Դասական երգեցողության տոն երաժշտամանկավարժական քոլեջում
Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում օրը նշանավորվեց հայ երգարվեստի մեծանուն վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված երկու կարևոր իրադարձությամբ։ Օրվա խորհրդին համահունչ՝ քոլեջի փորձասենյակներից մեկն հանդիսավորությամբ անվանակոչվեց ի պատիվ մեծանուն արտիստի, ինչն արժանի հարգանքի տուրք է նրա թողած անջնջելի հետագծին և մասնագիտական ավանդին։


Տոնական միջոցառում շարունակվեց դահլիճում, որտեղ կայացավ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին նվիրված դասական երգեցողության համաքոլեջային մրցույթ-փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Գալա համերգն ու մրցանակաբաշխությունը մեկտեղեցին քոլեջի տաղանդաշատ սաներին, ովքեր իրենց կատարումներով հարգանքի տուրք մատուցեցին վարպետի հիշատակին։






