Սկիզբը՝ այստեղ
Մաս 4
Էս ի՜նչ կարգին տեղ է եղել բանտը
***
Մենք դժբախտների ընտանիք ենք: Բայց ցավն էն է, որ բոլորս էլ երջանիկ լինելու արժանի ենք: Ամենաշատը՝ դու, Մարո: Դու իսկապես մեծ հոգի ունես, իմ ճանաչած կանանցից ամենաանմեղն ես, ամենահոգատարը, բայց քո բախտը չի բերել հենց սկզբից: Ես մեղավոր չեմ, որ էդպես է դասավորվել մեր կյանքը: Մեր անհաշտությունն իր պատճառներն ուներ, որոնց մասին դու ոչինչ չգիտես:
Երբ Սաթենը, մի քանի օրական Հրայրին գրկած, հեռացավ մեր տանից, հասկացա, որ ինքս էլ չունեմ էդ տանը մնալու բարոյական իրավունք: Չգիտեմ էլ՝ ոնց խելքիս փչեց ոչ թե Ռուսաստան կամ մի այլ ապահով երկիր գնալ, ինչպես էդ օրերին անում էին շատերը, այլ գալ Արցախ՝ կրակի բերան: Երևի մահ էի փնտրում՝ ինքս ինձ էլ չխոստովանելով: Ու հիմա, երբ առավոտից երեկո հայրենիքի համար կռվող զինվորականներն ու արցախցի ծանոթներս ինձ գովում-ամպերին են հասցնում, հավատա, շատ եմ ամաչում: Ախր, ես էն քո գրքերում ասված «մահ իմացեալ»-ի զինվորը չեմ, ես ընդամենը փոքրոգի կենդանի եմ, որ փախել էր Արցախ՝ գլուխն ազատելու ձեզանից:
Բայց էս ամենը՝ հեչ: Գլխավոր ասելիքս ուրիշ է: Մենակ Սաթենը գիտի դրա մասին: Մի օր, երբ Ելենն արդեն հղի էր, քեֆս լավ գնացի քրոջս մոտ ու պատմեցի ամեն ինչ, բայց նա սրբապատկերի առաջ երդվել է՝ քեզ ոչինչ չասել: Ուրեմն, ինքս կգամ- կասեմ:
Մի անգամ քայլում էի փողոցով, մի փերի էր գալիս դիմացից: Էդ տեսակ գեղեցկություն, էդ տեսակ ճաշակով հագուկապ տեսած չկայի: Նայեցի, ու սիրտս խփեց: «Աստվա՜ծ ջան, երանի էս աղջկա մի մազն ինձ պատկանի»,- աղաչեցի անհույս:
Բայց ես՝ ո՜ւր, նա՝ ո՜ւր: Ո՛չ արտաքինս էր ձգում, ո՛չ տարիքս, ո՛չ դիրքս:
Հետևից թաքուն գնացի, հասա Մշակույթի տուն, դռնապանից հարցրի՝ ո՞վ է:
-Շողիկը՝ մեր պարի դասատուն,- ասաց:
Քուն ու դադար կորցրել էի, երկու տարի պահակություն էի անում Մշակույթի տան դռներին, բայց իմ անդավաճան իրատեսությունը հետ էր պահում էդ գեղեցկուհուն մոտենալու քայլից:
Տանն էլ առավոտից երեկո ինձ՝ իրենց միակ որդուն ամուսնացնելու թեման էր: Ու հայրս մի օր ուղղակի ասաց.
