Անգլերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը
Խոհածումներ էլեկտրական լամպի լույսի ներքո, ժամացույցի տկտկոցը հունվարյան գիշերվա մեջ և մունջ ռադիոյի հաստատությունը քառասունվեց ջազ-խմբերի, շանսոնիեների, վալսերի, տանգոների հետ՝ խուլ զառանցանք. ա՜խ, ախորժելի ծխախոտ, սրընթաց նժույգ, որ ցատկում է առ անմտություն, արագ, պարապության միջով, գալիք մահվան ցանկալի համը, սերն առ մահը, բոլոր երեխաները կմահանան, բոլոր երեխաները կկորցնեն իրենց դեմքերը, բոլոր երեխաները կքայլեն իրենց փոքրիկ տոտիկներով դուրս այստեղից, բոլոր երեխաները պիտի հեռանան։
Խոհածումներ հունվարյան գիշերում՝ բոլոր դեմքերը, բոլոր ձևերը, բոլոր մտածումները պիտի գնան, և ոչինչ չի դառնալու, լոկ դանդաղկոտ ու արագ պահի մահը, և մահը մահվան նրա, ով մտածում էր այդ ամե՞նը. և ուրկի՞ց է գիշերվա մեջ վալսերի հանդարտությունը, աղմուկի լռությո՞ւնը, ո՞վ է դա, ո՞վ, և ուրկի՞ց, ողջերի ո՞ր փողոցից, մեռյալների ո՞ր փողոցից։ Էվկալիպտի բարձրատրտում ծառերը հունվարին մի քանի դար անց, անլսելի են սիմֆոնիկ տրտում հեկեկոցները։
Եվ հայացքն առ ձայնագրի խորաբաց անցքը, ստվերը պաստառների աղոտող միապաղաղության վրա, ճշգրիտ պատերը ճշգրիտ մեկուսացման համար, բոլոր մարդիկ կքայլեն դեպի վերջին պահերը, բոլոր մարդիկ, բոլոր մարդիկ կկտրվեն տպագիր խոսքից և կգնան ի հող, և աչքերը, որ տեսնում են՝ չեն տեսնի, և ականջները, որ լսում են, կլսեն միայն ծովը և տիեզերքի կործանումը հարմոնի լռության մեջ, և բոլոր ձեռքերը պիտի խորը թաղվեն կեղտի մեջ և նեխում ու նեխում, և բոլոր մարդկանց հագուստները կվերցվեն նրանց մարմիններից և կտեղադրվեն մոմե մանեքենների վրագրավատների խանութներում, և այլն, և այլն, ու գիշերը, որ վերջանում է, երբեք չի ավարտվի, և մարդն արթուն քայքայման մեջ ուրվականի պես կվերադառնա և կտեսնի, ինչպես է իր տաբատը ցուցադրված մեկ դոլար և քսանհինգ ցենտ հատուկ գնով և ճիշտ նույնպես՝ իր գլխարկը։
Զվարթ ժամանակ է լինում հունվարին, երբ վաղվա էվկալիպտները անմիտ ողբում են մարդկանց, որ մահացել են (մահացող հիմա), մի երկու հարյուր տարի առաջ, և ահա այս վերջին պահին, և ծխախոտ ծխող տղան մեկն է նրանցից, հենց նա էր գտնվում այնտեղ տանը, որտեղ նա զննում էր ձայնագրի խորաբացվածքը՝ և ո՞ւր է նա հիմա, և ո՞ւր է նրա վերարկուն։
Քանզի ինչ-որ գրավչություն կա հենց հանդարտ մահացման մեջ հատվածում կամ երկու հազար տարի առաջ այլ մի մարդու հատվածում, ինչ-որ մեկի մահվան հատվածում, և ինչ-որ գրավչություն կա էլեկտրական լույսի ներքո կենալու մեջ` մեր ամենավսեմ ներդրումն անքնության մեջ, որ առաջարկում է մահանալ արթուն երեխաներին էլեկտրական լույսի ներքո, արթուն մնալ և մահանալ, և ապրել, և այդպիսի գրավչությունը հենց անշարժության ձևն է, ինչպես դանդաղ մահ, և սերում է պարից, իսկ պարը՝ կարծր ժայռի քարից է, բայց երբեք ոչ ջրից, երբեք ոչ հոսանուտ ջրերից, և պարը՝ լեռան, գեղանազ երկնքի, սիրելի անհեթեթության բախումն է։
Նրանք կասեն այնժամ, ինչպես հիմա են ասում՝ իրենց աչքերը մեկ ներս, մեկ դուրս ուղղելով` մինչև հետո՝ կխոսեն այնժամ, ինչպես հիմա են խոսում, թե դա պատահեց ծխելու և էլեկտրական անքնության պահին՝ և նա կեցած էր՝ հանկարծ արթնացած ու դեպ կյանք եկած, իսկ այժմ տունը չկա, միայն ծառը` մեծ, լայն, հաստ, եսասեր, անխիղճ, ուժեղ, քամու տակ ուշաթափվող էվկալիպտը, մի ակնթարթ առաջ թռչուններին պահվտելով, դա այստեղ էր, մենք տեսել էինք նրա հանդարտ դեմքը լույսի ներքո, ինչպես էր նա ծաղրում մահն ու խոնարհվում նրա առջև, և կամենում էր այն, և ծաղրում էր, և այն այստեղ էր, և մենք լսում էինք, ինչպես նա թոքերի մեջ ներշնչեց քարն ու արտաշնչեց որպես միտք, ինչպես ինչ-որ բան ժամանակից ու մարդուց՝ ինչ-որ բան իր ժամանակից, բայց հիմա տունը չկա՝ միայն այս ծառը, և ի՞նչ է ճշմարտությունը։ Ի՞նչ է այն, որի մասին մենք կարող ենք ասել, որ դա սուտ չէ, եթե նույնիսկ դա քրիստոնեական սո՞ւտ է։ Ի՞նչ է այդ։ Թե դա միշտ սուտ է, թեպետ մենք գիտենք, որ նա կանգնած էր այստեղ։
