Գաբրիել Սուդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարել էր ընդունելություն թատրոնի ստուդիայի համար:
Դեռ 1966 թվականից Վարդան Աճեմյանը նպատակահարմար և անհրաժեշտ է համարել, որ Սունդուկյան թատրոնն ունենա իր ստուդիան: Այդ ստուդիայի առաջին սաներն այսօր ոչ միայն Սունդուկյան թատրոնի, այլև հանրապետության թատերական կյանքի լավագույն դեմքերից են:
Թատերական ստուդիայում առաջարկվում է մասնագիտական պրակտիկ կրթություն: Սաները ամենօրյա ընթացակարգով մեծ արվեստանոցի մեջ մասնագիտական գիտելիքներ են ստանում: Սաների ընտրության առաջին շրջանում դժվար է խոսել սպասվող արդյունքների մասին, մանավանդ որ երկարամյա դադարից հետո ստուդիան երկրորդ տարին է, ինչ վերսկսել է իր գործունեությունը, և կա նպատակ այլևս չունենալու դադարներ նրա գործունեության մեջ:
«Անհրաժեշտություն է ակադեմիական մտածողության կողքին ունենալու թարմ մտածողություն, թարմ կադրեր,- մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը,— որովհետև երբեք չգիտես, թե ով է գալու և ինչ նոր բան է բերելու իր հետ»:
Ստուդիա ընդունվելու համար ոչ միայն պարտադիր չէ, այլև անգամ ցանկալի չէ մինչ այդ թատերական որևէ դպրոց անցած լինելու հանգամանքը: Այստեղ մտածում են՝ ինչքան հում, անմշակ լինի ուսանողը, ինչքան զերծ լինի որոշակի կարծրատիպերից, խանգարող պայմանականություններից, այքան ավելի հեշտ կլինի նրա հետ աշխատելն ու արդյունքի հասնելը: Ստուդիա եկած սաների ծնողների հետ անկեղծ զրույց են ունենում թատրոնում՝ հավաստիացնելով, որ չեն պատրաստվում աստղեր պատրաստել նրանց երեխաներից, ապահովել նրանց մուտքը սերիալային կյանք: Չի տրվում խոստում, թե ամիսներ կամ մեկ-երկու տարի անց այդ երեխաները դառնալու են ճանաչված և պահանջված՝ որպես դերասաններ: Այստեղ խոստանում են ուսուցանել դերասանի մասնագիտությունը՝ ըստ էության: «Մեր մասնագիտության բովանդակությունը նախ և առաջ մեր ոտքերի տակ փռված գորգերը, ծափահարությունները, շքեղ ծաղկեփնջերը չեն, այլ տքնաջան աշխատանանքն է փորձասենյակում: Իսկ թե այդ աշխատանքից հետո ով ուր կհասնի, միայն թատերական ստուդիայից չի կախված: Դա կախված է երեխայից, նրա մանսագիտական վերջնական կողմնորոշումից և բազմաթիվ այլ հարցերից: Մեր խնդիրն է ճիշտ ցույց տալ երեխային մասնագիտական առանձնահատկությունները, ճիշտ ուսուցանել, ճիշտ ուղղորդել: Ոչ թե պատմել դերասանի մասնագիտության փայլի մասին, այլ բացատրել, որ այդ փայլի վայրկենական, րոպեական առկայծումների մեջ կան դժվարություններ»,- նկատում է Վ. Մկրտչյանը:
Սուդուկյանի թատրոնի ստուդիայում ուսանողներին սովորեցնում են դերասանական արվեստի տեխնիկա, բեմի վրա, տեքստի վրա աշխատելու հմտություններ, որն անելն այնքան էլ հրապուրիչ և դյուրին բան չէ:
Ասել է թե՝ դերասանական կյանքի փայլի հակառակ կողմում դժվարին, բարդ ճանապարհ է թաքնված:
Թատրոնում նկատում են, որ հանրության շրջանում մեծ հետաքրքրություն կա իրենց ստուդիայի հանդեպ, որից իրենք շատ են ոգևորված: Սեպտեմբեր ամսին ստուդիայի սաներն արդեն հանդես են եկել ներկայացումներով, որը հույսեր է ներշնչում ապագա առաջընթացի առումով: Վ. Մկրտչյանը նշում է, որ եթե երկու տարում իրենց հաջողվի մեկ-երկու ուսանողի դնել ճիշտ մասնագիտական հունի մեջ և պատրաստել պրոֆեսիոնալ դերասաններ ապագայի համար, արդեն կարելի է խոսել ստուդիայի արդյունավետ գործունեության մասին:
Նշենք, որ ստուդիայում ուսանելու նպատակահարմար տարիք է սահմանված 13-24 տարեկանը: Ստուդիայի ծրագիրը բաղկացած է երկու տարուց:
Այս տարվա կուրսը ղեկավարում է Արմեն Քուշկյանը:
Կարինե Ռաֆայելյան

