդիպման խոստում եմ վերցնում, պայուսակիս մեջ տեղավորում իմ բաժին գուլպան ու հեռանում։ 

Աննայի տունը մոտ 300 մետր այն կողմ է, բայց արդեն մինչև ոսկորներս թաց եմ։ Մարիամն ու Վիկտորյան ոտաբոբիկ վազվզում են պատշգամբի բետոնի վրա։ Մինչ պուտավոր նարնջագույն թեյնիկում կեռա թեյը, Մարիամն ու ես այգուց կուժկոտրուկ ենք հավաքում ու խրում մեր մազերի մեջ։ Իմ գզգզված սանրվածքին այնքան էլ համահունչ չէ, իսկ իր ոսկեծամ վարսերին՝ ի՜սկը։  

— Ա՛ն, որ բարձրավանցի կինն ուզում է մի առիթի համար սիրունանալ, որտե՞ղ է վարսահարդարման կամ դիմահարդարման գնում։ 

— Դե, եթե ժամանակը ներում է, հիմնականում՝ Գորիս,- ասում է  Աննան ու համբերատարությամբ մտցնում անհանգիստ Մարիամի բարակ ձեռքը գունավոր ժակետի մեջ։ 

Ես ու Աննան մի տարիքի ենք, նույն բակային խաղերն ենք խաղացել։ Իր զավակներին էլ է սովորեցնում, միայն թե «Մեջմտոցիին» այսօր «Գոռոզնագոռոզ» են ասում։ 

Մասնագիտությամբ բուժքույր է, բայց մանկավարժի կոչումն է իրենը համարում։  Խնամված, մաքուր տետրի մեջ ուսումնական պլանն է՝ 

9:00-9:30` երեխաների ընդունում 

9:30` մարմնամարզություն

10-13:00` պարապմունք (խոսքի զարգացում, ծանոթություն շրջակա միջավայրին, երաժշտություն, նկարչություն, ապլիկացիա, ծեփագործություն,  ռազմահայրենասիրական դաստիրակություն․․․)

— Ա՛ն, իսկ ի՞նչ երազանքներ ունես։

— Մեր Սուրբ Մինաս եկեղեցու տարածքում կնոջ կուրծք հիշեցնող տեղ կա, այդտեղից աղբյուրներ են հորդում։ Ասում են՝ մի չբեր կին այդտեղ աղոթք է արել ու հղիացել: Ուզում եմ` մեր եկեղեցին վերանորոգված տեսնել, ուզում եմ՝ մեր ընտանիքները  շատ զավակներ ունենան․․․

Անի Անտոնյան
Լուսանկարների շարքը՝ այստեղ

No Comments

Leave a Reply