1. ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
Իր կարճատև կյանքի երևի մեծ մասը… Տերյանը քաղցած է անցկացրել- կարդում ես իր նամակները՝ մեծ մասում խոսում է կարիքից և իր գրքերի դժվարին վաճառքից՝ Ցոլակ Խանզադյանի՝ «Ցոլ-ցելլերի» և Պաոլո Մակինցյանի հետ (իբր թե ընկեր այն «պողոսանմանակի», որ ատրճանակ հանեց Տերյանի հարազատների վրա՝ Տերյանի արխիվին տիրանալու համար, որ փող էր զլանում Հ. Թումանյանի բուժման համար, ասելով. «Թումանյանը մեզ վրա թանկ է նստում»…)։
Ամեն ինչի էլ պակաս է ունեցել- սիրո, առողջության, «ստակի», անվտանգ հայրենիքի… Ամենից շատ «Տեսա երազ մի վառ…»-ի պակասն ուներ, աչքն Անհայտի ճամփին էր, բայց դեպի Այն գնում էր ՀԱՅՏՆԻ գողգոթայի ճանապարհով, Օրենբուրգի սառցե ճանապարհներին արյուն թքելով և բոլշևիկների ռանդած-կոկած խաչը՝ մեջքին, պիղատոս-իմպոտենտ ուլյանովի գծած երթուղով…
Չարենցը նրան տեսել է մի անգամ, մի թեյարանում թեյ խմելիս՝ դեղին դիմամաշկով, կոպիտ դիմագծերով (եթե ավելի մոտիկից տեսներ՝ խոնավ, ասես արտասվալից աչքերն էլ կնկատեր…), տեսել է… ու չի համարձակվել մոտենալ, լուռ նայել է հետևից, թե նա ինչպես է հեռանում… Ամլորդին՝ Հովհաննես Մկրտիչն ու Հիսուսը տեսե՞լ են իրար… Այո, նրանք էլ են տեսել իրար, Հովհաննեսը մկրտել է Հիսուսին Հորդանանի ջրով… Տերյա՛նն էլ կօրհներ ու բարի ճամփա կմաղթեր Չարենցին, եթե վերջինս համարձակվեր ու մոտենար-շփվեր…
2. ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ
Բերձոր քաղաք, որ այժմ դիվանագիտական զգուշավոր, բծախնդիր մի շրջադարձմամբ նորից Լաչին է կոչվում… Մոտակայքում՝ մի փոքրիկ գյուղակ՝ չքնաղ Գողթանիկ անվամբ, որտեղ ուսուցչություն էր անում Երկնքի և Երկրի արանքում մոլորված այր մի զվարթնահոգի՝ Հրաչյա Բեյլերյան անունով (այդ մոլորվածությունը նա փարատում էր իր ոսկեղենիկ պոեզիայով ու… երբ էլ հավանաբար հնար չկար՝ նաև… ալկոհոլով)։
Ի՞նչն էր տարել Հրաչին հեռավոր, աշխարհից կտրված այդ գյուղը՝ այդ նույն աշխարհից կտրվածությո՞ւնը, իբրև մի տեսակ ազատ աքսոր և իղձ ճգնակեցական, այդ գյուղի սիրուն անո՞ւնը, Արցախում ինչ-որ բան անելու ձգտո՞ւմը, երբ այստեղ բազում տառաճանաչներ ազգային խնդիրները ՈՉՄԻԲԱՆԱՆԵԼԱԲԱՐ սրճարաններում խառնում էին անհամ սուրճին և իրենց նույնքան անհամ իմաստակություններին, կարի՞քը մի շնորհալի մտավորականի, որ Երևանում աշխատանք չէր գտնում և երեսփոխան դառնալ էլ չէր կարող, որովհետև իր երեսին քսած մյուռոնը թույլ չէր տա իրեն երես փոխել…
Հանդիպելիս ես նրան ինչ հարց ասես տվել եմ, բայց այդպիսի մի հարց չէի կարող տալ նրան…
Հիմա ոչ ինքը կա, ոչ էլ չքնաղ Գողթանիկ գյուղը. ինքը հերկինս է և… մեր սրտերում, իսկ Գողթանիկ գյուղը նորից գերված է… և մեր սրտերում…
3. ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Ռաֆայել Նահապետյանի՝ շնորհալի արձակագրի անունը քիչ է հանդիպում տեղվույս հրապարակումների մեջ, շատ քիչ, իր նրբապատում, սքանչելի պատմվածքները՝ նույնպես։
