ՄշակութաԳիծ Թատրոն

Դերենիկ Դեմիրճյան, Հովնան մեծատուն (5)

13.11.2019

                                           Դրամա 4 արարով

Սկիզբը՝ այստեղ

(Խորենը դուրս է գնում աջ դռնից: Մտնում են Հասան բեյը և Հովնանը դիմացի դռնից: Հասան բեյը գինով է):

Հովնան(Առաջ գալով): Բարո՛վ եկար, բե՛յ, համեցե՛ք:

Հասան բեյ — Եկա մի քիչ հանգստանալու և… (Նստելով) Է՜հ, ի՞նչ կա:

Հովնան — Ողջությո՛ւնդ, ինչպե՞ս են ճամփաները:

Հասան բեյ — Գեշ են, ավազակները կողոպտում, սպանում են… անիծածները:

Հովնան — Ասել է՝ վտանգավո՞ր է:

Հասան բեյ(Հարբածի ցրվածությամբ) Ո՛չ:

Հովնան — Ո՞չ: Անվտա՞նգ է:

Հասան բեյ — Ո՛չ:

Հովնան — Չեմ հասկանում, բե՛յ:

Հասան բեյ(Գինովի ծիծաղով) Հարսդ գեղեցիկ է: Ես ի՞նչ անեմ: (Աչքերը դարձնելով դեպի ձախ դուռը) Մի կոնյակ խմենք:

Հովնան(Ծափ տալով՝ կանչում է ծառային): Տղա՛, Սերո՛բ: (Աջ դռնից մտնում է ծառան): Կոնյակ և մեզե բեր: (Ծառան դուրս է ելնում): Ինչպես երևում է, բե՛յ, մեր վիճակը գեշ է լինելու:

Հասան բեյ(Որ լավ չէր լսում) Նունուֆա՞րը, է՜հ, ո՜չ, ո՞վ ասավ:

                         (Ծառան ներս է բերում կոնյակ և մեզե, լցնում է բաժակները և հեռանում):

Հովնան — Համեցե՛ք, բե՛յ, անո՛ւշ արա:

Հասան բեյ(Խմում է կոնյակը և վեր կենալով՝ մոտենում է ձախ դռանը): Աղունակը լո՜ւռ է:

(Հասան բեյը դարձյալ դառնում է իր տեղը, նստում և հենվելով մութաքային՝ արբշիռ ու անտարբեր նայում է Հովնանին, լռում¤:

Հովնան — Հասա՛ն բեյ, պարզն ասա, ինչպե՞ս պիտի ճամփա ընկնենք:

Հասան բեյ — Ապահով:

Հովնան — Ո՞ւմ պաշտպանությամբ:

Հասան բեյ — Զինվորների…

Հովնան — Ապա ասիր, որ ավազակները սպանում են ամենքին:

Հասան բեյ — Այո՛, սպանում են:

Հովնան — Էլ ի՞նչ ապահովություն, երբ սպանում են:

Հասան բեյ — Հովնա՛ն էֆենդի, մեր բարեկամության սիրուն լինի, գնա Նունուֆարին համոզիր՝ վեր կենա մեկ, իր կամքով, էնպես անուշ քովս մտնի:

Հովնան — Հը՜մ… Ասել է՝ մի ճանճի չափ էլ կարևոր չեմ ես: Մարդը այսքա՜ն չնչին: Հա՛, հա՛, հա՛: Եվ մեկն ասի, թե ի՞նչ է իմ ուզածը. մի բան, որ իսկի էլ քեզ պետք չէ: Մի չնչին բան, մի ողորմելի փշրանք, որ ձեռքիցդ վայր է ընկնում ու չես նկատում: Մարդը այսքան էժա՜ն, էդ չնչին բանն այսքան թա՜նկ… Շա՜ն կյանք:

Հասան բեյ — Է՜հ, քեֆս կոտրում ես. ախր քեֆը երկու րոպե չունի, մեկ րոպե ունի: Խոսեցիր՝ կթռչի: Մի՛ ձանձրացնի, գնա՛:

Հովնան — Հենց այդ չձանձրացնելն էլ մի քեֆ է, բե՛յ: Այն ո՞ր մարդու կտորը իրեն արժանի կհամարի ուրիշին ձանձրացնելը: Ես էլ եմ ուզում՝ չձանձրացնեմ, բայց կյանքս իմ ձեռին չէ, քո ձեռին է … ինչպե՞ս չձանձրացնեմ: Ապա կյա՜նքս:

Հասան բեյ(Գոռալով): Ջհանդա՛մը կյանքդ: Ես քեֆ ունեմ անելիք: Գնա կանչի՛ր:

Հովնան — Դու չես մեղավորը, այլ էն շուն Աստվածը, որ ձեզ ստեղծել է: (Այլայլված անցնում է դեպի ձախակողմյան դուռը: Հետո արագ մոտենում է կոնյակի շշին, խլելով շիշը՝ տանում է բերանը և ամբողջովին խմում: Ապա շիշը ձեռին կանգնում է և վայրենի, արբշիռ հայացքով նայում մի անորոշ կետի՝ խոսելով ինքն իրեն՝ խռպոտ ձայնով ու հուսահատ դառնությամբ): Մարդո՞ւ ձեռը մարդն ընկնի… Դե ասել է՝ ջուրը տարա՜վ…

Հասան բեյ — Վերջը պիտի բերես, ավելի լավ է շուտ բեր:

Հովնան — Է՜հ, թռա՜վ թռչունը ձեռքես: Տանուլ տվի խաղիս քարերը: (Գնում է դեպի ձախ դուռը): Նունուֆա՛ր… (Մազերը փետելով) Է՜… ընկած շուն:

Հասան բեյ — Վնաս չունի, Հովնա՛ն էֆենդի, մարդ է, կպատահի:

Հովնան(Մտնում է ձախ սենյակը և մի փոքր հետո ներս է գալիս՝ Նունուֆարի հետ կիսաձայն խոսելով, դառն հեգնանքով): Արի, աղջի՛կս, արի համոզիր բեյին, որ մեզ ազատի:

Նունուֆար(Մի քայլ անելով՝ հանկարծ ցնցվում է և կանգ առնում): Ա՜խ….

Հովնան — Ուրիշ ճար չկա: Էլ ես ոչինչ եմ:

Նունուֆար(Ընկնելով Հովնանի թևերի վրա և հեծկլտալով) Ապա ե՜ս, ապա ե՜ս…

Հովնան — Վերջը կմաքրվենք՝ դու էլ, ես էլ… Գնա՜, մատա՜ղ: (Նունուֆարը շարժում է անում առաջ, բայց նորից մեխվում է տեղում): Հիմի էլ քո ձեռի՞ն պիտի նայեմ: Ա՜խ, ա՜խ: Գնա՛:

Նունուֆար — Կերթամ, հայրի՛կ, կերթամ, թո՛ղ:

Հովնան — Հա՛, աղջի՛կս, գնա. մեկ ժողովրդի կտակ կատարած կլինես: Գնա: Ուխտ կա սրա մեջ, գնա կատարիր:

Նունուֆար(Վարանելով): Օ՜ֆ… հայրի՜կ…

Հովնան(Ջղայնանալով): Հայրի՛կ չէ, շո՛ւն ասա… (Աղաչելով): Գնա՜, զավա՜կս, գնա՜… (Ատամները կռճտելով՝ չար ու պաղատագին) Գնա՜… (Զայրանալով): Ե՞ս պիտի մենակ աղտոտվեմ, մի քիչ էլ դուք աղտոտվեցեք, շնե՜ր:

(Հովնանը դուրս է ելնում դիմացի դռնից: Նունուֆարը, աչքերը գետնին, ուրվականի պես, կանգնած է: Լռություն):

Հասան բեյ — Արի, գեղեցի՜կս, արի, տխո՜ւրս: Ե՞րբ պիտի դեմքդ ժպտա:

Նունուֆար(Լռություն: Դողում է և վայր չընկնելու համար բռնում է պատը): Բե՜յ, շնորհ արա, սպանել տուր ինձ:

Հասան բեյ — Փերի՜, ինչո՜ւ պիտի սպանել տամ քեզ: Տանս թագուհին ես լինելու:

Նունուֆար — Բե՜յ, եթե քույր ունես, նրա սիրուն աղաչում եմ քեզ, ազատիր մերոնց կյանքը:

Հասան բեյ — Որ ազատեմ, կինս կլինե՞ս:

Նունուֆար(Հազիվ է զսպում լացը): Օ՜ֆ…

Հասան բեյ — Կլինե՞ս, փերի՜. ասա, որ ազատեմ ձերոնց:

Նունուֆար — Կլինեմ, մենակ աղաչում եմ քեզ, բե՛յ, որ մերոնց հետդ տանես: (Հեկեկալով):    Տեսնո՞ւմ ես, ջահել կյանքս զոհեցի:

Հասան բեյ — Լա՛վ, լա՛վ, քեզ համար կանեմ: Հեշտ է, մի բան կլինի: (Հմայված Նունուֆարի լացով) Օխա՜յ, ի՜նչ անուշ է գեղեցկուհու լացը: Չէ՛, սիրում եմ քեզ, գազե՛լս: Դե պատրաստվիր, հիմի կառքը կգա: (Կանչելով ծառային) Չավո՛ւշ:

Չավուշ(Դիմացի դռնից մտնելով) Բե՞յ:

Հասան բեյ — Կառքը եկա՞վ:

Չավուշ — Կառքը պատրաստ է, կանչե՞մ:

Հասան բեյ — Այո՛: Ֆայիկ բե՞յն ուր է:

Չավուշ — Դուրսն է, սպասում է:

Հասան բեյ — Կանչիր և կառքը մոտեցրու դռանը:

                        (Դրսից լսվում է ամբոխի աղմուկ):

Չավուշ — Իսկույն, բե՛յ:

Հասան բեյ — Ի՞նչ կա, ի՞նչ է:

Չավուշ — Ժողովուրդն է, անհանգիստ է:

                        (Չավուշը դուրս է գնում, ներս է մտնում Ֆայիկը):

Հասան բեյ — Լսի՛ր, Ֆայի՛կ բեյ, Նունուֆարի խնդիրքով պատվիրում եմ քեզ, որ Հովնան էֆենդու հետ լինես մինչև Միջագետք և ճամփին կյանքերը պաշտպանես: Ես ու Նունուֆարը այս րոպեիս պիտի ճամփա ընկնենք:

Ֆայիկ(Պաշտոնական): Լսո՛ւմ եմ, բե՛յ:

(Ֆայիկը դուրս է շտապում դիմացի դռնից: Դրսից լսվում է ձիերի բոժոժների ձայնը: Ներս են մտնում Նազեն, Հերիքը, Խորենը, Հովնանը):

Հասան բեյ — Է՜հ, Հովնա՛ն էֆենդի, ես ու Նունուֆարը ճամփա պիտի ընկնենք: Ֆայիկ բեյը կգա ձեզ հետ և ձեզ կպաշտպանի: (Խորենին) Բախտդ չբանեց, տղաս: Խոհեմ եղիր և կյանքդ ազատիր:

Նազե — Ո՞ւր պիտի տանեք աղջկան: Աղջիկը չի գա:

Հասան բեյ — Աղջիկն ինքը կամեցավ:

Խորեն — Ես թույլ չեմ տա, որ Նունուֆարը գա:

Հասան բեյ — Այս կանանց եմ խնայում, թե չէ՜… շատ հանդուգն ես:

Խորեն — Չէ՛, բե՛յ, ես չե՛մ թողնի:

Հասան բեյ — Կյանքդ ափսոս է, տե՜ս:

Ֆայիկ(Մեջ ընկնելով, Խորենին) Եղբա՛յրս, թո՛ղ, զգո՜ւյշ խոսիր: Եղածը եղած է:

Խորեն — Թող կորչի-գնա, աղջիկ չկա՛:

Ֆայիկ — Գնանք մյուս սենյակը, քեզ բան պիտի ասեմ: (Նազեին և Հերիքին) Հանըմնե՛ր, տարե՛ք:

(Ֆայիկը հասկացնում է, որ Խորենին վտանգ է սպառնում: Հերիքը սարսափած գնում է Խորենի կողմը):

Խորեն — Ո՛չ, ես կենդանի դուրս չեմ գա, ես մեռած չեմ: Լրբությունն էլ չափ ունի:

Հովնան — Խորե՛ն…

Հասան բեյ(Դուրս ելնելով) Ես քեզ հիմի ցույց կտամ:

Նունուֆար(Վազում է դեպի Խորենը): Ամա՜ն, ի՞նչ ես անում:

Խորեն(Բռնում է Նունուֆարին): Լի՛րբ, անզգա՛մ…

Ֆայիկ — Բա՛ց թող…

Հերիք — Խորե՛ն… 

Խորեն — Թողեք վերջացնեմ անառակին…

Նունուֆար — Խորե՜ն, ամա՜ն, քեզ կսպանե՜ն…

Խորեն — Չէրթա՛ս, հոգի՛դ կհանեմ:

Նազե(Հովնանին) Ի՞նչ ես պապանձվել: Տղայիդ պիտի սպանեն:

Նունուֆար(Ազատվելով Խորենից և վազելով դեպի Հովնանը) Հայրի՜կ, Խորենին պիտի սպանեն…

Հասան բեյ(Ներս է մտնում՝ խոսելով մի զապտիայի հետ, որ սկսում է խեթխեթ նայել Խորենին): Կյանքդ խնայելու համար քեզ ձերբակալում եմ: (Զապտիային) Բռնի՛ր սրան: (Զապտիան բռնում է Խորենին: Դրսից լսվում է ամբոխի աղաղակը, որ մոտենում է: Նունուֆարին) Գնա՛նք:

Նունուֆար(Նազեին) Ամա՜ն, մայրի՜կ, ազատի՜ր ինձ… չեմ կարող, չեմ կարող, ես տեր չունեմ:

Նազե(Հովնանի վրա հարձակվելով, բռունցքը սեղմած) Դե՜, քո մարդ լինելիքը կանիծեմ ես: (Պաշտպանելով Նունուֆարին) Մարդ չմոտենա՜…

Հասան բեյ(Զապտիաներին, որ այդ ժամանակ ներս են նայում) Եկեք այս պառավին և այս տղային քաշեցեք, սրանք իրենց օգուտը չեն հասկանում:

(Զապտիաները առաջ են գալիս և բռնում Նազեին ու Խորենին: Նազեին քաշում են դեպի ձախ սենյակը):

Նազե(Դիմադրելով) Թո՛ղ, անօրե՛ն…

Հասան բեյ(Հովնանին) Եթե Նունուֆարը իր կամքով չգա, չեմ տանի: Մնացածը դու գիտես:

                                    (Լռություն):

Խորեն — Ամենքդ էլ ինձ թողիք: Վա՜յ գլխիս, էլ ինչո՞ւ եմ ապրում: (Պոկվում է զապտիաների ձեռից և հանկարծ հանելով դաշույնը՝ հարձակվում է Հասան բեյի վրա):  Կորի՛ր, գազա՛ն:

Զապտիա — Վա՛յ, անհավա՛տ:

(Զապտիան դաշույնը խրում է Խորենի մեջքը: Խորենն ընկնում է: Ընդհանուր ճիչ և սարսափ: Նունուֆարը վազում է, ընկնում Խորենի դիակի վրա):

Նազե(Ճիգ է անում դուրս գալու, դիպչում է ձախ դռանը: Լսվում է նրա մաքառումը ներսից): Շնե՜ր, շնե՜ր…

Հասան բեյ(Զապտիաներին) Դո՛ւրս գնացեք: (Հովնանին՝ բարձր, սպառնալի ձայնով)  Իր կամքով կգա, թող գա, եթե՝ ոչ… չեմ տանի:

                        (Հասան բեյը դուրս է ելնում դիմացի դռնից):

Նազե(Ներս պրծնելով ձախ դռնից) Շնե՜ր… (Ընկնում է Խորենի դիակի վրա): Օ՜ֆ, չորանար մորդ մեջքը…

(Լռություն: ներս է մտնում մարեն ձախ դռնից, երերալով որոնում է Հովնանին: Նունուֆարը և Հերիքը մոտենում են մարեին: Ճնշող լռություն):

Մարե — Հովնա՞ն:

Հայկ(Դուրս վազելով ձախ դռնից և մոտենալով Խորենի դիակին) Վա՞յ, հորեղբայրն ինչո՞ւ է պառկել: (Ֆայիկը հետ է քաշում Հայկին: Մոտենալով մարեին) Մարե՛, պիտի երթանք:

Մարե — Մնա՞նք:

Հայկ — Պիտի երթանք:

Մարե(Խիստ): Ի՞նչ ես ասում, չեմ հասկանում:

Հայկ(Բարձր): Պիտի երթանք, մարե՛:

Մարե — Պիտի երթա՞նք… հա՞, պիտի երթա՞նք… (Օդի մեջ նայելով) Հովնա՞ն:

Նազե(Ուշքի գալով և դառնալով Հովնանին) Հիմի գնա, ապրիր ջահելիդ արյունով, խայի՜ն: Աստվա՛ծ անի քո դատաստանը:

Հովնան — Հա՛, պիտի ապրեմ… (Լռություն: Բռունցքը սեղմած մոտենալով Նազեին) Է՜հ, ինձ նայիր: Շան պես պիտի դատի քաշեմ քո Աստծուն: Պիտի ապրեմ, ապա՞: Կատաղած շո՛ւն ասա, խային մի՛ ասա:

Հասան բեյ(Ներս է մտնում դիմացի դռնից): Դե՛, կառքն սպասում է: (Ցույց տալով մարեին) Քիչ մարդ նստեցեք, տեղ չկա: Դե ես գնացի:

                        (Նունուֆարը, Հերիքը հեծկլտում են):

Մարե(Խարխափելով) Հա՜, բալանե՜րս, չէրթա՜ք:

(Հովնանը, ջղաձգորեն հեկեկալով, համբուրում է մարեի ձեռներն ու ընկնում ոտները: Մնացածները լուռ գրկում են մարեին և համբուրում: Հետո բոլորը հետ են գնում):

Հասան բեյ(Դռներից առաջ գալով դեպիՆունուֆարը) Դե՛, աղջի՛կս, ժամանակն է:

Հերիք(Բռնում է Նունուֆարի ձեռքը): Ես էլ կգամ հետդ, Նունուֆա՛ր:

Ֆայիկ(Հերիքին) Օրիո՛րդ, Աստծո՛ւ սիրուն:

Հերիք — Չէ,՛ պիտի երթամ:

Ֆեյիկ — Մի՛ գնա, օրիո՛րդ:

Հերիք — Ո՛չ, բե՛յ, ես կերթամ, դուք մնացեք, ծնողքս ազատեցեք:

Հասան բեյ(Քաշում է Նունուֆարին): Գնա՛նք, աղջի՛կս:

(Նունուֆարը հեկեկալով գնում է Հասան բեյի հետևից: Աղմուկը սաստկանում է: Լսվում է հրացանի ձայն):

Հովնան — Կեցե՛ք, առաջ ես պիտի գնամ… (Գնում է Հասան բեյի հետևից): Մեծ զոհը՝ ե՜ս…

Նազե(Նրա հետևից) Որդի՜ուրացող, Աստվա՜ծ ուրացող…

Հերիք(Նունուֆարին բռնելով) Ես հետդ եմ, մի վախենա:

Ֆայիկ(Հերիքին) Աղաչում եմ, օրիո՜րդ:

Հերիք(Դռան մոտ Ֆայիկին) Ծնողքս հասցրեք Միջագետք, և այն ժամանա՜կ…

Ֆայիկ(Սաստիկ հուզված և հետաքրքրված) Այն ժամանա՞կ… Այն ժամանա՞կ… (Հերիքն անհասկանալի նշան է անում ձեռով և շտապ դուրս է ելնում՝ թողնելով Ֆայիկին հոգեկան մեծ խռովքի մեջ): Է՜հ, անե՛ծք էս անողին…

(Ֆայիկն ուզում է վազել Հերիքի հետևից, բայց զսպելով իրեն՝ հետ է գալիս և զապտիային ձեռով նշան է անում, որ բաց թողնի Նազեին ու դուրս գա: Զապտիան հնազանդվում է և դուրս գնում):

Նազե(Ազատվելով զապտիայի ձեռից՝ վազում է դուրս): Աղջիկնե՜րս…աղջիկնե՜րս… (Ներս է մտնում զապտիան): Փախա՞վ, մենա՞կ փախավ: (Դուրս ելնելով) Թողեց աղջկան, թողեց թոռանը:

Զապտիա — Զուր ես գնում, կառքը փախավ: Չորս հոգով գնացին:

Երկրորդ զապտիա — Զո՜ւր է, գնացի՜ն:

Նազե(Քշելով նրանց՝դուրս է վազում): Կեցե՛ք, աղջիկնե՜րս…

Ֆայիկ(Գրկելով Հայկին) Արի, տղա՛ս, արի: 

Հայկ — Մեծ մարե՜ն, մեծ մարե՜ն:

(Ֆայիկը, որի ուշքը Հերիքի կողմն էր, չի լսում Հայկին և դուրս է տանում նրան: Լռություն: Լսվում է ձիերի բոժոժների ձայնը: Մարեն խարխափելով և դողահար գնում է դեպի դռները, ապա հետ դառնալով՝ որոնում է գնացողներին):

 Մարե(Ականջ է դնում և խոսում ինքն իրեն): Պիտի երթա՞նք… Հա՜, պիտի երթա՜նք… (Լռություն: Հանկարծ ծնկներն է ծեծում: Խռպոտ, չարագույժ ձայնով) Սև հավը կանչե՜ց տանս վրա:      

                                        Վարագույր

                                    Շարունակելի

No Comments

Leave a Reply