Հայերենի սովորական շարադասությունը հետևյալն է․ ենթական նախորդում է ստորոգյալին, գոյականական անդամների լրացումները նախադաս են, ստորոգյալից հետո են դրվում հիմնականում խնդիրները, իսկ ստորոգյալից առաջ՝ պարագաները։
Այսպես՝ հետադաս դիրք են ունենում՝
- ուղիղ խնդիրը («Արամը նորոգեց մեքենան»),
- հանգման անուղղակի խնդիրը («Տատը մոտեցավ թոռանը»),
- մատուցման անուղղակի խնդիրը («Նա թղթերը հանձնեց տնօրենին»),
- վերաբերության անուղղակի խնդիրը («Խոսում էին եղանակի մասին»),
- անջատման անուղղակի խնդիրը («Գեղամը խուսափում էր խոսելուց»),
- ներգործող խնդիրը («Տեղեկությունը տրամադրվել էր նրանց կողմից»),
- տեղի պարագան («Մենք գնում էինք գյուղ»),
- նպատակի պարագան («Մեկնել էր ապրուստ վաստակելու»)։
Նախադաս դիրք են ունենում՝
- միջոցի անուղղակի խնդիրը («Ամենագնացով ուղևորվում էինք գյուղ»),
- ժամանակի պարագան («Արամն այդ օրը նորոգեց մեքենան»),
- պատճառի պարագան («Ժամանակի սղության պատճառով Արամն այդ օրը նորոգեց մեքենան»),
- չափի պարագան («Կարճ էր խոսում»),
- ձևի պարագան («Արագորեն ներս մտավ»),
- համեմատության պարագան («Երեկվա համեմատ՝ այսօր փոքր-ինչ զով է»),
- հիմունքի պարագան («Ըստ լուրերի՝ …»),
- հակառակ հիմունքի (զիջման) պարագան («Հակառակ //չնայած շրջանառվող լուրերին՝ …»),
- միասնության խնդիրը («Ընտանիքով մեկնել էր հանգստի»)։
Այս անդամներից յուրաքանչյուրի սովորական դիրքը փոխելով (շրջուն շարադասություն)՝ մենք նախադասության շեշտը հաճախ տեղափոխում ենք դրա վրա՝ արտահայտված մտքում հատուկ ընդգծելով հենց տվյալ հանգամանքը կամ առարկան.
Արամը մեքենա՛ն նորոգեց։
Տատը թոռա՛նը մոտեցավ։
Նա ներս մտավ արագորե՛ն։
Ինչի՞ց էր խուսափում Գեղամը։
Հանգստի մեկնել էր ընտանիքո՛վ։
Սակայն կա մի կարևոր հանգամանք ևս։ Բայական անդամը (ինչպես և գոյականական անդամը) միևնույն նախադասության մեջ ունենում է տարբեր լրացումներ, և հարկ է լինում դրանք «դասավորել» ըստ առաջնահերթության։ Այդ առաջնահերթությունը պետք է որոշել և՛ տվյալ բառերի նշանակությամբ ու իմաստային «կշռով», և՛ նախադասության բնական հնչերանգը ապահովելու անհրաժեշտությամբ։
Շարահյուսության մեջ մի այսպիսի հասկացություն կա․ նախազգուշական հնչերանգ։ Խոսքն այն բարձրացող հնչերանգի մասին է, որն այդ կերպ «նախազգուշացնում» է, որ միտքը կամ դատողությունը հիմա-հիմա կամբողջանա, կլրացվի։ Ընդարձակ նախադասություններ կազմելիս պետք է հիշել, որ նախազգուշական հնչերանգը չի կարելի «շատ ձգել», այլապես խոսակցի կամ ընթերցողի մտքի թելը կկտրվի․ նա չի կարող այդպես երկար «շունչը պահել»։
Համեմատենք հետևյալ զույգ նախադասությունները, և կտեսնենք, որ դրանցում առաջին տարբերակը հնչերանգի, շարադասության տեսանկյունից ավելի «անհաջող» ձևակերպում է․ միտքն ավելի ընկալելի է արտահայտում երկրորդ տարբերակը։
1․ Մենք այս զրույցն ունեցանք իրար հաջորդող նեղլիկ փողոցներով ու խայտաբղետ նրբանցքներով ընթացող մեքենայի մեջ։
2․ Մենք այս զրույցն ունեցանք մեքենայի մեջ իրար հաջորդող նեղլիկ փողոցներով ու խայտաբղետ նրբանցքներով ընթանալիս։
1․ Ես այդ բոլոր փաստաթղթերն ուսումնասիրելու ժամանակ դեռ չեմ ունեցել։
2․ Ես դեռ ժամանակ չեմ ունեցել՝ այդ բոլոր փաստաթղթերն ուսումնասիրելու։
1․ Այգին շրջապատված էր փայտե ճաղերով եզերված աղյուսե ցանկապատով։
2․ Այգին շրջապատված էր աղյուսե ցանկապատով՝ եզերված փայտե ճաղերով։
1․ Ես մատնացույց արեցի փողոցի հանդիպակաց կողմով դանդաղ քայլող և անհանգիստ շենքերի համարները զննող ամրակազմ, հասարակ հագուկապով տղամարդուն։
2․ Ես մատնացույց արեցի փողոցի հանդիպակաց կողմով դանդաղ քայլող ամրակազմ, հասարակ հագուկապով տղամարդուն, որ անհանգիստ զննում էր շենքերի համարները։
1․ Բնակարանը բաղկացած էր երկու ննջասենյակից և զույգ լայն պատուհաններով, հաճելի կահավորմամբ մի լուսավոր ու ընդարձակ հյուրասենյակից։
2․ Բնակարանը բաղկացած էր երկու ննջասենյակից և մի լուսավոր ու ընդարձակ հյուրասենյակից՝ զույգ լայն պատուհաններով, հաճելի կահավորմամբ։
1․ Հյուրն այդ տանը տարազներ, վառ գույներով ու կոպիտ գործվածքով գորգեր, ավանդական նախշերով զարդարված մեծ բարձեր, հին փայտե արձանիկներ տեսավ։
2․ Հյուրն այդ տանը տարազներ տեսավ, վառ գույներով ու կոպիտ գործվածքով գորգեր, ավանդական նախշերով զարդարված մեծ բարձեր, հին փայտե արձանիկներ։