ՄարզաԴիտակ

Հայրենի բնաշխարհի գույները վերծանող նկարիչը

02.10.2023

Էրիկ Դավթյանը Կապանի Աշոտավան բանավանից է, մանկավարժների ընտանիքից: Նա ունի սկզբունք`  յուրաքանչյուր հայ պետք է արարի ու մնայուն արժեքներ թողնի հայրենիքին: Երկար տարիներ դասավանդել է Կապանի բժշկական քոլեջում: Ասում է, որ իր ուսանողներից մեկի ուղեկցությամբ այցելել է նկարչի արվեստանոց և հասկացել՝ ինչքան սրտամոտ է իրեն գեղանկարչությունը։ Արդեն երկար տարիներ է ինչ նա գեղանկարչության ոլորտում է։ Թեմաներն անսպառ են, իսկ կտավներն՝ անկրկնելի:


«Ես նկարում եմ հայրենիք, հայրենիքի գույները,  մարդկանց, ավանդույթները: Բնության ամեն մասնիկ հարազատ է ինձ, սիրում եմ դրանք և ձգտում պատկերել՝ ինչպես որ կան,- ասում է նկարիչն ու ավելացնում, որ նկարներն ունեն էներգիա, և ցանկացած  նկար պետք է պարուրված լինի դրական էներգիայով։- Անշուշտ միջավայրը, երկրում տիրող իրավիճակը կարող են ազդեցություն թողնել յուրաքանչյուր մարդու տրամադրության վրա, սակայն նկարելիս ամբողջությամբ տարերքի մեջ եմ լինում ու փորձում եմ աշխատանքիս միջոցով մարդկանց միայն  գեղեցիկն ու բարին փոխացնել»։

Էրիկը  բնավորությամբ խաղաղ ու քչախոս է, սակայն երբ սկսում է խոսել իր նկարների մասին, ոգևորությանը սահման չի լինում:

Էրիկը սովորություն ունի արվեստանոցի հյուրերին իր նկարներից  նվիրելու, ասում է, որ այդ կերպ  նրանց է տալիս իր ստեղծածը, իր մասնիկն ու իր ուժը ու հաճույք է ստանում տեսնելով նրանց գոհունակ դեմքերը: Հյուրերի թվում քիչ չեն նաև օտարերկրացիները։

Երիտասարդ նկարիչը տիրապետում է նաև համակարգչային գրաֆիկական ծրագրերի, զուգահեռ զբաղվում է դիզայներական աշխատանքներով, որոնք օգնում են նրան գուների հետ ավելի ճիշտ աշխատել:
Նրա երազանքն է հայրենի բնաշխարհի գույները վերծանող նկարիչ դառնալ ու աշխարհին ներկայացնել հայկական ներկապնակը:

Իսկ ներկայումս փորձում է բազմաժանր, հետաքրքիր, գունագեղ ներկայանալ հանրությանը: Խոսքն առաջիկա ցուցահանդեսների մասին է:

Անի Ստեփանյան

No Comments

Leave a Reply