Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լիլիա Ավանեսյանի «Հայկական գորգերի զարդաձևերի ծագումնաբանությունն ու իմաստաբանությունը» գրքում ասվում է. «Այսօր հայկական գորգերի լավագույն նմուշների զգալի հատվածը գտնվում է աշխարհի նշանավոր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Հայկական գորգարվեստի հնագույն ակունքներն ու պատմությունը, գեղարվեստական ու մշակութային ինքնակա արժեքը անտեսելով՝ փորձեր են արվել և այժմ էլ արվում են հայկական գորգերի ստեղծումը տվյալ արվեստի հետ որևէ առնչություն չունեցող էթնիկ խմբերի վերագրել: Թերևս սա է պատճառը, որ հայկական գորգերը մի շարք երկրներում ցուցադրվում են օտար մշակույթների, ասենք՝ «Իսլամական արվեստի» սրահներում, «Ուշաղ», «Չելաբերդ», «Մուղան», «Բախմանլի» և այլ անվանումներով, որոնք, ըստ էության, կապ չունեն ո՛չ այդ գորգերի ծագման, ո՛չ էլ դրանց մշակութային պատկանելության հետ: Հայկական գորգը ազգային մշակույթի անբաժանելի մասն է և ազգային ինքնության ցուցիչներից է: Այս առումով հիշատակության է արժանի գերմանացի արվեստագետ Ֆոլքմար Գանցհորնի այն բնորոշումը, որ հին ավանդույթներ ունեցող հայկական գորգարվեստն ամբողջությամբ առնչվում է արևելաքրիստոնեական մշակույթի հետ և այդ մշակույթի կարևոր մասն է»։
Հայկական զարդաձևերի զարգացման շրջանների, զարդապատկերների աղավաղման, օտարների կողմից յուրացման, ոչնչացման մասին զրուցել ենք Լիլիա Ավանեսյանի, Լալա Մնեյանի և Գոհար Ասատրյանի հետ։
-Տիկին Ավանեսյան, որո՞նք են գորգագործության զարգացման շրջանները։ Ի՞նչ պետք է անել, որ չաղավաղվի մեր զարդարվեստը։
— Հայկական գորգարվեստը հայկական կիրառական արվեստի անքակտելի մասն է և ձևավորվել է դեռևս հնագույն ժամանակաշրջանում։ Այն ավելի հայտնի է դարձել և համաշխարհային համբավ ձեռք բերել միջնադարում։ Այսպես, 9-10-րդ դարերում արաբ պատմիչների և աշխարհագիրների վկայությամբ հայկական գորգերը մեծ հռչակ ունեին խալիֆայության տարածքի մաս կազմող երկրներում։ Հայկական գորգարվեստի զարգացման վերելքի փուլերից է 13-րդ դարը, որը, ընդհանուր առմամբ, համընկնում է մի շարք պատմական իրադարձությունների և միջազգային առևտրի աշխուժացման հետ։ Այդ ժամանակամիջոցում վերելք են ապրում հայկական արվեստի տարբեր ճյուղեր, որոնց թվում՝ գորգարվեստը։ Հայկական գորգագործական արհեստի զարգացումը վերելք է ապրում 17-18-րդ դարերում, որը պայմանավորված էր համաշխարհային առևտրի աննախադեպ վերելքով և «Հայ առևտրական ընկերության» ստեղծմամբ ու նրա վարած ակտիվ գործունեությամբ։ Բրդից, մետաքսից, բամբակից պատրաստված գործվածքները, ինչպես նաև գորգերն ու անխավ կարպետները, մեծ պահանջարկ ունեին Եվրոպայում և Ռուսաստանում։ Լեհաստանում 17-րդ դարում գորգերն ուղղակի անվանվում էին «հայկական ապրանք»։
19-րդ դարում հայ տնայնագործական արհեստը, այդ թվում՝ գորգագործությունը, անկում է ապրում։ Այն դեռևս շարունակում է զարգանալ Արցախում և Այսրկովկասի հայաբնակ շրջաններում։ 1930-ական թթ., ԽՍՀՄ-ի հաստատումից հետո, հայկական ձեռագործ գորգերի արտադրությունը դառնում է արդյունաբերական արտադրության կարևոր ճյուղերից մեկը։ Պետական հիմունքներով ստեղծվում են ձեռնարկություններ, օրինակ՝ «Երևանգորգ» ձեռնարկությունը, որտեղ արտադրվում են գեղարվեստական բարձրարժեք գորգեր, ինչպիսիք են՝ «Անահիտ» վիշապագորգը, հայկական միջնադարյան մանրանկարների օրինակով ստեղծված «Հայկական նկար» անվամբ գորգերի շարքը և այլն։ 1937 թվականի նոյեմբերի 25-ին Փարիզում Հայաստանի գորգագործ արհեստավորների կոոպերատիվին տրվում է ոսկե մեդալ։
Գորգերի հորինվածքների և զարդաձևերի աղավաղումները հայկական զարդարվեստում, այդ թվում՝ գորգարվեստում, գալիս են դարերով մշակված և ավանդական դարձած կանոնների խախտումից։ Այս բացասական երևույթը պայմանավորված է նաև մեր երկրում հայրենական գեղարվեստական բարձրարժեք գորգերի և տեքստիլի արտադրանքի պակասից։ Իմ «Հայկական գորգերի զարդաձևերի ծագումնաբանությունն ու իմաստաբանությունը» և «The Etimology and Semantics of Ornaments in Armenian Carpets» գրքերին շուտով հաջորդելու է այլ՝ ավելի համալրված գիրք, որում կլինեն ձեր առաջ քաշած շատ հարցերի պատասխաններ։ Հիմա ուսումնասիրությունների այդ փուլում եմ։
ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը հայկական զարդարվեստը ներկայացնում է հետևյալ կերպ.