-Պիտի գնանք մեր գրադարանավարուհի Մարոյին ուզելու: Իսկական տան աղջիկ է՝ խելացի, համեստ, մեծին հարգող: Ինձ էդպիսի հարս է պետք:
Ինձ համար միևնույն էր, թե ում կուզեն, որովհետև ոչ մեկը չէր երևում աչքիս, տեսածս փերուց բացի: Մի քանի անգամ եկա մոտդ՝ իբր գիրք վերցնելու, հասկացա, որ ներսումս ոչինչ չի շարժվում քո հանդեպ, բայց չհակադրվեցի հորս կամքին: Ի՞նչ տարբերություն, թե ով է չսիրածդ կինը:
Մեր նշանդրեքի օրը տեսա Շողիկին ու քարացա:
-Էն աղջիկն ո՞վ է,- հարցրի:
-Փոքր քույրս է՝ Շողիկը,- հպարտ-հպարտ պատասխանեցիր:
Ես ինձ աշխարհի ամենադժբախտն զգացի էդ պահին: Նրան տեսնելն ու դիմանալը վեր էր իմ ուժերից: Ուստի, հորինեցի Երևանում լավ աշխատանքի առաջարկ ունենալու սուտն ու ամուսնությունից մեկ շաբաթ անց քեզ հետ տեղափոխվեցի Երևան՝ չնայած հորս կատաղությանը, մորս ու Սաթենի թնկթնկոցին: Գործարանի ճաշարանի վարիչի աշխատանքն էլ գտա շատ պատահաբար, ու դա դարձավ ճակատագիր:
Մի քանի անգամ Շողիկը հյուր եկավ մեր վարձու բնակարան, ես ինչ-որ պատրվակով թողեցի-փախա տանից: Նրա այցելություններից հետո կոպտում էի քեզ, Մարո, դատարկ բանից կռիվ սարքում: Դու՝ միշտ զուսպ, համբերող, փորձել ես հասկանալ պատճառը, բացատրվել, բայց ես փակել եմ բերանդ: Ինձ վախեցնում էին ոչ միայն Շողիկի հանդեպ զգացմուքներս, այլև ձեր երկուսի փոխադարձ ջերմությունը, կապվածությունը: Դժվար էր ձեզ իրարից բաժանել, բայց և չէր կարելի թույլ տալ, որ Շողիկը հաճախ մեր տուն գա, այդքան մոտ լինի ինձ: Ես վստահ չէի իմ ուժերին: Չեմ հասկանաում՝ ինչի են տղամարդիկ համարվում ուժեղ սեռ, իրականում մենք թույլ ենք, հատկապես՝ մեզ դուր եկած կանանց առաջ: Մեկ-մեկ մտքովս անցնում էր թողնել-փախչել Ռուսաստան, քեզնից էլ, Շողիկից էլ հեռու լինել: Բայց ես ծնողներիս միակ զավակն էի, իրավունք չունեի նրանց լքելու, մանավանդ որ երկուսն էլ ծեր էին, հիվանդ ու իրար հետևից մահացան մեր ամուսնությունից մեկ-երկու տարի անց: Երբ իմացա, որ հղի ես, դա ընդունեցի իբրև ցմահ դատավճիռ: Մնում էր լուծել Շողիկին իմ կյանքից ջնջնելու հարցը: Եվ ես հորինեցիր քեզ էդքան մեծ ցավ պատճառած սուտը:
-Ճաշարանի համար մթերք գնելու ամբողջ փողն անհետացել է գրպանիցս: Քրոջիցդ բացի, ո՞վ է եկել մեր տուն,- հարցրի Շողիկի հերթական այցից հետո՝ շատ լավ իմանալով, որ ոչ ոք էլ չի եկել:
