Ռուսերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը
Երկրորդ, որովհետև նրա մեջ մոլեգնեց բուռն կարոտն առ Ռուսաստան։ Երրորդ, ի վերջո, որովհետև նա ափսոսում էր իր այն օրերի ջահելությունը, և դրա հետ կապված ամենայն ինչ՝ չարությունը, անշնորհքությունը, խանդավառությունը և շլացուցիչ-կանաչ առավոտները, երբ անտառակում կարելի էր խլանալ պիրոլներից։ Սրճարանում նստելով և անընդհատ հավելելով դալկացող քաղցրությունը սիֆոնի շիթով՝ նա հիշեց անցյալը սրտի շնչահեղձումով, տրտմությամբ՝ ի՞նչ տրտմությամբ՝ այո, տրտմությամբ, դեռևս մեր կողմից չուսումնասիրված։ Ողջ այդ անցյալը ելավ կրծքից ելնող հոգոցի հետ մեկտեղ, և դանդաղ հառնեց, ուսերը շտկեց նրա հանգուցյալ հայրը՝ Իլյա Իլյիչ Բիչկովը, le matre d’cole chez nous au village (ֆր. դպրոցի ուսուցիչը մեր գյուղում է)՝ շքեղ ժապավենակապ փողկապով, մետաքսաքաթանե պիջակով՝ հնավարի բարձր կոճկվող, փոխարենը և բարձր տարածվող շղթան՝ ժիլետի լայնքով, դեմքը կարմրավուն, գլուխը ճաղատ, սակայն ծածկված ինչ-որ նրբափափուկ բրդի պես մի բանով, որ լինում է եղջերուի գարնանային եղջյուրների վրա, բազում ծալքեր այտերի վրա, և փափուկ բեղերը, և մսոտ խալը քթի մոտ, ասես ավելորդ անգամ քշտվել էր հաստ քթանցքը։ Գիմնազիստ, ուսանող եղած ժամանակ Ինոկենտին արձակուրդներին գալիս էր հոր մոտ՝ Լեշինո, և եթե դեռ խորանաս, կարելի է հիշել, ինչպես քանդեցին հին դպրոցը գյուղի ծայրին և նորը կառուցեցին։ Էջանշանը, մաղթանքը քամու տակ, Կ. Ն. Գոդունով–Չերդինցևը, ոսկեդրամը նետող, այն կողքանց ընկնում է կավի մեջ… Այդ նոր, հատիկավոր-քարե շինությունում մի քանի տարի շարունակ և մինչև այժմ, այսինքն՝ հիշողությունների հաստիքում գրանցվելուց հետո, թարմ սոսնձահոտ էր փչում. դասարաններում յուղափայլում էին զանազան ձեռնարկները. օրինակ՝ մարգագետնային ու անտառային վնասատուների դիմանկարները… բայց Ինոկենտիին հատկապես բարկացնում էին Գոդունով-Չերդինցևի նվիրած թռչունների խրտվիլակները։ Հաճում եք ժողովրդին սիրաշահել։ Այժմ նա իրեն դժկամ պլեբեյ էր զգում, նրան խեղդում էր ատելությունը (կամ այդպես էր թվում), երբ, պատահում էր, նայում էր գետից անդին անձեռնմխելիին, աղայականին, հնամենիին, արտացոլվող ջրի մեջ սև մեծակույտերով (և հանկարծ փշատերևի մեջ թխենու կաթնային ամպը)։
Նոր դպրոցը կառուցվում էր հենց դարի շեմին. այնժամ Գոդունով-Չերդինցևը, վերադառնալով Կենտրոնական Ասիայից իր հինգերորդ ճանապարհորդությունից, ամառն անցկացրեց ջահել կնոջ հետ՝ ուղիղ կրկնակի մեծ նրանից՝ իր պետերբուրգյան կալվածքում։ Այս ինչ խորության ես իջնում, Աստված իմ, բյուրեղացիր մշուշում, ասես այդ ամենը տեղի էր ունենում ջրի տակ, Ինոկենտին տեսնում էր իրեն համարյա մանչուկ, հոր հետ դաստակերտ մտնող, դյութիչ սենյակներով լողացող՝ հայրը շարժվում է մատների վրա, իր առջև բռնելով թաց հովտաշուշանների ճռռացող փունջը, և ամեն ինչ ասես թաց է՝ շողշողում, ճռռում և դողդողում է, և այլևս ոչինչ չես կարող պարզաբանել, բայց դա հետագայում դարձավ ամոթալի հիշողություն՝ ծաղիկները, մատների վրա քայլելը, Իլյա Իլյիչի քրտնած քունքերը դարձան շողոքորթության գաղտնի սիմվոլներ, հատկապես երբ նա իմացավ, որ հայրը դուրս էր պրծել «մեր բարինի կողմից» մանրախնդիր, բայց կպչուն քաղաքական պատմությունից. խուլ տեղ կընկներ, եթե նրա հովանավորությունը չլիներ։
Տանյան ասում էր, որ նրանք բարեկամներ ունեն ոչ միայն կենդանական աշխարհում, այլև բուսական և հանածոների։ Եվ ճիշտ որ՝ ի պատիվ Գոդունով-Չերդինցևի էին անվանվել փասիանի, այծքաղի, մրտավարդի նոր տեսակները և նույնիսկ մի ողջ լեռնաշթա (հենց ինքը նկարագրում էր գլխավորապես միջատներին)։ Բայց նրա այդ հայտնագործությունները, գիտական վաստակները չէին կարող ստիպել ներողամտաբար վերաբերվել նրա ազնվազարմությանն ու հարստությանը։ Չմոռանանք, բացի այդ, մեր ինտելիգենցիայի հայտնի մասի զգացմունքները, ամենայն ոչ կիրառական բնախուզությունն արհամարհող և այդու Գոդունով-Չերդինցևին կշտամբող այն բանում, որ նա «լոբնորյան բզեզիկներով» ավելի շատ է հետաքրքրվում, քան ռուս մուժիկով։ Վաղ պատանեկության օրոք Ինոկենտին հաճույքով ունկ էր դնում պատմություններին (ապուշավուն) նրա ճանապարհային հարճերի չինական ճաշակով դաժանությունների և, ի հեճուկս անգլիացիների, գաղտնի կառավարական հանձնարարությունների կատարման մասին… Նրա իրական կերպարը աղոտ էր մնում՝ ձեռքն առանց ձեռնոցի, ոսկեդրամը նետող (և ավելի վաղ՝ կալվածքն այցելելիս՝ տանտերը խառնակվեց, սրահում պատահած, կապույտ կալմիկի հետ)։ Ապա Գոդունով-Չերդինցևը գնաց Սամարղանդ կամ Վերնի (ուրկից ընտել է սկսել իր զբոսանքները). երկար չէր վերադառնում, իսկ նրա ընտանիքը, հավանաբար, գերադասում էր պետերբուգյան կալվածքը ղրիմյանից, իսկ ձմեռներն ապրում էր մայրաքաղաքում։ Այնտեղ, ափափողոցի վրա, կանգնած էր նրանց երկհարկանի, դեղնականաչ ներկված առանձնատունը։ Պատահում էր, որ Ինոկենտին անցնում էր դրա մոտով՝ հիշվում է, ողջ պատուհանում, վարագույրի շղարշե նախշի միջից, կանացիորեն ճերմակին էր տալիս ինչ-որ քանդակ՝ փոսիկով շաքարաճերմակ հետույքը։ Պատշգամբը պահում էին դեղնականաչ ցցված կողոսկրերով ատլանտները՝ նրանց քարե մկանների լարվածությունը և տառապալից ատամնաբացումը թվում էին բորբոքուն ութերորդ դասարանցուն ճնշված պրոլետարիատի այլաբանությունը։ Եվ մի երկու անգամ այնտեղ՝ ափափողոցում, քամոտ նևսկյան գարնանը, նա հանդիպում էր փոքրիկ Գոդունովա-Չերդինցևային, ֆոքստերիերի, տնային դաստիարակչուհու հետ. նրանք անցնում էին պտտահողմի պես՝ բայց այնքան հստակ. Տանյան, այն ժամանակ, ասենք, մի տասներկու տարեկան էր. նա արագ էր քայլում, երկար քուղավորված սապոգներով, ծովային ոսկյա կոճակներով կարճլիկ կապույտ վերարկուով, մտրակելով իրեն՝ ինչո՞վ. ոնց որ թե կաշվե վզափոկով կապույտ ծալքավոր զգեստին, և սառցահոսանքային քամին տարուբերում էր նավաստիական գլխարկի ժապավենները, և կողքին շտապում էր դաստիարակչուհին, փոքր-ինչ հետ նայելով, ծռելով կարակուլե իրանը, կիպ գրուզ մուշտակի մեջ զետեղած ձեռքը հեռու պահած։
Նա ապրում էր մորաքրոջ (դերձակուհու) մոտ, մռայլ էր, չշփվող, սովորում էր ծանր, ուժերի գերլարումով, երեք ստանալու ծայրահեղ երազանքով, բայց ամենքի համար անսպասելի փայլուն ավարտեց գիմնազիան, որից հետո ընդունվեց բժշկական մասնաճյուղ, ընդ որում` նրա հոր ակնածանքը Գոդունով-Չերդինցևի
հանդեպ խորհրդավոր կերպով աճեց։ Մի ամառ նա անցկացրեց տնային ուսուցչի ժամանակավոր պաշտոնում Տվերի մոտ, իսկ երբ հաջորդ տարվա հունիսին եկավ Լոշինո, առանց վշտանալու իմացավ, որ կալվածքը գետի այն կողմում կենդանացել է։ Նաև այդ գետի մասին, բարձր ափի, հին լողարանի՝ ամեն աստիճանի վրա դոդոշով, իջնում էր կավոտ արահետը, որի սկիզբն ամեն մեկը չէր գտնի եկեղեցու hետևի լաստենուտում։ Նրա մշտական ընկերը գետի գծով Վասիլին էր, դարբնի տղան, անորոշ տարիքի տղա՝ ինքն էլ ճշգրիտ չգիտեր, թե ինքը տասնհինգ տարեկան է, թե կլոր քսան՝ թիկնավետ, ծուռտիկ, կարկատած անդրավարտիքով, վիթխարի մերկ ոտնաթաթերով, գույնով կեղտոտ գազար հիշեցնող, և նույնքան մռայլ, ինչպիսին այն ժամանակ Ինոկենտին էր։ Հարմոնի նկարներով էին արտացոլվում ցցագերանները ջրում, հյուսվելով և ծավալվելով. լողարանի փտած կամրջակների տակ խոխոջում, չփչփում էին, որդերը ծույլ շարժվում էին մոնպասի թիթեղատուփի մեջ։ Ամրացնելով հյութեղ մասը կեռիկի վրա, այնպես, որ ոչ մի տեղ սայրը չցցվի, և ծիսական թքով համեղացնելով տղուն, Վասիլին բազրիքի վրայից իջեցնում էր արճիճով ծանրացած կարթաթելը։ Իրիկնանում էր՝ երկնքով մեկ ձգվում էր ինչ-որ ընդարձակ, փետրավոր, վարդամանուշակագույն մի բան՝ օդային ճյուղավորվող լեռնաշարքերը՝ և արդեն դեսուդեն էին շրջում չղջիկներըը՝ թաղանթավոր էակների շեշտված անձայնությամբ և գեշ արագությամբ։ Այնինչ ձուկն արդեն սկսում էր կտցել, և, կարթը քամահրելով, պարզապես կարթաթելը մատների արանքում պահած, լարված, դողդողացող, Վասիլին փոքր-ինչ ձգում էր, փորձելով ստորգետնյա կծկումների ամրությունը, և հանկարծ խարակաձուկ կամ մանրածածան էր հանում. անփույթ, նույնիսկ ինչ-որ լոթիավարի ճռթճռթոցով, պոկում էր կեռիկը ձկան փոքրիկ, կլոր, անատամ բերանից, որը հետո նետում էր (խենթացած, վարդագույն արյունով պատռոտած խռիկի վրա) ապակյա տարայի մեջ, որտեղ արդեն լողում էր, շուրթը ցցած, մանրաձուկը։ Հատկապես լավ էր լինում տաք ամպամած եղանակին, երբ օդում անտեսանելի անձրև էր տեղում, ցրվելով ջրի վրա հատվող շրջաններով, որոնց մեջ այս ու այնկողմ այլ ծագման շրջան էր հայտնվում, հանկարծական կենտրոնով՝ ձուկն էր թռել կամ տերև էր ընկել, մեկեն, սակայն, հոսանքով լողացող։ Եվ ինչ հաճույք էր այդ տաք ճիլի տակ լողանալը, երկու միատեսակ, բայց տարակերպ դասավորված տարերքների սահմանին՝ հաստ գետաջրի և նուրբ երկնային ջրի։ Ինոկենտին կարգին լողանում և հետո էլ երկար սրբիչով շփում էր։ Գեղջուկ տղեկները, դրանք մինչև ուժասպառվելը թպրտում էին՝ ի վերջ դուրս էին թռչում, և դողալով ատամները կրճտացնելով, պղտոր լորձունքի շերտով քթանցքից մինչև բերանը՝ անդրավարտիքները քաշում էին թաց ազդրերի վրա։
