Ծաղկաձորի մշակութային կյանքի ամենաուշագրավ կառույցը՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը հիմնադրվել է 1980 թվականին։ Ի սկզբանե այն պիտի կոչվեր ակադեմիկոսներ Հովսեփ և Լևոն Օրբելիների թանգարան, սակայն նյութերի հավաքման ընթացքում հայտնություն եղավ երրորդ եղբոր՝ Ռուբեն Օրբելու մասին եղած նյութերի առկայությունն ու կարևորությունը, և կառույցն անվանվեց Օրբելի եղբայրերի տուն-թանգարան։
1987 թ․, երբ տոնվում էր Հովսեփ Օրբելու 100-ամյակը, տուն-թանգարանի առջև տեղադրվեց Օրբելի եղբայրների քանդակը, որի հեղինակն է Արտաշես Հովսեփյանը։
Արտաշես Հովսեփյան, Օրբելի եղբայրների քանդակը
Եղբայրներից միայն Լևոնն է ծնվել Ծաղկաձորի տանը, և սա էլ հիմք է տվել թանգարանը հիմնադրելու հենց այդտեղ ու կոչելու տուն-թանգարան։ Թանգարանի հիմնադիր տնօրեն, այժմ թանգարանի ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանի ուղեկցությամբ տուն-թանգարանում հերթական շրջայցը տպավորիչ էր նույնքան, որքան տարիներ առաջ, երբ առաջին անգամն էի ոտք դրել այս բազմախորհուրդ ու իմաստուն հարկից ներս:
Տուն-թանգարանի հուշային սրահներն ունեն առանձնահատուկ կախարդանք, ինչպես որ ցանկացած թանգարանի հուշային հատված:
Հուշային հատվածներ
Ճաշակով և մասնագիտական բծախնդրությամբ ձևավորված ցուցասրահները պարզապես գիտական մտքի հարուստ շտեմարան են բացում այցելուի առաջ, որի պարունակության հետ առնչվելով՝ ունենում ես ազգային հպարտության, գիտական տարաբնույթ հայտնագործությունների հաղորդակից դառնալու ինտելեկտուալ վայելքի, մարդկային մտքի ու երևակայության թռիչի անսահմանության մեջ համոզվելու բազում առիթներ:
Հատված ցուցասրահից
***
Օրբելիները հայտնի են 12-րդ դարից, դա հայկական հին իշխանական տոհմերից մեկն է եղել։ Օրբելիները մեր ազգին տվել են և՛ մշակույթի գործիչներ, և՛
զինվորականներ։ Ուշ միջնադարում ընդհատվում են գրավոր հաղորդումները տոհմի մասին, ապա վերսկսվում Օրբելի եղբայրների պապի՝ Հովսեփ Հովակիմի Օրբելու (1810-1891) մասին տեղեկություններով։ Հովսեփ Հ. Օրբելին ծնվել է Թիֆլիսում, որոշ ժամանակ սովորել Դորպատի համալսարանում, ավարտել Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ Ճեմարան, որը հիմնադրվել է 1815 թ․, հետագայում մեծ դեր խաղացել ոչ միայն հայ, այլև ռուս իրականության մեջ։ Այդ ճեմարանի հենքով է, փաստորեն, խորհրդային տարիներին հիմնադրվել ԽՍՀՄ Արևելեգիտության ինստիտուտը։
Օրբելիների պապը բազմանդամ ընտանիքի հայր էր։ Երեք որդի և երկու դուստր է ունեցել։ Ավագ որդին Աբգարն էր՝ Օրբելի եղբայրների հայրը։ Մյուս որդին՝ Դավիթը՝ Օրբելիների հորեղբայրը, անվանի հոգեբույժ է եղել Թիֆլիսում։ Հայտնի է, որ նա կեղծ վկայությամբ հաստատել է հեղափոխական գործիչ Կամոյի՝ հոգեկան հիվանդ լինելը։ Երրորդ որդին՝ Համազասպը, Թիֆիլիսի լավագույն ատամնաբույժներից է եղել։ Տուն-թանգարանում ցուցադրվում են նյութեր Օրբելիների ավագ սերնդի ներկայացուցիչների վերաբերյալ։ Օրինակ՝ հայ եկեղեցու պատմության գիրքը՝ Դասատետրը, թանգարանի հետաքրքիր ցուցանմուշներից է։ Դրա հեղինակն է Հովսեփ Հովակիմի Օրբելին։ Այդ Դասատետրը օգտագործվել է դպրոցներում՝ որպես դասագիրք և ունեցել երկու հրատարակություն։