-Հայկական զարդարվեստի և ընդհանրապես կիրառական արվեստի, մասնավորապես տեքստիլի մասին խոսելիս կարող ենք առանձնացնել երեք տարբեր ուղղություններ։ Առաջին ուղղությունը զարդապատկերների բովանդակությունն է և նրանց ձևերը, երկրորդը՝ գունային առանձնահատկությունները, և երրորդը՝ հորինվածքը, այսինքն՝ ինչպես են այդ զարդաձևերը տարբեր նյութերի, տարբեր առարկաների վրա տեղադրված, ինչ հաջորդականությամբ և ինչպիսի կառուցվածքով (մեծ, փոքր, կենտրոնական, եզրային և այլն)։ Սկսենք առաջինից՝ բովանդակությունից։ Հայկական զարդապատկերների առանձնահատկությունն այն է, որ դրանց բովանդակությունը հիմնականում շատ նախնական է, այսինքն՝ հենց սկզբում, երբ և ինչպես ծնվեցին այդ զարդապատկերները, ինչ իմաստ կար դրված, դրանք լիարժեքորեն արտահայտվում են նաև ըստ տեղերի, խոսքը նաև ավելի ուշ զարգացած մշակույթների մասին է։ Եվ այստեղ դրսևորվում են հենց այն ամենանախնական գաղափարները, որոնց հիման վրա, որոնց պատճառով զարդապատկերը առաջացել է, որովհետև ոչինչ պատահական չէ, և զարդապատկերներն էլ, իհարկե, պատահական չեն։ Դրանք ստեղծվում են սկզբում հղացած գաղափարից, որը արտահայտվում է որևէ գեղարվեստական արտահայտչամիջոցով։ Թե դա ինչպիսի գործընթաց է, ինչ պայմաններում է ընթացել, իհարկե, ենթադրություններ և ուսումնասիրություններ կան, բայց կարելի է ասել, որ դրանք դեռևս վերջնական չեն։ Ուղղակի ելնենք նրանից, որ դա տեղի է ունեցել։ Եվ այդ տեղի ունեցածի հիմքում աշխարհաստեղծումն է, կյանքը, որովհետև մարդու համար առաջին խնդիրը կյանքն է, եթե չկա կյանք, չկա ընդհանրապես ոչինչ։ Իսկ կյանքի համար կան որոշակի պայմաններ։ Պայմանը, այսինքն՝ որպեսզի կյանք առաջանա և շարունակվի, պիտի լինի սկիզբ։ Սկիզբը սերմն է։ Եվ այդ սերմը հետագայում ծլում, ծաղկում, բարգավաճում և վերածվում է մի ամբողջական համակարգի, որը դրված է կյանքի հիմքում, և այդ հիմքը պատկերավոր կենաց ծառն է։ Այսինքն՝ զարդաձևերի հիմնական գաղափարը կենաց ծառն է, դրա հիմքում ընկած սկիզբ-սերմնահատիկը և դրա շարունակության բոլոր մանրամասները, այսինքն՝ հերթականությամբ՝ սերմին ինչ է հաջորդում՝ ծաղիկ, պտուղ և այլն, և վերջնական ամբողջացման տեսքով ծառը։ Եվ ծառը պահպանելը մարդու և բնության հիմնական խնդիրն է։ Մարդը իր կենսագործունեութունը այնպես է կազմակերպում, որ հնարավորինս երկար ապրի։ Եվ ամեն ինչ կյանքի համար է անում՝ սնվել, հագնվել, հոգուն խնամք տանել, միտքը զարգացնել, որպեսզի կարողանա կյանքը բարեկեցիկ դարձնել և այլն։ Այս ամենը դրա մեջ է։ Մի քիչ ավելի պարզ նպատակներով, բայց, միևնույն է, նույն բովանդակության մեջ են։ Սրա մասին է խոսքը, որը արտահայտված է հայկական զարդապատկերներում։ Դրանք արտահայտված են տարբեր ձևերով՝ խաչաձևությունը, ծառի տեսքը, մի քանի, այսպես ասած, մանրամասներ՝ թվային արժեքների բաժանված, այսինքն՝ եթե երկուս է, ապա երկուսը դառնում է չորս, չորսը դառնում է ութ։ Այսպես բազմապատկվում է։ Մյուսը դրանց բովանդակությանը համապատասխան ձևերն են։ Սերմի կլորությունը, վարսանդները՝ տարբեր զարդաձևերով, ծաղկի տեսքը, պտղի տեսքը, դրանց խնամք տանող տարբեր կենդանիներ, որոնք, ի վերջո, պահապաններն են այդ ամենի։ Եվ շուրջբոլորը՝ կենդանական զույգ, հավքեր, մարդիկ, տոհմածառ և այլն, որոնք արտահայտվում են տարբեր ձևերով՝ երկրաչափական, բուսական ոճավորված ձևերով։