Այդ ամառ նա սովորականից էլ մռայլ էր և հոր հետ հազիվ էր խոսում, ավելի շատ մռթմռթալով ու թնգթնգալով։ Իր կողմից Իլյա Իլյիչը նրա ներկայությամբ տարօրինակ անհարմարություն էր զգում, հատկապես այն պատճառով, որ ենթադրում էր, սարսափով և գորովանքով, որ որդին, ինչպես և ինքը պատանեկության օրոք, ամբողջ հոգով ապրում է անլեգալի մաքուր աշխարհում։ Իլյա Իլյիչի սենյակը, արևի փոշոտ շողը. սեղանիկի վրա՝ ինքն է այն սարքել, նախշը խարել, լաքով ծածկել, թավշապատ շրջանակով հանգուցյալ կնոջ լուսանկարը՝ այնքան երիտասարդ, սփռած փեշերով զգեստով, լայնագոտի սեղմիրանով, ձվաձև հիասքանչ դեմքով (դեմքի ձվաձևությունն այն տարիներին համընկնում էր կանացի գեղեցկության հասկացությանը). կողքին՝ ապակյա պրես-պապյեն, ներսում սադափագույն տեսարանով և փետուրների սրբելու համար լաթե աքլորիկը, միջնապատում Լև Տոլստոյի դիմանկարը «Խոլստոմերի» մանրադիտակային տառատեսակով։ Ինոկենտին քնում էր հարևան սենյակում, կաշեպատ թախտի վրա։ Երկար, ազատ օրից հետո հրաշալի էր քնում. պատահում էր, սակայն, որ ինչ-որ անուրջ առանձնահատուկ շրջադարձ էր ընդունում՝ զգացողության ուժն ասես այն հանում էր շրջանից, և որոշ ժամանակ արթնանալուց հետո մնում էր պառկած, երկնչելով շարժվելու նողկանքից։ Առավոտները նա գնում էր անտառ, դասագիրքը թևատակին դրած, ձեռքերը քուղի տակն արած, որով գոտևորում էր շեղօձիքը։ Կողք արած գդակի տակից, գեղատեսիլ, շագանակագույն մազափնջերն ընկնում էին ելունդավոր ճակատի վրա, խոժոռվում էին խիտ աճաճ հոնքերը, նա բավական գեղեցկատես էր, թեև չափազանց հաստաշուրթ։ Անտառում նա նստում էր վերջերս ամպրոպից տապալված կեչու հաստ բնի վրա (որ մինչև հիմա հարվածից տերևներով դողում էր), ծխում էր, գրքով փակում էր փութացող մրջյունների ուղին կամ մռայլ խոհածումների էր տրվում։ Մենավոր, տպավորվող, նեղացկոտ պարմանի լինելով՝ նա հատկապես սաստիկ էր զգում իրերի սոցիալական կողմը։ Այսպես, նրան նողկալի էր թվում ամենը, ինչ շրջապատում էր Գոդունով-Չերդինցևների կյանքը՝ ասենք, նրանց կալվածատան ծառայանին՝ «Ծառայանի»՝ կրկնում էր նա, ծնոտները սեղմելով, տռփոտ զզվանքով։ Այստեղ նկատի էին առնվում և ճարպոտ վարորդը, նրա պեպենները, վելվետե շքազգեստը, նարնջագույն սռնապանները, օսլայած օձիքը սեղմած ծոծրակի շիկակարմիր ծալքը, ինչն արյունով էր լցվում, երբ նա կառքախորդանոցի մոտ մեքենան գործի էր գցում, նույնպես զզվելի, ներսից պատված փայլուն վառ կարմիր կաշվով. և ծեր, ֆոքստերիերների պոչերը խուզող, այտամորուսներով լակեյը. և դաստիարակ-անգլիացին, քայլող, պատահում էր, գյուղի միջով առանց գլխարկի, մակինտոշով և ճերմակ անդրավարտիքով, ինչը տղեկներին առիթ էր ծառայում սրամտելու «եկեղեցական թափորի» կամ «փոխանի» վերաբերյալ. և օրավարձու աշխատող կնանիք, որ գալիս էի առավոտները ծառուղիներում քաղհանելու վարդագույն վերնաշապիկով խուլ կուզիկ ծերուկի ղեկավարությամբ, հատուկ պճնամոլությամբ և հինավուրց խանդոտությամբ հենց շեմի մոտ ավլող… Ինոկենտին, հենց նույն գիրքը թևատակին, ինչը խանգարում էր ձեռքերը խաչակնքել, ինչպես կուզենար՝ կանգնում էր, զգոսայգու ծառին հենվելով, և մռայլամած նայում էր այս ու այնկողմ, շողշողուն կտուրին ճերմակ տան, որը դեռ չէր արթնացել…
Առաջին անգամ, ոնց որ թե, նա տեսավ բլրից՝ բլուրը շրջանցող ճանապարհին, հայտնվեց հեծելախումբը՝ առջևում Տանյան, տղամարդավարի ձի հեծած՝ բարձր, վառ աշխետի վրա, նրա կողքին հենց Գոդունով-Չերդինցևը, աննշմար պարոնը ցածրիկ, մկնաժեռ շորորավարգ ձիու վրա. նրանց հետևից՝ գալիֆեով ինչ-որ անգլիացի, ևս ինչ-որ մեկը հետևից՝ Տանյայի եղբայրը, մի տասներեք տարեկան տղա, որը հանկարծ ասպանդակեց ձիուն, բոլորից առաջ անցավ և սրարշավ վարգեց դեպի սարը, ձիավարժի պես արմունկներով աշխատելով։
Դրանից հետո եղան ևս ինչ-որ պատահական հանդիպումներ, իսկ հետո… Դե, խնդրեմ, շոգ կեսօրին, հունիսի կեսին…
Հունիսի կեսի մի շոգ օր ճամփեզրերին լայնաթափ շարժվում էին հնձվորները՝ մեկ աջ, մեկ ձախ անրակին էր կպչում շապիկը. -«Աստված օգնական», — ասաց Իլյա Իլյիչը անցնելով, նա տոնական պանամայով էր, տանում էր գիշերային մանուշակների փունջը։ Մոտենում էին կալվածքին։ Ինոկենտին լուռ քայլում էր կողքին, բերանը պտտելով (արևածաղիկ էր կլպում)։ Մոտենում էին կալվածքին։ Լոուն-թենիսի խաղահրապարակում միևնույն գոգնոցով վարդագույն ծերուկը վրձինը թաթախում էր դույլի մեջ և անցկացնում էր, մինչև հատակը կռանալով և ընկրկելով, հաստ սերուցքի գիծը։ «Աստված օգնական», — ասաց Իլյա Իլյիչը անցնելով։
Սեղանը գցված էր ծառուղում, ռուսական բծավոր լույսը ծաղկում էր սփռոցի վրա։ Տնտեսուհին՝ գորժետով, պողպատյա, հետ սանրած մազերով, արդեն շոկոլադն էր լցնում մգակապույտ գավերի մեջ, որոնք տանում էին լակեյները։ Մարդաշատ և աղմկոտ էր այգում, բազում հյուրեր էին՝ բարեկամներ և հարևաններ։ Գոդունով-Չերդինցևը (բավական տարեց, դեղնամոխրավուն մորուքով և աչքերի մոտ կնճիռներով), ոտքը նստարանի վրա դնելով, խաղում էր ֆոքստերիերի հետ, ստիպելով նրան թռչել՝ շունը ոչ միայն շատ բարձր էր թռչում, ջանալով հափռել թաց գնդակը, բայց նույնիսկ հաջողեցնում էր, օդում կախված, դեռ ձգվել էլ, ողջ իրանի հավելյալ ջղակծկումով։ Ելիզավետա Պավլովնան գնում էր այգով մի այլ տիկնոջ հետ, ձեռքերն իրար զարկելով, հընթացս աշխույժ զրուցելով՝ բարձրահասակ, կարմրայտ, մեծ դողդողացող գլխարկով։ Իլյա Իլյիչը ծաղկեփնջով կանգնել ու խոնարհվում էր… վառ մշուշում (քանզի Ինոկենտին, չնայած քաղաքացիական քամահրանքի փոքրիկ փորձին, սաստիկ շվարմունքի մեջ էր) երիտասարդներ էին առկայծում, վազող երեխաներ, ինչ-որ մեկը՝ գլխաշորը սևի վրա վառ կակաչներով, երկրորդ ֆոքստերիերը, իսկ գլխավորը, գլխավորը՝ սահող ընդմեջ ստվերի ու լույսի, դեռ անհստակ, բայց արդեն ճակատագրական դյութանքով սպառնացող Տանյայի դեմքը, որն