Աբգար Օրբելու ընտանեկան լուսանկարը, որը ցուցադրված է թանգարանում, արվել է 1905 թվականին։
Օրբելիների ընտանեկան լուսանկարը
Լուսանկարում նստածների շարքում են հայրը՝ Աբգարը, մայրը՝ Վարդանուշը, ավագ որդին՝ Ռուբենը, կանգնած են Լևոնը և Հովսեփը։
Աբգար Օրբելու խոսքերը, որ ասել է նա մահվանից կարճ ժամանակ առաջ իր ընկերոջը, վկայում են գիտության հանդեպ այդ գերդաստանում եղած խորին պատկառանքի մասին։ Նա ասել է, թե ինքն ուրախ է, որ որդիներն ընտրել են գիտության ճանապարհը, որ այն նրանց նյութապես չի ապահովի, բայց փառք կբերի այն ազգին, որի ներկայացուցիչներն են իրենք։ Համանման մտքերի ենք հանդիպում դրանից ութ տարի առաջ՝ 1904 թ․, Լևոն որդուն մոր գրած նամակում։ Տիկին Օրբելին գրում է, որ հավատն իրեն ուժ է տվել՝ դաստիարակելու այնպիսի կտրիճների, որոնք կշարունակեն իրենց ճանապարհը գիտության մեջ՝ փառք բերելով իրենց մորն ու իրենց ազգին․ «Եվ ես հպարտ կլինեմ, որ քայլեմ փողոցով և իմ հետևից ասեն՝ երջանիկ մայր»։
Առհասարակ, Օրբելիների նամականին մի բազմաշերտ ու իմաստուն աշխարհ է պարփակում իր մեջ, որին կարելի է ծանոթանալ Գերասիմ Մկրտչյանի և Մարինե Բունիաթյանի հրատարակած «Էջեր Օրբելիների ընտանիքի կյանքից» աշխատությունում։ Գիտահրատարակչական աշխատանքը կազմում է Օրբելի եղբայրների տուն-թանգարանի գործունեության կարևոր բաղադրիչը։ Գ․ Մկրտչյանը և Մ․ Բունիաթյանը կազմել և հրատարակել են բազմաթիվ գրքեր, որոնք հասցեագրված են ինչպես մասնագիտական շրջանակներին, այնպես էլ լայն հանրությանը։
Թանգարանի հրատարակած գրքերը
Գ․ Մկրտչյանը ոչ միայն մեզ ներկայացրեց տուն-թանգարանի ցուցադրությունը, այլև կիսվեց իր նպատակներով և մտահոգություններով։ Նա կարծում է, որ մենք այսօր խնդիր ունենք հայերի՝ դրսում ստեղծած արժեքը բերելու Հայաստան, որովհետև եթե դա հայի ստեղծածն է, ուրեմն հայկական արժեք է։ «Մենք պիտի կազմակերպենք մշակութային հայրենադարձություն,- ասում է նա։- Այն նյութերը, որ ունենք թանգարանում, բերվել են Լենինգրադից։ Բերվել են անցյալ դարի 80-ականներին։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե մենք մի տասը տարի ուշանայինք։ Հնարավոր կլինե՞ր ձեռք բերել այս նյութերը։ Խորհրդային Միությունը կփլվեր, և այս ամենը կգնար-կկորչեր օտար երկրում։ Բայց մենք բերել ենք և ստեղծել մեզանում այս ազգային արժեքը՝ թանգարանը։ Այսօր էլ դրսում մեծ հարստություն ունենք, պիտի կազմակերպվի դրանց տեղափոխումը Հայաստան, պիտի լինի մշակութային հայրենադարձություն»։ Մեր կարծիքով սա պետք է կազմակերպվի պետական մակարդակով, ոչ թե անհատների միջոցով։ Անհատը կարող է նման հարցերում ունենալ այս կամ այն չափով դերակատարություն, մասնակցություն, իսկ պետությունն ի զորու է և պարտավոր հիմնովին իր ձեռքը վերցնելու նման հարցերի տնօրինումն ու դրանց լուծումը։ Նախ պետք է այդ գործի կարևորությունը, անհրաժեշտությունը գիտակցել, ապա ձեռնամուխ լինել այն իրականացնելուն։
Վերադառնալով տուն-թանգարանի ցուցադրությանը՝ խոստովանենք, որ այստեղ ցուցադրվող ամբողջ նյութը մեկ հրապարակման շրջանակներում դժվար է ներկայացնել, սակայն կփորձենք ուրվագծել առավել ուշագրավ նմուշները, փաստերն ու երևույթները՝ հույսով, որ կշահագրգռենք մեր հանրությանը լինելու Օրբելի եղբայրների տուն-թանգարանում և լիարժեք պատկերացում կազմելու այստեղ պահվող գանձերի մասին։