Երկրորդը գունային համակարգն է։ Գունային համակարգը հիմնականում շատ բազմազան է։ Իհարկե, սիրում ենք ասել, որ կարմիրը, կապույտն է հայկական գույներին բնորոշ, մանավանդ գորգերին, բայց կա նաև կանաչը, հայկական մանրանկարչությունում կտեսնենք նաև մանուշակագույնը, օքրաների տարբեր երանգներ, կաթնագույն, դեղին, սպիտակ և այլն։ Գունային բազմազանությունը շատ բնորոշ է հայկականին, որովհետև եթե երկու, երեք, չորս գույնի մեջ հեշտ է ճաշակային որոշակի լուծումներ տալը, ապա ինչքան գունային երանգները շատանում են, այնքան ավելի դժվարանում է դրանց համադրումը։ Իսկ մեր գորգերում, մանրանկարներում, ասեղնագործության մեջ շատ լինելով հանդերձ՝ երբեք շատախոսություն չեն դառնում և շատ ներդաշնակ են։ Եվ, ուրեմն, գույների մասին խոսելիս՝ կարող ենք նշել ներդաշնակությունը, հանդարտությունը և գույների հագեցվածությունը, չկան ճչան գույներ, չկա գույների աղքատություն, չկան այնպիսի հակադրություններ, որոնք աչք են ծակում, այլ այդ հակադրություններն անգամ ներդաշնակության մեջ են։
Հորինվածքի մեջ կարող ենք առանձնացնել գլխավոր և մասնավոր, այսինքն՝ կենտրոն և դրան ծառայող շրջապատ։ Ամենակարևոր պատկերը, որը պարունակում է հիմնական գաղափարը, պիտի կենտրոնում լինի, և պիտի շրջապատված լինի ոչ գլխավորներով, որոնք ծառայում են նրան և նպաստում են նրա պաշտպանությանը։ Այդպես են գորգերի կառուցվածքները, կարպետները, մանրանկարչության էջերը, մնացած բոլոր գեղարվեստական ավանդական արվեստի գործերը։ Հայկական զարդապատկերները հանդիպում են ոչ միայն գորգերի, այլև մնացած առարկաների վրա, որը նյութից կախված փոխակերպվում է, բայց զարդանախշի ձևը և բովանդակությունը մնում են նույնը։ Եվ կարելի է ասել, որ հայկական զարդապատկերային մտածողությունը արտահայտված է և՛ հայկական բանահյուսության մեջ, և՛ լեզվամտածողության մեջ։ Այսինքն՝ վկայություն է, որ ոչ թե ձեռքբերովի են կամ ինչ-որ տեղից վերցրած, այլ բուն խորքային են և նույն աղբյուրից են ծագում։
-Իսկ ի՞նչ կասեք հայկական շուկայի և զարդապատկերների խեղման մասին։
— Կասեմ, որ դա միայն և միայն կրթության պակասից է։ Այս հարցին տասնամյակներ շարունակ ոչ մի ուշադրություն չի դարձվել։ Եթե ավանդաբար առաջներում գործում էին, և դա բոլորի տներում կար, իրենց համար շատ հարազատ էր, աչքները սովոր էին, ոչ մի խնդիր չկար։ Ինչպես, օրինակ, ֆիրմային ապրանքը, երբ ցույց ես տալիս որևէ մեկին, որին ծանոթ է այդ ֆիրմայի արտադրանքը, անմիջապես կասի՝ սա տվյալ ֆիրմայից է, թե չէ։ Որովհետև հիմա մեր կյանքը լցված է նման իրերով։ Այդտեղ է մեր իմացությունը։ Իսկ ժամանակին մշակութային որոշակի ազգային ավանդական հիմքի վրա էր, և մարդիկ այն ճանաչում էին։ Գիտեին, իրենց համար ոչ մի խնդիր չէր առաջանում ապացուցելու կամ ասելու՝ սա հայկական է, թե ոչ։ Բայց քանի որ կտրվել է, կարելի է մի բառով այսպես ասել՝ վերցվել ու կտրվել է, մեր կյանքից