Զավեն Բեկյան․ Կառույցի հինն ու նորը
Այս տարի Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը հանգստանալիս առաջին անգամ եղա Կեչառիսի վանքում։ Այն իմ առաջին անգամ տեսնելը զուգադիպեց վանքին կից տարածքում կատարվող պեղումների ժամանակին- մի այլ վանքի հիմքեր էին հայտնաբերվել։ Դա մի ա՞յլ վանք է եղել արդյոք՝ հնագետները կիմանան։ Հավանաբար հեթանոսական եկեղեցի, մեհյան է եղել, որը քրիստոնեություն ընդունելուց հետո քանդել են ու տեղում նորը՝ քրիստոնեականը կառուցել։ Մեր եկեղեցաշինության մեջ նման դեպքեր էլի են եղել։ Ինչո՞ւ են կառուցել հեթանոսականի ավերակների վրա կամ մոտ, որովհետև եկեղեցու տեղի համար (գոնե ինձ անհայտ է՝ ինչպես) ընտրվել են այնպիսի տեղանքներ, որոնք յուրահատուկ գեոմագնիսական դաշտ ունեն (ինչո՞ւ են մարդիկ, բացի կրոնական հավատամքի ներշնչանքից, մի այլ կերպ իրենց լավ զգում եկեղեցիների ներսում․․․)։
Քրիստոնեության ընդունումը նաև մշակութային այլ շերտեր ոչնչացրեց, օրինակ՝ գողթան երգերից ընդամենը պատառիկներ մնացին Խորենացու գրքում։ Իհարկե, այդ պատառիկները Խորենացին չի արտագրել ինչ-որ հին տեքստերից, դրանք փոխանցվել են սերնդեսերունդ բերանացի կամ․․․ բերնեբերան, ինչպես, ասենք, Հոմերոսի պոեմները։ Բայց գիտենք, որ եղել են նախամաշտոցյան գրեր, ուրեմն նաև այդ գրերով գրված տեքստեր ու գրականություն, որոնք ոչնչացվել են հեթանոսական եկեղեցիների նման։ Բուն նախամաշտոցյան գրերն են արգելվել ըստ երևույթին- ինչպե՞ս կարող էին դրանք անհետանալ կամ մոռացվել հենց այնպես․․․ Գիտենք, որ այբուբենների փոփոխությունը միայն պետական նախաձեռնությամբ կարող է կատարվել, ինչպես որ մեր ժամանակներում դա կատարվել է քեմալական Թուրքիայում ու այլ թուրքազգի պետություններում։
Առհասարակ, նույնիսկ բնագիտական գիտություններում նորի հաղթանակը, կայացումը հաճախ տեղի է ունենում հնի ոչնչացման հաշվին։ Այստեղ հիմնականում դեր է խաղում մարդկային, սուբյեկտիվ գործոնը- նախկինը պիտի «ջախջախվի», որ նորն ու իր բացահայտողն ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎԻ։ Այստեղ «Ինքի», «եսի» հարցն է։ Լյուցիֆերը՝ Անկյալ հրեշտակը, նույնպես ցանկանում էր ինքնահաստատվել ու այդ պատճառով ցանկացավ ժխտել աստվածային զորությունը, բայց պարտվեց ու հեռացվեց հրեշտակների տերունական «անսամբլից»։ Գրականության մեջ էլ է այդպես։ Չարենցը սկզբնական շրջանում ժխտում էր Տերյանի պոեզիան («Տերյանի երգերը թքոտ»), այն Տերյանի, որից ինքն «ուսումնառել» էր և որի պոեզիայի ակնհայտ ազդեցությունն առկա է իր սկզբնական շրջանի բանաստեղծությունների վրա։ Մինչդեռ, ըստ Թ․ Ս․ Էլիոթի, պոեզիայի «ժառանգականության» հարցում կա մի «օրենք», համաձայն որի՝ հաջողված բանաստեղծությունը ոչ թե դրա․․․ հեղինակն է գրում, այլ մինչև այդ հեղինակը եղած պոեզիան պարզապես շարունակում է գրվել տվյալ․․․ հեղինակի միջոցով․․․ Այսպիսի նշանակություն է տալիս Էլիոթը գրական ավանդներին, հնի ու նորի փոխհարաբերությանը։
․․․Ես հիացա Կեչառիսի վանքի․․․ հատկապես սյուների հզորությամբ, նայելիս մտածեցի, որ մենք այդպիսի հզոր մշակութային ավանդներ՝ «սյուներ» ունենք ոչ միայն ճարտարապետության, այլև մեր երաժշտության (հոգևորը), նկարչության (մանրանկարչությունը) և պոեզիայի հիմքերում։ Ժամանակի ընթացքում կառուցվող, վեր բարձրացող այդ «մշակութային տաճարները» կառուցելիս որմին նոր դրվող քարը պետք է ընդհանրություններ ունենա նախորդ շարվածքի քարերի հետ, այլապես պատը կայլակերպվի ու չի կայանա։ Մյուս կողմից՝ եթե անընդմեջ նույն «կոնֆիգուրացիայի» քարեր շարվեն՝ նորից բան չի ստացվի, ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ չենք ստանա։ Բայց, այնուամենայնիվ, մշակութային ստեղծագործության մեջ մենք միշտ ՆՈՐԻ շերտերն ենք զննում, հեղինակի ինքնատիպությունը, որովհետև լուսնի տակ վաղուց ի վեր ոչ մի նոր բան չկա, ինչպես Պաստեռնակն է ասում ՝ «Միակ նորությունը տաղանդն է»։
Զավեն Բեկյան
Լուսանկարի աղբյուրը՝ Վիքիպեդիա