Փորձենք ուրվագծել Օրբելի եղբայրների թանգարանային պահոցներն ու դուրս բերել դրանցից առանձին պատառիկներ՝ չմոռանալով թանգարանային գործունեության շրջանակներում դրանց անդրադարձների, նորօրյա արժևորման մասին։
***
Ավագ եղբայրը՝ Ռուբեն Օրբելին (1880-1943), աշխատում էր Ռուսական կայսրության Ցարական սենատում, դասավանդում Պետերբուրգի համալսարանում, միաժամանակ զբաղվում աստվածաբանությամբ՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը մեկ տասնյակ լեզուներով: 1930-ական թվականներից սկսել է զբաղվել ստորջրյա հնագիտությամբ, որը, փաստորեն դարձել է ծովային մշակույթի կարևոր բաղադրիչ։ «Ասում ենք, չէ՞, ծով չունենք, ծովակալ ունենք։ Այս դեպքում էլ՝ ծով չունենք, ծովային մշակույթի բաղադրիչ կազմող ստորջրյա հնագիտության հիմնադիր ունենք»,- փաստում է Գ. Մկրտչյանը։ Վերջինիս կարծիքով Հայաստանում պետք է զարգացնել ստորջրյա հնագիտությունը։ Այդպիսով լրացուցիչ ուշադրություն կսևեռենք Սևանի վրա, և Սևանը կդառնա հրապուրիչ ոչ միայն տարվա երկու-երեք ամիսներին, այլև ավելի երկար։ Սա նաև կլուծի զբոսաշրջիկների ակտիվության խնդիրը, կբերի տնտեսական եկամուտներ։ Մկրտչյանը պատմում է, որ իրենք արել են առաջին ընթերցումը ստորջրյա հնագիտության վերաբերյալ՝ նվիրված Ռուբեն Օրբելու հիշատակին։ Թանգարանի բարեկամ, սուզակ Արտակ Էլմասնակյանը սուզվել է Սևանի հատակը և այնտեղ հայտնաբերել ձուլարանի կաթսա, պատի շարվածք, գրություն, որն այս պահի դրությամբ անհասկանալի է, վերծանման կարիք ունի, և էլի որոշ հետաքրքիր բաներ։ Ասել է թե՝ Սևանի հատակում պեղումները շարունակելն անհրաժեշտ է, քանի որ այնտեղ թաքնված են բազմաթիվ գանձեր, որոնք ունեն հայտնաբերման և ուսումնասիրության կարիք։
***
Միջնեկ եղբայրը՝ Լևոն Օրբելին (1882-1958), ռազմական բժշկության խոշորագույն դեմքերից է։ 1899 թ. ընդունվել է Ս.Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան, ավարտել այն՝ որպես կադրային սպա։ Այսպես է սկսվել գիտնական-զինվորականի այն փառահեղ ուղին, որն անցել է անվանի հայորդին։ 1943-ին Լևոն Օրբելին նշանակվում է Լենինգրադի ռազմաբժկական ակադեմիայի ղեկավար։ Լևոն Օրբելու աշխատանքները բարձր է գնահատել Ստալինը, թեև գաղտնիք չէ, որ նա մշտապես հակահայկան դիրքորոշում է ունեցել։ Բանն այն է, որ Ստալինը չի հանդուրժել անհաջողակներին, իսկ Լևոն Օրբելին ակնհայտորեն այդ բանակից չէր։ 1944 թ. Լ. Օրբելուն շնորհվում է բժշկական ծառայության գեներալ գնդապետի կոչում՝ զինվորական բարձրագույն աստիճանը։ 1945-ին արժանանում է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, 1946-ին՝ Մեչնիկովի անվան ոսկե մեդալի։ Փառքի այս հաղթարշավին հետևում են Լևոն Օրբելու դեմ ուղղված նենգ մեքենայություններն ու հալածանքները՝ պայմանավորված Կրեմլից թելադրվող քաղաքականությամբ։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ աշխարհը բաժանվել էր բուրժուական և սոցիալիստական ճամբարների։ Այն գիտնականները, որոնք չէին հետևում Կրեմլի գծին, հայտնվում էին սև ցուցակում։ Վերջիններիս թվում էր Լևոն Օրբելին։ Բարեբախտաբար, նրա հետ ֆիզիկական հաշվեհարդար չտեսան, բայց ազատեցին զբաղեցրած բոլոր պաշտոններից։ Ավելի ուշ, իհարկե, վերականգնեցին Լ. Օրբելու վարկը։