այսօր տասնվեց տարեկան էր դառնում։ Նստեցին։ Նա հայտնվեց սեղանի ամենաստվերոտ մասում, որտեղ նստածները ոչ այնքան խոսում էին միմյանց հետ, որքան նայում էին, բոլորը միակերպ գլուխները թեքած, այնտեղ, ուր խոսքուզրույց ու ծիծաղ էր, և հիասքանչ ատլասե-վարդագույն կուտապը՝ մոմերը մեջը խրած, և երեխաների բացականչությունները, և երկու ֆոքստերիերների հաչոցը, համարյա թե սեղանների վրա թռչող… իսկ այստեղ ասես թե միավորվում էին օղակներով լորենու ստվերի վերջին հավաքի մարդիկ՝ ժպտացող, ասես ինքնամոռացման մեջ՝ Իլյա Իլյիչը. օդեղեն զգեստով տգեղ մի աղջիկ, ծնկների վրա սեղանի տակ անտեսանելի փոքրիկ մի էակ պահած, որ երբեմնակի զանգուլակն էր հնչեցնում… Ինոկենտիի հարևանն էր կառավարչի եղբայրը, բութ, տաղտկալի մի մարդ, ընդ որում՝ կակազ. Ինոկենտին նրա հետ խոսում էր լոկ այն պատճառով, որ մահացու վախենում էր լռել, ու թեև զրույցը հյուծիչ էր, նա հուսահատությամբ կառչում էր դրանից՝ փոխարենը ավելի ուշ, երբ արդեն հաճախակի էր գալիս այստեղ և պատահաբար հանդիպում էր խեղճին, նրա հետ երբեք չէր խոսում, խուսափելով նրանից, ինչպես ինչ-որ ծուղակից կամ խայտառակության հիշողությունից։
Պտտվելով, դանդաղ սփռոցի վրա էր ընկնում շինծու թռչունը։
Այնտեղ, ուր նստած էր վերնախավը, Գոդունով-Չերդինցևը բարձր խոսում էր սեղանի վրայից ժանյակավոր պառավի հետ, խոսում էր, բռնելով իրանը աղջկա, որ կանգնած էր կողքին և ափի վրա գնդակ էր վեր նետում։ Որոշ ժամանակ Ինոկենտին պայքարում էր ափսեի վրա հայտնված կարկանդակի կտորի դեմ, և ահա, անհմուտ հպումից և՝ սեղանի տակ՝ արքայամորու գոթին (այնտեղ էլ այն թողնենք)։ Իլյա Իլյիչն անընդհատ պարապ ժպտում էր, բեղերն էր ծծում. ինչ-որ մեկը նրան խնդրեց թխվածք փոխանցել՝ նա երջանիկ ծիծաղով ողողվեց և փոխանցեց։ Հանկարծ հենց Ինոկենտիի ականջի տակ արագ շնչահատ ձայն հնչեց՝ Տանյան, առանց ժպտալու նրան նայելով և ձեռքի մեջ գնդակը պահած՝ ուզո՞ւմ եք մեզ հետ գնալ, և նա սաստիկ շփոթվեց, ելավ սեղանի տակից, հարևանին հրելով՝ մեկեն չէր կարող աջ ոտքն ազատել ընդհանուր այգու նստարանից։
Նրա մասին ասում էին՝ ինչ լավ օրիորդ է. նա բաց մոխրագույն աչքեր ուներ ծովարջենի հոնքերի տակ, բավական մեծ, քնքուշ ու դժգույն բերան, սուր ատամներ, և երբ նա անառողջ կամ անտրամադիր էր լինում, նկատելի էին դառնում մազիկները շուրթի վրա։ Նա կրքոտ սիրում էր բոլոր ամառային խաղերը, ամեն ինչ խաղում էր հմուտ, ինչ-որ դյութիչ կենտրոնացումով, և իհարկե, ինքնաբերաբար դադարեց կարթով խարակաձուկ որսալը Վասիլիի հետ, որը շվարում էր՝ ի՞նչ պատահեց՝ հայտնվում էր հանկարծ, երեկոյան կողմ դպրոցի մոտ, և կանչում էր Ինոկենտիին , անվստահ լայնաբաց ժպտալով և դեմքի մակարդակի վրա բարձրացնելով որդերով թիթեղատուփը, և այդժամ Ինոկենտին ներքնապես ցնցվում էր, գիտակցելով իր դավաճանությունը ժողովրդին։ Այնինչ նոր ծանոթներից ուրախությունը քիչ էր։ Այնպես պատահեց, որ, միևնույն է, նրանց կյանքի կենտրոնին նա մոտ չէր