Մարդկային նյարդային վերջույթները՝ ռեցեպտորները, փոխում են իրենց կենսաբանական հյուսվածքը և վերածվում հաղորդիչների՝ անոդների և կատոդների պես բաների։ Փոխվում է նաև ուղեղի՝ գիտակցության, մտածողության օրգանի բնույթը։ Մարդը սկսում է մտածել տեղորոշիչ սարքի նման՝ «ռեալ, օբյեկտիվ», ընդունում է կանտյան «ինքնին իրի» միայն արտաքին, շոշափելի, «նաղդ» (թրք․) ըմբռնումը։ Գիտատեխնիկական հեղափոխությունը մարդու մտածողությունը դարձնում է թվացյալ ռացիոնալ, զգացմունքը համարվում է խանգարող «ինֆրաձայնային ֆոն»- սա ծնեց պոեզիայի ավանգարդային տարբերակներ, երբ բանաստեղծությունը դառնում է պարզունակ «բնակշահագործմանգրասենյակային արձանագրություն»։ Չինական պոեզիայի մեջ կա այդպիսի ավանդույթ, օրինակ, երբ ասում է․ «Չոն Հոյի հետ բարձրացանք լեռը, մի մողես խլրտաց խոտերի մեջ, Չոն Հոյի ոտքը քերծվեց։ Եղինջը բավականին դառն էր», այո, բայց վերջում մի տողով գրում է այնուամենայնիվ․ «Լուսինը հորիզոնում բացվեց լոտոսի պես»։ Սա երևի պոեզիայի մահն է։ Բնական է՝ երբ «Աստված մեռած է» (Նիցշե), պոեզիան էլ պիտի մեռնի, զի այն Աստծո լեզուն է․․․
Բերեմ մի օրինակ։ Մեր մի հայրեն ասում է․ «Ծծերդ են լուսնի խաղող», մի պատկեր, որի զգայացունց հարստությանը չի հասել թերևս ողջ եվրոպական պոեզիան։ Իսկ հիմա նայենք, օրինակ, Պ․ Սևակի դեպքում․
Երկու նռնակ կրծքիդ վրա։
Երանի թե նրանց պայթյունն ինձ սպաներ․․․
Սա արդեն «միլիտարիզմ» է սիրո զգացմունքի հարցում և ոչ թե պոեզիա․․․
Ես կանխամտածված սիրային այս պոետիկ էպիզոդները համեմատեցի, որովհետև սիրո մեջ մարդ դրսևորվում է առավելագույնս․․․
Նկարի հեղինակ՝ Էդման Այվազյան