Էդ էր ու էդ. Շողիկի մուտքն արգելվեց իմ տուն: Դու դա համարեցիր մեծ անձնական վիրավորանք ու ողբերգություն, բայց ես անդրդրվելի էի: Ինքնապաշտպանական բնազդս այլ բան չէր հուշել էդ պահին: Դե, էդ բնազդն ինձ միշտ աննորմալ բաներ է հուշում, ինչպես Ելենի հղիանալուց կամ Հրայրի հայտնվելուց հետո: Չեմ կասկածում՝ տեղյակ ես, որ որոշել էի քեզ ու Գարոյին լքել, հեռանալ էդ անպատկառի ու մեր երեխայի հետ: Բայց պիտի իմանաս, որ ո՛չ քեզնից էի փախչում, ո՛չ էլ Գարոյից: Ես Ելենին երբեք չեմ սիրել և երբեք չեմ մտածել, որ ընկերոջս ինձ նման սրիկայի հետ դավաճանող էդ լիրբը կարող է հղիանալ: Ախր, նա չբեր էր, ո՞ւմ մտքով կանցներ: Բայց երբ իմացա, որ իմ երեխային է սպասում, ու երբ Ռուբենն էլ մահացավ, հասկացա, որ պիտի լինեմ էդ երեխայի կողքին: Գարոն քեզ նման մայր ուներ, իսկ Ելենից՝ ի՞նչ մայր: Չէր կարելի նրա հույսին երեխա թողնել: Էնպես որ, Մարո, մտքովդ չանցնի, թե քո գինը չգիտեմ կամ թե հեռանալով՝ պիտի ձեռքերս լվանայի քեզնից ու Գարոյից:
***
Գարո՛, ա՛յ անբան, հետդ շատ լուրջ պիտի խոսեմ:
Մանկությունից երես տվեցի, դրա համար էլ դատարկապորտ ու աննպատակ մեծացար: Թեկուզ շատ ուշ է, բայց կփորձեմ խելքի բերել քեզ: Մարոյի նման մորը լքել, կորել ես ռուսաստաններում: Սանձերդ քաշել է պետք: Հրայրից խրտնում էիր: Մի տես՝ ինչ տղա է դարձել: Փաստորեն, իմ ունեցած-չունեցած ընտանիքի երեսը պարզ անողը հենց Հրայրն է, որին երբեք հարազատություն ցույց չենք տվել ո՛չ ես, ո՛չ դու: Ես կերպարվեստից բան չեմ հասկանում, բայց հասկացողները Հրայրով հիանում են, գովում ու մեծարում: Իսկ որ կարող էր նաև կռվի դաշտում գովական լինել, հեչ մտքովս չէր անցնի: Քո մասին է, որ մինչև էսօր մեկից մի դրական բան չլսեցինք: Դպրոցից սկսած՝ ուր մտար, խայտառակեցիր մեզ: Հիմա էլ, մարդ չի հասկանում, թե ինչով ես զբաղված: Ուրիշները Ռուսաստանից են փող ուղարկում, ընտանիք պահում, քեզ՝ մենք ենք ուղարկում: Իհարկե, քո փողն ինձ պետք չէ: Բայց դու գոնե տեղյա՞կ ես, որ ծնողներիդ, մերձավորներիդ, հատկապես՝ մորդ առաջ պարտավորություններ ունես: Գուցե մի կերպ գլխի՞ ընկնես, մտածե՞ս էս ամենի մասին: Թե՞ դա քեզ անծանոթ թեմա է: Հրայրը Սաթենի համար, և ինչո՞ւ միայն՝ Սաթենի, ավելի լավ զավակ է, քան դու՝ իմ ու Մարոյի:
***
Սաթեն, միշտ չնկատված, ոչ մեկիցս ոչինչ չպահանջած քույրս: Քեզ համար ո՞վ էր ինչ արել, որ դու բոլորիս բեռն ուսերիդ առար: Անգամ էն մկան ծակ սենյակդ սեփականացնելուց պայման էի դրել, որ հետագայում կտակես Գարոյին: Ո՜նց եմ ամաչում հիմա դրա ու էլի շատ բաների համար: Դու կարող էիր մեր հոր սարքած երկու հարկանի սիրուն տանն ապրել մինչև էսօր, կարող էիր թույլ չտալ, որ ես էդ տունը ծախեմ-քոռուփուչ անեմ, բայց լռեցիր, թաքցրիր վիրավորանքդ ու իմ տանը մի քանի ամիս ընդամենը դիմացար: Բա ես մա՞րդ եմ: Քեզ քո տնից զրկեցի, բերեցի-գցեցի Երևանի հանրակացարանները: Հայրս ի՞նչ կասեր, թե որ ողջ լիներ: Ես անառակ զավակի պես ուրացա նրա վաստակն ու քեզ դարձրի թշվառ հանրակացարանցի: Էդքանից հետո դու Հրայրի համար արեցիր էն ամենը, որ չէինք կարողանալու ես, Մարոն, Գարոն, ամբողջ աշխարհը՝ միասին վերցրած:
***
Ելեն, քո անունը տալ էլ չարժի: Քո ուզածը մենակ փողն էր: Քեզ համար երեխան տղամարդ կապելու գործիք էր ընդամենը, ուրիշ ոչինչ: Ռուբենին էլ, ինձ էլ դրա համար էիր պահում:
Երևան տեղափոխվելուց հետո մի քանի ամիս էիր աշխատել ու հայտարարել, որ քեզ վայել չէ ինչ-որ գործարանում բանվորուհի լինելը: Ամբողջ օրը պարապ-սարապ լեզվիդ էիր տալիս ու Վարսիկի դռները չափում: Մի օր հարցրի՝ ինչի՞ չես աշխատում:
-Ինչի՞ պիտի աշխատեմ,- ասացիր,- թող էշերս բերեն, ես ուտեմ:
Էդ ժամանակ չհասկացա, թե էշերն ովքեր են, հետո գլխի ընկա, որ դրանցից մեկը ես եմ:
Հուսամ՝ գիտեիր, որ քո հանդեպ որևէ զգացմունք չունեի: Չգիտեմ էլ՝ ոնց ստացվեց, որ կապվեցի հետդ: Երևի էդ թուղթուգիր ասվածն իսկապես գործում է, իսկ կախարդ Վարսիկը դրա վարպետն էր, դու էլ՝ նրա մշտական հաճախորդը: Ինչ ասեմ, պարզ աքլորություն էր. ընկերոջս կինը բոզ է, ես էլ օգտվում եմ, մեկ է՝ նա Ռուբենին երբեք չի սիրել ու նրա համար կարգին կին չի եղել, ընդամենը ուզեցել է փախչել գյուղից ու ազատվել մանկատանը բռնաբարվածի համբավից: Քանի՜ անգամ եմ Ռուբենին ասել, որ թքի ու հեռանա Երևանից, գնա Սոչի, հայրություն անի որդուն: Ռուբենն ապրում էր էդ երեխայով, իսկ դու ամեն ինչ անում էիր՝ նրա գոյությունը ընկերոջս կյանքից ջնջելու համար: Ռուբենը լավ էլ գիտեր քո խաղերի մասին, բայց թքած ուներ: Սպասում էր՝ որդին չափահաս դառնա, գա Երևան, ապրի իր հետ: Կարծում եմ՝ մեր կապի մասին էլ գիտեր, բայց ցույց չէր տալիս: Մինչև մահանալն էլ հետս նորմալ շփվում էր, քեն չկար մեջը: Գոնե ինձ էդպես էր թվում: Դրա համար էլ, երբ առաջարկեցիր լքել նրան մահվան մահճում, ես կատաղեցի ու հայտարարեցի, որ Ռուբենի կողքին պիտի մնաս մինչև նրա վերջին շունչը: Իսկ հետո կհեռանանք Երևանից, որպեսզի ասեկոսեների մեջ չմեծանա իմ երեխան:
***
Հա՛, Հրայր, ես միայն հանուն քեզ էի հեռանալու իմ ընտանիքից: Դեռ չծնված՝ դու մեծ պատասխանատվության տակ էիր դրել ինձ: Ես տագնապով էի սպասում քո աշխարհ գալուն:
Երբ Ելենի մահվան լուրն իմացա, որոշեցի, որ կգնամ ծննդատուն, կասեմ մահացած ընկերոջս երեխան է, կորդեգրեմ, բայց կխնդրեմ մեկ-երկու տարի պահել մանկատանը, մինչև մի քիչ մեծանա, ու ինքս կարողանամ խնամել: Մարոն խախտեց բոլոր ծրագրերս: Չգիտեմ էլ՝ ծնվելուցդ մեկ օր անց քեզ իմ տուն բերելը խելամի՞տ քայլ էր, թե՞ ոչ. որոշողը Մարոն էր, ու նա էդպես էր որոշել: Թեկուզ երբեք քեզ չի խնամել, քո հոգսը չի քաշել, բայց ի վերջո, նրա շնորհիվ ես դու մտել իմ կյանք ու դարձել մեր ընտանիքի անդամը:
Է՜հ, էս ինչքա՜ն բան կա ասելու: Թող մի էս պատերազմը վերջանա… մեր տղերքը հաղթեն… Կգամ տուն, քարը փեշիցս կթափեմ, բոլորիդ իրար գլխի կհավաքեմ ու սիրտս կդատարկեմ, որովհետև արդեն երեսունհինգ տարի պայթում է լռությունից:
***
Հրամանատարը երեք օր անց իմացել էր պատահածի մասին ու կատաղած զանգել բանտապետին:
-Եթե Գևորգը էսօր դրսում չեղավ, կգամ իմ ձեռքով քեզ քո բանտում կփակեմ,- գոռացել ու մի թունդ հայհոյել էր:
Երբ առավոտյան Երևան էին ճողոպրել նախարարն ու …ուհիները, Գևորգին ձայն էին տվել.
-На выход с вещами.
Հերթափոխի պետը սպասելիս էր եղել միջանցքի ծայրին:
-Գէվօրք ամի, ազատ ըս, մէզ ների, վէր նեղություն ընք տուվալ: Մէր մէխկավը չիլյալ: Քէզ լօխս հարգում ընք, մէր կըլխէն յրան տէղ օնիս: Նաչալնիկին կօշտը նիմըտ, քիզնհէտ խուսէլի պէն օնէ,- ասել էր:
-Ա՛յ տղա, ի՛նչ նեղություն: Հազիվ պարապ էի, մի լավ «խոսեցի»-դատարկվեցի ձեր լյուքսում: էս ի՜նչ կարգին տեղ է եղել բանտը:
Բանտապետը մեղավոր ժպտացել, գրկել էր Գևորգին, ներողություն խնդրել ու իր մեքենայով հասցրել ռեստորան:
Աշխատող կանայք վզովն էին ընկել, պաչպչել եռօրյա կալանքից ազատված իրենց շեֆին, հարցուփորձ արել գլխովն անցածից: Գևորգը ձեռքը թափ էր տվել ու անցել գործի:
Սիլվան, սուսուփոս մի կողմ քաշված, բրինձ էր մաքրել՝ մուգ ակնոցն աչքերին: Մշտապես շաղակրատող էդ կնոջ լռությունը կասկածելի էր թվացել, մուգ ակնոցը՝ առավել ևս:
-Սիլվա, էդ աչկին արև օրվա հէտէ յա, վէշ թա պրինձ մըքրէլի,- մտերիմի պես արցախերեն կատակել էր Գևորգը:
Ծիծաղելով մոտեցել, աչքերից հանել էր ակնոցը:
-Էս ի՞նչ ֆանար ա, ա՛յ ախչի, էս ո՞վ ա դմփել,- անակնկալի գալով՝ անցել էր արեշերենի:
-Մարթս ա թակալ,- փնթփնթացել էր Սիլվան ու կախել գլուխը:
Գևորգը հասկացել էր, որ մի բան էն չի: Սիլվայի ամուսինն առաջնագծում է: Թուրքին թողած՝ պիտի գար Ստեփանակերտ, կնոջն էսպես նախշե՞ր:
Օրվա վերջում հարցուփորձ էր արել կանանց ու իմացել՝ ինչն-ինչոց է:
Նախարարին սա էր պատմել Գևորգի սարքած խաղի մասին: Նրա բանտարկվելուց հետո շերեփն առել էր ձեռքն ու հայտարարել, թե ինքն է բարձրաստիճան հյուրերի համար հաց սարքելու: Անժիկն ու Մարիետը փրփրել էին, որոշել մի լավ դաս տալ էդ մատնիչ դավաճանին: Հաջորդ օրը, երբ սա ճաշը պատրաստել, համը տեսել-պրծել էր, մի մեծ գդալ աղ ու կծու պղպեղ էին լցրել մեջը: Սիլվան հպարտ-հպարտ մատուցել էր ճաշը: Բարձրաստիճանները գդալները տարել բերանները, խեղդվել էին: Կանչել էին, բացատրություն պահանջել: Սիլվան ամեն բան հասկացել, ներողությունների շարանը կապել, աղաչել-պաղատել էր, որ մի կես ժամ համբերեն, մինչև ինքը նոր բան կպատրաստի, բայց հյուրերը թթված դեմքերով հրել էին ափսեներն ու պոչները քաշել:
Երբ դրանք դուրս էին եկել, փրփրած Սիլվան հարձակվել էր Անժիկի ու Մարիետի վրա: Սրանք թևից քաշել-տարել էին ռեստորանի հետևի բակը:
-Գէվօրքէն ը՞ս ծախում, ա լէրբ,- ասել, աչքուերես կապտացրել, սրտները հովացրել էին:- Մարթիտ ու խօցդ ղուրբան ինիս, թա չէ՝ շընըսատակ կընեինք ստէղ, տու ըպրէլի իրավունք չօնիս:
Հետո քշել-գնացել էին բանտ՝ պերեդաչա էին տարել շեֆին: Ծանոթ հսկիչն ասել էր, որ Գևորգի մոտ ամեն ինչ էլ կա, բանտապետն անձամբ է զգուշացրել, որ ոչ մի բանի պակաս չթողնեն, լավ նայեն:
-Լհա էդ մինիստրը ռադը քաշի՝ դյաստի նաչալնիկը Գէվօրքէն պէց ա թուղլան,- հանգստացրել էր կանանց հերթապահ ոստիկանը:
Ուստի, Անժիկն ու Մարիետը չէին զարմացել, երբ էդ սելֆիի մեյմունների՝ Երևան մեկնելուց հետո, Գևորգը հայտնվել էր ռեստորանում: Իրար հերթ չտալով՝ պահանջել էին.
-Էդ լէրբ դավաճանէն գօրծ ա տյուս քցի էս սհաթես: Մունք տրա նհէտ գօրծ անօղը չընք:
-Լա՛վ, հանգստացեք: Մենք մեզ իր նման չպիտի պահենք: Էն տղեն դիրքերում ո՞նց պիտի կռվի, եթե իմանա, որ կնոջը գործից հանել են, տանը հաց չկա, երեխեքը սոված են:
-Թօղ ռադը քաշի, յէս խօցը հացը կտանիմ: Խօցս փայան ըմ հացը տըննական: Մինակ թա տրան իրէսը տէսնամուչ,- ասել էր Անժիկը:
-Լավ, հիմա տղերքի պայոկը դրեք, առաջնագիծ պիտի ուղարկենք,- նրա խոսքը չոր կտրել էր շեֆը:
Էդ պահին հնչել էր տագնապի ազդանշանը: Գևորգը կանանց ուղարկել էր ապաստարան, ինքը մնացել ռեստորանի նկուղում. առաջնագծի ուտելիքը ուշացնել չէր կարելի:
Երբ բոլորը դուրս էին եկել, բացել էր նկուղի հետնամուտքը, որ գնա պահեստ, արկղերը բերի, դասավորի տանելիք սնունդը: Պահեստի դռանը չհասած՝ ոտքերի մոտ պայթել էր թշնամու արկը: Ռմբակոծությունը դադարելուց հետո կանայք գտել էին նրան արյան մեջ կորած, անգիտակից: Շոշափել էին զարկերակն ու զանգել շտապօգնություն:
Շտապօգնության բժիշկը տխուր տարուբերել էր գլուխը:
No Comments