Զբոսայգում նստած, նայում եմ մի մրջյունի, որ չափերով իրենից մի քանի անգամ մեծ մի ծղոտի կտոր է քարշ տալիս դեպի իր բույնը ( ընտանիքի կերակրող հայր է երևի․․․ )։ Զգացվում է չարչարանքը, եթե իր պես փոքր ու իր մոտերքում լինեի՝ քրտինքի հոտն էլ երևի կզգայի։ Երևակայությամբ տեսնում եմ նրա մրջնային մկանների լարումը․․․ Հարգանքով եմ լցված այս արարածի հանդեպ, հզոր «ակցիա» է անում։ Մասշտաբը կարևոր չի, տիեզերքում իր արարքը հավասարազոր է․․․ Հերակլեսի որևէ մի սխրանքին։ Մասշտաբն ի՜նչ է, որ․․․ Փոքրն էլ է անսահման։ Պասկալի՝ բզեզի մարմնի անսահմանության վրա խորհելիս երևի քիչ էր մնացել՝ խելքը մաղվեր (անսահման փոքրի մաթեմատիկական տեսությու՜նը․․․)։
ԲԼԵԶ ՊԱՍԿԱԼ
Զնգուն,
թռչող
զանգակատան պես
շեկ իշամեղուն
շուռումուռ է գալիս
արևի շողերի մեջ
ու ճեղքում տարածությունն
իր անսահման
Ներքնատարածությամբ։
Ամեն ինչ
վիհ է,
ոչինչ չկա,
որ վրան հենվես։
Մտածելը՝
զանցանք,
մաթեմատիկան՝
զառանցանք։
Իմ «Գիսաստղ կյանք» գրքից․ 2020թ․
Մարդը նույն մրջյունն է տիեզերքում — մանր մի բան, բայց․․․ անսահման զորեղ․․․Բայց անկանխատեսելի է, արկածախնդիր, մանկամիտ։ ՈՒժ ու գիտելիք տվեցիր (Աստծուն եմ հիմա սա, կարծես, ասում․․․)՝ քաոս կսարքի։ Հակոբի պես մարտի կբռնվի հրեշտակի հետ։ Ասում ես գնա՛, հետ մի նայիր՝ հետ է դառնում և Օրփեոսի պես կորցնում Եվրիդիկեին, հետ է դառնում և Ղովտի կնոջ պես դառնում աղարձան, հայի պես այնքան է հետ-հետ նայում իր պատմությանը, որ… մոռանում է ներկայի ու ապագայի մասին․․․
Բայց սա չարյաց փոքրագույնն է — եթե սույն մանկամտությանն ու արկածախնդրությանը Չարիք է խառնվում, սա Պրոմեթևսի պես Աստծուց գողացած կրակ գիտելիքը միջուկային ռումբ է դարձնում, թութունի պես ուրանը լցնում է հրթիռների սիգարների մեջ ու սպառնալից աջ ու ահյակ ուղղում։ Հիմա պետությունները միջուկային այդ ասեղները ուղղած պատրաստ են պահում իրենց հարևանների սահմաններին, ինչպես վատ հարևանն է ասեղը հացի մեջ դրած, հարմար պահի սպասում , որ գցի դրկիցի շան առաջ․․․
Մարդու մեջ խորհրդավոր, չբացահայտված շատ կարողություններ կան։ Գիտնականներն ասում են՝ մարդն իր ուղեղի հնարավորությունների մոտ տաս տոկոսն է օգտագործում։ Պարզ է, չէ՞, թե ինչու առայժմ Աստված հնարավորություն չի տալիս օգտագործել այն մնացած մոտ իննիսուն տոկոսը․․․
Մարդու գաղտնի ուժերը, ոգեկան ինչ-որ նանոտեխնոլոգիաներով, Աստված գիտի՝ ինչպես կարող են ներգործել, ինչեր կարող են փոխել տիեզերքում ․
Եվ զգացմունքը․ ով գիտի, թե այն կձգվի — և ուր —
ինչ տարածքներում իրեն կբացի,
և իր ծանրության ու թեթևության հավելմամբ մաքուր
ինչ աշխարհներ ու աստղեր կցնցի։
Ռայներ Մարիա Ռիլկե, թարգմ․ Հակոբ Մովսես
Այդ Չարիքն այնպես է բռնում, կուրացնում ադամորդու աչքերը, որ նա Բարաբբային գերադասում է իր Փրկչից, խաչում վերջինիս․
«Ա՜․․․ ,- կռահելով, շարունակեց Շնորհը,- քանզի ՆԱ եկավ պատյանով մարդկային ․․․ Եվ ուժներդ զորեց, չէ՞, շուն-շանորդիներ․․․ Այդ պատճառով էլ ՆԱ երբեք լրիվ ձեզ չի հայտնվի։ ՆԱ կարող է մի գեղեցիկ զատիկի պես բացեիբաց հայտնվել ձեզ, բայց դուք այդ զատիկը կճզմե՜ք մի փայտոջիլի հանգույն, եթե մինչ այդ խույս չտա և լույսի շողի չփոխվի ձեր մատների միջից․․․»։
Իմ «Ժամը չորսը», գրքից, 2015թ․
Բայց հույս կա, որ ինչպես որ ամեն միրգ է մի օր հասունանում, մարդկային բանականությունն ու խիղճն էլ է մի օր հասունանալու այնքան, որ Աստված թույլ տա օգտագործել «այն մնացած իննիսուն տոկոսը»․․․
․․․ Եղբայրս մոտոռոլեր էր գնել, քշում էր մեքենայի հնարավորությունների համեմատ դանդաղ, ջղայնանալով։ Ասացի՝ ինչու՞ ավելի արագ չես քշում։ Ասաց մի բան, որ այն ժամանակ չհասկացա։ Ասաց՝ մոտոռոլերի շարժիչի մեջ հատուկ «շայբա» (օղակ) է դրված, որ թույլ չի տալիս շարժիչը մինչև վերջ բեռնել, որովհետև նոր, գործարանից նոր դուրս եկած շարժիչն այդ դեպքում կարող է վնասվել — մոտոցիկլը պետք է վազք կատարի այնքան, որ շարժիչը լրիվ կարողությամբ «բացվի»։ Երևի նույն սկզբունքն էլ «ի վերուստ» մեր հանդեպ է կիրառվում․․․
Զավեն Բեկյան