ԳիտաՆյութ Նշան Աբասյան

Շարահյուսական բացառությունների մի քանի օրինակ

13.02.2025

Լեզվական երևույթները մեկնաբանելիս և համակարգելիս գիտությունը հենվում է տրամաբանական մտածողության և ըստ այդմ բացահայտված որոշակի օրինաչափությունների վրա։ Սակայն ցանկացած լեզվում շատ են նաև բացառությունները` շեղումները վերոնշյալ օրինաչափություններից։ Բացառությունների «օրինականացման» հիմքում արդեն այլ պատճառներ են լինում, ասենք՝ ինչ-որ մասնավոր «հանգամանք», որն իր հերթին հարստացնում ու գունավորում է լեզվի պատմությունը։ Օրինակ՝ ծաղկեփունջ բառն առաջացել է ոսկեծամ, տարեվերջ, հոգեկից բառերի համաբանությամբ, այլապես ճիշտ տարբերակը պետք է լիներ՝ ծաղկափունջ, որովհետև, ի տարբերություն ոսկի, տարի, հոգի բառերի, ծաղիկ-ը չի ավարտվում «ի» ձայնավորով, և բառակազմության ժամանակ ի+ա>ե հնչյունափոխություն առկա չէ։

Երբեմն էլ բացառությունը կարող է լինել դիպվածային՝ ոճական ու իրադրական պատճառաբանվածությամբ։ Այսպես՝ hաճախ այս կամ այս եղելությունը հատուկ շեշտելու կամ միտքն ավելի խոսուն արտահայտելու համար նախադասությանը հավելվում են բառեր, քերականական ձևեր, որոնք առաջին հայացքից կարող են ավելորդ թվալ: Համեմատենք մի քանի նախադասության երկու տարբերակներ։ Յուրաքանչյուր զույգում առաջին՝ սեղմ տարբերակը քերականորեն ավելի տրամաբանական է թվում, մինչդեռ ոճական տեսանկյունից ասելիքը առավել որոշակիացնում է երկրորդ տարբերակը՝ թվացյալ ավելորդ բառով․

1․ Ծառին թիկնած՝ նա երգում էր: 

2․ Ծառին թիկնած՝ նա երգ էր երգում: 

1․ Բժիշկը մտածեց… 

2․ Բժիշկն ինքն իր մեջ մտածեց… 

1․ Պատանու հայացքում թախիծ կար: 

2․ Պատանու հայացքի մեջ թախիծ կար: 

1․ Դաշտում բզզում էր պարսը, իսկ երկնքում ճախրում էր երամը: 

2․ Դաշտում բզզում էր մեղուների պարսը, իսկ երկնքում ճախրում էր թռչունների երամը:

1․ Երկար տարիների պանդուխտը այսօր ահա կրկին ոտք դրեց հարազատ գյուղ։ 

2․ Երկար տարիների պանդուխտը այսօր ահա կրկին ոտք դրեց հարազատ գյուղը։ 

Այս օրինակները ցույց են տալիս, որ ի շահ խոսքի արտահայտչականության և զանազան նրբերանգների, մանավանդ գեղարվեստական ոճում, երբեմն կարելի և անհրաժեշտ է լեզվին նայել ստեղծագործաբար։

Նշան Աբասյան