Լևոն Օրբելու անձի հետ է առնչվում աշխարհահռչակ գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կոնրադ Լորենցի՝ խորհրդային ռազմագերիների ճամբարից ազատելու և հայրենիք՝ Ավստրիա վերադառնալու փաստը։
Ինչպես ներկայացնում է Գ. Մկրտչայնը, այդ պատմության մեջ որոշ սպիտակ էջեր կան, որը լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք ունի։ Եվ այնուամենայնիվ, փորձենք համառոտ շարադրել այն, ինչ հայտնի է Օրբելի-Լորենց փոխհարաբերությունների մասին։
«Կոնրադ Լորենցը երբեք չի տվել Լևոն Օրբելու անունը, որովհետև դա վտանգավոր կարող էր լինել վերջինիս համար։ Բայց Վիեննա հասնելուն պես նամակ է գրել Հայաստան, շնորհակալություն հայտնել՝ առանց կոնկրետ անուն նշելու։ Ըստ վկայությունների՝ նրանց ճամբարում մի հայ կապիտան է եղել, որը թույլ է տվել Լորենցին զբաղվելու իր գիտական ուսումնասիրություններով։ Ասում են՝ երբ թուղթը վերջացել է, նա գրել է ցեմենտի պարկերի վրա՝ մագնեզիումի լուծույթով»,- պատմում է Գ. Մկրտչյանը։ Կան նաև տեղեկություններ այն մասին, որ Սևանի նավատորմի պետ Գասպարյան ազգանունով մեկի խնդրանքով Հովսեփ Օրբելին է բարեխոսել ռազմագերի Լորենցի համար։ Լևոն Օրբելին այդ ժամանակ Ռազմաբժշկական ակադեմիայի պետն էր, ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահը և ի զորու էր նպաստելու Լորենցի ազատմանն ու հայրենիք վերադարձին։ Հատկանշական է, որ մարդու և կենդանիների զգայարանների ուսումնասիրությամբ զբաղվել են և՛ Լևոն Օրբելին, և՛ Կոնրադ Լորենցը։ Այսինքն՝ նրանք իրենց գիտական հետազոտությունների դաշտում ընդհանուր հետաքրքրություններ ունեին։
Լևոն Օրբելու գործն ու հիշատակը այսօրեական ընթացքի մեջ պահելու դրվատելի ավանդույթ է գործում Օրբելի եղբայրների տուն-թանգարանում: Երևանի բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողներն ամեն տարի՝ հուլիսի 7-ին՝ Լևոն Օրբելու ծննդյան օրը, հյուրընկալվում են այս օջախում և ստանում իրենց դիպլոմները, որոնց վրա դրվում է Լևոն Օրբելու կնիքը։
ԵԲՊՀ շրջանավարտները՝ թանգարանում
***
Կրստեր եղբայրը՝ Հովսեփ Օրբելին (1887-1961) աշակերտել է հռչակավոր արևելագետ Նիկողայոս Մառին, նրա ձեռքի տակ ձևավորվել որպես գիտնական։ 1906-16 թթ․, լինելով երրորդ կուրսի ուսանող, Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի հնավայրի պեղումներին։ Ուսանող Օրբելին, իրոք, դարձել է Մառի աջ ձեռքը։ Հենց այստեղ էլ դրսևորվել է նրա կազմակերպչական տաղանդը։ Մառը նույնիսկ իր հուշերում գրել է, որ այդ տարի գործերը շատ հաջող են եղել՝ ինքն ունեցել է Օրբելու նման օգնական։ Պեղումների գտածոներից պահպանվում են և ցուցադրվում Հովսեփ Օրբելու մասին պատմող ցուցադրության հատվածում։ Գունավոր ջնարակված խեցեղենի բեկորներից զատ, այստեղ նաև 10-րդ դարի հայ կանանց գործածած օծանելիքի սրվակի նմուշ կա, որը խոսում է հայոց կենցաղում քաղաքակիրթ բարքերի առկայության մասին դեռ հին դարերում։ Պեղումների ընթացքում գտնված նմուշները տարվել են Պետերբուրգ։ Ցարական կառավարությունը չէր ցանկանում, որ դրանք մնային Հայաստանում, որպեսզի ժողովուրդը չիրազեկվի իր արժեքների մասին, որ խեղճության, անտեղյակության մեջ մնա։ Այդ արժեքները տարվել են Պետերբուրգ, իսկ վերադարձնելիս Արմավիր-Թիֆլիս հատվածում կորել են. այսօր կարող ենք միայն ենթադրություներ անել, թե ինչու և ում ձեռքով է դա արվել։
