Գեղամ Գրիգորյանի հիշատակին
Այսօր աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Գեղամ Գրիգորրյանի հիշատակի օրն է։
Տասը տարի առաջ՝ 2016 թ․ մարտի 23-ին մահացավ նա՝ մեր օպերային բեմի հսկան։ 2008-ին ես նրա հետ արել էի իմ առաջին և միակ հարցազրույցը՝ իր շքեղ, աչք շոյող, բայց ոչ՝ ճնշող, քաղքենիորեն ճչացող առանձնատանը։
Հարցազրույը տպագրվել է «Իրավունքը de facto» թերթում (թիվ 58 (58), 19 – 22.12.2008)՝ «Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ» վերնագրով և «Ծիծաղելի բան է, երբ մեր փողատեր պատգամավորներն օգնականներ են ուզում պահել աղքատների հաշվին» խորագրով։
Մեր ընթերցողին ենք ներկայացնում այդ հարցազրույցից որոշ հատվածներ՝ առանց ներառելու լրագրողական հարց-միջամտությունները։ Այն կարող եք դիտարկել իբրև Գեղամ Գրիգորյանի խոհաշար՝ արվեստի և կյանքի այլևայլ պարագաների վերաբերյալ։
***
Իմ կարծիքով այսօր ավելի մեծ է ձգտումը դեպի ուսումը: Եվ երիտասարդներից շատերին ոչ թե ուսումը, կրթությունն են հետաքրքրում, այլ ուսման արդյունքները: Բոլորը, իհարկե, չեն կարող այդպիսին լինել: Մենք քանի՞ լավ բժիշկ ունենք, քանի՞ լավ գրող ու երաժիշտ ունենք: Եթե բոլորն սկսեն գիրք գրել, ո՞վ պիտի հաց թխի: Ոմանց համար էլ կրթությունը դիպլոմ ունենալու միջոց է: Դե սա էլ մոդա է, թող ունենան ու մի տեղ պահեն իրենց դիպլոմները: Օրինակ՝ ես իմ դիպլոմը չեմ տեսել՝ ստացած օրից, չգիտեմ՝ որտեղ է: Մեկը կստանա մասնագիտություն, մյուսը՝ դիպլոմ:
***
Ինձ հայտնի են բազմաթիվ դեպքեր, ես գիտեմ, թե ինչ են անում մարդիկ դրսում: Նրանք պարզապես ճորտություն են անում, մի բան, որ ամաչում են անել այստեղ, որովհետև սա իրենց երկիրն է: Դրսում ամոթ չէ նման բաներ անելը: Դա մեր մենթալիտետով է պայմանավորված: Ամեն մեկն իրեն մինիստր է երևակայում այստեղ, ամաչում է ծառայելուց, բանվորություն անելուց: Իսկ դրսում անում է՝ ինչ պատահի, փող է աշխատում, հետո գալիս այստեղ, իրեն միլիոնատեր է զգում:
***
Ամերիկան կարող է և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց մի քիչ դժվար է համոզված լինել դրանում: Չեմ կարծում, որ Ամերիկայում ղեկավարները միակողմանի որոշումներ են կայացնում: Այդպիսի երկրներում յուրաքանչյուր հարց փոխպայմանավորված է բազմաթիվ այլ հարցերով, և եթե նախընտրական շրջանում ինչ-որ խոստումներ են տրվում, դեռ չի նշանակում, թե դրանք անպայման կկատարվեն: Միայն ցանկությունը բավական չէ: Թուրքիան այնքան հզոր պետություն է, որ կարող է ազդել նրանց որոշումների վրա:
***
Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ: Եթե թուրքերը խելոք լինեին, վաղուց ընդունած կլինեին Հայոց ցեղասպանությունը և փակած կիլնեին այդ թեման: Այստեղ կարևորն այն է, թե ինչ պայմաններով դա կարվեր: Կարող էին այնպիսի լուծում գտնել, որ իրենք ոչ միայն չվնասվեին, այլև օգտվեին դրանից: Մերոնք էլ կարող են այդ տեսակ մոտեցումներ առաջարկել:
***
Մարդիկ կան, որ օգտվում են ամեն ինչից, մարդիկ էլ կան՝ ոչնչից չեն օգտվում: Շատ խեղճ ապրող մարդիկ կան, որոնք իրենց երեխաների համար քաղցրավենիք գնելու փող չունեն, և այդ պարագայում ծիծաղելի բան է, երբ մեր փողատեր պատգամավորներն օգնականներ են ուզում պահել աղքատների հաշվին: Ի վերջո, իրենք փող ունեն և կարող են իրենց օգնականներին իրենց միջոցներով պահել: Ամոթ է, այսպիսի բան չի կարելի անել, չի կարելի այսպիսի տարբերություն դնել իրենց և ուրիշների երեխաների միջև:
***
Վրաց-օսական հակամարտությունն իրականում ռուսների և ամերիկացիների հակամարտությունն էր՝ Վրաստանի միջոցով: Այդ հակամարտությունից շատ օգտվեցին ռուսները և փասորեն զգացրին, որ իրենք նորից մեծ ազդեցություն ունեն տարածաշրջանում: Ինձ թվում է, որ Ադրբեջանի հետ ունեցած մեր բոլոր հարցերի լուծումները ևս կախած են Ռուսաստանից: Իսկ ռուսը միշտ իր օգուտի մասին է մտածում և ճիշտ է անում: Ամեն երկիր պիտի իր օգուտը կարևորի:
***
Փողը որ շատանում է, սկսում են իրար սպանել: Փողը պիտի ճիշտ ծախսվի, ձեռքներին չմնա, հակառակ դեպքում ինչ-որ մեկը կուզենա, որ էդ փողը միայն իրենը լինի: Բոլոր մեծ կռիվները, ռևոլյուցիաները հարստության, փողերի բաժանման խնդրով են պայմանավորված:
***
Ժողովուրդն ինչ-որ բանի պիտի հավատա: Ո՞նց կարելի է ոչ մի բանի չհավատալ: Իհարկե, եթե խորը մտածես, չես կարող հավատալ մի բանի, որը չես տեսել: Մանավանդ՝ եթե հայ ես: Ամեն մեկն իր խելքի չափով ինչ-որ բանի հավատում է: Այսօր այնպիսի ակնհայտ կեղտեր ենք տեսնում մեր կյանքում, որ եթե Աստված այդ ամենը կառավարեր, ամեն ինչ պիտի այլ կերպ լիներ: Այդ ուժը, որ չգիտեմ Աստվածն է, Բնությունը, Տիեզերքը, թե մեկ այլ բան, շատ լուրջ բան է, որը հասկանալու, բացատրելու համար դեռ հազարավոր տարիներ են պետք մարդկությանը, գիտությանը: Հասարակ ատոմից, մոլեկուլից մինչև գալակտիկաները և տիեզերական ամենատարբեր մարմինները նույն կոնստրուկցիան ունեն, նույն ձևի կրկնությունն են, նույն շաժումներն են կատարում, նույն ցիկլերով են զարգանում: Դրանք բոլորը կենդանի մարմինների նման են:
***
Այն սերունդը, որ ծնվեց երկրաշարժից հետո, դեռ երկար պիտի կրի իր վրա ցնցման դրոշմը: Վախի, սարսափի գեներն այսօրվա ջահելության մեջ են: Ովքեր որ դրսում էին, այդքան ծանր չապրեցին ցնցումը, իսկ այստեղ ապրողները, որ երկրաշարժից հետո սերունդ ունեցան, իրենց գեների մեջ են կրում աղետի հիշողությունը: Սա լուրջ մտորելու թեմա է: Այսօր էժան հումորի, տաշի-տուշիների ժամանակ չէ: Գուցե հիմա հենց ժամանակն է, որ ճիշտ ձևով մարդկանց մատուցվի կրոնը: Իսկ ֆիզիկական հետևանքները տարբեր բացատրություններ ունեն: Կային և՛ ազնիվ մարդիկ, կարեկցող մարդիկ, և՛ խարդախներ ու գողեր: Անուն առ անուն գյուղերին օգնություն էր հատկացվում, իսկ մարդիկ գողանում, իրենց համար շենքեր էին կառուցում: Աչք կապելու համար էլ գյուղում մի աղբյուր էին սարքում, որից առվի կեղտոտ ջուր էր հոսում, մաքուր ջուրն էլ չէին հասցնում մարդկանց: Այսպիսի բաներ միշտ էլ եղել են: Սովետական շրջանում չէին գողանո՞ւմ: Գողանում էին, ուղղակի մի քիչ վախ կար։
***
Հիմա մեզ մոտ ո՞վ է աֆտարիտետ: Գողը: Ինձ համար սա շատ լուրջ խնդիր է: Գողերն օֆիցիալ աֆտարիտետներ են այսօր: Եթե մարդը, ասենք, գրող է, մտավորական է, նրա վրա ծիծաղում են: Փող չունենալն այսօր խայտառակ բան է: Գողերը քրեական միջավայրում իրոք աֆտարիտետ են, լուրջ, խելացի մարդիկ են, ունեն իրենց առանձին կյանքը, իրենց աշխարհը: Բայց դա պետության կամ ժողովրդի հետ ի՞նչ կապ ունի: Գողերի այսօրվա մեծ հեղինակությունը մարդկանց շրջանում գալիս է թիթիզույթունից: Հենց փողոցում տղաները, աղջիկները գողական ժարգոնով են խոսում: Սա ցավալի բան է, ու չգիտեմ, թե երբ կվերանա:
***
Եթե ես իմ մասնագիտական աշխատանքով եմ զբաղվում, ուրեմն դրա դիմաց պիտի լավ վճարվեմ: Իսկ եթե չեմ վճարվում, ուրեմն այլ աշխատանք եմ անում, և իմ մասնագիտությամբ զբաղվելու ժամանակը չունեմ: Երգելը լուրջ բան է: Կա՛մ պետք է միայն երգելով զբաղվել, կա՛մ չզբաղվել: Իսկ ես հիմա մտածում եմ բոլորովին այլ բան անելու և դրանով իմ ընտանիքի հոգսերը հոգալու, նրա բարեկեցությունն ապահովելու մասին: Կուզենայի զբաղվել իմ գործով, բայց այսօր ես այստեղ պետք չեմ ոչ մեկին, չեն էլ հետաքրքրվում, թե ինչ եմ անում: Երևի անհարմար մարդ եմ: Երևի ինքս պիտի գնայի-խնդրեի, բայց չեմ ուզում ու չեմ կարող դա անել: Իհարկե, շատ վիրավորված եմ, բայց չեմ կարող թույլ տալ, որ վիրավորանքս տարածվի ազգիս վրա, այն մարդկանց վրա, որոնք «չեն հասկանում, թե ինչ են անում»: Իմ կարիերան ես արել եմ, մտել եմ պատմության մեջ՝ անկախ նրանից, թե այստեղ ինչպես կգնահատեն այդ փաստը: Ես գիտեմ իմ գինը և իմ տեղը:
Կարինե Ռաֆայելյան