Եվ խոսակցությունները, որոնք մենք լսում ենք բոլոր այդ պահերից հետո, և շատ ժայռերի գահավիժումը և ծովերի ու մայրցամաքների տեղաշարժը, այս խոսքը, որ մենք լսում ենք, լռության խոսքն է, բառերն աղոտում են, և ամեն ինչ անիմաստ է, անիմաստ, և ամեն ինչ թույլ ու հիվանդագին է, բացի մեծ ծառի զորությունից, որ ողբում է մարդուն, բայց հեծկլտում է այնտեղ, ուր կանգնած էր ծառը, և խոսքն այնքան խլացած ու շրշացող է, որ չես ասի՝ արդյոք դա տղան է խոսում, կամ, գուցե, տարիներ անց տնքում է ծառը, և չկա այնպիսի փաստ, որ կարող ես մատնացույց անել, և չկա ճշմարտություն, և ամենայն ինչ, որ սերում է տիեզերքից ու լռությունից, լոկ մտքի ալեձևություն է, համարյա թե ձայնավորված մահացու շնչառությամբ, և մեծ ծառի վերին ճյուղերը տարուբերվում ու կյանքով են շնչում, և հիշում են տղայի մահը։
Բայց փաստ չկա և ելքն աղոտ է: Պատմաբանները շվարած են, և փշրվող ժայռն ավելի ու ավելի շատ է փշրվում, և փաստը գտնվում է ժայռի թե՛ ներսում և թե՛ դրսում, և ջրի թե՛ ներսում և թե՛ դրսում, որ գալիս է ալիքներով, ինչպես հատուկ առաքույթ լուսնից և հատուկ մեկ դոլար ու քսանհինգ ցենտ ձեր լավագույն տաբատի համար և տասը ցենտ գլխարկի համար, իսկ ձեր փողկապները գրոշ իսկ չարժեն. դրանք միանգամայն մեռյալ բեռ են, ձեր կարքանդ հանգույցները։
Դու կարող ես, իհարկե, ծխել հերթական ծխախոտը և կրկին նայել փոքրիկ օրացույցին, որ վկայես թղթի վրա դրոշմած փաստը, և համոզվես, որ արդեն հունվար է, և կարող ես նույն հաջողությամբ ենթադրել, որ այդ դու ինքդ ես նայում, և կարող ես դիպչել խորաբաց ձայնագրին, երկրպագելով դրա լռությունը, քանզի լուսաբացն ավելի վաղ կգա, քան ծառն ինքը կթեքվի դեպի արևմուտք։
Ամեն ինչ այս տարի է, հիմա, և արդեն ծառն ու ժայռը խոսում են շուրթերով նրանց, ովքեր խոսքով են օժտված, ինչը, հնարավոր է, բայց լոկ հնարավոր է, պատահել է այստեղ, այս վայրում, այս երկրի վրա, ուր տղան կանգնել ու ծխում էր, ցնդելով սալահատակի վրա, ասֆալտում, քաղաքի ու հողի ընդերքներում, այնպես որ, կարող ես ելնել, և՛ հորանջել, և՛ մտքում ասել.«Ջենթլմեններ, ես կարծում եմ, ժամը եկել է, և հանուն տիեզերքի ընդունում եմ կոչումս և խոնարհաբար գրավում իմ տեղը պինդ մարմինների մեջ, որ սնում են ծաղիկները գերեզմանոցներում՝ Տոկիոյից մինչև Տիխուանա արևմուտքում, և բոլոր մյուս կողմերում, խոնարհաբար ընդունում եմ, և խոնարհաբար խոնարհվում եմ. և ելույթ եմ ունենում հետևյալ խոսքով, ջենթլմեններ, ես կտամ իմ արյունը, ոսկորներն ու փորոտիքը արևածաղիկներին, քանզի նրանք ուժեղ են և այնքան նման են արևին, և հանուն նրանց ցեղի շարունակության ես խոնարհաբար ի չիք եմ լինում, որպեսզի տեղս զիջեմ անբառ համանմանություններին մեծ լուսատուի, որ մեզ պարգևում է կյանք, ծիծաղ, խարդավանք, ոջիլներ և այլ մեծ ու փոքր էակներ, որ մեր երկիրն այնքան գրգռիչ ու հիասքանչ են դարձնում, և, ջենթլմեններ, ձեզ ազնիվ խոսք եմ ասում՝ հենց հանուն ծաղիկների եմ ես ասում՝«Բարի օր, ես գնում եմ, ես գնացել եմ, ես արդեն չկամ»։
