Զավեն Բեկյան

  Հաղագս գիշերաթիթեռների

  Հաղագս գիշերաթիթեռների

Գիշերաթիթեռները՝ ցայգաթիթեռ կոչվածները, կամ ասենք թիթեռներից ամենագեղեցիկը համարվող «մայրամուտի գիշերաթիթեռը», չգիտեմ ինչ վարք ունեն։ Բայց ինձ համար հանելուկայինը եղել է իմ բանաստեղծություններում անվանածս «ճրագաթիթեռը»։ Սա, որ խելակորույս պտտվում է լույսի աղբյուրի շուրջ (բայց հարց է՝ սրան իրականում ի՞նչն է գրավում, լու՞յսը, թե ջերմությունը, թե՞ երկուսն էլ միաժամանակ․․․), բախտը բերում է, եթե դա էլեկտրական լամպ է, չի բերում, եթե․․․ դա բաց կրակ է՝ նավթալամպ, ճրագ կամ սովորական մոմ․․․-Այս դեպքում թիթեռի այս տեսակը կյանքով է փոխհատուցում իր ազարտը․․․ Սա համեմատաբար փոքրամարմին, դարչնագույն թիթեռ է, կարծես թե հենց ցեցի թիթեռը պիտի որ լինի․․․Հա, իսկապես անբացատրելի է, թե ինչն է նրանց «ներքաշում» լույսի կամ ջերմության աղբյուրի հետ այդ վտանգավոր խաղի մեջ։

      Սա անբացատրելի է, ինչպես․․․ սերը, թեկուզ՝ կնոջ և տղամարդու միջև տեղի ունեցողը։ Եթե  ընդունենք, ասենք, գեղեցկությունը, կամ առնականությունը՝ որպես սիրո օրիենտիր (կողմնորոշիչ) ՝ մասա՛մբ ճիշտ կլինենք, զի ժողովրդական ասացվածք կա առ այն, թե «Սերը աթարին էլ է կպնում»։ Սիրահարը կարող է սիրել մի շատ տգեղի և այլն։ Սերն առեղծված է։ Միայն այնքանը կարող ենք ենթադրել, որ ՍԵՐԸ համընդհանուր տիեզերական «գրավիտացիոն» օրենք է, այդ նա է «շարժում արևը և այլ աստղեր»՝ ըստ Դանթեի․․․Այդ նա է էլեկտրոնները «սոսնձող» պտույտով պահում ատոմի կենտրոնի շուրջ՝ «ի հեճուկս» վանողական ուժերի ( վանողականն է՛լ կա )։

    Կանայք շատ են նման թիթեռների-գեղեցկությամբ, «թռիվռիությամբ» և, ինչու՞ չէ՝ ․․․ հաճախ՝ ․․․ թեթևամտությամբ ( ներողություն՝ իրենցից )։ Ինչո՞վ է պայմանավորված սրանց վարքը «ի շուրջ արականի պտտվելիս»- գլխավորապես՝ սիրով, ինչն անբացատրելի է՝ ինչպես ասացինք։ Բայց առանձին դեպքերում կողմնորոշիչները հստակ են, հիմնականում սրանք են՝ Փող, Իշխանություն, Փառք-այն տղամարդիկ՝ «հերոսները», որ hաղթել են այս բնագավառներում։

     Խոսենք Թումանյանի հերոսուհիների օրինակով։ Անուշի դեպքում «կողմնորոշիչը» Սերն էր։ Փարվանայի արքայադստեր դեպքում անորոշ էր հարցը՝ աղջիկը «երկրային» ոչ մի այրամարդու այդպես էլ չհավանեց, նրա սերն ԻԴԵԱԼԱԿԱՆ էր, ոչ երկրային, վերացական, բայց հավանաբար Խորքում․․․ դա․․․ ՆԱ էր, ում հետ «պսակվում» են ․․․ Քրիստոսի «հարսնացուները» ՝ միանձնուհիները․․․ Թմկաբերդի տիրուհունը ևս հստակ էր-դա իշխանությունն ու հարստությունն էր։

    Առհասարակ, կինը՝ որպես մարդ էակ, երկակի «խմորվածք» ունի՝ երկրային՝ մարմնական և երկնային՝ հոգևոր, ու այս երկակիությունը, «տարրերի հարաբերակցությունն»  է որոշում նրա սիրային հարցերը, այսպես կոչված սիրային վարքը։ Դոստոևսկու «Ապուշը» վեպի հերոսուհին՝ Նաստասյա Ֆիլիպովնան տառապում և կործանվում է այս իսկ ողբերգության պատճառով- «երկրային, մարմնավոր պլանի» վրա նա Ռոգոժինին է սիրում, իսկ «երկնային, հոգևոր պլանի» վրա՝ Միշկինին»։ Ինտելեկտուալ» կանանց մոտ փառքը և ինտելեկտն է կողմնորոշիչը- Գալան՝ Պոլ Էլյուարի կինը լքեց Էլյուարին ու գնաց Սալվադոր Դալիի մոտ անշուշտ ոչ նրա վեր ցցված բեղերի համար․․․ Նույնն՝ ասենք՝ Մաքսիմիլիան Վոլոշինի կինը՝ Մարգարիտա Սաբաշնիկովան (ով, իմիջիայլոց, թարգմանություններ է արել Մայստեր Էքհարդից) , որ լքելով վերջինիս, «գնաց» Վյաչեսլավ Իվանովի մոտ․․․ Եվ այլն։

Զավեն Բեկյան