Երաժշտություն Վովա Արզումանյան

«Այն, ինչ այսօր անվանում ենք դասական, երբևէ եղել է նոր, համարձակ և ժամանակակից»

06.11.2025

Հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանի և Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով։ Նա տենորի գլխավոր դերերգերով հանդես է եկել աշխարհի լավագույն օպերային թատրոններում, ելույթներ ունեցել փոփ, ռոք, ջազ, օպերային լեգենդների հետ։ Մեծ հաջողության են արժանացել նաև Գրիգոլոյի ձայնագրությունները. Բերնսթայնի «Վեսթսայդյան պատմություն» ոսկե և պլատինե դեբյուտային ալբոմով նա առաջադրվել  է «Գրեմմի»-ի։

Միջազգային արձագանք և ճանաչում են ունեցել նաև  Sony Classical-ի հետ ձայնագրած մի շարք ձայնասկավառակներ, որոնք առաջին հորիզոնականներն են գրավում դասական ալբոմների վարկանիշային աղյուսակներում: 

Ստորև ներկայացնում ենք Վիտտորիո Գրիգոլոյի հետ հարցազրույցը։ 

Ուրախ ենք, որ Երևանում հնարավորություն ունենք ունկնդրելու Ձեր կատարումները։ Որքա՞ն է Ձեզ համար կարևոր Երևանում երգելը։ 

Նախ և առաջ ես լիովին նվիրված եմ երաժշտությանը, և ինձ համար աշխարհում չկա մի վայր, որ նախընտրելի լինի մյուսից։ Ամեն ինչ որոշվում է մեկ չափանիշով՝ հանդիսատեսի սիրով։ Ես երգում եմ այնտեղ, որտեղ ինձ լսում են սրտով։ Իսկ Հայաստանում ես արդեն զգացել եմ այդ սերը՝ անկեղծ, ջերմ ու անմիջական։ Ինձ միշտ հարազատ են եղել հայկական մշակույթը, արժեքները, ընտանիքները։ Հայ ժողովրդի մեջ կա մի առանձնահատուկ բարեմտություն և հոգատարություն, որ ինձ հիշեցնում է իտալական կյանքի շունչը։  Երևանը  ծաղկող, խանդավառող, ստեղծագործ քաղաք է։
Մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ աշխատանքն ու  ելույթը  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մեծ երջանկություն և պատիվ են ինձ համար։ 

 Էդուարդ Թոփչյանը բացառիկ կերպով կապված է իր նվագախմբի հետ՝ և՛  մասնագիտական առումով,  և՛ հոգևոր մակարդակում։ Այսօր երկար փորձ ունեցանք, և ես անկեղծորեն հիացած եմ երաժիշտների բարձր վարպետությամբ։ Նրանք պարզապես անզուգական են։ Ամեն նոտա այստեղ հնչում է ոչ միայն ճշգրիտ, այլև սիրով ու կրքով։ Դա է իսկական արվեստը։ Եվ երբ այդպիսի դիրիժորը ղեկավարում է նման նվագախումբ, արդյունքը դառնում է ոչ թե պարզապես երաժշտություն, այլ կենդանի զգացողություն՝ բեմում ծնվող արվեստ։

-Ձեր ելույթները միշտ առանձնանում են մեծ հուզականությամբ և զգացմունքային խորությամբ։ Այդ զգացմունքները Դուք վերցնում եք հանդիսատեսի՞ց, թե՞դրանք գալիս են Ձեր ներսից։

-Պետք է ասել, որ այդ ամենը գալիս է իմ ներսից՝ իմ կյանքի փորձից, ապրումներից, հաջողություններից ու սխալներից։ Ես բեմում երբեք որևէ բան չեմ թաքցնում. այնտեղ ես եմ՝ անկեղծ ու բաց։ Իմ կատարումներում միշտ կան իմ անցած ճանապարհը, իմ սխալները, որովհետև մենք բոլորս մարդիկ ենք, և դրանում է մեր հմայքը։ Սխալվելն անբաժան է կյանքից։ Ամեն սխալ մեզ սովորեցնում է դառնալ ավելի լավը։ Երբ այդ ամենը  փոխանցում եմ երաժշտության միջոցով, ելույթը  դառնում է իսկական, կենդանի, ճշմարիտ։ Իրական երաժշտությունն օգնում է գտնել ներքին հանգստություն ու խաղաղություն։  Իսկ երբ տեսնում ես, որ Հայաստանն այս տարի նշում է  մշակութային կարևոր հոբելյաններ, օրինակ՝ նվագախմբի 100-ամյակը,  հասկանում ես, որ այստեղ երաժշտությունը ոչ միայն հնչում է, այլև ապրում մարդկանց մեջ։ Երաժշտությունը միավորում է մեզ, խաղաղություն է հաստատում և՛ մարդու ներսում, և՛աշխարհում ընդհանրապես։ Եվ կարծում եմ՝ դա է մեր բոլորի մեծագույն նպատակը՝ ապրել ներդաշնակ, խաղաղ և երջանիկ։

-Իսկ որքա՞ն է Ձեզ համար, որպես օպերային երգիչ, կարևոր նաև ժամանակակից երաժշտություն կատարելը։

-Ես միշտ սովորում եմ անցյալից։ Էնրիկո Կարուզոն, օրինակ,  օպերային երգիչ է,  բայց տանը   երգում էր նեապոլիտանական ժողովրդական երգեր։ Այսօր մենք կարող ենք մտածել, թե O Sole Mio-ն կամ Non ti scordar di me-ն օպերային են, բայց 1920-ականներին դրանք պարզապես ժամանակի հանրային, «ժողովրդական» հիթեր էին։ Նույնիսկ Ռոսսինիի La Danza-ն սկզբում գրվել էր որպես զվարթ, ցուցադրական ժողովրդական գործ։

Այդ պատճառով էլ ես հաճախ եմ ասում՝ օպերան իր ժամանակի «ռոք-ըն-ռոլն» էր։ Այն, ինչ այսօր մենք անվանում ենք դասական, երբևէ եղել է նոր, համարձակ և ժամանակակից։

Այսօր, երբ ես կատարում եմ, օրինակ, Շառլ Ազնավուրի կամ Լուչո Դալլայի երգերը, ինձ համար  նույնքան բնական է, որքան Վերդին կամ Պուչչինին։ 

Եթե ուզում ես խոսել մարդկանց հետ, պետք է խոսես նրանց լեզվով, միևնույն ժամանակ չհեռանա քո արմատներից Պավարոտտին ժամանակին օգտագործեց մեդիա հարթակները՝ ավելի անմիջական կապ ստեղծելու համար։ Նրան հետևեցին  Բոչելլին ու մյուսները։ Ես էլ այդ ժառանգության, այդ «վկայության» կրողն եմ և փորձում եմ ներկայացնել իտալական մշակույթը աշխարհի տարբեր բեմերում։

Իհարկե, հիմքում օպերային արվեստն է, բայց ես հավատում եմ, որ մեր դարում օպերան կարող է և պետք է միախառնվի ժամանակակից երաժշտությանը։ Այդ խառնուրդը օպերայի նոր ձև է, որը խոսում է մեր ժամանակի հոգևոր և մշակութային իրականության լեզվով։

Զրուցեց Վովա Արզումանյանը