Ժամացույցը տկտկում է ոչ այնքան հստակ լեզվով, բայց համարյա հասկանալի, և հունվարյան գիշեր է։ Հենց այստեղ էր տղան լուռ մեկնում իր վերարկուն խանութի մարդուն, անլսելի նրան ասելով. «Ահա, սըր, վերարկուն նոր չէ, ես շատ տարիներ հագել եմ այն, բայց այն դեռ կջերմացնի ինչ-որ գրողի տարածի մի ձմեռ, և միայն այդ է ինձ մտահոգում՝ ձմռանը ջերմացնել ինչ-որ գրողի տարածի, քանզի մենք պահպանելու ավանդույթ ունենք, և նաև ասում են, թե ժամանակն իբր հեռանում է մեզնից, և լուրեր են պտտվում, թե մի երկու դար ճնշում են մեզ և անթիվ չծնված երեխաներ լալով ամոքում են աչքերը, միայն թե ոտքի կանգնեն ու այսպիսի տեսարան խաղան, իբր արական սեռի մի երեխա իգական սեռի երեխա է ուզում, իսկ նրանց մեջ բնավորվել են միլիոնավոր երեխաներ, որ ծարավի են միևնույն բանին, միայն թե ավելի վայրագ։ Այնպես որ, թող վերարկուն ջերմացնի ինչ-որ գրողի տարածի։ Այլապես ամեն ինչ կվերջանա, և ես գնալով իսպառ կանհետեմ, և ինձ հետ կգնա ուրիշը, իսկ կրծողները ծիծաղից կթավալվեն, իսկ մարդը կքորի իր մեռած գլուխն ու կմտածի՝ ինչ տարօրինակ են քրքջում այդ կրծողները, կարծես թե միայն մենք հիմարացված մնացինք, կարելի է կարծել, եթե նրանք ավելի արագ են բազմանում, ապա հենց նրանք էլ ավելի արագ չեն սատկում՝ ա՜յ թե ինչ հետաքրքիր բան է։
Այնպես որ, հաջողություն։ Դա այստեղ է։ Այս տանը, և հիմա այստեղ մնացել է լոկ մեծ ծառը, հաջողություն, մեծ ծառն այստեղ է, հաջողություն, ամենքն ամենուր փնտրում են ու երբեք չեն գտնում, ամենուր, այնպես որ, հաջողություն, կորուսյալ, հաջողություն, դա այստեղ է, և կրկին այստեղ, բայց այն օրը, երբ գիշերը գա ու գնա, դու այդ տանը չես լինի, այնպես որ, հաջողություն, հաջողություն, դու երբեք այստեղ չես եղել։ Իսկ այժմ օրն ավարտվում է, մահը սիրալիր մոտենում է պարապության մեջ, հաջողություն, օ՜, բարեգութ Աստված, մենք փնտրում ենք քեզ, իսկ գտնում ենք գիշերվա պարապությունը, հաջողություն, մեծ ծառը խորունկ խրում է իր արմատները, պատրաստվելով ժայթքելու հողից և ժամանակից՝ առ Քեզ, առ Քեզ, բարեգութ Աստված, Քո որոնումներում մենք կործանվում ենք անարցունք ու անցավ, բայց ծարավի ենք, ծարավի, այնպես որ, հաջողություն, հաջողություն ընդմիշտ, դա այստեղ էր՝ ընդամենը մի ակնթարթ առաջ մենք տեսնում էինք տղայի դեմքը, որ քմծիծաղում էր Աստծուն, իսկ հիմա այստեղ միայն մեծ ծառն է, ողբացող կոնկրետ ոչ մեկին, տնքացող ոչ մի մտքից, ոչ մի Աստված չփնտրող, բայց արարված Աստծուց, ընդմիշտ հաջողություն, հաջողություն։
Մեծ հովտի խաղողի այգիները
Հրեա Ստրավինսկու քիթն ու բերանը լողում են ակվարիումում, և ռուս Դյագիլևը նստել է ոտքերը խաչած և կարգադրում է ոտնամատների վրա պարող աղջիկներին ձգվել վեր։ Հովտում խաղողի տերևները թոշնել են, քանզի ալ ու ծիրանագույն պտուղները հավաքված են։ Ագարակատերերը նստել ու զրուցում են։
Մինչև ուղնուծուծը դենդի, նրբինացած Կոկտոն, երկար մատներով գունատ տղան, որ ավելի շատ նյարդայնանում է, քան ապրում։ Եվ մորուքավոր Սատին նմանվում է սնանկացած ուրվականի՝ գրավատնից։
Պատերազմի ժամանակ լռած ֆրանսիական երաժշտությունը, զինադադարի պահին կարծես զարթնել է, իսկ ո՞վ չէր արթնանա. մարդ լիներ, թե՞ երաժշտություն։ Մինչև այդ մենք ապրում էինք ասես տագնապալից երազում, հետո մենք ապրում էինք տագնապալի, բայց արթուն էինք։ Տեղեկություններ և հայտարություններ մեքենաների մասին, ամեն մարդ գիտի, թե ուր գնա։ Դեբյուսին (նույնպես մարդ) մահացել է, Ռավելը հիվանդ ու վախեցած էր, ամենուր տիրում էր լուսաբացը, իսկ լուսաբացին մարդ տկարություն է զգում, որ ծանոթ չէ նրան ոչ գիշերային, ոչ էլ ցերեկային ժամերին։
Խաղողի այգիներում մենք մշակում էինք որթատունկերը, եղբայրաբար խոսում էինք պեոնների հետ՝ Մեքսիկայից, հիանում էինք ավազակ Վիլյայով և վրձիններով ու ներկերով զինված մոլագար Օրոսքոյով։
Ամենից առաջ հաստատվում էր (կարևոր չէ, թե ում կողմից), որ իմպրեսիոնիզմը մահացել է։ Մնացյալ բաներից զատ, դա նշանակում էր, որ իմպրեսիոնիզմը նույնպես մահացել էր զինվորների և քաղաքակրթության առթիվ կեստասնյակ ողջախոհ գաղափարների հետ մեկտեղ։ Ասում էին, որ մենք այլևս քաղաքակրթություն չունենք։ Որոշվել էր (ինչ-որ տեղ, ինչ-որ փիլիսոփայի ուղեղում), որ քանզի մենք փափկասուն ենք, դրանից չի հետևում, որ մենք քաղաքակիրթ ենք։ Բանավեճ էր ընթանում առ այն, թե որքան կարևոր է փափկասուն լինելը, և որ արդյոք դա նշանակում է այն, ինչ, ըստ մեր մտահասության, պիտի նշանակի։
Պահանջվում էին բարբարոսներ։ Իսկական բարբարոսներ։ Թե չէ պատերազմն ընթանում է անպատեh բարեկրթությամբ, փաստորեն թերթի էջերում, հետագայում՝ գեներալների հուշագրություններում, այնուհետև՝ պատմության դպրոցական դասագրքերում։ Ոչ մեկը չհաղթեց։ Բոլոր ժողովուրդները զրկվեցին իրենց զավակներից. եպիսկոպոսն առաջվա պես բարեպաշտորեն բարբաջում ու ստում է, և թեպետ թագուհուն անարգորեն բռնաբարել են, արքան անվրդով ազդարարում է իր տղամարդկային կարողությունը։ Ճշմարտությունը։ Ճշմարտությունը։
Ամեն բան պիտի հայտնի դառնա։ Փաստերը պիտի նենգափոխվեն։
Ինչ վերաբերում է տևտոնիկ խանդավառությանը՝ պարապ բան է։ Ցանկացած ազգի ամենայն խանդավառություն պարապ բան է։ Այդպիսի մարդիկ մարդկային իրարանցման մեջ մշտապես մենակ են։ Ահա Ռուսաստանում աքսորեցին Աստծուն և Տրոցկուն։ Ծաղիկն ու սերմը, դողն ու անկումը և բոլոր մահացածների բերանները, բոլոր լռած բերանների պերճախոսությունը։
Իսկ ինչ վերաբերում է տնտեսական և քաղաքական ցնցումներին (կարող եք պարապ ժամանակ ուսումնասիրել եզրաբանությունը), որոնցից սասանվում են մի քանի մայրցամաքների ընդերքները և ստիպում կրծողներին, սողուններին և միջատներին ցիրցանվելով ծլկել, ապա հիմարություն կլիներ, միստեր Մորգանի բեղերից և մարսողությունից զատ, լրջորեն ինչ-որ բան քննարկելը։ Դա շատ նրբին ու բարդ փոխհարաբերություն է, քանզի նրա զինակիցները երբեք չեն ազդարարել կապիտալիստական արվեստի վերածննդի և առ պրոլետարիատն ատելության մասին։ Այլ լուռ նստել էին, խժռելով հասարակությանը՝ տղամարդկանց, կանանց և երեխաներին։ Դա այնքան էլ տխուր չի, այնքան էլ տրտմալի չի։ Նրանց երեխաներին էլ է հրեշն առևանգել, արարված հենց իրենց կողմից՝ մարդու գիտակցության մեջ։ Տեղի է ունենում աստիճանական դարձ առ կախարդական հեքիաթների օրենքները։
Վիրտուոզների մեղեդային ջիղը չես համեմատի պտուղների աննկուն հասունացման հետ, և երբ վրա է հասնում որթը կտրելու ժամը, միայն ամենաբթամիտ ագարակատերերն են անհաղորդ մնում գեղեցկության կանչին՝ շարժվել, պար գալ, դեպ արևմուտք, արևի կողմը, որը ձև է տալիս դեղձին, տանձին և խաղողին։
Եվ աշխատանքի ժամին ամենից քիչ երգեցողությունից կարող են հրաժարվել պեոնները։
Վիթխարակերտ ձևերը, այնքան ճիշտ նշված գրականության հսկաների գրքերի խորագրերում, սկզբնապես անանուն, ընձյուղվում էին բույսերում, պատկանելով մարդուն՝ գիտուն, թե անգետ, հետագայում առևանգվեցին չնչին լուսատուների կողմից, որոնց լույսն աղոտ էր, իսկ պտուղը վարակված էր սարսափելի փտածությամբ։ Չի կարելի բավարարվել լոկ բարեհնչունությամբ, քանզի չոր խորշը մայրցամաքի մարմնում լիճ չի դառնա, իսկ հուն չունեցող անձրևահոսքը՝գետ։
Լորդ Բերնսը դաշնամուրի մոտ կոկտեյլ է ըմպում, իսկ քաղցրատրտում Լեոնիդ Մյասինը, ամբոխի մեջ կորած դեմքերի առջև, հածում է, կրակոտ անտաշ բալետային դիրքերով։
Վենետիկում տոնակատարություններ են։
Երկու տարի առաջ ես պատիվ ունեի իմ ժամանակի մեծ մասն անցկացնելու հանրային գրադարանի գեղարվեստական գրականության սրահում։ Հենց այնտեղ ես մտաբերեցի խաղողի որթերը։ Ինձ ասացին, որ Զոլա չկարդամ, և ես պատասխանեցի տարեց տիկնոջը, որը, անշուշտ, սիրում էր ինձ, ինչպես իր որդուն՝ եթե ունենար, խոնարհաբար շնորհակալ եմ. ես միայն սիրում եմ, որ գիրքը դրված լինի սեղանիս վրա հանուն դրա առկայության։ Ես ընդհանրապես հազվադեպ եմ բառերը կարդում, ես լոկ մատներս տանում եմ էջերի վրայով՝ տեքստուրան շոշափելու։ Այդպես ես ձեռքով բռնել էի Բալզակին և դիպա մադամ Սանդի այտերին։
Ապրելով հանրային գրադարանի գեղարվեստական գրականության սրահում, ես հիշեցի, որ որթերը կանգնած են իրենց տեղում իմ արթնացման մեծ տաք հովտում, և թեպետ ես, հնարավոր է, երբեք չեմ վերադառնա դրանք խնամելու, նրանք հավերժորեն կմնան արևի տակ կեցած, անդորրավետ զմայլանքի մեջ, տերև ու պտուղ ծնելով, անդորրավետ մնալով իմ երկրի, կյանքի ու մահվան մասը, հանդարտավետ հոգ տանելով իմ ուրվականներին։ Ես ասես իմիջիայլոց խոսում էի այդ մասին ընթերցասրահում անծանոթների հետ, և մենք համաձայնում էինք, որ թեպետ գյուղատնտեսական կյանքը տնտեսապես իրեն չի արդարացնում (հարկերի, ցրտահարությունների, երաշտի, նոր երեխաների, կաթող տանիքների, մենաշնորհատերերի և ահաբեկիչների պատճառով), բայց այն երբեք չես կարող մեղադրել անբարոյականության կամ անպատշաճության մեջ, ինչպես անբարոյական է իրավաբանությունը, անպատշաճ, անբարոյական և նողկալի է դատավճռի կայացումը։
Նույն միջոցին քաղաքի որոշ մասերում աշխուժություն էր տիրում, և ես ուղևորվելով իմ՝ սրբություն սրբոց սենյակը, մի երեկո լսեցի կատվի կանչող գոչյունն առ իր էգը։ Ես գիտեի, որ տարփանքը չի ինձ քշում, ինչպես անասունին է քշում դեպի մենավոր պոռնիկի անկողինը, որի մռայլ սենյակի պատուհանները նայում էին Մարիփոզա և Թուլար փողոցների միջև ընկած նրբանցքին։ Այդուհանդերձ, ոչ առանց քնքշանքի ես միջանցքի մթության միջով իջա մի հարկ ներքև՝ դեպի երկիրն ու իմ կյանքը։ Եվ հաճախ, առաքինությամբ և զորությամբ լի այդ շուրթերը, որոնց, ինչպես ես գիտեի, բազում տղամարդիկ էին դիպել, վերջապես դիպան իմ շուրթերին, մասամբ սիրուց, մասամբ՝ որպեսզի մենք կարողանայինք արտահայտել մեզ, քանի դեռ մենք հավասար էինք, դե, թեկուզ մեղքի մեջ։
Իսկ ընդհանրապես Վենետիկի տոնակատարությունը տաղտկալի եղավ և դժկամությամբ էր պահպանվում հիշողության մեջ, որն էլ հենց մեր միակ իրականությունն է, ակնթարթային ցավից ու պատահական բերկրանքից զատ։
Ջիակոմո Պուչինիի նամակները։ Հաջողություն, Մյունխեն։ Միակ տեսարանը բալետից ֆրանսիական բացիկների վրա հազիվ թե բավարար է անբասիր մաքրության ավանդույթի հաստատման համար՝ արձակագիրների համար և հավանաբար բավարար չէ Բոդլերի վերադարձի համար դեպի Փարիզի սալահատակները։ Սակայն Մոպասանի աչքերն առայսօր մնում են քրիստոնյա սրբի աչքեր։ Դրանք չես համեմատի Սենայի արագ հոսքի հետ, բայց դա էլ կարելի է։ Այն ամենի մեջ, ինչ մարդ արարում է, կա ընդօրինակություն, և մենությունից փախուստի մեջ ընդօրինակումը ճնշողաբար ակնհայտ է և աղաղակող։
Մեզ մոտ բավական հարթ հաջորդականություն է գոյավորվել՝ մի մարդ, այնուհետև մյուսը, մի մեռյալ միտքը ծագում է մյուս մեռյալ մտքից. ժամանակն ընթանում է, Խաղաղ օվկիանոսը ջնջում է ժամանակը։ Օրերն անցնում են գեղեցիկ սեռի մեռյալ էակի կողքին, արևի տակ, ծովափին, ծառերի ստվերում, խոսքուզրույցի մեջ։
Երկնային մակընթացությունը, եթե տագնապես դրա համար, օրեցօր մոտենում է հենց մեր կյանքի դարպասներին, և այդուհանդերձ սովորաբար մենքգնում ենք ծովափ լսելու մեր միապաղաղ շշուկը. մեր սիրեցյալ ալիքները խեղդում են լռության թափանցիկ շիթերը, և մենք կանգնում ենք, արթուն և ողջ։
1918 թվականն է ՝ ջազի գալուստը։ Այն միշտ գոյություն է ունեցել, բայց 1918 թվականին այն մտավ երաժշտության մեջ, որը նրան արտահայտչականություն հաղորդեց։ Անարդարացի է դրանում մեղադրել պատերազմը։ Խարակաձկները, որ դեսուդեն են սուրում առվակում, հենց ջազն է։ Երամը խոնջացած քարտուղարուհիների, որոնք դեսուդեն են ընկնում նյույորքյան ջրիկախյուսով խորը տաշտում, նույնպես ջազ է։ Ձեր ուշադրությանը չարժանի մի աննշան տարբերություն կա՝ խարակաձկները բնականորեն ապրում են ջրում, իսկ աղջիկները դրանում բնականորեն կործանվում են։ Եվ ինչ էլ որ պատահի, տվյալ իրավիճակներում դա ընկալվում է որպես անպատշաճ բան։ Եթե գերադասությունը տրվում է բարգավաճմանը, այդ էլ հարկ է սպասել։
Հովտի պտղավետ բնահողը՝ օրորոց խաղողի որթի արմատների համար, շատրվան, որից նրանք ըմպում են։ Ես հիշում էի (գեղարվեստական գրականության սրահում), որ երբ, պատահում էր, հատում էի ճյուղը, որ կարող էր պտղաբերել, ապա ինձ մեղավոր էի զգում հոգևոր հանցագործության մեջ և որթից ներողություն էի խնդրում, ինչպես մորից, որի երեխային պատահաբար նեղացրել էին։ Դա տեղի էր ունենում խոսքից դուրս, արտաբերումից դուրս, բայց, միևնույն է, տեղի էր ունենում։ Դա տեղի էր ունենում այն բանից, որ ինձ նողկանք էին պատճառում լավ բանի քայքայումը, վերացումը՝ առանց զղջանքի, առանց ներողության։
Որթը դարձյալ կանաչեց, և բոլոր հայերն իրենց մեքենաներով ուղևորվեցին խաղողի այգիներ՝ հավաքելու խաղողի նրբագույն թփերը գարնանային խրախճանքների համար։ Կալիֆոռնիայում ծնված երեխաները կանգնել էին խաղողի որթերի արանքում և հավաքում էի մատղաշ տերևները, տասնյակներով դրանք ձեռքերի մեջ սեղմելով և հայերեն խոսակցելով։ Խաղողի թուփը սնունդ է, և ամեն գարուն այդ սնունդը կլլելով, բոլոր հայերը, որտեղ էլ որ նրանք ապրեն, ավետում են Աստծուն և Հայաստանին իրենց նվիրվածության և հավատարմության մասին։ Խաղողի տերևների ժողովումը պարապ բան չէ և լոկ խոհարարական բան էլ չէ։
Այսօրվա պահով մենք կարող ենք ենթադրել, որ պատերազմը մոտենում է ավարտին, երբ, տարիներ անց, զոհվածները հաշվված են և նոր պատերազմ է ծրագրավորվում, բայց ավաղ այդպես չէ։ Եվ պատերազմն ամենևին էլ ավարտին չի մոտենում։ Այլևս աղմուկ չի հնչում (միայն պատերազմի մասին ֆիլմերում, որոնցում պատերազմը սկսվում է կրկին, այս անգամ հանուն արվեստի), բայց քաջարի զինվորները, որոնք ողջ են մնացել, սկսում են դժգոհություն հայտնել, որովհետև նրանց ստիպել են երկչոտ լինել, որովհետև նրանք առնական չէին, իրենք իրենց հետ անհամաձայնության մեջ էին, խելքները թռցնում էին։
Բոլոր մնացյալ մեղքերն անհայտ են մնում, և լուսաբաց է լինում, երբ մարդ տկար է, փորձարկային լուսաբաց։ Չկա տխրություն, չկա ուրախություն՝ ոչ ավելին, քան հարց տխրության և ուրախության մասին։ Դրաման անհնար է, քանզի բոլորը հետաքրքրվում են միայն իրենցով՝ որպես էքսպերիմենտով և չեն դիմի վճռական գործողությունների լոկ հանուն այդ գործողությունների, որպես անխուսափելի մի բանի։ Եվ արդյունքում մարդ չի կարող խանդել կնոջը կամ ընդհակառակը։ Մարդու յուրահատուկ բնույթի մթագնումը բովանդակ կանոնների մեջ, անհատը դառնում է սուտ հաջորդ սերնդի համար։ Մարդը փաստաթուղթ է, վատ բանաստեղծությունների սուբյեկտ։ Ոչ մի տեղ արժանապատվություն չի մնացել, նույնիսկ գյուղացիների մեջ՝ նրանց հետզհետե ծանոթացրին ժամանակակից հարմարությունների գռեհկության հետ՝ հակաբեղմնավորիչների, քաղաքացիական իրավունքների և այլն։ Նրանց ընտելացրին թերթեր կարդալուն։ Փորձառելու առանձնապես բան չկա։ Մարդն արթուն է և գիտի, որ արթուն է։ Նա ժխտում է ճակատագիրը և հայեցում է ուզում։ Եվ ամենից գերիվեր նա ինքնահայեցում է ուզում։ Դա անպատասխանատվության վիճակ է հարուցում, և Պիրանդելոն աջակցում է դրան։