1920-ականներին ստեղծվել էր հատուկ՝ Անիկվարիատի հանձնաժողով, որն զբաղվում էր հնամյա իրերի առքուվաճառքով, հատկապես՝ թանգարանային արժեքների։ Էրմիտաժում կային արժեքավոր իրեր՝ Պարսից Շապուհ 2-րդ և Շապուհ 3-րդ արքաների որսի տեսարաններով ձևավորված արծաթյա սկուտեղներ, որոնք Օրբելին ձեռք էր բերել այլ թանգարաններից, պեղումների ժամանակ։ 1932 թ. Անտիկվարիատի պաշտոնյաները, որ բնականաբար КГБ-ի աշխատակիցներ էին, գալիս են այդ արժեքների հետևից։ Հ. Օրբելին նրանց կոպտորեն մերժում է՝ ասելով, որ կստանան դրանք միայն իր դիակի վրայով։ Դրանից հետո բոլորն սպասում են, որ Օրբելու հետ հաշվեհարդար կտեսնեն, որ նա հաջորդ օրն այլևս չի գա աշխատանքի։ Իսկ Օրբելին անզիջում էր իր դիրքորոշման մեջ և այն պաշտպանելու նպատակով գնում է տնօրենի՝ Բորիս Լեգրանի մոտ (Վերջինս Հայաստանում Ռուսաստանի առաջին դեսպանն է եղել, 1920 թ. օգոստոսի 10-ին կնքել է հայ-ռուսական պայմանագիր՝ համաձայնի որի հայկական տարածքներն առժամանակ ճանաչվել են ոչ մեկին չպատկանող, 1930-1934 թթ. եղել է Էրմիտաժի տնօրենը, 1937 թ.՝ Չինաստանում ԽՍՀՄ դեսպանը, ապա գնդակահարվել է)։ Օրբելին ուղղակի հարձակվում է Լեգրանի վրա՝ ասելով. «Գրիր քո բեղավոր զինակցին, որ այդպիսի բաները չի կարելի վաճառել»։ Օրբելին նամակ է գրում Ստալինին, իսկ Լեգրանը աշխատում է, որ այն շուտ տեղ հասնի: Ուղիղ տասն օր հետո՝ նոյեմբերի 5-ին, Ստալինից ստացվում է պատասխան նամակը, որում նա հավանություն էր տվել Օրբելու դիրքորոշմանը։ Այս դեպքից հետո դադարեցվել է Էրմիտաժի արժեքների վաճառքը։ Ասում են, որ Օրբելին այդ նամակը փակցրել էր իր բազկաթոռի հետևում, և այլևս ոչ ոք չէր համարձակվում ոտնձգություն անել թանգարանային արժեքների դեմ։ Այդպես փրկվել են շատ գլուխ գործոցներ։
1951-ին Հովսեփ Օրբելուն ազատել են Էրմիտաժի տնօրենի պաշտոնից՝ հենց իր անզիջում պահվածքի, հանուն գործի ունեցած սկզբունքային դիրքորոշման պատճառով։ Չիմանալով, որ իրեն ազատել են, Օրբելին առավոտյան գնում է աշխատանքի, և Էրմիտաժի տնտեսվարը մուտքի մոտ հայտնում է, որ նա այլևս այդտեղ չի աշխատում։ Փաստորեն, ամենահամարձակ մարդը ողջ Էրմիտաժում և վերադաս կառույցներում եղել է Էրմիտաժի հասարակ աշխատակիցը։
Հովսեփ Օրբելու վաստակն անուրանալի է հայ ժողովրդի կյանքում։ Հիշեցնենք միայն, որ նա հիմնադրել է Հայսատանի գիտությունների ակադեմիան և եղել մեր գիտության կաճառի առաջին նախագահը (1943-1947 թթ․)։
Օրբելին սիրում էր կրկնել․ «Գիշերը դեռ առջևում է: Երբեք ուշ չէ»:
***
Ինչպես իմաստնորեն ասում է ժողովրդական առածը. «Չորացած ծառին քար չեն նետում»։ Այս խոսքը լիովին բացատրում է թե՛ Լևոն, թե՛ Հովսեփ Օրբելիների հանդեպ հալածանքների պարագան։ Իսկ դարերի միջով առկայծում է Օրբելիների թողած լուսավոր հետագիծն ու փառք բերում իրենց նշանավոր տոհմին և հայոց աշխարհին։ Այդ լույսին հաղորդակցվելու ամենակարճ ճանապարհը տանում է դեպի Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարան։ Մի՛ շրջանցեք այն:
Կարինե Ռաֆայելյան