Ազդագիր

Հայաստանը մասնակցել է China International Advertising Festival-ին և AdAsia Beijing 2025-ին

28.10.2025

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Պեկինում անցկացված երկու խոշոր
միջոցառումներին` 32-րդ China International Advertising Festival
(CIAF)-ին և AdAsia Beijing 2025-ին: Միջոցառումներին Հայաստանը
ներկայացրել է Հայաստանի գովազդային խորհրդի կոորդինատոր, PR մասնագետ
Ռոզա Գրիգորյանը։

Մասնակցության նպատակն էր ամրացնել միջազգային համագործակցությունները և
հնարավորություն ընձեռել ոլորտի մասնագետներին միանալ համաշխարհային
գովազդային համայնքում ընթացող զարգացումներին։ Մրցակցային ծրագրում և
քննարկումներում կենտրոնական տեղ են ունեցել արհեստական բանականության
դերը գովազդային և հաղորդակցական ոլորտներում, նորարարական գործիքներն ու
դրանց ազդեցությունը բիզնեսի աճի վրա։ Անցկացվել են նաև քննարկումներ,
որոնք վերաբերում էին ստեղծարար արդյունաբերության զարգացմանը և
միջազգային շուկաների հետ փոխգործակցությանը։

AdAsia համաժողովը հիմնադրվել է 1958 թվականին Ճապոնիայում՝ Dentsu
Inc.-ի նախագահ Հիդեո Յոշիդայի նախաձեռնությամբ։ AdAsia-ն Ասիայի
խոշորագույն մարքեթինգային ու գովազդային հարթակներից է, որին մասնակցում
են խոսնակներ աշխարհի տարբեր երկրներից ու ներկայացնում իրենց ոլորտայուն
փորձը։ Ամեն տարվա թեման որոշում է հյուրընկալող երկիրը՝ հաշվի առնելով
ոլորտային արդիական միտումները։

CIAF 2025-ը ոչ միայն ստեղծարարության տոն է, այլ նաև միջազգային
բիզնեսների համար հնարավորություն՝ հասկանալու Չինաստանի շուկայի
առանձնահատկությունները և մուտքային ռազմավարությունները։ Միջոցառման
շրջանակում մասնակիցներին տրամադրվում են տարբեր հնարավորություներ՝
հաստատելու կապեր, ինչպես նաև մասնակցելու ոլորտի առաջատար մասնագետների
կողմից ներկայացվող վարպետաց դասերին և բանախոսություններին։ Միաժամանակ
կազմակերպվում են մասնագիտական ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են
ոլորտի լավագույն նախագծերն ու տաղանդները։