Փնտրել ողջամիտ մարդկանց կնշանակի թափառել մենության և տրտմության մեջ։
Պեոնների հետ աշխատելիս ես շփվում էի հողի հետ, և փոքր-ինչ սովորեցի մեքսիկերեն խոսել։
Ամենատրտմալի իրադարձությունը պատմության մեջ, եթե խոհածես, Քրիստոսի խաչելությունը չէ, այլ Ամերիկայի հայտնաբերումը։ Խաչելությունը հանգեցրեց քրիստոնեության առաջացմանը, որը լավագույն դեպքում օգուտ բերեց, իսկ վատագույն դեպքում դարձավ ռոմանտիզմի տարատեսակություն չգրողների համար։ Մյուս կողմից՝ Ամերիկայի հայտնաբերումը (մայրցամաքի) բերեց Լինքոլնի, Թոմ Սոյերի, Հոլիվուդի, Կաթզենջամերների մասին կոմիքսների, Հերսթի և Ազգային ադմինիստրացիայի վերածննդի հայտնվելուն։ Մնացյալ հետևանքներն անհամար են, և եթե ընտրես մարդու և մայրցամաքի միջև, ապա պիտի մատերիալիստ լինես, որ չընտրես մարդուն։ Եվ,այդուհանդերձ, անտանելի է քրիստոնյա դառնալը, երբ հենց այդ հասկացությունը պղծված է կապիտալիզմով, մեծագույն եկեղեցին անհնարինության աստիճանի ճարպակալել է, կատարելապես զարդային է և հոգուն դիմում է ստատիստիկայի տեսանկյունից։
Ի վերջո, ես վերադառնում եմ դեպ խաղողի այգին, որից սկսել էի։ Ես վերադառնում եմ՝ որպես մեր օրերի վերջին խոսք երկրի երեսին, բնահողին, որը գիտեմ,և որն ինձ գիտի, սնել է ինձ։
Իհարկե, մենք վիճում էինք՝ պեոնները, ես, հույն Ստեփանը՝ բնատուր թուղթ խաղացող, իր համոզմունքներին հակառակ աշխատող, այդուհանդերձ ունակ էր գնահատելու խաղողի այգում իր աշխատանքի յուրաքանչյուր ժամը։
-Քսան տարի հետո,- ասում էր նա,- շնորհիվ այս աշխատանքի իմ կզակն ավելի կծանրանա, իսկ թուղթ բաժանող ձեռքն ավելի ճարպիկ կլինի, քանի որ ես ստիպված կլինեմ խարդախել։
Ռուբիոն՝ բարձրահասակ պեոնը, նույնպես խոսում էր, բայց միայն երբ լռությունն իր համար անտանելի էր դառնում։ Նա հիմնականում ուտելիքով էր հետաքրքրվում։ Սովից նա մահից շատ էր վախենում։ Մի անգամ նա հարցրեց.
-Ի՞նչ եք դուք, հայերդ, ուտում։
Եվ ես պատասխանեցի, որ մենք ուտում են խաղողի թփերը։
-Իսկ ես ինքս հացով և տպագիր խոսքով եմ սնվում,- ասացի ես։
Նա չհասկացավ, թե ինչպես կարելի է սնվել տպագիր խոսքով, այդ պատճառով ստիպված եղա բացատրել, որ այդ սնունդը պետք է հոգին հագեցնելու համար, բայց, ընդ որում, այն մեր մեջ արթնացնում է ամենաստոր կրքերը, և հետևաբար գերադասելի է օգտվել ցանկացած փոխարինիչներից, որոնք հասնում են միևնույն նպատակին ավելի շատ նրբինությամբ։ Եվ ես ասացի, որ ոչինչ չի համեմատվի տպագրական խոսքի հետ, և հաստատապես ոչ սերը։
-Ա՜խ, — պատասխանեց լուրջ մեքսիկացին,- դուք, գրքեր կարդացողներդ… Ա՜խ, ես չեմ կարող լինել այնպիսին, ինչպիսին դուք եք։ Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում։
Հանրային գրադարանի գեղարվեստական գրականության մեծ ընթերցասրահում ես հիշում էի խաղողի այգին արևի տակ և հավերժության մասին մեր խոսակցությունները։
Չհրատարակված գրողը, իր աղջիկն ու անձրևը
