1. Եթե գոյականը հոգնակիություն նշող թվականով կամ մի քանի դերանունով որոշիչ ունի, ապա դրվում է եզակի թվով՝ «մի քանի մարդ», «երեք մարդ», և կարող է ստանալ ինչպես եզակի թվով ստորոգյալ, այնպես էլ հոգնակի․
1․ Մի քանի մարդ եկավ։
2․ Մի քանի մարդ եկան։
Սակայն եթե հոգնակիություն նշող լրացումից բացի՝ գոյականն ունի նաև այլ որոշիչ, ապա արդեն դրվում է հոգնակի թվով՝ համապատասխանաբար ստանալով միմիայն հոգնակիով ստորոգյալ․ «Մի քանի կարևոր մարդիկ եկան»։
2․ Բազմակի ենթակաների հետ ստորոգյալը լինում է եզակի թվով, եթե՝
ա) Ենթականերն իմաստով հարաբերակից են և իրականում անվանում են նույն առարկան կամ երևույթը, այլ ոչ թե տարբեր առարկաներ.
- Լույս ու ջերմություն յուրաքանչյուրիս է պետք:
- Դատական քննության յուրաքանչյուր մաս, հատված ունի իր նշանակությունը:
բ) Նույն դեմքով ենթակաները կապված են կամ, կա՛մ…. կա՛մ, ոչ թե….այլ շաղկապներով.
- Կատարվածի համար պատժվելու է կա՛մ բեռնատարի վարորդը, կա՛մ մարդատարի:
- Աշոտը կամ Գեղամը կմոտենա։
գ) Ենթականերից մեկը` նախորդում, մյուսը հաջորդում է ստորոգյալին. «Այդ ամենից ջինջ հիշողություն է մնացել և մի կսկիծ»։
3․ Եթե եզակի ենթական ունի մի քանի բացահայտիչ, ապա, միևնույն է, այն պահանջում է եզակի թվով ստորոգյալ․ «Ամբողջ բազմությունը՝ ծերեր ու երեխաներ, կանայք ու տղամարդիկ, փոթորկվեց զայրույթից»։
Նշան Աբասյան

