Ազդագիր

«Թէատրոն» փառատոնի հիմնական բաղադրիչներն էին պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան

05.11.2025

Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցավ «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի փակման արարողությունը։

Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի Յոան Բուրժուան ելույթ ունեցավ իր հայտնի «Կախման կետին մոտենալու փորձեր» պերֆորմանսով, իսկ միջազգային հիփ-հոփ աստղ, խորեոգրաֆ Կադեր Ատուի Accrorap ընկերությունը՝ «PRELUDE» բացօթյա պարային ներկայացմամբ։

Փառատոնի հիմնական բաղադրիչներն էին պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։

Աշխարհահռչակ պարուսույց Մուրադ Մերզուկիի տպավորիչ «Պիկսել» ներկայացումն անցավ լեփ-լեցուն դահլիճով։ 

Կապանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցան ռեզիդենցիաներ ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնի մանակցությամբ, իսկ Գավառի դրամատիկական թատրոնում՝ բելգիացի դրամատուրգ Ժընըվիև Դամասի։ 

Տեղի ունեցավ Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների հայերեն ժողովածուի շնորհանդեսը՝ հեղինակների ներկայությամբ։

Շշվեյցարական La Temeraria թատերական ընկերության ծաղրածուները, որոնք մասնագիտացած են հոսպիտալացված երեխաների համար ծաղրածուների ներկայացումներ կազմակերպելու գործում, ժպիտներ պարգևեցին ինչպես «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բուժառուներին։ 

Միջազգային պարուսույցներն աշխատարաններ անցկացրեցին հիփ-հոփ պարողերի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողների համար։

«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ ստեղծելով ստեղծագործական հանդիպումների և համագործակցությունների նոր հարթակ։

Փառատոնը կազմակերպում են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը և «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։ Փառատոնը տեղի է ունենում ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Փառատոնի աջակիցներն են՝ «Արարատ» բանկը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և Ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Բելգիայի դեսպանությունը, Ֆրանսիայի Օվերն Ռոն-Ալպեր տարածաշրջանը, Իզեր դեպարտամենտը, Լիոն քաղաքը և Լիոնի Մետրոպոլը, Մարսել, Գրենոբլ և Սանտ-Էտիեն քաղաքները, Վալոնի-Բրյուսել Ինթերնեշնլը, ինչպես նաև Կապանի և Գավառի համայնքապետարանները։