դուրս է մղվել այդ ամենը՝ որպես հին, անպիտան, և շատ քիչ բան է պահպանվել, և հիմա նոր-նոր սկսում է վերականգնվել, դրա համար, անշուշտ, նման չիմացությունը շատ բնական է։ Իսկ խեղումն էլ բնական է. եթե մի բան չգիտես, կարող ես խեղել։ Օրինակ՝ եթե մարդը չգիտի, որ կենաց ծառ է, կարող է գլխի վրա շուռ տալ, կամ բացասական մի բան, որը դրական է, բացասական եզրով շրջապատել և այլն։ Միայն կրթության շնորհիվ է հնարավոր դա լրացնել։ Իսկ կրթություն չի նշանակում, որ դա պիտի մնա անհատների կամ ՀԿ-ների կամ մասնավոր կրթական նախաձեռնությունների վրա, այլ պիտի պետական լուրջ մոտեցում ստանա, և ոչ թե որպես առանձին առարկա, այլ մտնի մեր կենցաղ, դրա մասին գիտելիքները դասավորված լինեն տարբեր բնագավառներում, օրինակ՝ կիրառական արվեստ (տեխնոլոգիական առարկաներ) կամ կերպարվեստ, պատմություն։
Dwell urban ընկերության հիմնադիր տնօրեն, ոստիկանության զորքերի պահեստազորի ավագ լեյտենանտ Գոհար Ասատրյանը մտահոգված է հայ զարդարվեստի պահպանման հարցերով և բավականին քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։
-Հայկական զարդապատկերներն ավելի տարածելու և ավելի կիրառելի դարձնելու համար սկսեցի առօրյա, տոնական հագուստների վրա ասեղնագործել հայկական տարբեր տարածաշրջանների գորգերից վերցրած զարդապատկերներ, տարբեր մոտիվներով զարդաձևեր։ Եվ դրանք համեմատաբար ավելի մատչելի են, քան մյուս արտադրողներինը։ Իմ նպատակը զարդապատկերները տարածելն է։ Բացի արտադրողական գործընթացից՝ կրթօջախներին առաջարկել եմ հրաժարվել թուրքական գործվածքներից և միայն նյութածախսով կարել հագուստներ հայկական զարդապատկերներով։ Այսինքն՝ աշխատանքի, ասեղնագործության գումար չեմ վերցնում, և միայն նյութածախսը վճարելով՝ ունենում են հագուստներ։ Մի քանի կրթօջախներ ընդառաջ գնացին իմ առաջարկությանը, որոշ կրթօջախներ ինչպես անում էին, այդպես էլ շարունակեցին օգտագործել թուրքական կտորներով հագուստներ։ Սեփական նախաձեռնությամբ տարեկան երկու կրթօջախ եմ ընտրում, որոնց տրամադրում եմ հայկական զարդաձևերով հագուստներ։ Այս տարի ընտրել եմ Չինչինի մանկապարտեզը և Ջավախքի դպրոցը։ Այս ամենից բացի՝ տարբեր կրթօջախներում կազմակերպում եմ բանախոսություն՝ ազգային զարդապատկերների ճանաչման և թուրքական կտորների տարբերակման վերաբերյալ։ Հույս ունեմ՝ գոնե այս կերպ հենց փոքր տարիքից երեխաները կճանաչեն մեր ազգային զարդապատկերները։
—Հայ սպառողներից բացի` ունե՞ք այլազգի սպառողներ։
-Բացի հայաստանաբնակ սպառողներից՝ ունեմ նաև հաճախորդներ, որոնք գտնվում են սփյուռքում, ազգությամբ հայեր են, և ունեմ հաճախորդներ, որոնք այլազգի են։ Օրինակը լիբանանցի աղջիկն է, որը հայկական տարազով ղափամա էր պատրաստում, չինացի դուդուկահարը, որը գնել էր հայկական զարդապատկերով վերնաշապիկներ՝ իր համերգի ժամանակ ներկայանալու համար։ Ունեմ ճապոնացի հաճախորդներ, կանադացիներ, հոլանդացիներ, երևի տասը երկրներից այլազգի սպառողներ ունեմ։
Մարինե Թաթոյան
Հ.Գ. -Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ ցավով տեղեկացանք Լալա Մնեյանի մահվան մասին։ Խորապես ցավակցում ենք հարազատներին: