Կինո Սիրանույշ Գալստյան

Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» ֆիլմը

13.02.2024

Ժամանակի համատեքստն ու վերժամանակայինը

1937 թվականին ողջ խորհրդային տարածքում, իհարկե նաև` Հայաստանում, բռնաճնշումների զոհ դարձան մեծաթիվ երևելի մտավորականներ, այդ թվում` կինոգործիչներ, որոնք իբրև «ժողովրդի թշնամիներ» գնդակահարվեցին կամ հայտնվեցին մահվան ճամբարներում: Այսպես, քաղաքական զրպարտության զոհ դարձան Դանիել Դզնունին` Բեկնազարյանի ընկերը և աջ ձեռքը հայ կինոյի հիմնադրման ու կայացման գործում, և ռեժիսոր Ամասի Մարտիրոսյանը, որոնք մի քանի տարի բանտերում անցկացնելուց հետո վերադարձան քայքայված առողջությամբ: Մեծանուն գրող Ակսել Բակունցը, որ ռեժիսորի առաջարկությամբ սկսել էր աշխատել նրա հաջորդ` «Զանգեզուր» ֆիլմի սցենարի վրա, եղերական վախճան ունեցավ: Թերևս հրաշքով միայն չձերբակալվեց իր կինոկարիերայի գագաթին գտնվող Բեկնազարյանը, որ արդեն մեծ հեղինակություն էր խորհրդային ողջ կինոհամակարգում:

* * *

«Զանգեզուրը» քաղաքացիական պատերազմի` դաշնակցականների իշխանության վերջին օրերի և խորհրդային կարգերի հաստատման մասին «պատմահեղափոխական» կոչված ֆիլմերից պիտի լիներ, որպիսիք գաղափարախոսական պարտադրանքով նկարահանվում էին խորհրդային դարաշրջանում բավական մեծ քանակությամբ: Ազգային կինոյի գլուխգործոց համարվող «Պեպոյից» հետո, որը Ստալինի կարծիքով, «հին Թիֆլիսի կենցաղը և բարքերը հիանալի էր փոխանցում, սակայն հանդիսատեսին ոչ մի գաղափարական-քաղաքական լիցք չէր հաղորդում, քանի որ չէր շոշափում արդիականության հրատապ խնդիրներից և ոչ մեկը»[1], Բեկնազարյանի առաջ դրվում է այդպիսի կինոնկար բեմադրելու խնդիր: Քանի որ ապագա ֆիլմի գործողությունները ծավալվում էին Զանգեզուրում, իսկ տաղանդավոր գրող Բակունցը ծննդով այդտեղից էր, հենց նրան է առաջարկվում գրել սցենարը: Նպատակ կար ֆիլմը նկարահանելու մինչև 1937 թ. նոյեմբերը, հեղափոխոխության 20-ամյակի առթիվ: Սակայն աշխատանքները բավական երկար են տևում: Փորձենք վերականգնել դեպքերի ընթացքը:

Դզնունու վկայությամբ` Բակունցը «աչքի առաջ ուներ Զանգեզուրի ռեալ մարդկանց… Նա հաճախ էր գալիս «Հայկինո»` բերելով իր ստեղծած որևէ էպիզոդ կամ տեսարան, կարդում, վեճի էր բռնվում առանձին կինոաշխատողների հետ և, խորամուխ լինելով իր ձեռքի տակ եղած հարուստ նյութի և իրական դեպքերի մեջ, ստեղծում նորանոր կերպարներ, պատկերում հերոսամարտի առանձին դրվագներ: Եվ երբ սցենարը ամբողջովին պատրաստ էր, այն ենթարկվեց կինոաշխատողների բազմակողմանի քննարկմանը և արժանացավ ընդհանուրի բարձր գնահատականին: ՀԿՊ կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանի բնակարանում հեղինակը կարդաց իր սցենարը հրավիրված պատասխանատու ընկերների շրջանում: Սցենարը այստեղ ևս դրական գնահատական ստացավ և միաժամանակ արվեցին որոշ ուղղումներ, որոնցով և զբաղվեց Բակունցը հետագա ամիսներին և ապա մեկնեց Մոսկվա, որպեսզի սցենարի վերջնական մշակմանը մասնակցի նաև ֆիլմի բեմադրող ռեժիսյորը` Հ. Բեկնազարյանը: Այդ համագործակցությունը սակայն դեպքերի բերումով շուտով կասեցվեց և «Զանգեզուր» ֆիլմի սցենարի նոր տարբերակի ստեղծումը հանձնվեց Հ. Բեկնազարյանին, Յա. Դուկորին և Վ. Սոլովյովին»[2]:

Բեկնազարյանն իր հուշերում գրում է. «…Ես բազմիցս ցանկություն էի հայտնել ծանոթանալու այդ լիբրետոյին, բայց ամեն անգամ Բակունցը պատասխանում էր, որ շուտով այն կհաստատվի, և դրանից հետո մենք անմիջապես կսկսենք աշխատանքը սցենարի վրա: Մենք այդպես էլ չտեսանք այդ հաստատումը»[3]:

Սարսափելի վախերի և իրադարձությունների շրջան էր: Որոշ ժամանակ անց նրանց է հասնում Աղասի Խանջյանի մահվան գույժը: Կյանքի վերջին տարիներին է միայն Բեկնազարյանն իմացել, որ Խանջյանի ողբերգական վախճանը Բերիայի ձեռքի գործն էր: Իսկ այն օրերին` այդ եղերական դեպքից որոշ ժամանակ անց, երբ Բեկնազարյանը մեկնում է Մոսկվա, Բակունցի հետ պայմանավորված է լինում, որ սցենարի լիբրետոն հաստատվելուն պես նա նույնպես կթռչի Մոսկվա: Մոտ երկու շաբաթ հետո Բակունցը հեռաձայնում է: Բեկնազարյանին շատ է ուրախացնում նրա զանգը, սակայն վերջինս տատանվելով է պատասխանում այն հարցին, թե լիբրետոն հավանությա՞ն է արժանացել, ամեն ինչ կարգի՞ն է… Նա ասում է, որ ամեն ինչ կբացատրի հանդիպելիս: Բեկնազարյանը սպասում է: Սակայն հանդիպումն այդպես էլ չի կայանում: Գրողի փոխարեն հանդիպատեղի են եկած լինում երեք անձինք` սև մեքենայով… Նրանք նախ Բեկնազարյանին են դնում Բակունցի տեղը, այնուհետև` սկսում հարցուփորձ անել, թե որտեղ է նա: Մեկ շաբաթից ծանուցագրով կանչում են Լյուբլյանկա` հարցաքննության, որի ընթացքում ռեժիսորից փորձում են կորզել տեղեկություն այն մասին, թե իբր այդ սցենարում Բակունցը մտադիր էր արդարացնել, նույնիսկ մեծարել դաշնակցականներին[4]

Փաստորեն, հակաբակունցյան թեժ պայքար է ծավալված եղել, որն առանց մատնությունների հազիվ թե հնարավոր լիներ: Եվ ավաղ, այն ավարտվել է մեծ գրողի վախճանով, որի մանրամասներն անհայտ են մնացել:

«Մեր օրերի քննադատ-տեսաբանները հազիվ թե կարողանան հասկանալ Բեկնազարյանի տագնապը, որ նա ապրեց Բակունցից անակնկալ կերպով զրկվելիս… Թե ի՞նչ է նշանակում այդ` ստեղծագործական, կազմակերպչական, ֆինանսական, հոգեբանական տեսակետից, ամեն մեկն առանձին վերցրած, բոլորը միասին մի հանգույցում, աննկարագրելի է Համո Բեկնազարյանի արիությունը չափելու համար»,- գրել է գրականագետ Արշալույս Արշարունին[5]:

Վերադառնալով Հայաստան` Բեկնազարյանը մեկնում է Զանգեզուր` նյութեր հավաքելու իրեն հետաքրքրող մարդկանց և իրադարձությունների, հատկապես` դաշնակցականների դեմ ուղղված պարտիզանական շարժման մասին: «Աշխատանքը հաջողությամբ էր ընթանում: Նրանում մենք կարծես փրկություն էինք գտնում ժամանակի ողբերգական կոնֆլիկտներից, այն տանջող հակասություններից, որոնց հանդիպում էինք յուրաքանչյուր քայլափոխին…»[6]:

Ֆիլմի նկարահանումները տեղի էին ունենում Սյունիքում և Գառնիի ձորում: Այդ հիանալի տեղանքները, հմուտ բեմադրման և մոնտաժի արդյունքում, էկրանին ընկալվում են որպես մեկ միասնական տարածություն: Յուրաքանչյուր ժայռ ասես ձեռակերտ քանդակ լինի, իր ուրույն դեմքն ունի. այստեղ անձնավորված է բնապատկերը: Սրածայր գագաթների, կիրճերի ու ջրվեժների տեսարանները կարծես հայոց բնաշխարհի սրտագրություն լինեն: Իսկ մարտական տեսարաններում կադրերի կոմպոզիցիան այնպիսին է, որ ժողովուրդը և լեռնային բնապատկերը միաձույլ են պատկերված: Այդ սկզբունքով են հղացված և բեմադրված զանգվածային տեսարանները, զորաշարժը: Օպերատորներն են Գարուշ Բեկնազարյանը և Իվան Դիլդարյանը: Ֆիլմի նկարիչներն են Սարգիս Սաֆարյանը և Միքայել Արուտչյանը:

Ֆիլմի գլխավոր հերոսի` Հակոբյանի նախատիպը լրագրող, բոլշևիկ հեղափոխական Հակոբ Կամարին է, որի անունով էլ հետագայում կոչվել է Արցախի Մարտակերտի շրջանի այն գյուղը, որտեղ նա ծնվել էր: 1920-1921 թթ. Կամարին կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել Զանգեզուրում և Լեռնային Ղարաբաղում: Կամային ուժեղ հատկանիշներով աչքի ընկնող այս անձնավորությանը մարմնավորել է Հրաչյա Ներսիսյանը: Հակոբյանն ուղարկվել է Զանգեզուր` պայքարելու Լեռնահայաստանում ամրացած դաշնակցականների և նրանց համակրող բրիտանացիների դեմ:

Նկար 3

Կադր՝ «Զանգեզուր» ֆիմից, կադրում՝ Գ. Գաբրիելյան, Հ. Ներսիսյան, Դ. Մալյան

Նրա հակառակորդի` Սպարապետի դերը խաղացել է Ավետ Ավետիսյանը: Այս կերպարի նախատիպը մեր ազգային հերոսն էր` Գարեգին Նժդեհը: Հաշվի առնելով, թե ինչ ժամանակներում է նկարահանվել ֆիլմը, հազիվ թե հնարավոր լիներ այլ կերպ ներկայացնել նրան: Հետաքրքրական է, որ «Խորհրդային կինոյի հակիրճ պատմությունը» գրքում հատկապես բարձր գնահատականի է արժանացել այս հերոսի ավետիսյանական մարմնավորումը. «Դերասան Ա. Ավետիսյանը գերազանց է փոխանցում դաշնակ Սպարապետի (հայերեն «սպարապետ» բառը նշանակում է «մեծ զորավար») խելքը և ատելությունը: Մեր առջև մեծ կրքերով, կայացած համոզմունքներով լիարյուն խառնվածքով մարդ է»[7]: Այստեղ նկատվել և նշվել են նաև ստեղծագործական այն հատկանիշները, որ առկա են Բեկնազարյանի գրեթե բոլոր գործերում. «Ֆիլմն ըստ ժանրի էպիկական է, բայց Բեկնազարյանին հատկապես հաջողվել են այն տեսարանները, որտեղ առաջին պլանում հանդես է գալիս կենցաղը, և որտեղ կա լիրիկա ու երգիծանք: Այդպիսին են եկեղեցում նկարված տեսարանները, ինչպես նաև պարտիզանական ջոկատի հրամանատարի` Մակիչի հանդիպումը մոր հետ»[8]:

Այս դերերը հուզական մեծ հավաստիությամբ խաղացել են Հասմիկը և Դավիթ Մալյանը: Ֆիլմում նկարահանվել են նաև Գուրգեն Ջանիբեկյանը, Գուրգեն Գաբրիելյանը, Գրիգոր Ավետյանը, Միքայել Գարագաշը, Ամասի Մարտիրոսյանը, Արամ Ամիրբեկյանը, Ցոլակ Ամերիկյանը, Մուրադ Կոստանյանը, Գեղամ Հարությունյանը, Բելլա Իսահակյանը, Նինա Ալթունյանը, Անդրեյ Կոստրիչկինը, Իվան Չուվելևը և ուրիշներ:

Հանճարեղ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ֆիլմի երաժշտությունը գրելիս հենվել է ժողովրդական երգերի վրա` դրանք հմտորեն զուգակցելով սիմֆոնիկ պարտիտուրի հետ: Իսկ ֆիլմի ավարտին աշուղի կատարմամբ` «Ելե՛ք քաջեր դուք հայկազուն, որ միշտ ծաղկի մեր հողը հին…» երգը, որ վերածվում է հաղթական քայլերգի, անկախ այն համատեքստից, որում հնչում է, մինչ օրս էլ ուժեղ հուզական ազդեցություն է թողնում: Հավելենք, որ առհասարակ ֆիլմում հնչող երաժշտությունն այստեղ ոչ թե հակադրում, պառակտում է քաղաքական իրադարձությունների ֆոնին միմյանց դեմ ելած նույն ազգի ներկայացուցիչներին, այլ հակառակը, հոգեպես, կարելի է ասել, միավորում է նրանց: Չէ՞ որ նույն ազգի զավակներն են նրանք. երկու կողմերի համար էլ հարազատ են ժողովրդական երգերն ու պարերը: Այս հայեցակարգի բարձրակետը, անշուշտ, Արմենի պարն է ժայռի գագաթին: Այս հերոսին իր համոզիչ խաղով կերպավորել է այն ժամանակ երիտասարդ Գուրգեն Գաբրիելյանը:

Դաշնակցականների գրոհի ժամանակ նրանցից մեկը ճանաչում է իր համագյուղացուն և, կրակելու փոխարեն «Ջա՛ն, Արմե՛ն ջան» գոչելով` սկսում է պարեղանակի ռիթմին համահունչ ուրախ-ուրախ ծափ տալ: Վերջինիս միանում են զենքը մի կողմ դնող դաշնակցական այլ զինվորականներ, որոնցից մեկը վերադասի կողմից գնդակահարվում է այդ պատճառով…

Չնայած կերպարների և իրադարձությունների պատկերման ընդգծված միակողմանիությանը, ֆիլմում առկա է ևս մի դրվագ, որ վերոհիշյալ տեսարանի շարունակությունն է: Նույն զինվորը, որ ճանաչել էր Արմենին և ոգևորված ծափ տվել` տեսնելով նրա կենսախինդ պարը, դրան հաջորդած կրակոցների տակ ծվարում է ժայռաբեկորների արանքում ու բարձրաձայն խորհրդածում. «Թե որ ներքև գնամ` մերոնց վրա եմ կրակելու, թե որ վերև գնամ` էլի պիտի մերոնց վրա կրակեմ… Ո՞նց անեմ…»: Այս դրվագը, նախորդի հետ միասին, հիրավի վերժամանակային արժեք ունի, քանի որ արտահայտում է քաղաքացիական հակամարտության ողջ դրամատիզմն ու ողբերգականությունը:

Ըստ Դզնունու վերոհիշյալ վկայության` սցենարի՝ Բակունցի տարբերակը չի պահպանվել, այլապես այն կարող էր իր արժանի տեղը գրավել գրողի երկերի ժողովածուում, մանավանդ որ վերջինս հայ կինոյի համար սցենար գրելը համարում էր մեր գրողների, և առաջին հերթին, իր պարտականությունը: Ֆիլմի լուսագրերում, իհարկե, գրված չէ Ակսել Բակունցի անունը, սակայն ֆիլմի սցենարի նոր տարբերակում պահպանվել են որոշ էպիզոդներ (Սպարապետի օրհնությունը և եկեղեցում թռուցիկներ տարածելը, Մակիչի և իր մոր մասնակցությամբ տեսարանները, պարտիզաններին վերաբերող հատվածները, ռազմական գործողությունները, սպիտակ սավաններով քողարկված «հանդի» միջով առաջ շարժվող զինվորները), որոշ էպիզոդներ հանվել են և մի շարք ուրիշներ են ավելացվել (բանտի տեսարաններ, Սամվելի դավաճանությունը, ֆիլմի ֆինալը և այլն):

Բեկնազարյանի «Զանգեզուր» կինոնկարն էկրան բարձրացավ 1938 թվականին (հարակից ռեժ.` Յակով Դուկոր):       

Սիրանույշ Գալստյան


[1] А. Бек-Назаров. Записки…, էջ 200:

[2] Դ. Դզնունի, Ակսել Բակունցի գրած սցենարները… https://kinoashkharh.am/2023/04/aksel-bakunc-scenarner-hay-kino/

[3] А. Бек-Назаров. Записки…, էջ 201:

[4] Նույն տեղում:

[5] Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին, էջ 107-108:

[6] А. Бек-Назаров. Записки…, էջ. 204:

[7] Краткая история советского кино (1917-1967), общая редакция В. Ждана, ВГИК, М., 1969, էջ 226:

[8] Նույն տեղում:

No Comments

Leave a Reply