թողնվում, այլ կենում էր դրա կանաչ ծայրամասին, մասնակցելով ամառային զվարճանքներին, բայց երբեք հենց տուն չընկնելով։ Դա կատաղեցնում էր նրան. նա ծարավի էր հրավերի լոկ այն բանի համար, որպեսզի մեծամտորեն դրանից հրաժարվեր, դե և ընդհանրապես անընդհատ զգոն էր, խոժոռ, գզուզ, ծնոտային այտուցների մշտական խաղով, և Տանյայի ամեն մի խոսքը ասես թե դեպի իր կողմն էր նետում վիրավորանքի փոքրիկ ստվերը, և Աստված իմ, ինչպես էր նա նրանց բոլորին ատում՝ նրա զարմիկներին, ընկերուհիներին, զվարթ շներին… Հանկարծ այդ ամենը խառնվեց, անհետացավ, և ահա օգոստոսյան գիշերվա թավշե մթության մեջ նա նստած է զբոսայգու դռնակի մոտ և սպասում է. ծակծկում է վերնաշապիկի և մարմնի միջև խցկած գրությունը, որը, ինչպես հին վեպերում, նրան բերեց բոբիկ աղջիկը։ Կարճառոտ հանդիպման կանչը նրան ծաղր ու ծանակ թվաց, բայց այդուհանդերձ նա տրվեց դրան, և ճիշտ էր՝ գիշերվա համաչափ շրշյունից առանձնացավ քայլերի թեթև ճռթճռթոցը՝ նրա ժամանումը, նրա քրթմնջոցն ու մերձավորությունը իր համար հրաշք էին. հանկարծ նրա պաղ, ճարպիկ մատների հպումն ապշեցրեց նրա մաքրությունը։ Ծառերի արանքից այրվում էր վիթխարի, արագ բարձրացող լուսինը։ Արցունքներ թափելով, դողալով և աղոտ շուրթերով կույր դեմ առնելով նրան, Տանյան խոսում էր, որ վաղը մոր հետ գնում է հարավ, և որ ամեն ինչ վերջացած է, օ՜, ինչպես կարելի էր այդքան անհասկացող լինել… «Մնացեք, Տանյա»,- պաղատեց նա, բայց քամի ելավ, նա ավելի սաստիկ հեծկլտաց… իսկ երբ նա փախավ, նա անշարժ մնաց նստած, լսելով աղմուկն ականջների մեջ, իսկ քիչ անց հեռու գնաց մթին և ասես թե շարժվող ճանապարհով, և հետո պատերազմն էր գերմանացիների դեմ, և ընդհանրապես ամեն ինչ-ինչ ինչ-որ ցրիվ եկավ, բայց հետզհետե կրկին կծկվեց, և նա արդեն պրոֆեսոր Բերի ասիստենտն էր չեխական առողջարանում՝ երիտասարդ սովետական երկրաբան պատահեց, զրույցի բռնվեցին, և, հիշատակելով այն մասին, որ այստեղ հիսուն տարի առաջ զոհվել էր սովորական տուրիստի մահով Ֆեդչենկոն (Ֆերգանայի հետազոտողը), երկրաբանը հավելեց, որ ահա միշտ այդպես է պատահում՝ այդպիսի անվեհեր մարդկանց մահն ընտել է հետապնդելու վայրի լեռներում և անապատներում, որ առանց հատուկ դիտավորության, կատակելով, դիպչում է նրանց այլ հանգամանքներում, և ի զարմանս հենց իրենց, նրանց հանկարծակիի է բերում՝ ահա այդպես զոհվեցին Ֆեդչենկոն, և Սեվերցևը, և Գոդունով-Չերդինցևը, էլ չասած արտասահմանցի դասականների մասին՝ Սպիկի, Դյումոն-Դյուրվիլի… Իսկ ևս մի քանի տարի անց Ինոկենտին անցողակի Փարիզում էր և, այցելելով գործով աշխատակցին, արդեն աստիճաններով վար էր վազում, ձեռնոցը հագնելով, երբ հարթակներից մեկում լիֆտից ելավ կուզիկոտ մի տիկին, և նա ակնթարթաբար ճանաչեց Ելիզավետա Պավլովնային։ «Իհարկե, հիշում եմ ձեզ, դե ինչպես չհիշեմ»,- արտաբերեց նա, նայելով ոչ թե նրա դեմքին, այլ ինչ-որ ուսի վրայով, ասես նրա հետևում կանգնած էր ինչ-որ մեկը (նա փոքր-ինչ խեթ էր նայում)։ «Դե, գնանք մեզ մոտ, աղավնյակս»,- շարունակում էր նա՝ ելնելով ակնթարթային քարացումից, և շրջեց քթածայրով հաստ, փոշով ներծծված խսիրը, որպեսզի դրա տակից հաներ բանալին։ Ինոկենտին մտավ նրա հետևից, տանջվելով, քանզի ոչ մի կերպ չէր կարողանում հիշել՝ ինչ էին իրեն պատմում այն բանի առթիվ, թե երբ և ինչպես էր զոհվել նրա ամուսինը։
Իսկ հետո տուն եկավ Տանյան, ամբողջովին ինչ-որ նրբացած ամբողջ այս քսան տարիների ընթացքում, փոքրացած դեմքով և բարիացած աչքերով՝ մեկից ծխեց, ծիծաղեց, առանց ամաչելու հիշելով նրա հետ հեռավոր ամառը՝ նա հար ապշում էր, որ և՛ Տանյան, և՛ նրա մայրն էլ չեն հիշատակում հանգուցյալին և այնքան պարզ են խոսում անցյալի մասին, այլ չեն հեծկլտում, ինչպես որ ինքը, օտարականն էր ուզում լալ՝ կամ գուցե թե ձևե՞ր էին թափում։ Հայտնվեց դալկադեմ, մթնագլուխ մի տասը տարեկան աղջիկ: «Իսկ ահա իմ աղջիկը, դե, եկ էստեղ»,- ասաց Տանյան՝ խցկելով վարդագունած ծխախոտամնացուկը մոխրաման ծառայող ծովախեցու մեջ։ Տուն եկավ Տանյայի ամուսինը՝ Կուտասովը, և Ելիզավետա Պավլովնան, դիմավորելով նրան հարևան սենյակում, նախազգուշացրեց նրան հյուրի մասին, իր Ռուսաստանից դուրս բերած, տնային ֆրանսերենով. «fils du macօle chez nous au village» (ֆր. միջնորդի տղան մեր գյողում է), և այդժամ Ինոկենտին հիշեց, որ մի անգամ Տանյան ընկերուհուն ասաց, ակնարկելով նրա(գեղեցիկ) ձեռքերը. «Regarde ses mains» (ֆր. Նայիր նրա ձեռքերին), և այժմ, լսելով, թե ինչպես աղջիկը հիանալիորեն, քաղաքացիական երգեցիկությամբ պատասխանում է մոր հարցերին, նա հասցրեց չարախնդորեն մտածել. «Դե, իհարկե, հիմա երեխաներին օտար լեզու սովորեցնելու բան չկա», այսինքն՝ մեկեն գլխի էլ չընկավ, որ այժմ այդ ռուսաց լեզվում է ամենապարապ, ամենալավ շռայլությունը։ Զրույցը չէր ստացվում. Տանյան ինչ-որ բան խառնելով, հավատացնում էր, թե նա իրեն մի ժամանակ հեղափոխական բանաստեղծություններ էր սովորեցնում այն մասին, ինչպես է բռնակալը խրախճանում, իսկ ահեղ տառերը վաղուց պատի վրա է գծում ճակատագրական ձեռքը։ «Այլ խոսքերով ասած, առաջին պատի թերթը»,- ասաց Կուտասովը, որ սիրում էր սրամտել։ Նաև պարզվեց, որ Տանյայի եղբայրն ապրում է Բեռլինում, և Ելիզավետա Պետրովնան սկսեց պատմել նրա մասին… Հանկարծ Ինոկենտին զգաց՝ ոչինչ-ոչինչ չի կորչում, հիշողության մեջ կուտակվում են գանձերը, աճում են թաքուն պահուստները մթության, փոշու մեջ, և ահա ինչ-որ անցնող մեկը հանկարծ գրադարանավարից գիրք է պահանջում, որը քսան տարի չէր տրվում։ Նա ելավ, հրաժեշտ տվեց, նրան շատ չէին էլ պահում։ Տարօրինակ էր՝ ոտքերը դողում էին։ Ահա թե ինչպիսի ապշեցուցիչ հանդիպում։ Անցնելով հրապարակով, նա մտավ սրճարան, ըմպելիք պատվիրեց, փոքր-ինչ տեղից ելավ, որպեսզի տակից հաներ իր իսկ տրորված գլխարկը։ Ինչ սարսափելի անհանգստություն է հոգում… Իսկ նա անհանգիստ էր մի քանի պատճառով։ Առաջինը, որովհետև Տանյան նույնքան գրավիչ էր, նույնքան անխոցելի, ինչպես և մի ժամանակ։

