ԳիտաՆյութ Զավեն Բեկյան

  Ինտրան, լուսակիր  տառապյալն  ու  խաչյալը 

15.12.2025

Կոմիտասի, նրա հիվանդության և հոգեբուժարանում գտնվելու մասին մի տեսակետ կա, ըստ որի․․․ Կոմիտասը հոգեխանգարում չի ունեցել, պարզապես լռել է կամ խոսակցության մեջ է մտել միայն իր մտերիմների հետ։ Լռել է՝ գուցե որպես հիասթափության նշան աշխարհի հանդեպ ու նաև հրաժարման․․․ ՄԵԾ ԼՌՈՒԹՅԱՆ մեջ է պահել իրեն, որպեսզի ԱՅԴՏԵՂ կարողանա հաղորդակցվել Աստծո հետ։ Աստված ԱՅԴՏԵՂ  խոսե՞լ է նրա հետ, ո՞վ գիտի, Ֆրանցիսկ Ասիզեցու աղերսներին ի պատասխան, օրինակ, Աստված պատասխանում էր․․․ թռչունների լեզվով, որը վերոհիշյալ սուրբը լավ էր հասկանում․․․

        Հոգեխանգարում  Կոմիտասն անշուշտ ունեցել է,- հնարավոր է, որ նրա բանականությունը, գիտակցությունը ժամանակ առ ժամանակ վերադարձել են։ Մեծերը չէին կարող եղեռնի, Հայոց ցեղասպանության մեծը ցավը հաղթահարել  սովորական մահկանացուի տոկունությամբ,- մարդ իր մի հարազատի մահից կարող է խանգարվել, իսկ ազգի հոգևոր մեծը, որ ամբողջ ժողովրդի, հայրենիքի նվիրական մտապատկերն է ամբարած պահում իր սրտում ու դույնով ապրում, առավե՛լ ևս չի կարող դիմանալ նման կորստի ցավին։ Այդպես էլ՝ Ինտրան, Տիրան Չրաքյանը։ «Չրաք» հավանաբար «ճրագ» է նշանակում։ Եղեռնի ցավը ստուգապես մարեց այս լուսավոր հանճարի ճրագը՝ դեռևս համիդյան ջարդերի ժամանակ հոգեխանգարման նշաններ ի հայտ բերելով Ինտրայի վարքում։ Եթե Կոմիտասին շուտ հանեցին այդ եղեռն կոչված զուլումի դժոխքից ու հեռավոր Փարիզ տարան, ինչն արդեն, ավաղ, ուշացած էր և անօգուտ, ապա Ինտրան չունեցավ այդ «փրկությունը» և վերջնականապես  իրեն, իր բանականությունը  կորցրած անցավ թուրքական աքսորի դժոխքի պարունակներով ու մահացավ անտերունչ՝ վայրի հավքերին ու գազաններին ի կեր․․․ Միակ բանը, որ կարողանում  էր անել իբր թե ելք գտնելու համար,  արյունոտված երկրով մեկ թափառելն ու ՍԵՐ քարոզելն էր․․․ Թուրքերը դա էլ շատ համարեցին ու ասկյարների հռհռոցի ու գանակոծումների ուղեկցությամբ նրան աքսորեցին Դիարբեքիր՝ ոտքով, բազում օրեր շարունակ։ Ինտրան, չդիմանալով տառապանքներին, անշնչացած ընկավ աքսորի ճանապարհի փոշիների մեջ, հոգեվարքի մեջ գուցե Պողոս առաքյալի նման իր գլխավերևում, երկնքում տեսնելով ԼՈՒՍԱՎՈՐ ԱՄՊԸ՝ Քրիստոսի տեսիլքն իր մեջ․․․Նույնիսկ հագից հանեցին հագուստներն ու այդպես մերկ ու անշնչացած ճանապարհին գցած թողեցին, հեռացան․․․ Այդպես էին վարվել մեր բոլոր գրող-մտավորականների հետ՝ Զոհրապի, Սիամանթոյի, Վարուժանի․․․ Ասկյարը կամ եղեռնագործ, բանտից այդ նպատակով բաց թողնված քրեականը Չանղրի ձորում նախ նրանց եվրոպական հագուստները հանեց, երևի թե դաշունահար անելու, խողխողելու ժամանակ չվնասվեն․․․ Այդպես է միշտ, խաչելուց առաջ Հիսուսի պատմուճաններն  էլ հանեցին, ապա վիճակ գցեցին դրանց վրա․․․ Ես Ինտրայի  մասին մի բանաստեղծություն եմ գրել, որ ուզում եմ իմ այս տեքստում տեղ ունենա․

                       ԻՆՏՐԱ

Երբ Սավուղն ասկյա՛րն էր՝ գանահարողն

աքսորի ճամփին․․․- Իր հայացքը

լուսեղեն այն ամպին էր՝ ցավ-խավարում

Բեթղեհեմի աստղի պես ընթացողին․․․

Ճամփի փոշին էր բարձրանում մշուշի պես,

թուրանական փոշին՝ է՜, Եվրոպա մինչև․․․

․․․ Միայն թե կարողանա՜ր պահը որսալ

ու մտնել պտտահողմի մեջ, որ անցավ դիմացից․․․—

Կհամբարձվե՜ր գոնե այդ շների միջից․․․ Հուսա՞լ,

թե իր պատմուճանի վրա վիճակ գցողների

Հեռանալուց հետո, ինչ-որ մեկը կթաղի

տանջված ու մերկ մարմինը․․․ Թող ների

Տերը նրանց, որ չգիտեն՝ ինչ են անում ․․․

Իսկ եթե լա՜վ գիտե՞ն (Քերբերոսի այդ ցե՜ղը․․․)-

թող Անեզրի Հաշվարարը ջնջի՛ Իր մատյանից՝

այժմ և հավիտյանս հավիտենից ․․․

․․․Քարոզի բառերն էին դեռ շուրթերին ծվարել

անտերունչ-անունկնդիր- թեև արդեն մեռած էր․․․

          «Ձայնաշար կամար» ժողովածու, 2015 թ․

      Ինտրայի ստեղծագործություններում գեղարվեստականությունը և փիլիսոփայությունը միախառնված են հատկապես «Ներաշխարհ» ժողովածուում (գրել է նաև «Նոճաստան» վերնագրով բանաստեղծությունների մի ժողովածու), որը տպավորությունների և խոհերի մի արձակ, ծավալուն շարադրանք-հրաշալիք է։ Եթե հայ գրականության մեջ փորձեինք կազմել «յոթ հրաշալիքների» մի ցանկ՝ Ինտրայի «Ներաշխարհն» աներկբայորեն դրանցից մեկը կլիներ։ Բանարվեստի ուժով նրա այդ ներհուն ու շքեղ ասքը համեմատելի է համաշխարհային խոհափիլիսոփայական պոեզիայի  լավագույն նմուշների հետ։ Օրինակ՝ Սև ծովի խորհրդանիշի վրա «հինած» նրա պոետիկ «գորգը»  նախորդում է ու իր հարստությամբ չի զիջում Պոլ Կլոդելի, Սեն-Ժոն Պերսի ծովի խորհրդանիշով կառուցված խոհազգացական պատկերներին։ Ինտրայի «զինանշանն» անհատապաշտական է, ստեղծագործությունը՝ սոցիալականին գրեթե չառնչվող ու, բացի խոհական իր բարդ ներսուզումների հանգամանքից, հավանաբար այդ պատճառով էլ է  ստեղծագործությունը դուրս մնացել  լայն հանրային ուշադրությունից և արժանի գնահատական ստանալուց։ Ինտրայագետ Պետրոս Դեմիրճյանը գրում է․ «Տասնամյակների ընթացքում մեզանում ձևավորված մի կարծրատիպով Ինտրան ու նրա ստեղծագործությունը համարվել են ոչ միայն հայ իրականությանն ու ընկերային կյանքին օտար, այլև ազգից, ազգայինից  վեր կամ դուրս, իր ժողովրդի տագնապին անհաղորդ»։ Իսկ Ինտրայի ժամանակակից,  արևմտահայ ականավոր գրագետ  Արտաշես Հարությունյանի խոսքով․
«Կան նաև տարականոն տաղանդները։ Հանճարին տիզերականութիւնը չունին անոնք։ Բայց մեկուսի ու վեր են հասարակ միտքերու ռամիկ սովորականութենէն։ Արտուղի, կողմնակի, նորերեւոյթ ճիգեր են անոնք․ մերթ լավագոյն պարագյին, յոյժ շահեկան։ Իրենց մի անկողմանիութիւնը աւելի կամ նուազ անձուկ, աւելի կամ նուազ աղանդամոլ անհատապաշտութիւնը՝ հաճելի չէ ամենուն։ Մանաւանդ թէ՝ հասարակց զայրոյթն ու հակակրոււթիւնը կը գրգռէ յաճախ։ Սովորաբար, չենք սիրեր այս մարդկը՝ որք նմանութեան եզրերը կխանգարեն։ Անհրաժեշտապես կուզենք որ մարդիկ իրարու նմանին»։

Ինտրան ինքն էլ է անդրադարձել իր այս ստեղծագործությունների մասին հրապարակած իրարամերժ կարծիքներին իր «Ներաշխարհն իր հեղինակէն դիտուած» (1906), «Կարծիքներ և կարծողներ» (1908) հոդվածներում։

Զավեն Բեկյան