Ես նրա հետ ծանոթացել եմ անցյալ դարի իննսունականների ծանր, այսօրվանից էլ շատ ծանր տարիներին, մի քանի անգամ ուրիշ գրող տղերքի հետ նստել ենք գրողների տան պուրակում, սուրճ ենք խմել, զրուցել… Զգում էի, որ դժվար վիճակում է Ռաֆիկը, նկատի ունեմ նյութականը։ Ես էլ մի բարի հալի չէի, չէի կարողանա պահել ընտանիքս, եթե հարազատներիս օգնությունը չլիներ, թեև աշխատանք ունեի, աշխատում էի։ Նյարդային, ծանր վիճակում էր Ռաֆիկը։ Հաճախակի մի նախադասություն էր կրկնում. «Տղերք, դուխս չի հերիքում»։ Չգիտեմ՝ սեղանակից մյուս տղերքն ինչ էին մտածում նրա այդ արտահայտության վրա, բայց իմ մտքով մի սարսափելի բան էր անցնում, մտածում էի՝ ուզում է… ՎԵՐՋ ՏԱԼ, բայց չի համարձակվում, չի կարողանում… Չգիտեմ՝ ինչ հանգամանքներում մահացավ, ինչ վիճակում։ Գնացել, Մեծամորում էր ապրում, կարծեմ մի տնակում, հավանաբար երևանյան բնակարանը վաճառելուց հետո։ Այդ տարիներին նրան իր մոտ աշխատանք տալով՝ ինչ-որ չափով օգնեց Աբգար Ափինյանը՝ գրողների միության քարտուղարը, ստվար մի ժողովածու տպագրեց նրանից։
Ասածներիս ծանր տպավորությունը թեթևացնելու համար մի բան եմ ուզում պատմել այդ օրերի իր պատմածներից, զվարճալի մի դեպք, որ ինքը կարող էր նաև պատմվածք դարձնել։ Ասում է՝ մի օր գնացել էի բիզնեսմեն ընկերոջս մոտ։ Լավ ուտել-խմելուց, քեֆ անելուց հետո՝ ասում է՝ ընկերս մի շիշ կոնյակ էլ գրպանս դրեց ու իր մեքենայով ուղարկեց տուն։ Ասում է՝ հենց հասա տուն, նստեցի, գրպանիս կոնյակը հանեցի ու սկսեցի «մանրից» խմել։ Էդ պահին ուժեղ քամի է եղել, պատուհանի ապակիներից մեկը ջարդված է եղել, Ռաֆիկը ապակի գցած չի եղել – երևի կամ փող չի ունեցել, կամ էլ… տանձի՞ն է եղել պատուհանի ապակին… Քամին տարել-բերել է կիսապոկված ցելոֆանը, որ ապակու տեղ կպցրած է եղել Ռաֆիկը։ Ասում է՝ նյարդերս էդ ցելոֆանի աղմուկին չդիմացան, կոնյակի շիշը վերցրի, մտա զգեստապահարան ու զգեստապահարանի դուռը ներսից փակեցի։ Շարունակել է զգեստապահարանում խմել, մինչև որ քունը տարել՝ քնել է։ Ասում է՝ մեկ էլ արթնացա՝ տեսնեմ՝ մո՜ւթ մի տեղ եմ, շոշափեցի շրջակայքս՝ հասկացա, որ տախտակե ինչ-որ քառանկյուն մի բանի մեջ եմ: Ասում է՝ վա՜յ, ասացի, ուրեմն վատ եմ եղել, մեռածի տեղ դնելով թաղել են, դագաղի մեջ եմ… Մի քիչ շոշափելուց հետո կոնյակի շիշը ձեռքն է ընկել: Ասում է՝ հասկացա, որ կոնյակով թաղում չէին անի, հրել է տախտակապատ մի հատված՝ զգեստապահարանի դուռը ու բարեհաջող դուրս եկել… Մի իսկական էդգարպոյական պատմություն, որ պատմվածք չի դարձրել… Հիշում եմ հատկապես նրանից երկու պատմվածք՝ գրամեքենայի կորած տառի և մի սարդի մասին ֆանտաստիկ բաներ, նրբապատո՜ւմ, ինչ-որ տեղ՝ այո, էդգարպոյական…
4. ՖՈԼԿՆԵՐ
Ֆոլկները, որքան որ լավ եմ հիշում մի տեղ կարդացածս, իր տան բակի ցանկապատի մի հատված բավականին բարձր էր արել և երբ իր զբոսանքի դուրս գալու ժամանակ երկրպագուներն ու պապարացիները վրա էին տալիս իրեն նայելու-հետևելու, թաքնվում էր այդ պատնեշի հետևում։
Բանից պարզվում է, գրողը ծանր էր տանում ոչ միայն չգնահատված լինելը, այլև ագրեսիվ հետաքրքրասիրության առարկա դառնալը։
Ֆոլկների պես մեծերը հասկանում են- ո՞ւմ եք փառք տալիս, Ֆոլկներն ո՞վ է կամ… ի՞նչ է… Նա ընդամենը… գրիչ է ՄԻ ՈՒՐԻՇԻ ձեռքին, և ուրեմն այդ փառքը այդ ՄԻ ՈՒՐԻՇԻՆ տվեք, փառքն Աստծունն է, և Ֆոլկները խուսափում է ծաղրածուի պես ՄԻ ՈՒՐԻՇԻ փառքը յուրացնելուց…