Արմինե Սարգսյան Կերպարվեստ

Համայնքը զորավոր է

15.12.2025

Զանգակատուն գյուղի դպրոցի բակում կանգնեցված Պարույր Սևակի անհաջող կիսանդրին համախմբեց բոլորին։ Առիթ է հիշելու՝ ո՞վ էր Սևակը, առիթ է հիշելու՝ ո՞վ էր Թոքմաջյանը։ Հիշեցինք Սևակի լավ բանաստեղծությունները, այսինքն՝ այն, ինչ ընդունված էր անգիր անել, Թոքմաջյանի նախկին աշխատանքները՝ հաջողվածները, չհաջողվածները։

87-ամյա քանդակագործին մեղադրանքի սյունին գամելը, մեղմ ասած, սիրուն չէ, մանավանդ որ նվիրել է, համարում է իր լավագույն աշխատանքը։ Եթե պետական պատվեր լիներ, մրցույթ հայտարարվեր, գնահատողների դեմ կուղղեինք սլաքը։ Բայց  հարց է առաջանում՝  մինչև տեղադրելը ինչո՞ւ են հավանություն տվել։ Քաղաքավարությունից դրդվա՞ծ։ Ավելի լավ չէ՞ր կանխել, քան նման իրավիճակի հանգել։ Ասում են՝ դպրոցի բակում է։ Կարելի է կարծել, որ եթե հուշարձանը քաղաքի կենտրոնում չի կանգնեցված, կարող է նաև խզբզա՞նք լինել։ Դպրոցում երեխաներ են կրթվում։ Եվ հուշարձանը մեկ օրվա համար չէ, վերաբերմունք, ճաշակ է ձևավորում։ Ու մենք չգիտենք, թե իրականում ինչպես են աշակերտներն ընդունել այն:

Սովորաբար նման դեպքերում աղմուկը ինչպես բարձրանում, այնպես էլ մարում է։ Բայց հանրությունը չի հանդարտվում, պահանջում է հանել կիսանդրին, փոխարինել նորով։

Բարդ խնդրի առաջ են հարազատները․ վերադարձնե՞լ նվերը։ Բանաստեղծի թոռը՝ Սևակ Ղազարյանը, գտել է լավագույն ելքը տվյալ իրավիճակից՝ Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնո՞ւմ է Պարույր Սևակի արձանը, թե՞ոչ։

Արմինե Սարգսյան

Հ․Գ․ Պարույր Սևակի տուն-թանգարանը Զանգակատան բնակիչներին խնդրել է մասնակցել «Կո՞ղմ եք, որ Լ. Թոքմաջյանի քանդակը հեռացվի» հարցմանը։ Այս պահի դրությամբ՝ 85 տոկոսը կողմ է քվեարկել։