Ձյունը փակեց ճանապարհը։
Բուքը խառնել էր պատկերների իրականությունը՝ սարքել կապտամոխրագույն անդուր մի վիտրաժ։
Մարդիկ վազվզում էին քամու, կատաղած բքի միջով, պստիկները սայթաքում էին, ընկնում- ելնում, ձյունը դանդաղ իջնում էր մեր կիսաքանդ փողոցում, լցվում էր ակնաբիբերիս մեջ։
Մեռելի պես անթարթ աչքերով մեկնվել էի փողոցում՝ տաք ձյունե թավիշի վրա։
Ճերմակ, պստլո թիթեռները խաղաղ թափվում էին, սահելով կորչում ակնախոռոչիս մեջ։
Ծիածանաթաղանթս հանկարծ ծաղկեց գույների հրավառությունից։ Ձյունն արթնացրեց ակնաբիբերումս թմրած, մոռացված բոլոր երանգները, մանկության անուշ ու անհոգ երանգները։
— Ա՜խ,- ձյան մեջ փռված գոռացի ես,- էս ի՜նչ սիրուն է։
— Վայ, խելառ ա էս տղեն,- նկատելով մոտեցավ գեղեցկուհի հարևանուհիս՝ Լիդան։
— Կսառես, ա՛յ գժոտ,- կչկչալով բռնեց ձեռքս, որ վեր բարձրացնի։ Քաշեցի նրա թևից։ Չդիմադրեց։
Պառկեցինք սպիտակ, փափուկ, ջնջվող հավերժության մեջ։
Եվ նա ինձ մի պատմություն պատմեց: Էն սիրուն, մոռացվող պատմություններից, որտեղ պարտադիր մեկը մեռնում է, չմտապահեցի. մենակ հիշում եմ, որ վերջում ծիծաղեցինք բոլ։
Ձյունը շարունակեց փաթիլվել, մթի հետ ձուլվելով սև փաթիլները իջնում էին, օդում ինչ-որ չլսված մեղեդի կար, կրքոտ, անզուսպ մեղեդի, որ մերթ ձյան հետ համաչափ իջնում էր գլխներիս, մերթ՝ խլանում խտացող մշուշի մեջ։ Մեր կիպ գրկված մարմինները էնպես էին թմրել, որ շարժում անել չէինք կարողանում։ Հանձնվեցինք ձյանը, գոլորշանման երկու ստվեր ելավ մեր միջից, ու սկսեցինք վեր բարձրանալ ձյան հյուսած փոքրիկ աշտարակների վրայով։ Վերևում չորս երկինք բացվեց, չորս աստղ նշմարեցինք ու չորս ծով թաքնված՝ մշուշե անդունդների մեջ։
Անդունդները բացվեցին քամիներից զարնվող դռների պես, հապճեպ, վայրկյանական ու սկսեցին շղթայել մեծ, ահռելի կանաչ պլատֆորմը, որի մեջ ոլորապտույտ ու խաչաձև հատվում էին փրփրահոս օվկիանները, ջնջվող հրաշեկ կղզյակ-օազիսները։ Գիսաստղերը տրորվելով սահում ու իջնում էին մեր շուրջը։
Տիեզերական շղթան ասես պար բռնած լիներ անդունդների եզրին։ Թվում էր, այ-այ հիմա մեկը կգա ու կսեղմի անջատիչը ու էս անհավատալի ֆիլմ- երազը կամ տեսիլքը կավարտվի, բայց, արի ու տես, սա ոչ կինո էր, ոչ երազ, ոչ էլ տեսիլք։
Բերաններս բաց, աչքներս չռած նայում էինք դեռ։ Ձյունը հարթում էր կնճռոտ երկնակեղևը։
Ձյունը վանիլի պես քաղցրացավ մեր շուրթերին:
Լիդան մոռացավ իմ տարիքը, ես մոռացա, որ սիրելու փորձ չունեմ։
Եվ ձյունը չդադարեց, ձյունը սեր արեց մեզ հետ էդ գիշեր։
Աշտարակները դանդաղ իջան , օվկիանոսը փշրեց ալիքի վերջին վտակն ու կանգ առավ։ Ջուրը լռեց։ Գիսաստղերը հսկա ձնագնդերի պես մեծացան և կորան: Ամեն ինչ վերադարձավ ձանձրալի և ստանդարտ օրինաչափության ձևերին։
Չորս երկինք փակեցինք, չորս անդունդ կուլ տվեց պատրանքը երջանկության։
Չորս անգամ համբուրեցի Լիդայի շիկնած դեմքը, նուրբ պարանոցը։
Ձյունը դադարել էր, բայց ինչպես միշտ, ինչպես լինում է խելառ մարդկանց պարագայում, ինչ-որ մի բան պակասում էր ինձ, ինչ-որ մի բան չէր թողնում գնալ տուն։
No Comments