Անգելուս Սիլեզիուս, «Քերովբեական թափառականը» (հատվածներ)
Թարգմանություններ 17-րդ դարի գերմանացի կրոնական մեծ բանաստեղծ ու միստիկ իմաստասեր Անգելուս Սիլեզիուսի «Քերովբեական թափառականը» գրքից, կատարված ռուսերենից (ինչը․․․ խրախուսելի չէ, բայց ի՞նչ արած՝ «չդիմացա» գայթակղությանը․․․ )։ Ցավոք, համաշխարհային պոեզիայի այս կոթողը դեռևս ամբողջությամբ հայերեն չի թարգմանվել։ Բանաստեղծությունների մի որոշ քանակ թարգմանել ու հրապարակել է նաև Հրաչյա Բեյլերյանը։
Զավեն Բեկյան

ԻՆՉՊԵ՞Ս ՏԵՍՆԵԼ ԱՍՏԾՈՒՆ
Կացարանն Աստծո լույսն է, բռնկվեց՝ ու նորից չկա․
Կտեսնես նրան, թե ի՛նքդ լույս տաս՝ հետքին ընկած։
ԿԱՄՔԻՑ ՔՈ ՀՐԱԺԱՐՎԻՐ, ՈՐ ԱՍՏԾՈՒՆ ՀԱՎԱՍԱՐՎԵՍ
Տերը հավերժն ու հանգիստն է, չունի Նա ոչ մի հոգս,
Հրաժարվիր նաև դու ամեն ինչից, քո՛ ժամն է։
ՄԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ
Ի՜նչ փոքր է մարդը, որ խորհի մեծի մասին
Ու մտածի՝ իբր թե կձուլվի Պատկերի լույսին․․․
ՍՏԵՂԾՅԱԼԸ ԼՈԿ ՄԻ ԿԵՏ Է
Ա՜խ, իմ հոգու համար այնքան փոքր է աշխարհն այս,
Որ այն իմ հոգու մեջ լոկ մի կետ է նվազ։
ԱՍՏԾՈ ՊՏՈՒՂՆԵՐԸ ԿԱՏԱՐՅԱԼ ԵՆ
Կատարյալ եմ ես հանց Աստված Ինքը- ով որ չհավատա՝
Թող նախ ինձ Տիրոջ թփից պոկել փորձի հապա․․․
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐ ՏԱՐԵՐՔԻ ՄԵՋ Է
Ձկան տունը գետն է, քարինը՝ քարաքոսը,
Հավքինը՝ ամպը, իմն՝ Ինքը, միակ ապաստանս․․․
ԾԱՂԻԿՆԵՐ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՎՐԱ
Զի Աստծո՛վ դու եղար, Նրան էլ դո՛ւ ստեղծեցիր,
Ու Աստվածությունն է քո մեջ — հանց ճյուղ և ծաղիկներ։
ՔՈ ԴՐԱԽՏԸ ՔՈ ՄԵՋ Է ՀԵՆՑ
Փախստակա՜ն, ո՞ւր ես շտապում, քո դրախտը քո մեջ է հենց –
Փնտրելով այն փութկոտ, կկորցնե՜ս այն հավետ․․․
ԻՆՉՊԵՍ ԱՊՐԵԼ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Աստված Ինքն Իր մեջ է — որպեսզի Իրենով ապրես,
Դու պետք է նրա հետ Իր մեջ էլ բնակվես։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՀԱՎԱՍԱՐ ԴԱՌՆԱԼ
Աստծո՞ւն հավասարվել- աշխարհի՛ն․․․ անհավասարվիր,
Ժխտի՛ր քեզ ու քեզ համար կուռքեր մի՛ արարիր։
ԻՆՉՊԵՍ ԼՍԵԼ ՏԻՐՈՋ ԽՈՍՔԸ
Որպեսզի քո ներսում հնչի Խոսքը Տերունի,
Լսիր այն լռության մեջ — հեռո՛ւ երկրայինից։
ԵՍ ԸՆԴԱՐՁԱԿ ԵՄ ԱՍՏԾՈ ՊԵՍ
Լայնությամբ իմ ես նման եմ Տիրոջը մեր՝ Աստծուն-
Թող փորձի՜ ինձ ընդգրկել ինչ-որ մեկն (ի՜նչ ցնծություն․․․)։
ԱՍՏՎԱԾ ՃՅՈՒՂ Է
Ես ճյուղն եմ Աստվածության, ու ամեն իմ ծաղիկ
Սուրբ Հոգու պարգևն է, պտուղն Իր ու հյութն Իր։
ԵՎ ՓԱՌՔ, ԵՎ ՕՎՍԱՆՆԱ
Աստծուն օվսաննա ու փառք տալով՝ այդպես
Ե՛վ հոգիդ կպահպանես, և՛ մարմինդ նվազ։
ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ
Խոնարհությունը քո տունն է, պատսպարանն ու հանգրվանը,-
Բոլոր բարիքները քո այդտեղ են պահպանվում։
ԼՈՒՅՍԸ
Միայն Տիրոջով ես կփոխարկվեմ լույսի –
Կնայեմ շուրջս, կտեսնեմ՝ հրա՜շք, Աստված․․․ բայց ո՞ւր է․․․
ՀԱՆՈՒՆ ԲԱՐՁՐ ԿԱՄՔԻ ՍՊԱՆԻՐ ՔՈ ԿԱՄՔԸ
Ես իմ կամքն սպանեցի, որ Աստծո կամքը դառնամ,
Եվ Աստծուն ընտրեցի ու էությունն իր, որ կայանամ։
ՄԵԿԸ ՊԱՀՈՒՄ Է ՄՅՈՒՍԻՆ
Աստծո համար թանկ եմ ես, ու Նա Ինքն է ինձ համար թանկ,
Եվ էությամբ, այդպես, միմյանց շատ ենք նման․․․
ՄԵԿԸ ՝ ՄՅՈՒՍԻ ՄԵՋ
Իմ ապաստանն Աստված է, ես՝ ապաստարանն Իր։
Ես իր լույսն ու փայլն եմ, Նա՝ սքանչությունն իմ։
ՑՈՂԸ
Որ լվացվեմ ցողով, ցողն իջնում է ի վերուստ,
Ասես Փրկչի վերքերից է գալիս ամոքելու․․․
****
Ծանոթություն․- Սիլեզիուսն օգտագործում է և՛ «Աստված», և՛ «Աստվածություն» եզրերը։ Նա նույն տեսակետին է, ինչ գերմանացի մեծ միստիկ իմաստասեր Մայստեր Էքհարդը։ Վերջինս կարծում էր, որ Աստված արտաքին գործողն է, Աստվածությունը, եթե կարելի է ասել, Բացարձակի «ներքին մարդը»՝ ըստ Պողոս առաքյալի և․․․ ավելին է, քան Աստված։