Անձրևում է, և այս ամիսների ընթացքում առաջին անգամ մեր փողոցի սալահատակը տրտում է իր ցոլացրած տներով և ժամանակ առ ժամանակ լուսավորվում է անցնող մեքենայի լուսարձակով, որ տամուկ ու սուլող ձայնով ընթանում է փողոցն ի վեր: Նստած եմ մեր տան ճակատամասի սենյակում իմ դուստր Ջոաննայի հետ: Երեք տարեկան փոքրիկ երեխա է նա, որ իր մոր մեծ աչքերն ունի և նույն անխռովությունը, և նա կանգնած պատուհանի մոտ դիտում է տրտմությունը: Սենյակում իր ներկայության և իր լռության պատճառով, ես էլ մանկունակ զարմանքով նայում եմ աշխարհին, և ինձ թվում է, որ նրա իմաստությունը մարդկային միակ իմաստությունն է: Տեսնել, խորապես հուզվել կյանքի պատկերով, և սակայն ոչինչ չասել: Երբ այսպես աղջկաս կողքին նայում և չեմ խոսում, ինձ թվում է՝ խոսքի մասին ավելին եմ ըմբռնում, քան երբևէ ըմբռնել եմ: Այդուհանդերձ, ինձ համար անկարելի է բառերով արտահայտել այն, ինչ կամենում եմ ասել: Ասես զգում եմ, որ Լռությունն ամեն ինչ է:
Անկարող եմ ավելի հստակ լինել` ասել ուզածս, քանզի այդ զգացումը սովորական չէ և անկարելի է խոսքով արտահայտել: Երեխան լուռ է: Փողոցի տրտմությունը հենց իր իսկ անմխիթար տրտմությունն է, և սակայն լուռ է նա:
Այդուհանդերձ, ժամանակ առ ժամանակ նա ինչ-որ բան է ասում, և այս կամ այն առիթով նրա ասածն այնքան լրջմիտ ու անժխտելի է թվում ինձ, որ ես` գրողս, ամոթահար եմ զգում ինձ ու զարմանում եմ, թե ինչպես է պատահել, որ ես բառերը գործածել եմ այնքան անզոր կերպով:
Գիշեր է, բայց մենք նստած ենք ճակատամասի սենյակի մթության մեջ, որովհետև մթությունն ու լռությունը կարծես թե բնականորեն միաձուլվում են, և մեզնից յուրաքանչյուրն ասես զգում է, թե այս է մեր ուզածը` մթության, անխռովության մեջ կենալ, չշարժվել և չխոսել: Ջանացի նույնքան անդորրավետ լինել, որքան երեխան: Աթոռիցս չշարժվեցի: Սակայն, չգիտեմ թե ինչու, աղջիկս, թվում է, թե ավելի հանդարտ է իրեն զգում, քան ես: Թվում է, թե լռությունն իր ինքնության ավելի ճշմարիտ մի մասն է, քանզի նա անխռով է անճիգ կերպով, մինչդեռ ես անխռով եմ պարտադրելով անձիս: Աստված գիտե, եթե երեխան հիմա կողքիս չլիներ, կարող է սենյակի մի ծայրից մյուսը քայլելիս լինեի, թերևս ճչալու պատրաստ, թեպետ գիտեմ, որ այս երկու բաներից որևէ մեկն անելը տխմարություն է, և որ իսկապես չեմ ուզում անել, բայց զգում եմ, որ պիտի անեի:
Նա հանկարծ շրջվում և խոսում է անգլերեն, տրտում է նրա ձայնը զգալը, քանի որ մթությունն ու լռությունը, անձրևն ու կյանքը փոխկապակցված են, իմ կյանքն ու նրա կյանքը` մթության մեջ, զավակս խոսակցում է ինձ հետ, և ահա այլ մի երեխա` թեպետ տարեցության գեշ մոլորություններով, վշտի և փորձառության խոր սպիներով:
— Նա լալիս է,- ասում է աղջիկս: Ամենայն թշվառ գրվածքներիս մեջ, սրանից ավելի խոր կամ ճշմարիտ բան չեմ ասել: Ուզում եմ մանկանը գրկել, բայց չեմ համարձակվում: Ինչ-որ ձայն եմ հանում, խնդուքի և հեծեծանքի միջև գտնվող մի ձայն, և տառապում եմ, թե ինչու պիտի իմ կյանքն այսքան մթին լիներ: Նա դարձյալ շրջվում է պատուհանի կողմը, նայելով փողոցն ի վեր: Մայրը շուտով պիտի գա տուն, և մենք պատուհանի առջև նստած սպասում ենք:
-Փող ունե՞ս,- ասում է աղջիկս: -Չմուշկ առ ինձ համար, երկու հատ չմուշկ:
-Այո,- ասում եմ,- դրամ ունեմ և քեզ համար չմուշկ կգնեմ:
Տեր Հիսուս, դուստրս չմուշկ է ուզում, և ես փող չունեմ: Արդեն մի ամբողջ ամիս աղջկաս խոստացել եմ մի զույգ չմուշկ գնել, և չեմ բերել, և երեխաս չի կարողանում մոռանալ խաղալիք ունենալու կարիքը: Փող ունե՞ս, ասում է նա, և ես ասում եմ.- Այո, դրամ ունեմ և քեզ համար չմուշկ կբերեմ: Եվ նա ամեն օր հավատով ընդունում է սուտս: Փող չունեմ: Պետք է մի զույգ չմուշկ գողանամ աղջկաս համար: