Հոկտեմբերի 24-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Յա. Աբրահամյանի հավաքածու) կբացվի ցուցահանդես՝ «Կերպի ձևը․ նորաձևության հակառակ կողմը» խորագրով։ Ցուցահանդեսը կանցկացվի Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում և կներկայացնի եզակի գեղարվեստական համադրություն՝ ռուս մեծ վարպետ Արթուր Ֆոնվիզինի (1882–1973) «Անծանոթ կինը» (երկկողմանի գործ, որի հակառակ կողմում նատյուրմորտ է) կտավի և Moment of White-ի զգեստների ընտրանիի միջև։
Այս իրադարձությունը կդառնա յուրահատուկ հարթակ, որտեղ կերպարվեստն ու նորաձևությունը կհանդիպեն նույն տարածքում՝ ձևավորելով գեղագիտական և գաղափարական երկխոսություն ժամանակի, կանացիության և գեղեցկության ընկալման շուրջ։
Արթուր Ֆոնվիզինի ներկայացվող գործը առանձնանում է իր յուրահատկությամբ․ մի կողմում պատկերված է հայտնի արվեստաբան Տատյանա Բորիսովնա Կնյազևսկայան, իսկ մյուսում՝ նրբագեղ ծաղկային նատյուրմորտ, որոնք միմյանց լրացնելով՝ միավորում են գեղեցկության, խոհունության և հուզականության գաղափարները։
Ցուցահանդեսում ներկայացված զգեստները կդառնան այս երկխոսության ժամանակակից շարունակությունը՝ բացահայտելով նորաձևության և կերպարվեստի կապը ձևի, գույնի ու լույսի լեզվով։
Բացի այդ, հոկտեմբերի 25-ին, Մերիդիան Էքսպո կենտրոնում, Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում Ռուսական արվեստի թանգարանի ցուցանմուշներից ոգեշնչված Moment of White-ի նոր հավաքածուն, կներկայացվի հատուկ տաղավարում՝ որպես նորաձևության և մշակույթի փոխհարաբերության յուրահատուկ օրինակ։