Մտածողներից մեկը՝ ափսոս, չեմ հիշում՝ ով, ասել է, թե մարդկության հնարած զբաղմունքների մեծ մասը՝ որսորդություն, համերգասրահներ, սպորտ, նույնիսկ պատերազմները, հորինված են մի նպատակով- որպեսզի մարդու մտքերը շեղեն մահվան գաղափարից։ Արդյո՞ք մի այդպիսի դեր ունի անմահության գաղափարը, հոգու՛ անմահության։ Մարդու անմահության հնարավորությունը համոզիչ է դառնում միայն հավատի հետ կապված, Աստծո գոյությունն ընդունելու հետ կապված։ Միայն հոգևոր ցինիկները կարող են ասել, թե այդ ամենը՝ աստվածաբանական, մետաֆիզիկական-փիլիսոփայական հարցերը մեջտեղ են եկել մահվան հանդեպ երկյուղից, ինչպես որ վերոհիշյալ մտածողի կարծիքով՝ մարդկային հորինյալ զանազան զբաղմունքներն ու ժամանցները։ Իհարկե, մահվան երկյուղը, «կոնտրաստի մեջ մտնելով», բազմապատկում է կյանքի պաշտամունքը։ Եվրոպայում խոլերայի մեծ համաճարակների տարիներին մարդիկ․․․ սիրով են զբաղվել գերեզմանատներում — «անմիջապես կողքին գտնվող մահը» բազմապատկել է «կյանքի գլխավոր զբաղմունքի քաղցրությունը», մեծացրել կյանքի գինը․․․
Ինչ խոսք, մահվան գաղափարը կամ նրա «դեսպան» մի որևէ ծանր հիվանդություն, որոշ դեպքերում խթանում, նպաստում են գիտության, արվեստի առանձին նվաճումների ստեղծմանը կամ առաջացմանը։
Բլեզ Պասկալի հիվանդությունն ու ծանր ֆիզիկական վիճակը նպաստեցին, որ նա «սթափ» մատերիալիստ գիտնականից «վերաճի» ․․․ «մետաֆիզիկոսի»․․․Դրան հակառակ, կարելի է ասել, որ Նյուտոնի, Էյնշտեյնի պես «բողկի պես առողջ» մեծ մտածողները աներկբայելիորեն հավատացել են Աստծո գոյությանը։
Ինչպես որ մարդու մարմինը՝ սաղմն է անցնում զարգացման տարբեր փուլեր՝ ներարգանդային աճի ընթացքում ՝ նույնիսկ սողունների դասը ներառյալ, այդպես էլ, հավանաբար, հոգին է աճի փուլեր ունենում։ Մարդկանց գուցե մեծամասնության շրջանում այդ աճը կանգ է առնում պրագմատիկ գործունեության մի որոշակի հատվածում, երբ անհատը․․․ դիպլոմ ստանալով, մասնագիտության, «հացի տեր» դառնալով, այլևս, օրինակ, ձեռքը գիրք չի վերցնում, մինչդեռ հոգին, կոպիտ ասած, անդադար հոգևոր սնուցում է պահանջում։ Ըստ երջանկահիշատակ հայտնի փիլիսոփա Կարեն Սվասյանի՝ հոգու փրկությունը գլխավորապես կախված է մարդու հոգեմտավոր ձեռքբերումներից, «հոգու վրա կյանքի ընթացքում տարված աշխատանքից» — այսինքն ընդհանուր առմամբ հոգին անմահ է, բայց ոչ բոլոր հոգիներն են անցնում ՎԵՐԻՆ ՍԵՄԸ և ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ փրկվում։
Հոգին աշխարհ է գալիս դեռևս գիտելիքներով «չցիստայավորված», չպաշտպանված, ինչպես որ միկրոօրգանիզմներն են պաշտպանում իրենց այդ զրահով, մանկան աշխարհն ամբողջովին վախերի աշխարհ է՝ մթությունից, երևակայական հրեշանմաններից և այլն։ Բայց զարմանալի է, որ երեխան․․․ մահվանից վախ չունի։ Եթե ասենք՝ չգիտի՝ մահն ինչ է, կարող ենք հակադարձել, որ երեխան չգիտի նաև, թե․․․ հրեշանմանն ինչ է, բայց վախենում է վերջինից։ Վախն առաջանում է գիտելիքների ձեռքբերմանը զուգընթաց և գրեթե անհետանում է․․․ հասուն հասակում ԳԵՐԳԻՏԵԼԻՔԻ՝ հավատի ձեռբերմամբ, թեև ոչ լրիվ, այնքանով, որքանով որ մարդը դեռևս «կենսաբանական գոյացություն» է և մահվան գաղափարի հանդեպ զգայուն է, ինչպես․․․ միաբջիջ ամեոբան ՝ լույսի հանդեպ․․․
Շատ փոքր հասակում մահվան ընկալումն իմ գիտակցության մեջ այսպիսին էր, ինչպես իմ հետևյալ բանաստեղծության մեջ․
ՄԱՀԸ
Զարմանալի էր,
թե ինչու են քնած
գյուղական հյուսնի
անարվեստ սարքած․․․
սև արկղերի մեջ
ու չեն արթնանում
ցնցումներից էլ
անհարթ ճամփեքի․․․—
Նրանք՝ մեռյալներն ՝ իմ
մանկության տեսիլքում․․․
Անհասկանալի էր և
կոծումը կանանց,
երգը ողբախանձ
գեղջուկ մի երգչի․․․
Բայց առավել է զարմանալի հիմա,
երբ ինձ թվում է, թե արդեն գիտեմ
քո ամեն ինչը / օ, եղու՜կ ինձ․․․/, Մահ․․․
«Մենավոր աստղի տակ» ժողովածու, 2017թ․
Վախենալու դարձավ, երբ մի քիչ մեծացա, հասակ առա։ ․․․Սկսեցի վախենալով թերթել դժբախտ պատահարից զոհված քեռուս հուղարկավորության լուսանկարների փաթեթը, որ մայրս անզգուշաբար թողել էր երեխայի համար մատչելի, հասանելի մի տեղում․․․Վախենալով թերթում էի, բայց «ձեռք չէի քաշում» դրանից, որովհետև, եթե նկատել եք, երեխաները ինչ-որ բանից վախենալով, միաժամանակ սակայն գաղտագողի, զգույշ նորից են մոտենում «վախի աղբյուրին»։ Թոռնիկս վախենում էր լվացքի մեքենայի ձայնից, բայց նորից թաքու՜ն-թաքուն մոտենում, հեռվից «ծիկրակում» էր այն, զվարճացնելով իր պապիկին՝ ինձ․․․
Բերված բանաստեղծությանս վերջին տողն ասում է, որ ամեն դեպքում մի երկյուղ մնում է, բայց ամեհի խորհրդավորությունը խլացնում է այն — և ամեն մի ադամորդի իր հոգու խորքում, իր ներաշխարհում մշտապես լսում է իր «մահվան ֆուգան», ինչպես որ Պաուլ Ցելանը՝ հոլոքոստի կապակցությամբ․․․
Զավեն Բեկյան
Գլխավոր լուսանկարը՝ Պաբլո Պիկասո 《Ծեր կիթառահարը》
Նկարը պատկերվել է 1903֊1904 թթ.. և պատկանում է Պիկասոյի 《Կապույտ շրջանի》 կտավներին