«Չորս արև»․ Նվարդ Հայթայանի անհատական ցուցահանդեսը (տեսանյութ)
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում ապրիլի 2-ին բացվել է նկարիչ Նվարդ Հայթայանի «Չորս արև» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը։ Ներկայացված են վերջին տարիներին արվեստագետի ստեղծած աշխատանքները։ Համադրողը արվեստաբան Օսյա Քարամյանն է։
«Չորս արև»-ը կարծես ներքին մենախոսություն լինի, հանկարծակի պատկերային պոռթկումներ, որոնց միջոցով դիտորդը դառնում է նկարչի զգայական աշխարհի մի մասնիկը։

«Արվեստագետի համար անհատական ցուցահանդեսը շատ կարևոր է, երբ դու քեզ վերջապես տեսնում ես կողքից: Ինձ ոգեշնչում է մեր բնությունը։ Եղել եմ նաև արտերկրում, սակայն Հայաստանի բնությունն ինձ համար ամենահուզիչն է։ Այն երբեք չի կրկնվում․ 3-5 րոպեն մեկ ամեն ինչ փոխվում է։ Հոգիդ լցվում է, հավաքվում զգացմունքների ու զգացողությունների մեջ, և հետո դու հորդում ես թղթի վրա»,- նշում է արվեստագետը։
Ի պատասխան դիտարկմանը՝ արդյոք փոքր չափի կտավները կարո՞ղ են ամբողջությամբ հանդիսատեսին բացահայտել իր արվեստի էությունը, Նվարդ Հայթայանը վերհիշում է ծովանկարիչ Այվազովսկու փոքր աշխատանքները, որոնք ոչ պակաս գրավիչ են։ Կարևորն ասելիքն է։

Տարիների հետ իր ձեռագիրը փոխվել է։ Նկարել է տարբեր տեխնիկաներով՝ ակրիլ, մատիտ, պաստել, չոր պաստել, ջրաներկ, գուաշ և այլն։ Այս շրջանում տարված է ջրաներկով։ Նկատում է՝ անկախ տեխնիկայի ընտությունից՝ բոլոր ժամանակներում իր աշխատանքներում նույն գիծը կա, Նվարդին բնորոշ գիծը։
«Ակնկալում եմ, որ այս ցուցահանդեսը դիտորդին իրար հանդեպ սեր կտա, ինչի կարիքը մենք շատ ունենք։ Ցուցահանդեսը ճամփորդելու է նաև մարզերում։ Կցանկանայի ամեն գյուղում ցուցադրվել, և կարևոր չէ տեղը։ Մեր մարզերի ժողովուրդը, հատկապես՝ երեխաները, շատ տաղանդավոր են։ Նրանց բացել է պետք»,- հավելում է արվեստագետը։
Խոսելով արվեստի ապակենտրոնացման հեռանկարերի մասին՝ Նվարդ Հայթայանն առաջարկում է մեծ քաղաքներով չսահմանափակվել, այլ լավագույն կրթօջախները տեղակայել սահմանային գոտում կամ բարձրադիր գյուղերում, որպեսզի կյանքն այնտեղ զարգանա, և մարդիկ ցանկանան սովորել, ապրել ու աշխատել այնտեղ։

Արվեստաբան, նկարչի եղբայր Արա Հայթայանը, որը ներկա է եղել նրա կյանքի բոլոր փուլերին և փոփոխություններին, նշում է՝ միշտ կան ընտանեկան ջերմությունն ու աջակցությունը, բայց Նվարդն իր ասելիքը շարադրում է ողջ սուբյեկտիվությամբ՝ դուրս գալով նոր տարածություն․ «Ուրախ եմ, որ այս ցուցահանդեսը կայացավ, որ որպես հեղինակ՝ Նվարդը կարող է ինքն իրեն դիտարկել քանակական առումով ընդարձակ գործերի մեջ, իսկ հանդիսատեսը կարող է նշմարել այն անհատական գիծը, որին տիրապետում է Նվարդը»։
Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 12-ը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Անի Անտոնյանի






