Արամ Ավետիս ԳրաԴաշտ

Արամ Ավետիս․ Ժամկետանց խաչելություն

28.10.2025

Ով հեռանում է իր տեսիլքներից իր լքվածությանն է մոտենում։

Ուզում եմ ձեզ մի բան ասել բայց մի քիչ անհարմար եմ համարում դրա մասին ձեզ ասելը։ Առաջին հերթին որովհետև գիտեմ ձեզ համար միշտ անհարմար է լսել ուրիշի ցավի մասին երկրորդը որովհետև ավելի է ցավում երբ ուրիշի ցավը ձեր ցավից մեծ է։ Իսկ եթե կուզեք ձեր անունից կասեմ երրորդը որպեսզի մեղմեմ ձեր ցավը ԻՄ ՑԱՎԸ ԱՍՏՎԱԾ Է որ ինձ ստեղծեց իր տառապանքի կերպարանքով։ Այնպիսի տառապանք որ ես երես թեքեցի ուրիշի ցավից որ ես ատեցի հենց այդ ուրիշի ցավի մեծության համեմատ մեղմացած իմ ցավը և երրորդ որովհետև չհավատացի ուրիշի ցավի աստծուն և կուռք ստեղծեցի միայն իմ ցավից։

Տանս պատերից մեկի վրա խփված է մեխ։ Կամ ես կախվեմ նրանից կամ մի նկար։ Դեռ երևի նկար կկախեմ։
Տանս պատերից մեկի վրա իմ մահին փոխարինող նկար եմ կախել ու վերջերս նկատեցի որ նկարի մեջ մի նկարված պատ կա որի վրա նկարված է մեխ։
Կամ ես նկարեմ նրա վրա ինձ կախված կամ էլ նկար նկարեմ այդ նկարված մեխի վրա։ Չկայացած արվեստ մահվան խորքում և կանգուն ու անկոտրում պատ ամեն ինչում։
Տանս պատերից մեկի վրա ձեռքերը պարզած տղամարդ է կախված։ Նրան հանեմ ես կախվեմ բայց գիտեմ այդպես գեղեցիկ չեմ նայվի ավելի լավ է դեռ նրա ձեռքերի և ոտքերի վրա ուղղակի մեխեր նկարեմ։

Հետաձգված խաչելությանը կգա փոխարինելու անկրկնելի ու աժդահա ԻՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԸ։

Ուզում եմ ձեզ մի բան ասել…
ԵՍ ԱՎԵԼԻ ՏԽՈՒՐ ԵՄ ՔԱՆ ԼՈՒՅՍԸ։

Պարոն Քրիստոս Դուք սխալվում եք ԱՍՏՎԱԾ ՍԵՐաբ է։

Դե ինչ ով հեռանում է իր մեխերից իր խաչելությանն է մոտենում։

****

Ինչի մասին է քո գրականությունը ցույց տուր և պատմիր հաճախ հարցնում են ինձ և ևս պատասխանում եմ
Ինչպես տեսնում ես չտեսնելուդ և ինչպես լսում ես չլսելուդ մասին։

Ես ծնվել եմ մայիսի 25-ին ու միակ բանը որ ինձ երջանկացնում է այդ օրվա հետ կապված Արթյուր Ռեմբոյի այս նամակն է իմ ծնունդից 109 տարի առաջ գրված որը ես կուզեի գրվեր իմ ծննդկանի մեջ անվան ազգանվան հայրանունի տեղանքի և այլ անիմաստ բաների փոխարեն
«Ավա՜ղ, ես այժմ բնավ չեմ ապավինում կյանքին, և եթե ապրում եմ, ապա վարժեցնում եմ ինձ հոգնությամբ ապրելուն… և վշտերով կերակրվելուն, որոնք որքան ջերմ, նույնքան էլ անհեթեթ են դաժան կլիմայի պայմաններում… Կկարողանանք, արդյոք, այս կյանքում գոնե մի քանի տարի իրական հանգիստ վայելել. բարեբախտություն է, որ այս կյանքը ակնհայտորեն միակն է, քանզի չես կարողանում առավել ձանձրալի մի այլ կյանք պատկերացնել, քան սա է» (Ադեն, 25 մայիսի, 1881)։
Այո ես հպարտ եմ որ ծնվել եմ Ռեմբոյի այս մտքի հետ նույն օրը ու ձանձրանում եմ ապրել այս մտքից դուրս աշխարհում։

Նայելով տանս պատի պոկված հատվածին ես մտածում եմ որ այո պատը իմն է իսկ ում է պատկանում այս պատի այդ պոկված և անհայտացած մասը։ Չէ որ պատը իմն է և նրա վրա ամեն ինչն է իմը իսկ ինչու իմը պիտի չլինի այն ինչ արդեն չկա։ Ու ես հասկացա որ ես ինքս պակասող ու կորած մասնիկն եմ այս աշխարհի ու ՀԵՆՑ ԵՍ ՈՒ ԻՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԱՄԵՆԱՇԱՏ ԻՄԸ։

Չգիտես ինչու վստահ եմ որ աստված մեզ կների այն բանի համար որ մենք կերտեցինք մեր կործանումը ավելի հանճարեղ քան նա էր պատկերացնում։ (Չնայած մեր մեջ ասած նայելով այս կյանքին ես չեմ էլ զարմանում որ աստված վատ երևակայություն ունի)։

Ու բացակայությունը հորդում է մեր մեջ հարակաց արյամբ։

Աստված իմ մի մտահոգվիր քո բացակայությունն իմ մեջ լցնում են քո սուրբ գամերը։

****
Ասֆալտին թափված ծխուկի մնացորդները խակ բերանների ցորենի հասկերն են որոնց վրա դրոշմված է փլուզված լուսնի սին սնունդը։

Տառերն իմ համար են։
Բառերն իմ համար են։
Ցավն իմ համար է։
Եվ մահն է իմ համար։
Ու կանգառ չունեմ ես այս ամենում։

Ես ամեն ինչի մեջ հակոտնյա եմ։
Տանուլ տված ընտիր նավ եմ ու անհագ հակՈՏԱՆԱՎՈՐ։

Ես երբեք չեմ ապրել իմ ներսում կրելով ԿԱՆԳԱՌԻ ԱՆԳԻՐԸ։

Անվերնագիր է իմ ցավը ու ինչպես միշտ է պատահում իսկական ցավի առջև մահանում է ամենայն բառ ու դրա համար ինքը լռությունը մեզնից թաքուն վերնագրում է Ցավը։ Անվերնագիր երանգ։

Իսկ ինձ նայող մարդկանց աչքերում շարունակում են ծաղկել գեր կանգառները։